«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, այսօր հանրությանը ներկայացրեց հայաստանյան լրագրողների կողմից սոցիալական մեդիան որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու հարցման արդյունքները:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակ Քոյը նշեց, որ այսօր սոցիալական ցանցերը լրագրողներն օգտագործում են որպես տեղեկատվության աղբյուր:
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նախագահ Լաուրա Բաղդասարյանը, անդրադառնալով իրենց անցկացրած հարցումներին, նշեց, որ հետազոտության ընթացքում իրենց առավելապես հետաքրքրել են սոցիալական ցանցերի և հայաստանյան ԶԼՄ-ների փոխհարաբերությունները: Հարցումներին պատասխանել են 100 լրագրողներ և մեդիա ղեկավարներ, որոնք ներկայացնում են հայաստանյան 50 տարբեր, համահանրապետական լրատվամիջոցներ: Արդյունքում հարցումներին մասնակցել են 9 հեռուստաալիքի, 5 լրատվական գործակալության, 1 ինտերնետ հեռուստաալիքի և 1 ռադիոալիքի, 9-ը՝ նաև տպագիր տարբերակով, 25-ը՝ միայն ինտերնետային տարբերակով լույս տեսնող ԶԼՄ-ների աշխատակիցները:
Բոլոր հարցված լրագրողները առնվազն մեկ սոցցանցի օգտատերեր են: Հարյուր լրագրողների ¾ մասը միաժամանակ օգտվում է երկու կամ երեք սոցցանցերից: Ամենատարածված սոցցանցը Ֆեյսբուքն է. հարյուրից իննսունինը լրագրող հայտնել է, որ Ֆեյսբուքից օգտվում է կա՛մ միայն որպես լրագրող, կամ որպես և՛ լրագրող, և՛ սովորական օգտատեր: Միայն մեկ հոգի է նշել, որ Ֆեյսբուքից որպես լրագրող չի օգտվում, մասնագիտական նախապատվությունը տալիս է Թվիթեր սոցցանցին:
Երկրորդ տեղում (79%), ըստ լրագրողների շրջանում տարածվածության, Յութուբն է. նկատի ունենք այստեղ օգտատիրական անձնական կամ կորպորատիվ ռեկվիզիտներ ունենալն ու օգտագործելը:
Երրորդ հորիզոնականը Թվիթերինն է: Այդ սոցցանցից օգտվում է հարցված լրագրողների մոտ կեսը (46%):
10%-ը նշել է, որ ունի նաև անձնական բլոգ, 6%-ը՝ որ նաև այլ սոցցանցերի օգտատեր է:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ