Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այս տարի Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը

Այս տարի Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը
14.10.2014 | 00:03

Օրերս աշխարհի լրատվամիջոցները տարածեցին մի նորություն, որը որոշ փորձագետներ համարեցին «արդի խոշորագույն տնտեսական իրադարձություն»։ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով, ընթացիկ՝ 2014 թվականին իր համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) ՉԺՀ-ն կգերազանցի ԱՄՆ-ին։ Բացի այդ, Համաշխարհային բանկի (ՀԲ) փոխնախագահ Կաուշիկ Բասուն հայտարարել է, որ, համաձայն ՀԲ վիճակագրական տվյալների, գնողունակության հարաբերակցությամբ (ԳՀ) չինական տնտեսության չափն այս տարվա արդեն հոկտեմբերի 10-ին գերազանցեց ԱՄՆ-ի տնտեսության չափը։ Հարկ է ասել, որ տարբեր երկրների տնտեսական հնարավորությունների համադրումը կատարվում է երկու հիմնական եղանակով. ըստ ազգային արժույթների փոխարժեքի և ըստ դրանց գնողունակության հարաբերակցության։ Գնողունակության հարաբերակցությունը նկատի ունի արժույթների հարաբերակցությունն ըստ ապրանքների ու ծառայությունների որոշակի հավաքանու հանդեպ դրանց գնողունակության և ոչ թե ըստ գործող շուկայական փոխարժեքի։ Դա, տնտեսագետների կարծիքով, հնարավորություն է տալիս վերացնելու տարբեր երկրներում համանման ապրանքների գների տարբեր մակարդակներից առաջացող աղճատումները և ավելի ճշգրիտ որոշել ապրանքների ու ծառայությունների իրական ծավալները։ Այդ գնահատականների համաձայն, գնողունակության հարաբերակցությամբ ՉԺՀ-ի ՀՆԱ-ն արդեն կազմում է 17,6 տրիլիոն դոլար՝ ԱՄՆ-ի 17,4 տրիլիոնի դիմաց։ Այսպիսով, ԱՄՀ-ի տվյալներով, այս տարի Չինաստանը պաշտոնապես կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրը։ Այնուհետև, դժվար չէ նկատել, որ անչափ տպավորիչ են մնում ՉԺՀ-ի աճի տեմպերը։ Համադրությունների միջազգային ծրագրերի շրջանակներում կատարվող հաշվարկների վերջին ռաունդը տեղի է ունեցել 2011 թ.։ Այն ժամանակ ստացված տվյալների համաձայն, երեք տարի առաջ Չինաստանն ԱՄՆ-ից հետ էր մնում մոտավորապես 15 %-ով։ Համաձայնեք, ճեղքումը հիացմունքի է արժանի։
Ընդ որում, նկատենք, որ այդ արդյունքների անխուսափելիության մասին վերջին քառորդ դարում շատ փորձագետներ են խոսել։ Ավելին, ելնելով ԱՄՀ-ի տվյալներից, եթե 1980 թ. Չինաստանի ՀՆԱ-ն կազմում էր ամերիկյանի 1/10-ը, ապա 2020-ին այն կարող է ամերիկյանը գերազանցել 20 %-ով։ Այսինքն, ամեն ինչ, կարծես, խոսում է այն մասին, որ «չինական տնտեսական հարձակման» հաղթական ավարտը, բոլոր կանխատեսումների համաձայն, կլինի ոչ միայն հաջող, այլև կանխատեսվողից շատ ավելի շուտ՝ մինչև այս տարվա վերջը։ Եվ դրա պատճառն այն է, որ Չինաստանում, համաշխարհային տնտեսական ճգնաժամի և ամերիկյան տնտեսության աճի տեմպերի նվազման պայմաններում, չնայած բոլոր շարունակական հոռետեսական կանխատեսումներին, այնուամենայնիվ, տնտեսության կայուն աճ է արձանագրվում։ Միաժամանակ պետք է նկատել, որ ՉԺՀ-ի ՀՆԱ-ն, առանց հաշվի առնելու գնողունակության հարաբերակցությունը, կազմում է 10,4 տրիլիոն դոլար, ինչը ցածր է ամերիկյան ցուցանիշներից։ Միաժամանակ, բնակչության մեկ շնչի հաշվարկով, Չինաստանի տնտեսության ծավալը դարձյալ ամերիկյան ՀՆԱ-ի քառորդ մասից պակաս է։ Շատ հետաքրքրական է, որ այդ տվյալների հրապարակումից անմիջապես հետո մի շարք վերլուծաբաններ, մասնավորապես ռուսները, սկսեցին խոսել այն մասին, թե համաշխարհային տնտեսական առաջատարի դիրքերն ԱՄՆ-ից անցնում են Չինաստանին։ Դա, նրանց կարծիքով, նշանակում է նոր տնտեսական, իսկ ժամանակի ընթացքում, հնարավոր է, նաև առևտրական, քաղաքական, բացառված չէ նաև ռազմական կարգի հարձակում։ Այսպես, ՌԴ նախագահի՝ տնտեսական հարցերի գծով նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովը գրում է. «Գլոբալացված համաշխարհային տնտեսության գոյության շրջանում առաջին անգամ աշխարհի խոշորագույն տնտեսական տերություն է դառնում մի երկիր, որն արդի Արևմուտքը (Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, քրիստոնեական աշխարհ) չի ներկայացնում։ Կպահպանի՞, արդյոք, մոլորակի տնտեսական առաջատար դարձող Չինաստանն արդի աշխարհում նախընթաց դարերի ընթացքում ձևավորված կանոններն ու ավանդույթները, թե՞ ռևիզիայի կենթարկի դրանք (իսկ եթե ենթարկի, ապա ինչ աստիճանի), այս ամենն առայժմ դժվար է կանխատեսել»։
Սակայն, շատ ավելի հետաքրքրական է ՉԺՀ-ի արձագանքը։ Այն հետևեց անհապաղ և լիովին «չինական ոգով»։ Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, Վաշինգտոնում Պիտերսոնի անվան միջազգային տնտեսագիտական ինստիտուտի կազմակերպած համաժողովում Չինաստանի ֆինանսների փոխնախարար Չժու Գունյաոն հայտարարել է. «Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև դեռևս մեծ տարբերություն կա տնտեսական աճի որակի առումով։ Չինաստանը մնում է որպես զարգացող երկիր և պետք է շարունակի աջակցել բարեփոխումների ու բացախոսության քաղաքականությանը՝ տնտեսական աճի և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար»։ Ավելին, գործակալությունը շատ հետաքրքիր ձևով է հաղորդում երկրի համար այդ, կարծես, ուրախալի և պատվավոր նորությունը. «Չինաստանը, իբր, դարձել է աշխարհի խոշորագույն տնտեսական սուբյեկտը»։ Համաձայնեք, «իբր» բառը ամենևին սազական չէ առաջատարության ոճին։ Եվ ապա հաղորդվում է. «Իրական փոխարժեքով 2014-ին ԱՄՆ-ի ՀՆԱ-ն 17,4 տրիլիոն դոլար է, իսկ ՉԺՀ-ի ՀՆԱ-ն՝ 10,4 տրիլիոն դոլար, այսպիսով Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև, այնուամենայնիվ, մեծ տարբերություն կա»։
Ահա այսպես, ոչ ավելի, ոչ պակաս։ ՈՒ անմիջապես հիշում եմ, թե ինչպես էր երկու տարի առաջ Չինաստանը, միջազգային կառույցների տվյալներով, առևտրաշրջանառության թվերով առաջ անցել ԱՄՆ-ից։ Բայց անմիջապես էլ հետևեց Պեկինի «ճշգրտումը», որը հանգում էր մի ընդհանուր հայտարարի. «Բերված տվյալները ճիշտ չեն, մենք ընդամենը երկրորդն ենք և առաջ չենք անցել Ամերիկայից»։ Եվ հիմա պատմությունը կրկնվում է։ Ի՞նչ է սա, կեղծ համեստությո՞ւն։ Նախնիների խորհո՞ւրդ՝ «Մի շտապիր, գլուխդ մի ցցիր, սպասիր մինչև գետը կբերի թշնամուդ դի՞ն»։ Թե՞ իրատեսական սառը հաշվարկ. դեռ ժամանակը չէ՞։ Իսկ չէ որ մենք, սովորաբար, հատկապես նախկին Միության լայնարձակ տարածություններում, միշտ տրամագծորեն հակառակ պատկեր ենք տեսնում. «ՈՒռա» ենք գոռում այնտեղ, որտեղ հաղթանակի հոտ անգամ չի գալիս։
Անչափ հետաքրքիր ու մեծապես ճշմարտանման են Պիտերսոնի միջազգային տնտեսագիտական ինստիտուտի աշխատակից Արվինդ Սուբրամանյանի հետևությունները, որոնք այս առիթով շարադրվել են մի երկու տարի առաջ։ Նա պնդում է, որ շատ հաճախ ՉԺՀ-ի վիճակագրությունն արտադրանքի հանիրավի բարձր գներ է ներկայացնում։ Դա հանգեցնում է նրան, որ ՀՆԱ-ի բացարձակ մակարդակը թերագնահատվում է, իսկ տնտեսության աճի տեմպերը, ընդհակառակը, բարձրացվում են։ Այսպես, Սուբրամանյանի հաշվարկներով, 2010 թ. գնողունակության հարաբերակցությամբ ՉԺՀ-ի ՀՆԱ-ն իրականում արդեն 14,8 դոլար էր, որը դեռ այն ժամանակ 200 միլիարդով (մոտ 1,4 %) ավելի էր ամերիկյանից։ ՈՒ նորից մի հետաքրքիր հարց. ինչո՞ւ պիտի Չինաստանն իջեցնի իր ՀՆԱ-ն։ Նախ, հետազոտողների կարծիքով, «կարելի է ամբողջ աշխարհին ցույց տալ աճի արագ տեմպեր, ինչը հոգեբանական ազդեցություն է ունենում և համոզում, որ չինական ղեկավարման արդյունավետությունը ևս բարձր է»։ Երկրորդ, հանուն վիճակագրության, «զարգացող տնտեսություն» կոչումն այսօր մի շարք արտոնություններ է տալիս և հնարավորություն է ընձեռում ավելի քիչ անդամավճարներ մուծելու միջազգային ֆինանսական կազմակերպություններին։ Երրորդ, և դա, հնարավոր է, ամենագլխավորն է, գնողունակության հարաբերակցության առումով դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքի և շուկայական փոխարժեքների միջև եղած խզումը մոտ 40 % է, իսկ եթե հաշվարկի ժամանակ նկատի առնված լինեն ցածր գները, ապա խզումն էլ ավելի մեծ կլինի։ Դա կմեծացնի Վաշինգտոնի ճնշումը Պեկինի վրա, որին առանց այդ էլ ամեն միջազգային գագաթնաժողովում հիշեցնում են, որ ժամանակն է գլոբալ տնտեսության կայունացման և անհամամասնության վերացման նպատակով ամրապնդելու յուանը։
Մինչդեռ կարծիք կա, որ գնողունակության հարաբերակցության հաշվարկները միշտ շատ վիճելի բան են, քանի որ դրա համար հարկավոր է յուրաքանչյուր երկրի ներսում հավաքել ապրանքների բավական լայն հավաքանու գները և այդ ապրանքների որակը ճիշտ համադրել այլ երկրներում եղած դրանց նմանակների հետ։ Եվ բացի այդ էլ՝ ճիշտ զամբյուղ կազմելը միանգամայն առանձին գիտություն է։ Այս ամենը բարդանում է արդեն սովորական և, ավաղ, անփոփոխ «հրաշքների» հետևանքով, որ տեղի են ունենում զարգացող երկրների վիճակագրության ոլորտում. վատորակ տվյալներ, կեղծիքներ և այլն։ Այնպես որ, թվերն այստեղ, այնուամենայնիվ, մի բան են, իսկ իրական կյանքը՝ միանգամայն այլ։ Չինաստանում այս բանը շատ լավ են հասկանում և ԱՄՀ-ի զեկույցի շուրջ առանձնակի իրարանցում չեն բարձրացնում։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ