Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում

Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում
17.09.2014 | 12:30

Ըստ orer.eu-ի՝ սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման և Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին պայմանագիր, որը հնարավորություն է տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասավանդում։ Հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարլի համալսարանի ընդունելությունների սրահում, իսկ ստորագրումից հետո կողմերը մտքեր փոխանակեցին ապագա համագործակցության շուրջ։ Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը ևս կրթության ու գիտության նախարարության խողովակով մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացնում դասընթացներն սկսելու համար։ Հայերենի դասընթացները տեղի կունենան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արևելաեվրոպական հետազոտությունների բաժանմունքում։
Համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տոմաշ Զիման, ողջունելով Հայաստանի դեսպանին, ներկայացրեց համալսարանի պատմությունը։ Կարլի համալսարանը համարվում է աշխարհի 32 ամենահին համալսարաններից մեկը։ Համալսարանը 1347-48 թթ հիմնադրվել է Կարել 4-րդ կայսեր օրոք։ Այսօր համալսարանին կից գործում է տարբեր մասնագիտությունների գծով 17 բարձրագույն դպրոց, որոնք ցրված են Չեխիայի ողջ տարածքով։ Համալսարանում սովորում է 52 հազար ուսանող, դասախոսների և աշխատակիցների ընդհանուր թիվը անցնում է 7000-ը։ Համալսարանը համագործակցում է արտասահմանյան 180 այլ համալսարանների հետ, մասնակցում են բազմաթիվ միջազգային կրթական ծրագրերի։ Ըստ ռեկտոր Զիմայի՝ հայ ժողովրդի պատմության, լեզվի ու մշակույթի դասավանդումը շատ կարևոր է համալսարանի համար, քանի որ արդեն իսկ կան տարբեր լեզուների գծով դասընթացներ։ «Չի բացառվում , որ հայկական դասընթացները հիմք դառնան հետագայում Կովկասյան բաժնի ստեղծման համար»,- ասաց ռեկտորը։ Իր հերթին դեսպան Սեյրանյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրը կյանքի կոչելու համար։ Նրա ասելով՝ գնահատելի է, որ 1990- ականներին Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում գործել է հայկական դասընթացների բաժին, որը հետագայում 2000- ականներին փակվել է։ Այսօր այդ ավանդույթը կրկին վերականգնվում է։ Ընդ որում՝ հայերեն դասավանդելու են ինչպես այդ բաժնի երբեմնի շրջանավարտներ Աննա Սոխովան և Միլադա Կիլյանովան, այնպես էլ Կարլի համալսարանի երգչախմբի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, հայագետ Հայկ ՈՒթիջյանը։ Արդեն իսկ դասընթացներին մասնակցության ցանկություն է հայտնել 15-20 ուսանող։
Ինչպես նշել է դեսպան Սեյրանյանը, այս պայմանագիրը լավ հիմք կարող է հանդիսանալ՝ շարունակելու համագործակցությունը նաև երկու երկրների համալսարանների միջև, ինչն իր աջակցությունը գտավ նաև չեխական կողմից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի արևելաեվրոպական ուսումնասիրությունների բաժանմունքի դեկան Մարեկ Պրիհոդան, արտասահմանյան ուսանողների հարցերով փոխդեկան Էվա Վոլդրիխովա-Բերանկովան, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական պատգամավորական խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշը, Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, դեսպանության այլ պաշտոնյաներ, Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ավելացնենք, որ Չեխիայում Հայաստանի դեսպանության երկամյա նպատակասլաց աշխատանքը վերջապես իրականություն դարձավ, և չեխ ու օտար ուսանողները այսուհետ կարող են ծանոթանալ ոչ միայն հայոց լեզվին ու պատմությանը, այլև մեր բազմադարյան մշակույթի հետաքրքիր էջերին։ Միգուցե ի հայտ գան նոր հայագետներ, ինչպիսին էր ժամանակին մեծ հայասեր ու հայ մշակույթի գիտակ Լյուդմիլա Մոտալովան։

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ