«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարո՞ղ է արդարացի լինել օլիգարխիական պետությունը

Կարո՞ղ է արդարացի լինել օլիգարխիական պետությունը
14.10.2014 | 00:22

Հայոց լրատվամիջոցները պարզապես «քարուքանդ» արեցին Գագիկ Ծառուկյանի՝ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցը: Հետաքրքրական է, որ նա իր ռուսամետ դիրքորոշումները հրապարակել է վաղուց արդեն ոչ անկախ, ու ավելի շուտ հակապուտինական թերթում: Երևի մարդն անտեղյակ է եղել այս իրողությանը։ Սա՝ ի միջի այլոց:
Ծառուկյանը հետևողականորեն խոսում է Հայաստանը համակած խոր անարդարություններից, որոնցից այնքա՜ն հոգնել է բովանդակ հայ ժողովուրդը: Ստեղծված իրավիճակի մեջ նա մեղադրում է իշխանություններին և «սխալներ թույլ տվող» չինովնիկներին: (Խեղճ լրագրողուհին՝ Լենա Ռամանովան, ի՞նչ իմանար, որ Ծառուկյանն ինքը մաս է կազմել այն իշխանությանը, որին այդպես դատափետում է)։ Մարդը քննադատում է, և կատարյալ անորոշություն. ոչ մի անձնավորում: Մինչև ե՞րբ պիտի հայ ընդդիմության առաջնորդների մի զգալի մասը խուսափի կոնկրետ անուններ տալուց, հստակեցնելուց, թե ով է ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը: Հարցազրույցում ոչ մի անուն: Ստիպված եմ փաստելու, որ նման անորոշ հավաստիացումներն արժեզրկում են ժողովրդի ծանր վիճակի մասին արտահայտվող նույնիսկ ամենաանկեղծ ապրումները:
Ծառուկյանն իրեն համարում է ոչ ավանդական քաղաքագետ և, համենայն դեպս, այս հարցազրույցում չի դրսևորում որևէ նախագահական հավակնություն: Մնում է միայն ենթադրել, որ նա կփորձի դառնալ նոր հայկական Իվանիշվիլի և առաջ քաշել աչքի տակ ունեցած իր թեկնածուներից մեկնումեկին:
Ծառուկյանը բավականին հանգամանորեն կանգ է առել նաև սփյուռքի դերի վրա՝ որպես Հայաստանի զարգացման կարևորագույն գործոնի: Տեսականորեն այդպես է: Սակայն հառնում է բնավ էլ ոչ պաթետիկ մի հարց՝ կարո՞ղ է սփյուռքը չգիտի, թե ինչ է կատարվում հայրենիքում, և եթե հայաստանյայց ժողովուրդը չի վստահում իր ղեկավարությանը, ապա ո՞վ ասաց, թե սփյուռքը, ու հատկապես նրա գործարար խավը, տոգորված է հավատով: Սփյուռքը իրական հզոր խթան կծառայի միայն այն դեպքում, եթե Հայաստանում վերացվեն Ծառուկյանի հիշատակած անարդարությունները: Վստահաբար կարելի է ասել, որ ռուսահայությունը, որի ակտիվ մասը ներկայումս կազմում են արտագաղթած հայաստանցիները, առնվազն 50:50-ի սկզբունքի վերացման դեպքում լուրջ ներդրումներ կկատարի Հայաստանի տնտեսությունում:
Եվ վերջապես, ամենաանսովորն այն է, որ օտար մամուլում Հայաստանի աղետալի իրավիճակի մասին արտահայտվում է երկրի թիվ 1 օլիգարխը, անտեսելով այն իրողությունը, որ Հայաստանը երբեք արդար պետություն չի դառնա, քանի դեռ շարունակում է մնալ օլիգարխիական, երբ նույն ինքը՝ դժգոհող Ծառուկյանը, թագավորական պալատներ է կանգնեցնում երևանամերձ բլուրների վրա, երբ Լիսկայի նմանները «Թաջ Մահալ» են կառուցում Պլանի գլխի բարձրադիր վայրում որպես խորհրդանիշ իրենց հզորության ու անպատժելիության:
Իսկը տեղին է փոքր-ինչ տուրք տալը օլիգարխիական պետության վերաբերյալ պատմատեսական դրույթներին և այն հարցին, թե ինչ զարգացումներ են ստանում դրանք մեր օրերում:
Օլիգարխիական պետության պատմությունը նույնքան հին է, որքան Պլատոնը, որը հիշատակություն է թողել. «Իշխանության այլասերումը հանգեցնում է զգալի հարստությունների մասնավոր մարդկանց մոտ, ինչն էլ տանում է դեպի օլիգարխիա, որտեղ իշխանություն ունեն միայն հարուստները»:
Երևույթի ժամանակակից բնորոշումները, բնականաբար, շատ ավելի տարողունակ են: Քաղաքական այդ ռեժիմի օրոք իշխանությունը կենտրոնացվում է քաղաքացիների համեմատաբար փոքրաթիվ խմբի ձեռքին ու առաջին հերթին ապահովում է նրանց անձնական ու խմբային և ոչ թե բոլոր քաղաքացիների շահերը: Այսինքն, իշխանությունն ու կապիտալը կենտրոնացվում են մեկ ձեռքում: Օլիգարխիայի անդամները կարող են կամ իրենք լինել կառավարություն թե խորհրդարան, կամ էլ բիզնեսի ու այլ լծակների միջոցով որոշիչ ազդեցություն ունենալ դրանց ձևավորման ու որոշումների ընդունման վրա՝ հօգուտ իրենց անձնական ու խմբային շահերի: Հիմա մեզնից յուրաքանչյուրն իր համար թող փորձի վերլուծել ու հստակեցնել, թե ինչքանով է Հայաստանը համընկնում տրված բնորոշումներին:
ՈՒկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ինչ տեսք էլ ընդունի օլիգարխիական պետությունը, միևնույն է, մնում է հակաժողովրդական: ՈՒկրաինացի քաղաքագետներից մեկը հետմայդանական զուտ օլիգարխիական համակարգը համարեց «առաջընթաց» քայլ, քանզի Յանուկովիչի օլիգարխիական ռեժիմը պարզապես քրեական էր: ՈՒկրաինայի մեծահարուստները խիստ բացասական դեր խաղացին երկրի նորագույն պատմության մեջ, այն հասցնելով քաղաքացիական պատերազմի: Մայդանն ի սկզբանե ակնհայտ հակաօլիգարխիական ուղղվածություն ուներ: Նրա լիդերներից մեկը՝ մոլի նացիոնալիստ Օլեգ Տյագնիբոկը, իր ելույթներում անընդհատ այն միտքն էր տարփողում, թե ուկրաինական արդարացի պետության ստեղծման համար անհրաժեշտ է վերացնել հենց օլիգարխիական համակարգը: Սակայն պարադոքսալ կերպով այդ շարժումը ֆինանսավորում էին… օլիգարխները: Ամերիկացիների հետ մեկտեղ: Եվ ի՞նչ տվեց հեղափոխությունը. Յանուկովիչի անկումից հետո օլիգարխները ոչ թե չքվեցին, այլ իրենք եկան իշխանության գլուխ, իսկ «շոկոլադե» Պորոշենկոն հայտնվեց պետության ղեկի մոտ: Շատերը դարձան նահանգապետեր: Իսկը Լիսկայի նման: Ճիշտ է, վերջինս առանց հեղափոխության: Ասել է՝ հեղափոխությունն էլ կարող է ամուլ լինել իշխանությունն ու բիզնեսը տարանջատելու խնդրում: Նաև ցայտունորեն դրսևորվեց այն պարագան, որ օլիգարխիական համակարգը իր նեղ շահասիրությամբ ու ագահությամբ խոցելի է ու դրանով իսկ դառնում է գործիք արտաքին ազդեցությունների համար:
Կա՞ն տարբերություններ ՈՒկրաինայի, Ռուսաստանի և Հայաստանի օլիգարխիական համակարգերի միջև: Եթե մի կողմ դնենք մասշտաբները, ապա էական տարբերություններ չկան: Պարզապես առաջին երկուսում զորեղ է հրեական գործոնը: Մեր օլիգարխները զուտ «հայրենական արտադրության» են: Եվ հետո, եթե ուկրաինացի և ռուսաստանցի օլիգարխներին բնորոշ է բարձր կրթվածությունը, ապա մերոնց մի մասը թերուս է, հատկապես խորհրդարանի ֆոնի վրա:
Եթե, ինչպես ասվեց, ՈՒկրաինան դարձավ դասական օլիգարխիական պետություն, իսկ Ռուսաստանում Պուտինին, այնուամենայնիվ, հաջողվեց սանձահարել իր շփացածներին, ապա ի՞նչ վիճակ է տիրում մեր սիրելի Հայաստանում: Տպավորություն է ստեղծվում, որ չնայած մանր-մունր անհարթություններին, երկրի ղեկավարություն- օլգարխներ փոխհարաբերությունները շարունակում են մնալ ներդաշնակ, ներվերնախավային, փոխշահավետ, գործընկերային և նույնիսկ… խնամիական:
Օլիգարխներին, մեղմ ասած, չեն սիրում և ոչ մի երկրում: Սակայն Հայաստանում մարդկանց վերաբերմունքն արտահայտվում է եզակի ինքնատիպությամբ. օլիգարխներին շնորհվում են անկրկնելի արտառոց մականուններ: Եթե հանկարծ մի պայծառ օր «Ֆորբս» ամսագիրը հրապարակի հայաստանցի օլիգարխների ցուցակը, ապա դա կլինի աշխարհի ամենաէկզոտիկ հավաքածուն:
Օլիգարխիական համակարգը կարելի է վերացնել միայն հետևողական վերափոխումների միջոցով: Նկատվո՞ւմ է նման երևույթ Հայաստանում:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ