ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Երբ կատարեցին թագավորի հրամանը, արյունը ցայտեց սրբի մարմնի շուրջը, բայց և գեղարդը կապարի պես ծալվեց

Երբ կատարեցին թագավորի հրամանը, արյունը ցայտեց սրբի մարմնի շուրջը, բայց և գեղարդը կապարի պես ծալվեց
26.09.2014 | 00:24

Վաղը` սեպտեմբերի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով հիշատակելու է մեծ նահատակ, սբ. Գևորգ զորավարի տոնը։
Տիեզերահռչակ մեծ զորավար և Քրիստոսի վկա սուրբ Գևորգը (որ թարգմանվում է երկրագործ) ծնվել է 3-րդ դարում, Կապադովկիայի Մաժակ քաղաքի մոտ:
Ընդգրկվելով զինվորական գործի մեջ, նա իր ցուցաբերած քաջության ու հավատարմության համար արժանացավ հազարապետության աստիճանի պատվին, երբ դեռ երեսուն տարին չէր բոլորել:
Հևսեբիոս Կեսարացին գրում է.
«Երբ Նիկոմիդիայի մեջ հրովարտակ ելավ ընդդեմ քրիստոնյաների, Գևորգ զորավարը աստվածային նախանձով վառված, քաղաքի հրապարակի վրա կախված հրովարտակը պոկելով, իր իսկ ձեռքով պատռեց այն և անձամբ ներկայացավ թագավորական ատյան ու բարձրաձայն վկայեց և ասաց.
-Ահավասիկ ես քրիստոնյա եմ, ո՛վ թագավոր, ու կանգնած եմ ձեր առջև: Ասացե՛ք, արդյոք ո՞ր հանցանքների համար եք ուզում կորստյան մատնել արդար քրիստոնյաներին:
Մագնետիոսը՝ թագավորին փոխարինողը, զարմացած հարցրեց նրան.
-Ո՞վ ես դու, և ի՞նչ է քո անունը, որ այդքան հանդգնաբար ես խոսում:
Պատասխանեց քաջ զորավարը.
-Իմ առաջին անունն է քրիստոնյա, բայց մարդկանց կողմից անվանվում եմ Գևորգ, որովհետև Աստված ուզում է, որ պտղաբերեմ իր այգում:
Դիոկղետանիոս թագավորը, որ քաջ ճանաչում էր առաքինի զորավարին, ասաց նրան.
-Գևո՛րգ, մենք լսել ենք, որ դու իմաստության և քաջության մեջ մեծ անուն ես հանել: Բայց նաև իմացիր, որ քո այս համարձակ խոսքերը քեզ երբեք օգուտ չեն բերի, այլ հակառակը՝ կորուստ: ՈՒստի, եթե կուզես է՛լ ավելի բարձրանալ և մեծ պատիվների արժանանալ, եկ և զոհեր մատուցիր մեր աստվածներին:
Պատասխանեց Գևորգը.
-Քո շռայլ խոստումները չեն կարող իմ բարեպաշտությունը խախտել: Երանի թե դու ճանաչեիր ճշմարիտ Աստծուն ու երկնքի անանց արքայությանը արժանանայիր, որովհետև քո իշխանությունը ժամանակավոր է:
Այն ժամանակ թագավորը հրամայեց, որ նրան հրապարակի վրա փայտից կախեն և գեղարդով աղիքները թափեն:
Երբ կատարեցին թագավորի հրամանը, արյունը ցայտեց սրբի մարմնի շուրջը, բայց և գեղարդը կապարի պես ծալվեց:
Դիոկղետանիոսն այդ տեսնելով՝ հրամայեց, որ փայտից ցած իջեցնեն և բանտ տանեն:
Մինչ բանտի մեջ էր, սատանայի խորհրդով թագավորը և իր խորհրդականները մի մեծ անիվ շինել տվեցին, ամեն կողմից սրերով պատված: Երբ դրեցին նրան մեքենայի տակ ու պտտեցին վրան, Գևորգի մարմինը սաստիկ հոշոտվեց:
Թագավորը հրամայեց, որ այս չարչարանքների մեջ պահեն նրան, իսկ ինքը գնաց ճաշելու:
Եվ ահա այդ պահին երկնքից սաստիկ որոտում եղավ ու մի ձայն լսվեց.
-Քաջալերվի՛ր, Գևորգ, որովհետև քո Փրկիչը քեզ պիտի զորացնի:- Եվ Աստծո հրեշտակը իջնելով՝ ազատեց նրան տանջանքներից, իսկ այնտեղ եղողները տեսնելով այդ՝ սարսափած ասացին.
-Մե՛ծ է քրիստոնյաների Աստվածը:
Մինչ Դիոկղետանիոսն ու Մագնետիոսը տաճարի մեջ աստվածներին զոհեր էին մատուցում, սուրբ Գևորգը գտնելով նրանց, ասաց.
-Ահավասիկ ես այստեղ եմ, դո՛ւք որ ինձ անիվների տակ դրեցիք և մեռած էիք կարծում: Իմացե՛ք, որ կենդանի է իմ Աստված, որ գիտի իրեններին օգնության հասնել:
Թագավորն ասաց.
-Մի՞թե դու Գևորգն ես, թե՞ նրա երևութական ստվերը:
Սուրբն ասաց.
-Այո՛, ես եմ. Գևորգը՝ ծառան Հիսուս Քրիստոսի: Եկե՛ք և հետ դարձեք ձեր մոլորությունից ու ճանաչեցեք ճշմարիտ Աստծուն:
Ալեքսանդրիա թագուհին լսելով սուրբ Գևորգի մասին, ինքը նույնպես հավատաց Քրիստոսին ու բոլորի մոտ խոստովանեց.
-Ես քրիստոնյա եմ:
Թագավորը այս իմանալով՝ շատ զայրացավ և հրամայեց, որ Գևորգին թաղեն կրի վառվող փոսի մեջ, երեք օր ու գիշեր, մինչև որ մարմինը խաշվի ու այրվի:
Կատարեցին հրամանը, ու երբ երեք օր հետո մարդ ուղարկեցին, որ նրան հանեն գուբից ու դիակը գազաններին գցեն, նրան ողջ ու առողջ գտան ու դուրս հանեցին կրի միջից: Ալեքսանդրիա թագուհին այս լսելով՝ առավել ևս ամրապնդվեց իր հավատի մեջ, նմանապես իր միջոցով հավատի եկած մյուս զորականները:
Հետո Մագնետիոսի խորհրդով թագավորը կանչել տվեց հայտնի կախարդ Աթանասիոսին և նրան պատրաստել տվեց երկու բաժակ դեղ. առաջինից խմելու դեպքում միտքը պիտի փոխվեր ու թագավորին պիտի հնազանդվեր, իսկ երկրորդի դեպքում պիտի մեռներ: Սուրբ Գևորգը երկուսն էլ խմեց և ոչ միտքը փոխվեց, ոչ էլ վնասվեց մահադեղից: Այն ժամանակ քրիստոնյա լինելը կախարդը նույնպես կընդուներ, եթե վաղուց մեռած մեկին հարություն տար Գևորգը: Նույն պայմանը դրեց և Մագնետիոսը: Այդ ժամանակ սուրբ Գևորգը աղոթքով հարություն տվեց մի մեռելի, և Աթանասիոս կախարդը քրիստոնյա դարձավ: Իսկ թագավորը այդ լուրի տարածումի առաջն առնելու համար, սակրով սպանել տվեց կախարդին և հարություն առածին, իսկ Գևորգին կրկին բանտարկել տվեց:
Ալեքսանդրիա թագուհին այս բոլոր կատարվածները լսելով, մոտեցավ թագավորին և ասաց.
-Ճշմարիտ է Գևորգի Աստվածը, որ այսպիսի հրաշքներ է գործում:
Թագավորը սաստիկ զայրացավ և ասաց Գևորգին.
-Քանի որ դու ոչ միայն չուղղվեցիր, այլև թագուհուն մոլորեցրիր, երկուսդ էլ մահով պիտի մեռնեք:
Երկուսին էլ քաղաքից դուրս տարան, կատարման վայրը: Ճանապարհին թագուհի Ալեքսանդրիան Աստծուն աղոթելով իր մաքուր հոգին ավանդեց: Իսկ սուրբ Գևորգը զորականներից թույլտվություն առնելով՝ Աստծուն աղոթեց, որ հեթանոսները ճանաչեն ճշմարիտ Լույսը և Աստծուն դառնան: Ապա պարանոցը երկարելով, ասաց զինվորներին.
-Կատարե՛ք թագավորի հրամանը:
Եվ իսկույն կտրեցին սրբի գլուխը։ Այդ պատահեց Քրիստոսի 303 թվականին»:
Սուրբ Գևորգի մասին պատմվում է հետևյալ ավանդությունը, թե մի վիշապի սպանելով՝ ազատել է մի կույսի, որին որպես կերակուր էին տվել վիշապին: Այս ավանդությունը ծագում է առել նկարիչներից, որոնք սուրբ Գևորգին ներկայացնում են որպես վիշապասպան: Բայց եթե այս բանը հասկանանք սատանայի առումով, ում բազմիցս ոտնակոխ է արել սուրբ Գևորգը, կարելի է այդ ճիշտ համարել:
Ս. Գևորգի մարմինը տարան Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաքը կամ Ռամլե ավանը: Այնտեղ ասորիների եկեղեցու մեջ նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Այնտեղ կար նաև մի հայկական եկեղեցի՝ սուրբ Գևորգին նվիրված:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ.- Չնայած այս մասին արդեն ընթերցողին տեղեկացրել ենք, բայց ևս մեկ անգամ էլ հիշեցնենք, որ «Բազմավեպ» հանդեսում մի նոր վկայաբանություն կար սուրբ Գևորգի մասին։ Ըստ այդ նոր վկայաբանության՝ սուրբ Գևորգը հայ է, ծագմամբ կապադովկացի, որդին Ղևոնդ (կամ Հրանտ) զորավարի, որն այդ ժամանակ ապրում էր Հայաստանում։ Մոր անունն էր Պոլիքրոնիա, և հավատով քրիստոնյա, մինչդեռ հայրը հեթանոս էր ու կուռքեր էր պաշտում։ Գևորգը իր մոր խնամքով որպես քրիստոնյա էր մեծանում, առանց հոր գիտության։ Իսկ երբ հայրը ծանր հիվանդանալով, իր որդու հորդորները լսելով, ինքն էլ է քրիստոնեությանը դառնում, Գևորգը մերձակա մենաստանից մի քահանա է կանչում, որ հորը մկրտի մահվանից առաջ, և Հրանտը մեռնում է իբրև քրիստոնյա։ Գևորգը շտապում է իր հոր կռատունը և խորտակում է ոսկե ու արծաթե կուռքերը, որտեղից նաև այլ կռատներ է գնում և ջախջախում է այնտեղի բոլոր աստվածներին, սպանում է քուրմերին և ահագին հարստությունը բաժանում աղքատներին։
Եվ թող սուրբ ու տիեզերահռչակ Գևորգ նահատակի մեծ բարեխոսությունը լինի մեր բոլոր հայորդիների խաղաղության պահպանման համար, ինչի կարիքը ամենաշատն է զգում այս հեղհեղուկ ու չարացած աշխարհը:

Դիտվել է՝ 1885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ