Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Տարբեր ստորջրյա հոսանքներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ ուժեղանում են»

«Տարբեր ստորջրյա հոսանքներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ ուժեղանում են»
14.10.2014 | 00:18

«Իրատես de facto»-ի հյուրն է ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ:

-Հայաստանը Մինսկում անդամակցեց ԵՏՄ-ին, ի՞նչ է փոխվելու մեր կյանքում:
-Ժամանակակից աշխարհի զարգացման օրինաչափությունները ցույց են տալիս, որ ինտեգրումը հիմնական միտումներից է, եթե ոչ գլխավորը: Հայաստանի Հանրապետությունը տարբեր չափերով և ձևերով մասնակցել է իր շահերին համընթաց ինտեգրացիոն գործընթացների, ինչպես ՀԱՊԿ-ը կամ Ազատ առևտրի գոտու ձևավորումը և այլն: Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին մենք հայտարարեցինք նախ Մաքսային, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ցանկության մասին ու սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Արդեն այդ ժամանակից մեր գործընկերների որոշ պարտավորություններ, որոնք պայմանագրային մաս էին, սկսեցին գործել: Դա առաջին հերթին վերաբերեց գազի, վառելիքաքսուքային նյութերի գնին, ակնագործական արդյունաբերությանը: Դա մեզ համար հիմք է վերագործարկելու որոշակի արտադրական հզորություններ և գործարկելու նոր տնտեսական նախագծեր՝ տնտեսության զարգացման պայմաններ ապահովելու առումով: Գազի գնի խնդիրը աշխարհի յուրաքանչյուր տնտեսության համար կարևորագույն համակարգաստեղծ հարցերից է, մեզ համար, որպես էներգատար տնտեսության առավելապես, իսկ մենք, կարծում եմ, մեր այսօրվա և վաղվա գլխավոր խնդիրը պիտի տեսնենք տնտեսական առաջընթաց ապահովելու մեջ, քանզի մեկ ընդհանուր մաքսային համակարգում և մեր փոքր շուկան էականորեն գերազանցող տնտեսական տարածքում անկաշկանդ և անսահմանափակ գործելու հնարավորություն ստանալով՝ մենք կկարողանանք զարկ տալ մեր երկրի համար այդքան կարևոր տնտեսական զարգացմանը: Ապրանքների, կապիտալի ազատ տեղաշարժման հնարավորությունները, միգրացիոն քաղաքականության դյուրացումները պակասեցնում են խոչընդոտները և ավելացնում հնարավորությունները, որպեսզի դրսևորվեն մեր ժողովրդին բնորոշ հայտնի հատկանիշները՝ ձեռներեցությունը, նախաձեռնողականությունը և այլն:
-Նավթի գնի անկումը ամբողջ աշխարհում այդ հարցի վրա չի՞ ներգործում:
-Նավթի գինը խաղարկային է և շատ զգայուն է քաղաքական ներգործությունների նկատմամբ: Բազմաթիվ օրինակներ կան, որ նավթի գինը պայմանավորված իջեցվել կամ բարձրացվել է՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար: Գազի գնի անկում որևէ տեղ չկա, ԱՄՆ-ը զարգացնում է թերթաքարային գազի արդյունահանումը, և եվրոպական որոշ երկրներ հույս ունեին թերթաքարային գազի ներմուծումով թուլացնել ռուսական գազից կախումը, բայց այդ հանգամանքն էլ գազի շուկայում էական փոփոխությունների չի բերում: Մենք պիտի կարողանանք ճիշտ հարցադրումներ ձևակերպել և ճիշտ որոշումներ կայացնել, գրագետ գործել և օգտագործել ԵՏՄ-ի անդամակցությամբ տրված շանսերը:
-Այդ հարցադրումներով չե՞նք ուշացել:
-Մինչ օրս մեր մտածողության մեջ՝ և հանրային, և բիզնես-համայնքի, ինչո՞ւ ոչ, նաև կառավարող շրջանակների, հիմնարար փոփոխությունները շատ չեն: Կառավարությունը վերջերս քայլեր սկսեց խնդիրը նորովի ձևակերպելու ուղղությամբ, բայց, կարծես, առօրյա խնդիրները գերակշռում են, և էական փոփոխությունների դեռ պիտի սպասենք: Ես կարծում եմ՝ մեզ համար ամենակարևոր խնդիրն այսօր դա է՝ սահմանել ինչ նպատակներ ու ինչ խնդիրներ ունենք ու ինչպես ենք լուծում՝ օգտագործելու համար մեր առաջ բացված շուկայի հնարավորությունները:
-Բելառուսի նախագահը բացահայտ ռևերանսներ է անում Արևմուտքին, Ղազախստանի նախագահը անվտանգության խնդիրների լուծումը ՆԱՏՕ-ի հետ կապելու կամուրջներ է որոնում, դրանք չե՞ն հակասում ՄՄ հուշագրին, որ կառույցի անդամները կառույցի շահերի դեմ քայլեր չպիտի անեն: Հայաստանը կարո՞ղ է իրեն այդօրինակ ազատություններ վերապահել:
-Քանի դեռ կառույցը կայացման փուլում է, կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր համար առավել շահավետ դիրքեր ստանալ: Այդպես եղել է միշտ՝ բոլոր ինտեգրացիոն միավորումների կայացման գործում, չհիշեցնեմ, օրինակ, ԵՄ-ին անդամակցելիս բրիտանական երկարամյա պայքարը և այլ օրինակներ: Այդ գործընթացի մեջ օգտագործվում են բոլոր միջոցները, նաև դիվանագիտական: Էական կենտրոնախույս գործընթացներ, այնուամենայնիվ, չեն լինի՝ եվրասիական ինտեգրացիան իսկապես բխում է մասնակիցների շահերից, և նրանք իրենց բոնուսները այս գործում քաջ գիտակցում են: Այդ իմաստով հնարավոր և ընդունելի է այս հարցադրումն անել մեզ համար, թեպետ մեր մանևրի դաշտը փոքր է, այնուամենայնիվ, որոշակի ճկունությամբ պիտի կարողանանք մեր խնդիրները լուծել՝ հնարավորինս մեր շահերը ապահովելով: Եվրակառույցների հետ հարաբերությունների վեկտորի պահպանումը Հայաստանը բարձրաձայնել է, և առարկություններ կամ դժգոհություններ եվրասիական տարածքում չեն հնչել: Դա վկայում է, որ նրանք ավելի կարևոր խնդիրներ ունեն՝ մի կողմից, մյուս կողմից՝ մեր նիշան ավելի փոքր է, բացի այդ՝ հասկանում են, որ մեր տարածաշրջանում կարևոր է պահպանել կոմպլեմենտարիզմի որոշ տարրեր, հատկապես երբ մենք ունենք չլուծված ղարաբաղյան խնդիր, որի լուծումը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակում:
-ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Եվրոպան գուցե ոչ հրապարակային քաղաքականության տեսքով, բայց չի՞ փոխելու վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, և ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված որոշումը այդ վերաբերմունքի դրսևորում չէ՞ր:
-2004-2005-ին էլ է զեկույց կազմվել, որից նույնպես լավագույն սպասելիքներ չունեինք և աշխատել ենք դիմակայել: Այն ժամանակ ԵՏՄ-ի անդամակցության գործընթաց չկար: Իհարկե, ԵԽ-ն առանձնապես երջանիկ չէ ԵՏՄ մտնելու Հայաստանի որոշումից, այնուամենայնիվ, որևէ մեկը չի կարող ասել, որ անակնկալ էր: Հայաստանի անվտանգության համակարգը ի սկզբանե կառուցված է եղել ՀԱՊԿ-ի հենքի վրա, ինչքան էլ գործընկերային հարաբերություններ կան ՆԱՏՕ-ի հետ: Ռեալ իրականությունը սա է, Եվրոպայում կամ ԵԽ-ում որևէ մեկը չի կարող չարժևորել, թե մեզ համար ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ է նշանակում ապրել մի տարածաշրջանում, որտեղ չորս հարևաններից երկուսը քեզ հետ թշնամական հարաբերությունների մեջ են՝ մեկը բացարձակ պատերազմի, մյուսը՝ շրջափակման, իսկ հայտնի է որ միջազգային իրավունքը որևէ երկրի նկատմամբ շրջափակում կիրառելը համարում է պատերազմական գործողություն: Կարևոր է նաև, որ մեր շարունակական ջանքերը եվրոպական արժեհամակարգին ներհատուկ բարեփոխումների ուղղությամբ տեսանելի են, և դրանց շարունակականությունը Հայաստանում հարցականի տակ չի դրվում որևէ ոլորտում:
-Եվրոպան ինչո՞ւ է պարբերաբար փորձում տեղավորվել ԼՂ հարցի լուծման գործընթացում՝ սկսած լորդ Ռասել Ջոնսթոնի ժամանակավոր հանձնաժողովից, երբ միջազգայնորեն ընդունված ձևաչափը Մինսկի խումբն է:
-Տարբեր ստորջրյա հոսանքներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ ուժեղանում են և մեծ ու փոքր ալիքներ ձևավորում: Կա օբյեկտիվ իրավիճակ, որ անկախացման գործընթացները Եվրոպայի տարբեր երկրներում լուրջ վտանգ են դառնում: Ստեպ-ստեպ տարբեր ժողովուրդներ կարողանում են հասնել իրենց նպատակին, ինչպես Կոսովոյում և այլն, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհի գլոբալ ճարտարապետությունը մեծ պետություններին թելադրում է իրենց կենսական շահերից ելնելով՝ պաշտպանել գոյություն ունեցող սահմանները: Մեր դեմ աշխատելով՝ իրենք իրենց են պաշտպանում: Մեծ Բրիտանիան քաղաքակիրթ միջոցներով, բայց ինչ լրջագույն աշխատանք կատարեց շոտլանդական հանրաքվեի դեմ՝ կշռեքի նժարին ունենալով ոչ միայն Շոտլանդիան կորցնելու, այլև պետության մասնատման վտանգը: Մի՞թե սա այն շահը չէ, որի համար Մեծ Բրիտանիան պատրաստ է բազմաթիվ քայլերի: Նույնը՝ Իսպանիան, դեռ Կատալոնիայի հանրաքվեն չեղած, քննարկվում է՝ ի՞նչ կանի Անդալուզիան: Ընդհանրապես՝ ի՞նչ կկատարվի Եվրամիությունում: Եթե հանրաքվեները հանգեցնեն անկախության, անկախացած երկրների ԵՄ անդամակցության նո՞ր գործընթաց պիտի սկսվի, պիտի՞ փոխվեն մասնատված երկրների ԵՄ-ի անդամակցության պայմանները: Սրանք շատ լուրջ հարցեր են, որոնց այսօր ԵՄ-ն լուծումներ չունի: Այս ամենը դեռ շատ երերուն է, մշուշոտ ու անհասկանալի: Այդ պատճառով խնդիրը փոքրիկ Ղարաբաղի անկախությունը չէ, մենք գործ ունենք կայացած աշխարհաքաղաքական կարգի փոփոխության վտանգի հետ: Սրան ավելացրեք ադրբեջանական լոբբիի ալիքը, որի մասին բազմիցս խոսվել է: Հավելեք նաև, որ ԵԽ-ն որպես կառույց մտածում է՝ ինչպես իր ազդեցությունն ուժեղացնի: Սա նույնպես մղում է ակտուալ խնդիրների մեջ մտնել: Այսօր որևէ մեկը չի հարցնում՝ Ղազախստանը կամ Ղրղզստանը ինչքա՞ն հեռու են Եվրոպայից, որ Եվրոպան նրանց խնդիրներին է ձեռք մեկնում: Կամ՝ Մարոկկոն, Իսրայելն ու Պաղեստինը Եվրոպայի մա՞ս են, որ Եվրոպան խառնվում է նրանց հարցերին: ԵԽ-ն աշխատում է համաշխարհային գործընթացներից դուրս չմնալ և այդ գործընթացներում իր դերն ու նշանակությունը բարձրացնել: Սա ևս այս դաշտում ավելի ակտիվ գործելու խթան է: Իհարկե, կան նաև մեր դեմ գործոններ. ի՞նչ դերակատարություն ունի այսօր ռուսական վեկտորը Եվրոպայի համար: Տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսը կոմպլեմենտարիզմն էր, և հավասար վերաբերմունքի սկզբունքը Եվրոպան այնքան էլ լավ չէր ընդունում, գործողությունների մեջ մենք երբեմն զգում էինք՝ կա խնդիր, մեզ կփորձեն նեղել Ռուսաստանի հանդեպ մեր կոմպլեմենտար վերաբերմունքը փոխելու համար: Վերջապես՝ գոյություն ունեն տարբեր երկրների շահերը մեր հակառակորդների հետ՝ նկատի ունեցեք բրիտանական տնտեսական շահերի համընկնումը Ադրբեջանի շահերի հետ՝ «British Petroleum»-ի ներդրումներն ու հեռանկարները, որ նույնպես մղում են այդ դաշտում ազդեցություն ունենալուն: Կարևոր հանգամանք է նաև այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի թե բառապաշարը, թե արդեն մշակած սկզբունքները և ընթացող գործընթացները, այնուամենայնիվ, ադրբեջանանպաստ չեն և մոտալուտ հանգուցալուցմանն ընդառաջ՝ դրդում են առավել վճռական պայքարի:
-Ի՞նչ պիտի անի Հայաստանը պիկերի ժամանակ, մենք տարբերակ ունե՞նք, որ զեկույցը հնարավորինս օբյեկտիվ լինի: Ինչո՞ւ պատվիրակությունը ընտրեց բոյկոտը:
-Կարևոր խնդիր է՝ ինչու այդ ճանապարհը ընտրեցինք, գնահատելով ապագա սցենարները՝ նախկին փորձից ելնելով: Վեհաժողովում ստեղծված իրավիճակը, բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները ուսումնասիրելով, ԵԽԽՎ ընթացակարգերը իմանալով, մենք եկանք այն համոզման, որ չի կարելի մեր մասնակցությամբ լեգիտիմացնել կանխորոշված զեկույցի ընդունումը, վավերացնել գործընթացը: Մանրամասնեմ՝ ընթացակարգերը այնպիսին են, որ անգամ ամենաանաչառ զեկուցողի պատրաստած չեզոք կամ ընդունելի վերնագիր ունեցող ամենահավասարակշիռ կամ ճշմարիտ զեկույցն անգամ մեկ օրվա ընթացքում մի քանի լրացումներով կամ փոփոխություններով կարող են շուռ տալ իրենց օգտին: Նման նախադեպ անցյալում ունեցել ենք: Բացի այդ՝ բազմիցս մեր աշխատանքի ընթացքում ականատես ենք եղել դեպքերի, երբ տարբեր շահագրգիռ կողմեր մի քանի դրույթներ փոփոխելով կամ ներմուծելով՝ կարողացել են էականորեն փոխել ընդունվող փաստաթղթի իմաստը և բովանդակությունը կամ հասնել իրենց ցանկալի դրույթների հաստատմանը: Ակնհայտորեն լավագույն ճանապարհը զեկույց չունենալն է, իսկ դրա անհնարինության պարագայում՝ այդ զեկույցին միակողմանիության և ոչ լեգիտիմության կարգավիճակ տալը: Հակառակ դեպքում մենք մեր մասնակցությամբ կսրբագրենք և կլեգիտիմացնենք արդեն իսկ կանխորոշված հակահայկական զեկույց:
-Հնարավոր չէ՞ հակասությունների վրա խաղալ:
-Իսկ ինչո՞վ ենք զբաղված: Բացատրական աշխատանքով, տեղեկատվության ապահովումով, շահերը ուսումնասիրելով: Կաշառվածության մասին շատ խոսվեց, չեմ ուզում այդ հանգամանքը անկյունաքարային դարձնել, որովհետև մնացած գործոնները շատ էական են: Այս որոշման ընդունումը հնարավոր դարձավ լոբբիստների տոտալ մոբիլիզացման ու նույն ուղղվածությամբ շահերի համընկման պարագայում:
-ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանը մասնակցելո՞ւ է:
-Իհարկե: Զեկույցը բոյկոտելու մեր հայտարարությունը մենք փաստարկել և ընդգծել ենք, որ խնդիրը արդեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին չի վերաբերում, ոչ էլ Եվրոպա-Հայաստան: Սա Եվրոպայի ու Եվրոպայի խորհրդի հայեցակարգային զարգացումների խնդիր է: Կարող եք մտածել, թե Հայաստանը իր խնդիրներով Եվրոպայի համար դարակազմիկ հարցադրումներ է անում: Բայց խնդիրը փոքրի ու մեծի մեջ չէ: Մենք հայտնվել ենք համաեվրոպական շահերի բախման կիզակետում: Այո, ինչքան էլ կաշառվածության աղտը տարածված է, կան մարդիկ, ում համար անընդունելի է Ադրբեջանի նման պահվածքը, որը վարկաբեկում է ողջ Եվրոպայի խորհուրդը, ովքեր շահագրգիռ են նրա հեղինակության համար, և մեր ուղին նրանց հետ կոնսոլիդացված աշխատանքն է:
-Ի՞նչ հարաբերություններ են պատվիրակության ներսում, ընդդիմադիր պատգամավորները արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում միասնակա՞ն են, թե՞ ամեն մեկն իր ասեղն է թելում:
-Այսօրվա պատվիրակության կազմը իր տեսակարար կշռով հօգուտ ընդդիմության է՝ ութ անդամներից հինգը ընդդիմությունն են ներկայացնում: Իսկ մեր ոչիշխանական քառյակը կամ եռյակը իր ներսում էլ առանձնապես միասնական չէ և քաղաքական դիրքորոշումների մեծ տարբերություններ ունի: Նույն տարբերակն է, ինչը ոչիշխանությունը նախընտրում է բոլոր հարցերում՝ անձերը մեզ դուր չեն գալիս, դուք չպիտի լինեք, այլ մենք: Իսկ թե հայեցակարգային ինչ փոփոխություններ, քաղաքականության ինչ տարբերություններ կլինեն, այդ մասին չխոսենք: Տարբեր միջազգային հարթակներում, հատկապես ազգային-պետական խնդիրներում, մեր պատվիրակությունները, որպես կանոն, միասնական են հանդես գալիս: Կարճ ժամանակում, որ ես եմ ղեկավարում ԵԽԽՎ պատվիրակությունը, խնդիր եմ դրել, որ պատվիրակությունը հնարավորինս միասնական լինի, որ ներսում տարակարծություններ չունենանք, իսկ դրա լավագույն ճանապարհը բոլոր խնդիրների համատեղ քննարկումն է: Պատվիրակությունը վարչական մարմին չէ, որ կառավարվի ուղղահայաց ենթակայության կանոններով, հրամաններով, կարգադրություններով, որոնց կատարումը պարտադիր է բոլորի համար: Տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող պատգամավորներն ունեն իրենց կուսակցական տեսակետները, խնդիրներն ու քայլերը: Մինչ օրս միասնական ենք աշխատել, տարակարծությունները հիմնականում դետալներին են վերաբերել: Քննարկումների ընթացքում եղել են նաև տարբեր մոտեցումներ, որոնք պայմանավորված են փորձի պակասով: Իհարկե, ունենք առավել համախմբված աշխատանքի և պատվիրակության անդամների աշխատանքների արդյունավետության խնդիր, որը խիստ էական է հատկապես այս շրջանում: Առանց այն էլ մենք փոքրաթիվ պատվիրակություն ենք, յուրաքանչյուրի մասնակցությունը և ներդրումը կարևոր են:
-Նախկինում ԵԽԽՎ-ին աշխատանքի բերումով առնչված լինելով՝ կարող եմ վկայել, որ պատվիրակության անդամները, որպես կանոն, Ստրասբուրգում մի վարքագիծ ունեն, Երևանում՝ այլ, ինչո՞ւ:
-Դա ժամանակի մեջ անփոփոխ սկզբունք է: Ընդդիմության ներկայացուցիչները, որ իշխանության հետ համատեղ քննարկում են բոլոր սցենարները և զարգացումները, համատեղ որոշում ընդունում ու կայացնում, վերադառնում են ու ասում՝ իշխանական թևն է մեղավոր ամեն ինչում, իսկ իրենք պարզապես շրջագայելու էին գնացել:
-Հայաստանի հասարակությունը համաեվրոպական խնդիրներին ու կառույցների աշխատակարգերին քիչ է ծանոթ, և այնտեղ կատարվածը այստեղ սխալ հասկանալու հիմքեր կան, ինչո՞ւ պատվիրակության աշխատանքը բավարար չի լուսաբանվում, որ թե ընդդիմադիր, թե իշխանական պատգամավորների պահվածքը տարընթերցումի տեղ չթողնի:
-ԵԽԽՎ լիագումար նիստերը հեռարձակվում են օնլայն, և Հայաստանում թե քաղաքական ուժերը, թե լրատվական-վերլուծական դաշտը հնարավորություն ունեն հետևելու: Դա սառցալեռան երևացող և շատերին մատչելի մասն է, չերևացող մասը՝ հանձնաժողովների, քաղաքական խմբերի հետ աշխատանքը, կուլիսային քննարկումները, շահերի ուսումնասիրությունը, տարբեր բանակցությունները երկրների, քաղաքական խմբերի, պատգամավորների հետ, պակաս կարևոր չեն: ԵԽԽՎ-ում հինգ քաղաքական ուժ կա, բայց ամեն քաղաքական ուժի կազմում բազմաթիվ երկրների բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ են՝ իրենց շահերի բախումով ու խնդիրներով: ԵԽԽՎ-ում տարբեր զեկույցներ են պատրաստվում, և մենք աշխատում ենք նրանց հետ, այդ աշխատանքը մեծ մասամբ երևացող չէ կամ չի ներկայացվում, կամ ներկայացվում է իբրև անձնական PR: Իրոք, կա նաև եվրոպական կառույցների աշխատակարգերի նկատելի անտեղյակություն լրատվական դաշտում:
-Դա լրատվամիջոցի՞ լուծելիք խնդիր է, թե՞ կա լիկբեզի անհրաժեշտություն: Օրինակ՝ որոշ լրատվամիջոցներ գրեցին, թե ԱԺ պատվիրակությանը դահլիճից դուրս են հրավիրել, ինչը աբսուրդ է, եթե տեղյակ ես աշխատակարգին:
-Դա լրատվամիջոցի մասնագիտական հավատարժանության հարց է՝ երբ որևէ խնդրի մասին գրում ես, գոնե պատկերացում պիտի ունենաս՝ ինչի մասին է խոսքը: Ստրասբուրգից վերադառնալուց հետո ստիպված եմ եղել հերքել աբսուրդի ու ֆանտաստիկայի ժանրին սահմանակցող հրապարակումներ, որոնք կամ անտեղյակության հետևանք են, կամ՝ պատվիրվածության: Մեր լրատվական դաշտում, երբեմն, Եվրախորհրդարանը Եվրախորհրդից չեն տարբերում, Բրյուսելը՝ Ստրասբուրգից, պատվիրակությունն ի՞նչ անի: Դա լուրջ խնդիր է, բայց բարձրացված աղմուկի միայն մի մասն է: Իրականում կան բազմաթիվ ստվերային շահեր, կծիկ, որտեղից ամեն մեկը իր թելն է քաշում: ՈՒզում եմ մտահոգությունս և կոչս հնչեցնել՝ անձնական, խմբակային և այլ շահերի այս հորձանուտում չմոռանանք, որ այն ամենը, ինչ Հայաստանում ասվում ու գրվում է այս գերկարևոր և գերզգայուն թեմայի շուրջ, կարդացվում և խոր ուսումնասիրվում է շատ տեղերում, խոշորացույցով է ուսումնասիրվում: Թեմաներ կան, որոնց հետ պետք է շատ զգույշ ու գրագետ աշխատել, չի կարելի անձնական, կուսակցական շահից, դիրքային պայքարից, սրան-նրան սիրել-չսիրելուց ելնելով՝ այս խնդիրներին այսքան բիրտ վերաբերվել:
-Ոչիշխանական քառյակը ապրիլից աշխարհացունց հանրահավաք էր խոստանում, հոկտեմբերին եռյակը հասավ Ազատության հրապարակ: Այն սպասելիքները, որ հանրահավաքի մասնակիցները՝ երկրորդ կազմով մարզերում հանդես գալով, ներշնչում էին, առաջին դեմքերը Ազատության հրապարակում արդարացրի՞ն Րաֆֆի Հովհաննիսյանի անավարտ ելույթով, Գագիկ Ծառուկյանի չելույթով և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախկին ելույթների սեղմագրով: Այս տարբերակը համարժե՞ք էր իրենց բարձրացրած հարցերին:
-Որ ոչիշխանությունը հայեցակարգ չունի և չունի տրամաբանական-գաղափարական հենք, որով մարդկանց կարող է ինչ-որ տեղ ուղղորդել, մենք դա ասել ենք վաղուց: Դա ակնհայտ է: Եթե դուք միմյանց կապված չեք գաղափարական խնդիրներով, եթե առանցքը այս ու այն պաշտոնները պահանջելն է, ընդդեմ և ոչ թե հանուն աշխատանքի, արդյունք չի լինելու: Հրապարակում ժողովրդի ներկայությունը, բացի նրանից, թե կազմակերպական ինչ աշխատանք էր կատարվել ծախսային հայտնի սկզբունքներով, առաջին դեմքերի ներկայությունն ու ելույթները խոստանալով, վկայում է, որ այնտեղ էր բողոքարկու ընտրախավը: Այն ընտրախավը, որ ոչ թե ոչիշխանության կողմ է, այլ իշխանության դեմ: Մենք գիտենք, որ այդ ընտրախավը կա, գիտենք, որ ավելի մեծաքանակ է, քան այնտեղ հավաքվել էին: Բայց մենք նաև գիտենք այդ ընտրախավի գոյությունը երկրում ինչ խնդիրների հետևանք է՝ որպես կանոն, սոցիալական, և այն նեգատիվի, որ կա մեր կյանքում՝ կոռուպցիա, անարդարություն: Եթե մենք այս ամենը գիտենք և հասկանում ենք, նաև որոշակի ծրագրեր ունենք, որ իրականացնում ենք այդ խավի խնդիրները լուծելու համար: Այսպես թե այնպես, այդ ժողովուրդը «իրենց» ժողովուրդը չէր, և մենք պիտի մեր աշխատանքով պակասեցնենք նրանց հանրահավաքների մասնակիցների թիվը: Իսկ ելույթների և չելույթների բովանդակությունը լավագույն ապացույցն էր, որ ծրագիր չկա իրականում, բայց նրանք արդեն ճանապարհային քարտեզ են կազմում: Դա դեմքը պահելու հանրահավաք էր, որ գարնանից խոստացել էին և տարին պետք է փակեին՝ ցույց տալով, որ իրենք կան: Այսօր ևս գնդակը իշխանությունների դաշտում է, և իշխանությունը պետք է գտնի ճիշտ բանալին իրավիճակը փոխելու համար: Եթե նկատեցիք՝ աշխարհաքաղաքական հարցերում ոչիշխանությունը իշխանության հետ տարաձայնություններ չունի, աթոռներին նստողների հարց է, որ իրենց մեջ էլ դեռ չեն պարզել:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ