Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Գործընթացը որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն»

«Գործընթացը որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն»
17.09.2014 | 13:08

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, որ մշտապես դեմ է եղել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, հարցրի.

-Դուք չե՞ք հավատում, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին:
-Եթե հոկտեմբերի 10-ին փաստաթուղթը ստորագրվի, դառնալու է դատավճիռ Հայաստանի ոչ միայն այսօրվա քաղաքացիների, այլև ապագա սերնդի համար: Իհարկե, այդ գործընթացն անդառնալի չէ, և անպայման որոշակի կետից վերադառնալու է ելման դրություն, բայց այդ ընթացքում մենք լուրջ կորուստներ ենք ունենալու՝ քաղաքական, տնտեսական ու վարկանիշային: Մեզ, հասկանալով հանդերձ մեր բոլոր պրոբլեմները, հուսալի և կանխատեսելի գործընկեր չեն համարելու դեռ տևական ժամանակ: Իսկ ԵՏՄ-ի հեռանկարների մասին՝ հիշեք ինչ ելույթներ էին ունենում Մաքսային միության հիմնադիր երկրների նախագահները մեկ տարի առաջ՝ այդ միության փաստաթուղթը ստորագրելիս, այսօր արդեն նրանք իրար մեղադրում են նախկինում պետություն չունենալու, տարածքային հավակնությունների, միմյանց հաշվին տնտեսական շահույթ հետապնդելու, քաղաքական վարկանիշ բարձրացնելու քայլերի մեջ: Ընդամենը մեկ տարի, ու դեռ անկառույց կառույցն արդեն ինքն իրեն վարկաբեկում է, ոչ միայն նախկին պաթոսը չկա, այլև տնտեսական արդյունավետությունն է կասկածի տակ: Առավելևս Ուկրաինայի իրադարձություններից հետո, երբ միջազգային հանրությունը պատժամիջոցներ սկսեց ՌԴ-ի դեմ, այդ կառույցում ընդգրկվելը ոչ միայն սխալ է, այլև անթույլատրելի: Ճիշտ կլինի, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ թե հույսները դնեն Լուկաշենկոյի կամ Նազարբաևի դեմ լինելու վրա, այլ իրենք քաղաքական կամք ցուցաբերեն և հրաժարվեն անդամակցությունից: Բանակցվող համաձայնագրում տասնյակ պատճառներ կան, իսկ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հարցն է, որ հիմնավոր պատճառ է անդամակցության գործընթացը հետաձգելու, հետո էլ կասեցնելու համար: Դրանով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն մանևրի տարածք, այլև իսկապես ճկուն և իր համար շահավետ քաղաքականություն վարելու հնարավորություն:
-Քառյակի 12 կետերը Հայաստանի քաղաքական օրակարգին ադեկվատ համարո՞ւմ եք: Ինչո՞ւ նրանք համառորեն շրջանցում են Հայաստանի ապագայի ընտրության ամենաէական հարցը, փոխարենը շեշտադրում են կարմիր գծերն ու բերքատվության ծավալները:
-Քառյակի ուժերի տեսակետները քաղաքական, ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ բացահայտորեն ոչ միայն տարբեր են, այլև հակառակ: Իմ տպավորությամբ՝ քառյակը կառավարվում է ինչ-որ մեկի կողմից, որ տարբեր միջնորդների (ենթադրենք, տարատեսակ Սմբատ Կարախանյանների, Ռոբերտ Քոչարյանների, Արա Աբրահամյանների) միջոցով ուղղորդում և հորդորում է չորսին էլ միասնական լինել, որպեսզի համապատասխան իրավիճակներում այդ քաղաքական ուժերին օգտագործի իր սեփական ազդեցությունը տարածաշրջանում մեծացնելու համար: Հակառակ դեպքում՝ ծանոթ լինելով քառյակում գտնվող ուժերի վերաբերմունքին միմյանց հանդեպ, խորապես կասկածում եմ, որ առանց դրդապատճառի համագործակցեին: Վերջիվերջո ակնհայտ է, որ քառյակը ԲՀԿ-ն է, որին ես քաղաքական ուժ չեմ համարում, այլ իսկզբանե բիզնես-նախագիծ, իսկ նրա շուրջ համախմբված միավորները իրենց գործունեությամբ գնացին հենց այն ճանապարհով, որ գծել էին ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, այսինքն՝ քաղաքական դաշտում ազդեցություն ու լծակներ կարող է ունենալ այն ուժը, որն ունի վարչական ռեսուրսներ ու ֆինանսական միջոցներ: Եվ այդ երկու միջոցների գործադրմամբ կարող է գնել քվեարկողների ձայները: Արդյունքում ստացվեց, որ հանձինս քառյակի երեք ուժերի Հայաստանում գործում են երկու կուսակցություններ և ՀՀԿ-ից ազատվելու միակ ու անփոխարինելի տարբերակը ԲՀԿ-ն է: Վատի ու շատ վատի միջև ընտրության ավելի վատ տարբերակ հնարավոր չէր հնարել և քաղաքական դաշտին ավելի մեծ վատություն անելու ձև չկար: Այսօր հասարակության հիմնական մասը հենց այդ պատճառով է հիասթափված քաղաքականությունից ու քաղաքական գործիչներից:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը՝ ներքաղաքական իրավիճակին, Սահմանադրության փոփոխությանը, Հայաստանի անկախությանը և այլ հարցերի պատասխաններով, կարող եք կարդալ «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 19-ի համարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1121

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ