Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարմիր-կապույտ-ծիրանագույն Լիմպոպո

Կարմիր-կապույտ-ծիրանագույն Լիմպոպո
10.10.2014 | 12:33

Ստվերները սահելով արտաքսվում են
Մութ Հադես։
Նրանք լքել են մարդկանց և իրերը անանուն.
-Գլխիվայր են արտածում. և՛ ամոթույք,
և՛ երես։
«Մնացած կյանքի համար»,
Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ՃԵՐՄԱԿ ԴՐՈՇՆԵՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ
Այսօր հանրահավաք է, և հնարավոր է, որ դեյուրե Ազատության, դեֆակտո էլ Թատերական հրապարակում արմատական հրովարտակներ հնչեն։ Այսինքն՝ հրապարակը համապատասխանի իր առաքինի կոչմանը, դեյուրե և դեֆակտո դառնա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակ։
Հրապարակում կարծիք կա, որ այսօր անկախ պետականության մայրամուտն է, բայց գուցե թե արևածա՞գը, զի ձևով անկախ, բովանդակությամբ առկախ երկրում ենք ապրում։ Այս տեսանկյունից զարմանահրաշ է 2014-ի հոկտեմբերի 10-ը, քանզի որոշվելու է՝ «կամ-կա՞մ»-ն է օրվա-տարվա-ժամանակի պահանջը, թե՞ «և-և»-ը։
Անկասկած, քաղտեխնոլոգիաներին քաջատեղյակ մտավարժները վստահեցրել են հանրահավաքի ղեկապետերին, որ արմատական բարեփոխման (հասկանալ է պետք՝ հեղաշրջման) բանալին «կամ-կամ»-ն է։ Յոթ տարի առաջ երկրի հիմնադիր նախագահը ժողովրդին և, որ շա՜տ կարևոր է, քաղաքացիներին շարժման մեջ դրեց «ավազակապետության կազմաքանդման» կախարդական փայտիկով։ Այսօր այլ փայտիկ կա. այն սիրով նվիրաբերում են հանրահավաքի թիվ 1 քաղշեփոր զմայլելի տիկին Զոհրաբյանին. «Վերջնական հրաժարական+ամբողջական ապաշխարում»։
Ժամեր անց թնջուկը կլուծվի, սպասենք և քիչումիչ զվարճանանք. մեզ կամ քավարան են ուղեկցելու, կամ էլ դժոխք։
Մի խոսքով` թող ճերմակ դրոշները փողփողան հանրահավաքում։ Եվ փոխվեն եռագույն դրոշների՝ որդան կարմիրով, ծով-կապույտով և շենշող ծիրանագույնով։

ԱՖՐԻԿՅԱՆ ԵՐԱՆԳՆԵՐ
(նավարկություն)
Պնդում եմ և առաջարկում միանալ սույն պնդմանը՝ հայոց եռագույնի երրորդ գույնը ծիրանագույնն է, մեր կենսալիցք և խնկոսկի ծիրանի գույնը։ Մենք մեր դրոշը նախ «պարզեցինք» նարնջագույնով, և ահա թե ինչ կատարվեց Կառավարական տանը։ Տան գլխավերևում եռագույն դրոշն է գույների հետևյալ գերակայությամբ. ա) կարմիր, բ) կապույտ, գ) նարնջագույն։ Հավանաբար նարնջագույնն է ազդել ոմանց վրա և, ահավասիկ, նրանք Զիմբաբվե երկրից երկիր Նաիրի են հրավիրում մի շաման-փորձագետի, ով ծիրանենու վաղնջական հայրենիքում պիտի ուսուցանի այս պտղի աճեցման, բերքահավաքի, թերևս նաև ծիրանից չիր և կոմպոտ պատրաստելու մեթոդները։ Զիմբաբվեն տեղակայված է Հարավային Աֆրիկայում, Բրիտանական համագործակցության անդամ է։ Երկիրը եղել է բրիտանական գաղութ և 1895-ին անվանակոչվել է Հարավային Ռոդեզիա, գաղութային հեղաշրջման կազմակերպիչ Ջոն Ռոդսի պատվին։ 1980-ին այն վերանվանվել է Զիմբաբվե։ Առհասարակ պատվական երկիր է, ունի երկու խոշոր գետ՝ Զամբեզին և Լիմպոպոն։ Հասկանալի է, որ գլխավորապես աֆրիկացիներով է բնակեցված, մաշոնաներով և մատաբելներով։ Զիմբաբվեում մշակում են ծխախոտ, շաքարեղեգն, բամբուկ, եգիպտացորեն և գետնանուշ։ Անկեղծ ասած՝ անտեղյակ եմ, Զ.-ից ժամանած շաման-փորձագետը մաշոնա՞ է, թե՞ մատաբելե, բայց նա ծիրանի մեծ վարպետ է։ Ի դեպ, նա արևմտյան վարկային պարտավորության շրջանակում էր ՀՀ ժամանել։

ՎԱՐԿԱՅԻՆ ՊՈՐՏԱՊԱՐ՝ ԴՀՈԼԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
(նավաբեկություն)
1. Վարկեր կառուցվածքային բարեփոխումների համար։
(այս վարկը 7 անգամ է մեզ հասել)։
2. Վարկ, որ կոչվում է «Աղքատության նվազման աջակցության ծրագիր» (այս վարկը «մոլագար», 74 մլն ԱՄՆ դոլար է նրա քաշը)։
3. «Զարգացման քաղաքականության գործողությունների ծրագիր» (սա 168 մլն-դոլարանոց նենգ հարված է մեր ստոծանուն)։
4. «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազման ծրագիր» (բավականին համեստ վարկային գրոհ է՝ ընդամենը 10 մլն ՀՀ դրամ)։
5. «Անշարժ գույքի գրանցման ծրագրի կազմում» (դարձյալ ուռճացված վարկ չէ, ընդամենը ինչ-որ խղճուկ 6 մլն դրամ)։
6. «Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիր (սա տարողունակ վարկ է՝ 20 մլն եվրո)։
7. «Որոտանի կասկադի վերականգնման ծրագիր» (չափի զգացումը, անշուշտ, կորցրել են՝ այս վարկը 51 մլն եվրո է)։
Այս վարկերի որքա՞ն մասն է նպատակային ծախսվել։ Հավատացեք, որ վարկ ասվածը, այն էլ արևմտյան «հայասիրությամբ» խորսխված, դավ է, ցավ է և վերջապես ճորտացման հավաստագիր է։ Առհասարակ աշխարհում չիք որևէ երկիր, որը պարոնայք Ռոտշիլդի, Ռոքֆելլերի և այլոց (Սորոսն ու մյուսները) վարկերից օգտվելով՝ ծնկի չի եկել։ Մասնավորապես ուսանելի է հետխորհրդային երկրների օրինակը, որոնք ուղղակի տնքում են վարկային տոկոսները մարելու բեռան տակ։ Անշուշտ, վարկային բռնաբարման մեջ շահում են արևմտյան ժողովրդավարության վարդացոլք մայրուղիներով ծնկաչոք արշավող երկրների ղեկավար տիկնայք և տիարք։ Բայց, հավատացեք, որ դա ևս ժամանակավոր մի բան է, աշխարհում հեղափոխություններ կան և ընդվզման այլ բազում եղանակներ։ Եվ դաժան մի պատիժ կա. ժողովրդին կեղեքում են հայրերը, սակայն երկիրը պատասխանը նրանց զավակներից է պահանջում։

Բելառուսը չվարկավորվեց, և այսօր կառուցիկ մի երկիր է, ի դեպ, վարկային գիշանգղների աչքի մեծ փուշը։ Ի դեպ, Բելառուս փառապանծ երկրում հիանալի համակեցվում-մրցակցում են պետական և մասնավոր կապիտալները։ Հասկանալի է, որ աֆրիկական Մալի երկրից որևէ մեկը չի ներխուժի Բելառուսի կառավարություն և չի փորձի բելառուս գյուղատնտեսին և գյուղացուն ուսուցանել կարտոֆիլ և կաղամբ մշակելու արվեստը։

ՀԵԾԱՆՎԻ 4-ՐԴ ԱՆԻՎԸ
(նավաբեկություն
դանիական ափերում)
Դանիացիներ էին հյուր եկել մի պատվարժան հայ ընտանիքի։ Տանտերն ինձ էլ հրավիրեց, նրանց պիտի ուսուցանեի «չոբան-խորովու» զմայլելի կերակրի պատրաստման եղանակը։ Եղանակն այդ օրը չափավոր անձրևային էր, որը տրտմեցրեց արքայազն Համլետի հայրենակիցներին։ Բայց և այնպես, զուտ դանիական անդորրով նրանք դիմակայեցին` մինչև արևը ելավ Մասիսի թիկունքից, կերանք խորովուն, հիացանք և խուժեցինք մեր զրույցի քաղաքական փորձադաշտը։ Նրանք բաժակ վերցրին և ողջունեցին հայ անկախ քաղաքակրթության հաղթանակը՝ առաջին հեծանվուղու բացումը մայրաքաղաք Երևանում։ Դե, ես հո քաղաքականացված և անաղուհաց մեկը չեմ, այսինքն՝ հո երեսփոխան չեմ, հակընդդեմ ճառով գովերգեցի Դանիո խորհրդարանի նախագահին, ով աշխատավայր է հասնում երկանիվ հեծանվով։ Դանիական կողմը կենացս մերժեց, զի դա, ըստ նրանց, Դանիո խոսնակի պարտականությունն է, ոչ թե պատիվը։ Իսկ եթե մեր իշխանակառավարական վերնախավը, գավառական քաղաքների քաղաքագլուխներն ու նրանց մատռվակները, լեռնային և հարթավայրային գյուղերի գյուղապետերը, ամենատարբեր միջնախարարական հանձնախմբերի ու գերատեսչությունների ղեկապետերը և վերջիններիս սպասարկող ծառայակիցները և այլք աշխատավայր հասնեն հեծանիվներով, մի՞թե ազգովին չենք շահի։ Վստահաբար կշահենք. երկիրը նախ կմաքրվի ծխից, մրից և աղմուկից։ Եվ ահռելի գումարներ կտնտեսվեն։ Իսկ այժմ հուշեմ-հիշեք, թե ինչ պիտի անեք, որ երկիրը վստահի ձեզ։ Տիար Ծառուկյանը և նրա թիմակից հաստաքսակները պիտի երդմամբ հրաժարվեն իրենց համաժողովրդական գույք ու կայքից։ Եվ պիտի սկսել «Փարավոն» զվարճատնից և վերջացնել «Շանգրիլա» խաղատնով։ Հակառակ պարագայում եռյակը յուր կշռով կհամազորվի իշխանության և ընդդիմության, նաև ժողովրդավարության և տոտալիտարիզմի, մի խոսքով՝ մուրճի և սալի միջև մոլորված ՀՅԴ-ին։

ԿԱՄ ՄՈՒԹ ՀԱԴԵՍ, ԿԱՄ ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻ ՀԱՆԴԵՍ
(նավահանգստում)
Այո, պատվելի Ռոմիկ Սարդարյան, առօրս գլխիվայր է արտածվում մեր ամեն բանը, զի նույն սեղանից են սնվում գիտնականը, հանրային, տնտեսական և, անշուշտ, քաղաքական այր-այրուհիները։ Սնվում են ամոթույք ու երես խառնակած սեղանից, սպասելով, որ մի օր վարկերն ու դրամաշնորհները կլքեն մեր սրբազան լեռները։ Հուսանք՝ առայժմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ