USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Չարությունը զորեղ է լինում տվյալ պահին, բայց վերջում միշտ էլ բարին է հաղթում»

«Չարությունը զորեղ է լինում տվյալ պահին,  բայց վերջում միշտ էլ բարին է հաղթում»
26.09.2014 | 00:43

«Իրատես de facto»-ի հյուրն է գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալակիր ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԸ:

«ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆՆ Է»


-Պարոն Սարգսյան, վերջերս լույս է տեսել քառասուն տարում Ձեր տպագրած հոդվածների, հրապարակախոսական մանրապատումների, երգիծապատումների ժողովածուն` «Ի լուր և ի տես» վերնագրով: Ի՞նչ սկզբունքով եք կազմել այն և ի՞նչ եք ակնկալում ընթերցողից:
-Այս գրքով որոշել եմ ամփոփել իմ քառասուն տարվա` 1974-2014 թվականների, հրապարակախոսական գործունեությունը: Մոտ քսան թերթում տպագրված նյութեր են հավաքված գրքում, որոնց ճնշող մեծամասնությունը, իհարկե, հրապարակվել է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում: Ցավով եմ նկատում, որ շատ խնդիրներ, որոնք կային քառասուն տարի առաջ (օրինակ` Սևանի խնդիրը), կան նաև այսօր: Իմ նախընտրած ժանրը հրապարակախոսական մանրապատումն է: Դա զուտ հրապարակախոսություն չէ, իր մեջ կրում է մանրապատումային հենքը, որն ավելի դյուրին է դարձնում ընթերցողի ընկալումը: Նայում եմ գրածներիս ու կարծես ժամանակագրությունն եմ տեսնում մեր ապրած տարիների: Մեր հասարակությանն անծանոթ մեկը կարող է կարդալ դրանք և պատկերացում կազմել մեր ապրած քաղաքական, մշակութային, կենցաղային անցուդարձերի մասին: Անհանգստացնող բազում հարցերի մեջ ինձ առավել հուզում է մեր լեզվի այսօրվա վիճակը: Թվում էր, թե մենք անկախացանք, լեզվի մասին օրենք ընդունեցինք, օտարալեզու դպրոցների խնդիր այլևս չի լինելու, չեն լինելու լեզվի մասին օրենքի այնպիսի խախտումներ, որոնք կնվաստացնեն, կխաչեն մեր լեզուն: Բայց այս ամենը միայն թվում էր: Մեր մեծահարուստները չհրաժարվեցին դուքանչու հոգեբանությունից և սկսեցին այդ հոգեբանությունը տարածել, ավելին՝ պարտադրել ողջ քաղաքին, ողջ երկրին: Բազմիցս ասել-գրել եմ, որ մեր լեզուն մեր փրկության տապանն է: Երբ մենք այլևս ուրիշ տեղ չենք ունենում գնալու, մտնում ենք մեր լեզվի մեջ ու այդպես փրկվում: Այդ տապանը հիմա ճեղքում են, կործանում բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Զարմանալ կարելի է, որ 20-ական թվականներին՝ բոլշևիկների կողմից համատարած լատինատառ գրի անցնելու պարտադրանքի պայմաններում, հայ գիրը, հայ այբուբենը պահպանած ժողովուրդը անկախ պետականության պայմաններում հեշտությամբ հրաժարվում է այդ գրից: Հենց խորհրդային տարիների ընթացքում լեզուն բավականաչափ մշակվեց, դարձավ մի կուռ, ճկուն համակարգ, որը ներառում էր բանաստեղծական ամենավսեմ դրսևորումներից մինչև փիլիսոփայական վերջին նրբությունները: Այդ գրական լեզվի դեմ սկսվեց պայքար դեռ այն ժամանակներից ու շարունակվում է մինչ այսօր: Ժարգոնով, բարբառախոսությամբ, համացանցում լայնորեն տարածված միտումնավոր ուղղագրական սխալներով աղավաղվում է մեր գրական լեզուն, միակ բանը, որ միավորում է մեզ այսօր: Մարդիկ Ղարաբաղից մինչև Գավառ տարբեր բարբառներով են խոսում, և եթե ղարաբաղցին խոսի գավառցու հետ, նրանք իրար չեն հասկանա: Իրար հասկանալու միակ միջոցը գրական հայերենն է, որը չի պահպանվում, պայքար է տարվում այդ լեզվի դեմ, քանի որ ակնհայտ է, որ գրական լեզուն արժեք է, որը պետք է պահպանել:
-Պայքարը ներսի՞ց է տարվում, թե՞ թելադրված է դրսից:
-Շատ բարդ է ասել: Ակամա սկսում ես հավատալ դավադրության այդ տեսությանը, թե դրսից էլ է մղվում պայքարը: Լեզվաբաններն են պայքարում գրական լեզվի դեմ, մեր այբուբենի դեմ, այն դեպքում, երբ մեր գրական լեզվի վերաբերյալ հսկայածավալ գրականություն կա, որը ներկայացնում է մեր լեզվի մասին օտարազգի նշանավոր մարդկանց արտահայտած կարծիքները, նրանց տված բարձր գնահատականները: Մերոնք, հայտնի ճշմարտություն է, սիրում են կարևորել օտարի կարծիքը, ուրեմն ինչո՞ւ են հրաժարվում այդ մոտեցումից գրական լեզվի պարագայում: Ես մի գիրք ունեմ՝ «Հայերենը ափի մեջ», որում մեր լեզվի մասին օտարների ասած երեք հարյուր ասույթ եմ ներկայացրել: Այդ հիացմունքը, ցավոք, մենք չենք կիսում: Սա զարմանալի բան է: Մենք չենք հասկանում, որ ունենք շատ զորեղ մի լեզու, շատ զորեղ այբուբեն, որից այսօր կամովին հրաժարվելը, այն հեռուստատեսային հաղորդումների, գովազդերի, համացանցի միջոցով ամբոխային մակարդակի իջեցնելը աններելի է: Չես հասկանում, թե որն է միտումը: Ես մտածում եմ, որ դա հատուկ են անում, որ մեզ միասնական դարձնող գեղեցիկ գագաթը փլեն:
-Եթե անգամ գոյություն ունի լեզուն աղավաղելու` վերևից կամ դրսից ուղղորդվող պատվեր, այդուհանդերձ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր բարձրագույն պարգևով՝ «Ոսկե մեդալով» պարգևատրում է Ձեզ՝ գրական լեզվի նախանձախնդիր պաշտպանին: ՈՒրեմն կարո՞ղ ենք արձանագրել, որ պետականորեն Ձեր մոտեցումն է խրախուսվում:
-Իհարկե: Այդ առումով խոստովանեմ, որ ինձ համար մեծ անակնկալ էր «Ոսկե մեդալը»: Կարծում եմ` այդ պարգևին արժանացրին իմ կազմած դասագրքերի, կրթության ոլորտում ներդրած ջանքերի համար: Մոտ տասնհինգ տարի է, որ զբաղվում եմ այդ գործունեությամբ, տասից ավելի դասագիրք եմ ստեղծել հանրակրթական դպրոցի համար, որոնցից ինն այսօր գործածում են: Իհարկե, այդ դասագրքերը դպրոց մտցնելու համար մեծ պայքար եմ մղել:
-Հիշում եմ այդ պայքարը, ես դրան անդրադարձել եմ իմ հրապարակումներով:
-Քանի որ այսօր դպրոցում աշակերտակենտրոն ուսուցում է, ուսուցչի դերը նվազեցված է, դասագրքերը դառնում են շատ կարևոր, իրենց վրա մեծ գործառույթ են վերցնում: Այսօր ուսուցչի, անգամ գնահատականի նկատմամբ պատկառանքը խախտված է, մի բան, որը ես սխալ եմ համարում: Այսօր երեխային դժվար է ստիպել, որ դաս սովորի: Միակ բանը, որ պիտի շահագրգռի նրան, հետաքրքրասիրությունն է: Եթե կարողացար շարժել երեխայի հետաքրքրասիրությունը, նա կկարդա, կլուծի վարժություններ, կտրամաբանի: Այս գործառույթը պետք է ապահովեն դասագրքերը:
-Ձեր դասագրքերը նախատեսված են ինտերակտիվ լսարանի համար, այնտեղ նյութը մատուցվում է հանելուկների, գլուխկոտրուկների, տրամաբանական խաղերի տեսքով: Սա՞ է երեխային հետաքրքրելու ճանապարհը:
-Այո՛, շատ ճիշտ բնորոշեցիք: Իմ դասագրքերի նյութը հնարավոր չէ սերտել, անգիր անել: Առաջ գնալ կարելի է տրամաբանական քայլերով միայն: Իմ դասագրքերում նյութն այնպես է տրված, որ ամենափոքր տարիքի երեխան անգամ, եթե որևէ բան չի յուրացնում, չի կարող առաջ գնալ, հաջորդ թեմային անցնել: Իմ նպատակն է, որ երեխան կարդա գիրքը, ոչ թե ընթերցի` առանց հասկանալու, և ես դրան հասնելու համար փոքրիկ մեթոդական գյուտեր եմ արել:


«ՁԳՏՈՒՄ ԵՄ FACEBOOK-Ի ՄԻՋՈՑՈՎ ԵՎՍ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ «ՄՈԴԱՅԻԿ»


-Գրի, գրքի մարդ լինելով` Դուք բավական արդյունավետ օգտագործում եք նաև Facebook-ի տարածքը` այն ևս ծառայեցնելով դասական, գրական արժեքների տարածմանն ու ճանաչմանը: Օրինակ` Ձեր facebook-յան հրապարակումից վերջերս տեղեկացա, թե ինչ առիթով է գրվել «Արարատի» ֆուտբոլիստներին նվիրված Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը: Եվ սա եզակի օրինակ չէ:
-Facebook-ն էլ բավականաչափ լավ դաշտ է, և ես աշխատում եմ այն օգտագործել հօգուտ մեր հանրության` «facebookահայության»: Այդ դաշտը կարող է և՛ օգտակար լինել, և՛ շատ վնասակար: Պետք է կարողանաս այն ճիշտ օգտագործել, օգտակար լինել այն բազմահազարանոց լսարանին, որի հետ ակնթարթորեն կապվում ես և ստանում քո գրած, քո տեղադրած նյութի արձագանքը: Լավ խմբեր կան այդ ցանցում, որոնց բարերար ազդեցությունը մարդկանց վրա զգալի է: Առաջ մի գիրք էիր հրատարակում, հետո ամիսներով, տարիներով սպասում էիր, որ այն հասնի ընթերցողին, որ վերջինս արձագանքի: Այսօր Facebook-ը տալիս է հնարավորություն, որ վայրկյանների ընթացքում գրածդ հասցնես մարդկանց ու ստանաս նրանց արձագանքը: Սա շատ է ոգևորում: Նաև հնարավորություն է տալիս, որ ընթերցողն իր առաջարկությունները, հղկումները, շտկումները մտցնի գրածիդ մեջ, քեզ օգնի տեսնելու այն բացթողումները, որոնք ինքդ չես նկատել: Բնականաբար, յուրաքանչյուրը ցանկանում է քարոզել իր տեսակը, իր տեսլականը: Ես ձգտում եմ Facebook-ի միջոցով ևս գրական լեզուն ներկայացնել հնարավորինս լիարժեք, դարձնել այն «մոդայիկ» այդ տիրույթում, որ մարդիկ չամաչեն գրական լեզվով խոսելուց և գրելուց: Ցավոք, այսօր կա այն մտայնությունը, թե գրական լեզվով խոսելն ամոթալի մի բան է: Գրական լեզուն հասարակության մեջ մտնում է գրքի միջոցով, ընթերցանությամբ: Եթե գրական լեզվով ընթերցողները քչանան, մենք կկորցնենք մեր գրական լեզուն: Թեև վերջին շրջանում լույս աշխարհ են եկել մարդու աշխարհայացքի ձևավորման վրա ներգործող գրքեր, որոնք, բարեբախտաբար, կարդում են, ուսումնասիրում: Սա ինձ ոգևորում է: Ես չէի էլ կասկածում, որ հայերի մեջ կան հրաշալի մարդիկ, հրաշալի ընթերցողներ, գիտակ, բանիմաց անձնավորություններ: Պարզապես պետք է այդպիսներին ի մի բերել, միավորել: Իհարկե, հայի, մանավանդ տաղանդավոր հայի տեսակը անհատական տեսակ է: Շատ քիչ են հանդուրժող, ոչ եսակենտրոն տաղանդավորները, ինչպես, օրինակ, Թումանյանն էր: Կամա-ակամա մարդը պետք է հասարակական ջիղ ունենա, զգա հասարակության հետ շփվելու, հասարակության կյանքով ապրելու, շնչելու կարիք: Ոմանք չունեն այդ մղումները, անհատական կաղապարի մեջ են: Ես որևէ մեկին չեմ մեղադրում դրա համար: Բայց իսկական անհատականությունը պետք է պատասխանատվության զգացում ունենա հասարակության առջև, պետք է լինի հասարակության մի մասնիկը: Գուցե մարդկանց թվա, թե ես հիմա ինչ-որ պաթետիկ բաներ եմ ասում, բայց սա պաթետիկ խոսք չէ, ես իրականում այդպես եմ մտածում:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԻՏԻ ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ՉԵՆ ՈՒՆԵՆԱ ՄԻ ՕՐ»


-Տարին հոբելյանական է «9-րդ հրաշալիքի» համար: Ի՞նչ զգացողությամբ եք արձանագրում այս փաստը:
-Այո՛, այս տարի լրանում է «9-րդ հրաշալիքի» 20-ամյակը: Քսան տարի մենք կարողացանք թերթը պահել` նպատակ ունենալով այն դարձնել հայրենի մշակույթի, պատմության քարոզչության հարթակ: Ինքնածախսածածկմամբ լույս տեսնող, հովանավոր չունեցող այս թերթի երկարակեցության գաղտնիքներից մեկն այն խմբագրակազմն է, որ ի սկզբանե հավաքվել է և ձեռնամուխ եղել «9-րդ հրաշալիքի» ստեղծման ու կայացման գործին: Մենք մի ընտանիք ենք դարձել, և մեր բոլոր աշխատողները բազմագիտակ են: Հայաստանում քիչ են այնպիսի մարդիկ, որ բազմագիտակ լինելով հանդերձ` նաև լեզվասեր են, մշակութասեր են, ընչաքաղց չեն: Այս բոլոր գործոնները գումարվել են իրար, և արդյունքը դարձել է մեր քսանամյա շաբաթաթերթը: Վերջին շրջանում, իհարկե, մեր գործունեության վրա իր աղետալի ազդեցությունն է թողել արտագաղթը: Որոշ մարդկանց թվում է, թե արտագաղթն իրենց հետ կապ չունեցող երևույթ է, թե դա իրենց չի վերաբերում: Բայց մեր օրերի այդ ամենամեծ չարիքը չի շրջանցում ոչ մեկին, և «9-րդ հրաշալիքն» էլ բացառություն չէ: Մենք կորցրել ենք մեր ընթերցողին, առաջվա տպաքանակը չունենք, որովհետև սպառողը չկա: Իսկ սա արտագաղթ կոչված երևույթի միայն մի մասնավոր դրսևորումն է: Այսօր իմ ամենամեծ մտահոգությունը դա է` արտագաղթը, թեև մենք անհանգստանալու այլ պատճառներ էլ շատ ունենք: Արտագաղթը կարող է բերել նրան, որ մեզանում կկորչի կրիտիկական մի զանգված, ինչի պատճառով մենք այլևս չենք ունենա հասարակական, քաղաքական, մշակութային դաշտ, վերարտադրման հնարավորություն: Հայն իր տեսակը պահպանելու համար պիտի որոշակի զանգված ունենա: Մենք պիտի սթափվենք վերջապես: Նույնիսկ իշխանությունները պիտի հասկանան, որ հարկատու չեն ունենա մի օր:
-Եվ կհայտնվեն Արտավազդ արքայի վիճակում:
-Այո՛: Ինչպե՞ս կարելի է կտրել ծառի այն ճյուղը, որի վրա նստած ես: Սա հայտնի ժողովրդական զրույցն է հիշեցնում` մոր, աղջկա ու կթու կովի մասին: Մայր ու աղջիկ մի կթու կով են ունենում, կթում են, դրանով ապրում: Մի օր էլ մայրն աղջկան ասում է, թե ինքը ծեր կին է, մինչև աշուն կմեռնի, աղջիկն էլ կամուսնանա, ուրեմն կովն իրենց այլևս պետք չէ, կարող են մորթել, ուտել: Այդպես էլ անում են: Գալիս է աշունը. ո՛չ մայրն է մեռնում, ո՛չ էլ աղջիկն է ամուսնանում: Հայտնվում են դժվարին կացության մեջ: Այս պատմությունից պիտի դասեր քաղեն մեր ղեկավարները, այսրոպեական մտածողությունից պիտի հրաժարվեն: Հային երբեք բնորոշ չի եղել այսրոպեական շահի հոգեբանությունը, բայց այսօր կա որոշակի մի զանգված, որ այդ հոգեբանությունն է կրում, դրանով ապրում: Սա մտահոգիչ է: Հատկապես տեխնոլոգիական հեղափոխությունից հետո, երբ շատ «փոքրացավ» աշխարհը, երբ հնարավոր դարձավ մի վայրկյանի ընթացքում հազարավոր մարդկանց նույն միտքը, նույն գաղափարը ներշնչել, բավական հեշտացել է ինքնատիպությունը, տեսակը կորցնելը: Միանգամից կարելի է բազմահազարանոց լսարանի ուղեղները լվանալ: Մենք, իհարկե, իներցիա ունեցող ազգ ենք, մի բան, որ ինձ շատ է դուր գալիս: Մենք դեռևս կարողանում ենք հաղթահարել դրսից մեզ պարտադրված թիթիզությունները, բայց ինչքա՞ն կդիմանա հայ մարդը, դժվար է ասել: Հաղթահարելու համար նա պիտի սնուցում ստանա, իսկ սնուցումը պիտի լինի գրքերով, հեռուստատեսությամբ, համացանցով, անհատական շփումներով, կառավարության, Ազգային ժողովի միջոցով: Ցավոք, ես այս հարցում միասնականություն չեմ տեսնում: Մարդիկ պատմությունից դասեր չեն քաղում: Ես, այնուամենայնիվ, լավատես եմ, մտածում եմ, որ մենք, ի վերջո, այս վիճակը կհաղթահարենք: Թվում է, թե հիմքեր չունեմ այդ լավատեսության համար, բայց ներքին մի զգացողություն ինձ ներշնչում է այդ լավատեսությունը: Մենք կենսասեր ազգ ենք, շատ բան ենք տեսել կյանքում, դեռ էլի ենք տեսնելու, բայց հաղթահարելու ենք, ինչպես միշտ: Եթե մեր մեջ մի վատը կա, դրա դիմաց կան հարյուր լավը: Եթե վատի ու լավի այդ հարաբերակցությունը խախտվի, այն ժամանակ կարող ենք անհանգստանալ: Առայժմ հայ մարդը, ով էլ լինի, ինչ գործով էլ զբաղվի, մի մեծ տիեզերք է, մի անսահման աշխարհ, և շատ դժվար է այդ մարդուն վատը դարձնել: Եթե իշխանության ղեկին գտնվողները ճիշտ ուղղորդեն մեզ, ճիշտ օգտագործեն մեր կենսասիրությունը, մենք շատ առաջ կգնանք: Չարությունը զորեղ է լինում տվյալ պահին, բայց վերջում միշտ էլ բարին է հաղթում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao