Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մեր ժողովրդի հիշողության ծալքերում պահվում են փառանուն մայրաքաղաքների հուշն ու գիտակցումը»

«Մեր ժողովրդի հիշողության ծալքերում պահվում են  փառանուն մայրաքաղաքների հուշն ու գիտակցումը»
10.10.2014 | 00:27

Հոկտեմբերի 11-12-ին Երևանը կնշի իր հիմնադրման 2796-ամյակը: Այդ առիթով հրապարակում ենք լրագրող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ և բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ մտորում-զրույցը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ- Աշխարհի ոչ մի երկիր իր պատմության ընթացքում այնքան շատ մայրաքաղաք չի ունեցել, որքան Հայաստանը: Երևանը հայոց երկրի տասներկուերորդ մայրաքաղաքն է, աշխարհի հնագույն քաղաքներից մեկը:
Այս ամենն իմացողը կուզենայինք, որ չշտապեր անմիջապես համեմատությունների հետևից ընկնել` Երևա՞նն է հին, թե՞ Հռոմը: Չշտապեր, այլ պարզ մի հարց տար ինքն իրեն. «Ես արդյոք լա՞վ գիտեմ իմ երկրի մայրաքաղաքը, արդյոք ես այս քաղաքի իմ բաժինը մաքուր ու կոկի՞կ եմ պահում»: Իսկ ո՞րն է քաղաքի նրա բաժինը, մեզնից յուրաքանչյուրի բաժինը: Դա շենքն է, ուր ապրում ենք, այն փողոցն է, որով անցնում ենք, այն պուրակը, այն մայթը, այն ծառուղին, որոնց մաքրությունը նկատելիս ուրախանում ենք, մի քիչ թափթփված վիճակի համար էլ շտապում ենք նախատել ում պատահի, բացի ինքներս մեզնից: Այնինչ: Այնինչ հպարտության այն զգացումը, որ մենք տոնում ենք աշխարհի հին, շատ հին քաղաքներին տարեկից մայրաքաղաքի ծնունդը, մեր հպարտությանն ու հիացմունքին համահավասար պիտի թելադրի «Ես ապրում եմ մայրաքաղաքում» խոսքերին համահունչ բարի հայացք ու բարի վերաբերմունք հանդեպ մեր քաղաքը:
Իմ ասածն իր մեջ քարոզչության խնդիր չունի, իմ ասածը պարզապես հոգատարության հորդոր է, բարի վերաբերմունքի հորդոր: Սրա կարիքը երևի թե չկա էլ` մարդուն հուշել իր տունը մաքուր պահելու մասին: Իսկ Երևանը յուրաքանչյուր երևանցու տունն է: ՈՒ հիմա այդ տուն կոչվածը, հազարամյակների տարիք ուսած, որպես հոբելյար, ներկայանում է մեզ, և մենք, կարծում եմ, պատշաճ է, որ մեր բարի վերաբերմունքի հանգույն պարզ ու հպարտ ասենք. «Բարի ծնունդ, հին ու ջահել հոբելյար»: Ափսոս, սակայն, որ այս բարեմաղթանքին նաև մտահոգություն պիտի հավելենք, որ «վարդագույն» կոչված քաղաքի դեմքը, դիմագիծը փոխվեց, և եթե այսօր մեր այս Երևանը տանենք-դնենք աշխարհի մեկ այլ անկյունում, դժվար թե այն իր այսօրվա դիմագծով հայկական քաղաք կարողանա կոչվել:
ԱՐՈՒՍՅԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ- Մեր ժողովրդի ծագումնաբանական ու պատմական հիշողության ծալքերում պահվում են փառանուն, փառապսակ մայրաքաղաքների հուշն ու դրա գիտակցումը, և մեր սերն էլ, մեր հանդուրժողականությունն էլ նաև հուշ-բեռով են պայմանավորված: Մենք գիտենք, զգում ենք, որ որպես նորելուկ մայրաքաղաք, այն և՛ իր արտաքին տեսքով, և՛ բնակչության կազմով հավաքածու քաղաք է։ Հենց քաղաքի կենտրոնից դուրս ենք գալիս, զգում ենք, որ կա մայրաքաղաքային մի հոյակերտ նախագիծ-միջուկ և այս միջուկին հակացուցված նորակառույց թաղամասեր։ Կա հին երևանցիների մի փոքրիկ հարաբերական բնիկ միջուկ և այսօրվա բնակչության ոչ միասեռ նկարագիր-կերպարանք: Այսօրվա Երևանը ամենատարբեր տարիների և ամենատարբեր վայրերից եկած վերաբնակիչների հավաքածու է՝ սկսած բուն քաղաքային ավանդներ ունեցող վայրերից եկածներից, ասենք, Թբիլիսիից, Մոսկվայից, Բաքվից, մինչև Հայաստանի բոլոր գավառներից ու գյուղերից, սևծովյան հայահոծ համայնքից, Ախալցխա-Ջավախքից, Արցախից, սփյուռքից ներհոսած բնակիչներ:
Հ. Պ.- Նախկին և ներկա Երևան. այս համադրումը, ի՞նչ է, միշտ հարցակա՞ն պիտի թողնի մեր շուրթերին:
Ա. Ս.- Երևանն իր մայրաքաղաք դառնալու օրից անընդհատ փոխվելու ընթացքի մեջ է: Դիտարկում-դժգոհությունը չի կարելի հասցնել համահարթեցման: Համենայն դեպս, փորձենք համեմատել մեր մոտավոր երեկն ու այսօրը: Նախկին Երևանը թվում էր ջերմ, հարազատ, կարծես բոլորը բոլորին ճանաչում էին: Այդպիսի զգացողություն ունենում են նախ փոքր քաղաքի բնակիչները: Երկրորդ` սա ազգային նկարագիր է. ուզում ենք բոլորին տես ու ծանոթ լինել, իրար ճանաչենք, հպարտանանք, որ այսինչ հայտնի մարդու ծանոթ-բարեկամն ենք: Այս նկարագրի հիմքով, իրոք, ստեղծվում են մարդկային հաղորդակցության սերտ կապեր: Այս կապերի հիմունքով նախկին փոքրիկ Երևանը բակային, թաղային, թաղամասային քաղաք էր: Գյուղից եկածներն իրենց հետ բերում են հենց այս մարդկային ջերմ հաղորդակցության, մտերմական կապերի պահանջը, որովհետև գյուղը տես ու ծանոթի ավելի փոքր և ավելի սերտ տարածք է: Եվ Երևանը, իրոք, շնչում էր ջերմ մտերմությամբ: Բայց ինչո՞ւ ենք կարծում, որ այսօր չի շնչում, ընդհակառակը, հենց այդ կապերի, միմյանց նկատմամբ հարազատական զգացման, հարևան-բարեկամ խաղալով գոյատևեցինք այս մեծագույն փորձության թատերաբեմում:
Հ. Պ.- Փորձություն ասելով, նկատի ունեք երկրի անկախացմա՞ն տարիները, երբ կարգերի հետ, ցավոք, փոխվեցին նաև մարդկային հարաբերությունները: Մենք դրան, կարծես, պատրաստ չէինք: Մեզ տարիներով ներշնչվել էր մտածողության մի բացառիկ սահմանափակություն. կա ահավոր կապիտալիստական հասարակարգ, և կա փառավոր կոմունիստական հասարակարգ: Մենք իրական համեմատության հնարավորություն անգամ չենք ունեցել:
Ա. Ս.- Այո, Ձեր ասած այդ սահմանափակ պատկերացումները ծնում են սահմանափակ ավանդույթներ, և հենց այդ սահմանափակը սկսում է փուլ գալ, մտքի մեջ և հոգում շփոթ է սկսվում: Նաև այս շփոթ հոգեվիճակն է անդրադարձնում մեր այսօրվա մայրաքաղաքը: Այսօր փողոցը և այգին դարձել են գործատեղ-վաճառող, և փողոցում, դրսում, գերիշխում է առտնին հագուստը, երեկոյան ու ցերեկային հանդերձի տեղն ու դերն էլ են փոխվել, կարծես արդեն չկա պահունի, երեկոյան, հանդիսավոր հագուստի դերի գիտակցումը, որովհետև պակասել են այն վայրերը, ուր վայել է գնալ միայն երեկոյան հագուստով: Ո՛չ միայն վայրերն են պակասել, ո՛չ միայն մշակութային կյանքի որակն է ընկել կամ դարձել խառնիճաղանջ, այլև հեռուստատեսային, տեսաժապավենային և արվեստի նման այլ ձևերն են հզորացել` դատարկ թողնելով դահլիճները: Եվ ահա այս դերի, տեղի գաղափարի ու գիտակցման պարտադրված անկմանը զուգընթաց նկատելի են ցերեկային հագուկապի մի կողմից` անհարկի շքեղություն, մյուս կողմից` դրսնավուր հագուստի նկատմամբ անփույթ, առտնին վերաբերմունք:
Հ. Պ.- Թվարկեցիք նոր առաջացած դժվարություններ, որոնք հաղթահարման կարիք ունեն, բայց դրանց մեջ կարևորում եք, արտաքինից կարծես թե էական չթվացող, հագուկապի խնդիրը:
Ա. Ս.- Հագուկապը ո՛չ միայն ժամանակի թելադրած ոճ է, մոդա, որին տրվում են շատերը, այլև անհատականության ներքին նկարագիր է, բարեկրթության աստիճան: Եվ ահա, պարտադրվող շուկան մի կողմից` համահարթում է անհատականությունը, մյուս կողմից` չի թողնում մոռանալ ևս մեկ հանրահայտ ճշմարտություն. «Հագուստով ընդունում են, խելքով ճանապարհում»: Վայելուչ հագուկապը ո՛չ միայն ամեն մարդու գործն է, նրա հարուստ կամ աղքատ լինելու չափանիշը, այլև հարգանքի ձև և պարտադիր պայման` շրջապատի, միջավայրի, հասարակության հանդեպ: Տնից մեկ քայլ այն կողմ դու հագնվում ես ո՛չ միայն քեզ համար, դու քեզ պահում ես ո՛չ միայն այնպես, ինչպես քեզ է հարմար: Վայելուչ արտաքինը, խնամված տեսքը, բարեկիրթ պահվածքը ազգային հատկանիշ են և ազգային արժեք: Ազգային այս արժեքի հիմքի վրա է, որ համաշխարհային համբավ են ունեցել և ունեն մեր ազգի և՛ տղամարդկանց, և՛ կանանց յուրահատուկ գունազգացողությունը, նրբաճաշակ նրբագեղությունը, ոսկեձեռիկ շնորհքը՝ լինի գորգ, կարպետ, անկողնակալ ու սփռոց, ասեղնահյուս տարազ, ոսկե-արծաթե զարդեղեն, թե տան առտնին իր ու կահույք` փայտից, մետաղից, քարից, դրվագազարդ, ժանեկահյուս:
Այս դժվար տարիներին ո՞ր հայուհին չառավ ասեղիկ ու թելիկ, չհյուսեց, չկարեց, չկարկատեց իր տնեցիների հագուստ-կապուստը, ո՞ր տանտիրուհի-հայուհին էր, որ չհորինեց նորանոր ուտեստներ, չեղած տեղից բան չսարքեց, չդրեց սեղանին: Քանի՜-քանի տղամարդիկ թողեցին իրենց մասնագիտությունը և ձեռք զարկեցին պապենական արհեստներին: Սա, դժվար օրերի տխուր արձանագրություն լինելուց առաջ, պիտի լինի ազգային հպարտության երջանկացնող զգացում, դժվարություններին դիմակայող կենսատու ակունք, որպեսզի դժգոհությունը չդառնա մեղադրանք, ցավը չդառնա հուսահատություն: Ինձ համար գոնե այդպես է։ Ժամանակի բերած այս ներքին խմորումը բոլորն են տեսնում, բոլորն են զգում, և դրանից է նաև, որ դժգոհության դիմաց հավասար ուժով կանգնում է դիմակայելու կամքը, հուսահատության առջև ողջ հասակով հառնում է լավատեսությունը:
Հ.Պ.- Եթե մայրաքաղաքի մտավորականն էլ պիտի մասնագիտությունը թողներ ու տրվեր, Ձեր ասած, պապենական արհեստներին, ապա մենք կորուստներ չե՞նք ունենա մշակութային հարթակում: Չգիտեմ ինչու, այս պահին հիշեցի Գարեգին Նժդեհին. «Ազգի դարբինը մտավորականն է»:
Ա. Ս.- Իսկական գրողին, նկարչին, երաժշտին ոչինչ հետ չի պահի` նա կգրի, կնկարի, երաժշտություն կստեղծի, որոնց փառավոր օրինակներն ունենք` Համո Սահյան, Զուլում Գրիգորյան, Տիգրան Մանսուրյան... Հիշենք նաև, որ երբ Երևանը դառնում էր մայրաքաղաք, 20-ական թվականների սկզբից սկսած, մի հզոր ներհոսք սկսվեց. աշխարհի մեծամեծ քաղաքներից հայ մտավորականները շտապեցին Երևան: Գուցե փոքրաթիվ էին նրանք, բայց հզոր էին, հզոր էր նրանց ո՛չ միայն մասնագիտական կարողությունը, այլև հայ լինելու քաղաքացիական պարտքի զգացումը: Նրանցով էր նաև, որ Երևանն արագ դարձավ մտքի ու մշակույթի կենտրոն: Ինչո՞ւ և ինչպե՞ս էին կարողանում թողնել Փարիզը, Վենետիկը, Պոլիսը, Մոսկվան, Պետերբուրգը և գալ համաճարակի ու որբի երկիր Հայաստան: Դա մեկ բացատրություն ունի` Հայաստանը նորագյուտ հայրենիք էր:
Հ. Պ.- Բայց այսօր, ավաղ, այդ հրաշալի հոսանքի հակադրությունն էլ կա: Ձեր թվարկած երեք հզոր արվեստագետները, անշուշտ, հրաշալի օրինակ տվեցին ու տալիս են, բայց նաև...
Ա. Ս.- Հասկանում եմ, ուզում եք ասել` այսօր գնում են ազատ, անկախ Հայաստանից: Հայրենասիրության պակա՞ս է, արդյոք: Աստծո և իրական ճշմարտության դեմ մեղք գործած կլինեմ, եթե այդպես մտածեմ: Եթե ես չեմ գնացել, գնացողներից ոչ մեկն էլ ինձնից պակաս մտավորական հայ ու հայրենասեր չէ, ես տեսել եմ, գիտեմ, որ նրանց հեռանալու ողբերգությունն ու օտարությունը ուղղակի աղեկտուր են: Ժամանակը կսրբագրի նաև այս արտահոսքը։ Կսրբագրի որպես վերադարձ: Այս արտահոսքի պատճառները որքան իրական են, նույնքան էլ` հոգեբանական: Նույնը և ներգաղթածների արտագաղթը: Միայն հացի խնդիր չէ: Հացի սովին կարելի է դիմանալ, հոգու սովին` շատ ավելի դժվար, մանավանդ նրա կողմից, ում քեզ տեր ես կարգել: Այս պակասը կարող է ինձ դաժանացնել այնքան, որ ես մտածեմ, թե մեր պարծանք մտավորականն էլ ինչ-որ տեղ միայն առերևույթ կեցվածք էր. երևի շատ մտավորականներ միայն դիպլոմով էին մտավորական, որովհետև հենց որ դիրքի, պաշտոնի կամ նյութական հարստության մեջ իրենք իրենց մեջքն ամուր զգացին, մեջքով դարձան դեպի ժողովուրդը: Էությամբ մտավորականն իրեն թույլ չի տա ապրել ուրիշի հաշվին, որբի բերանից պատառ խլել կամ ուրիշի ավերակի դիմաց իր պալատը կանգնեցնել, մուրացկանի աչքի առջև շքեղ մեքենայով սուրալ, մարմարյա աստիճաններով տուն մտնել: Եվ ժողովուրդն իրավունք ունի դառնորեն վիրավորվելու այս անբարեկիրթ բարեկեցիկությունից: Վիրավորվելու տարբեր աստիճաններ կան, նաև ամենադառնահամը` մինչև հայրենին թողնել-հեռանալը: Այս փաստով հանդերձ, իրավունք չունեմ դառնանալու մինչև դաժանություն, որովհետև փաստ է նաև, որ փոքրաթիվ մտավորականներ կարող են իրենց դեմքը կորցնել, բայց ողջ մայրաքաղաքը` ո՛չ։ Ամենևի՛ն:
Այսօրվա ցնցումները կմնան այսօրվա մեջ, և անհնար է, որ մենք ապացուցենք, թե մենք, այո՛, եղել ենք մտքի, գրչի, ղալամի ու բրիչի ազգ, բայց այսօր դա մեզ ձեռք չի տալիս: Անհնար է: Կարճատեսություն է մանավանդ, եթե մտավորականն է այդպես մտածում, մանավանդ` բարձրաձայն ասում:

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ