Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խոսում է Մոսկվան

Խոսում է Մոսկվան
14.10.2014 | 00:42

Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, սա այլևս փաստ է, հետագա քննարկումները այս ելակետից պետք է սկսել, բայց մի վերջին անդրադարձ նախօրյակին. ՌԴ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՈՒրալ-Պովոլժիեի շրջանների ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը eurasiancenter.ru կայքում ցավ ի սիրտ գրում է, որ Հայաստանը ենթարկվում է Արևմուտքի ճնշմանը՝ առավելագույնս օգտագործվում է Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ ընդհանուր սահմանի բացակայությունը ԵՏՄ-ի հետ, ներգրավվածությունը ԼՂ հակամարտության մեջ, տնտեսության բարդ վիճակը: Հիշեցնում է, որ «համանման պրեսինգ եղավ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի արևելյան սահմաններում ամռանը, որ նյութականացավ այդ տարածաշրջանի գծով մասնագիտացած արևմտյան փորձագետների խոսքի տոնայնության մեջ»: Հետո Արեշևը թվարկում է Արևմուտքի «դաստիարակչական միջոցառումները»` ԱՄՆ-ի դեսպանատան նախազգուշացումը Հայաստանին՝ ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման առումով, գրանտակեր ՀԿ-ների հակառուսական քայլերը, ու անցնում է մեղադրանքների: Վաշինգտոնի «Policy Forum Armenia» կենտրոնի զեկույցում նշվել է, որ Ռուսաստանի հետ սերտ կապերը Հայաստանի պետականությունը վտանգում են, այլընտրանք է առաջարկվում ակտիվացնել ռազմաքաղաքական կապերը ՆԱՏՕ-ի երկրների հետ, նաև՝ Վրաստանի: Սա՝ մեկ: Երկրորդ՝ Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ խորհրդակցություններում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև ռազմական համագործակցության ոլորտում, ստորագրվել է երկամյա ծրագիր՝ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների աշխատակիցների միջև: Ավելի վաղ ծրագրեր են ստորագրվել ԱՄՆ-ի ու Գերմանիայի հետ: Ծրագրերը չեն հրապարակվել: Վերջերս Հայաստան էր եկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության խորացման հարցեր՝ երեք: ԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Հորթոնը հայտարարել է, որ Հայաստանի տնտեսությանը «սպասում են ծանր ժամանակներ», որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական պատճառներով՝ ներառյալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, ուստի կառուցվածքային բարեփոխումները պետք է ավելի վճռական իրականացնել՝ չորս: Հինգերորդ փաստարկն էլ՝ հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում վճռվելու է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, Երևանում ծրագրվում են «մի շարք ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքներ, որոնք բազմամարդ են լինելու: Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, եվրասիական ինտեգրմանը դեմ հանդես չեն գալիս, բայց փողոցային սադրիչների նպատակամղված գործողությունների հավանականություն կա: Նրանք կարող են ղեկավարվել այն ուժերի կողմից, ովքեր խորհրդարանական ընդդիմության հետ ոչ մի կապ չունեն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հանրապետությունում կան մի շարք խոշոր ու մանր քաղաքական «շարասյուներ» ու հասարակական խմբեր՝ ուժի տարբեր կենտրոնների ենթակայության տակ, որոնք բարձր հայտարարեցին իրենց մասին վերջին ժամանակների բողոքի ակցիաներում»: Կհարցնեք՝ ինչի՞ մասին է խոսքը: Չգիտեմ: Երևի՝ մեր: Մեզ այդպես են ուզում ընկալել, այդպես է հարմար իրենց: Զարմանալին դա չէ: Զարմանալին արեշևների զարմանքն է, որ ինչ-որ անկախ պետություն հանդգնում է ուրիշ անկախ պետությունների հետ ծրագրեր ստորագրել, անկախ պետության մի նախարար մեկ այլ անկախ պետության նախարարի հետ է հանդիպում՝ ու այդ ամենը առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, ուրեմն՝ Ռուսաստանի դեմ: Կուռ տրամաբանություն է, չէ՞ որ տիեզերքի կենտրոնը Ռուսաստանն է, ու՝ որևէ պետություն սեփական շահ, խնդիր, նպատակ ունենալ չի կարող: «Մեզ հետ չես, մեր դեմ ես» բոլշևիկյան մտածողությունը շարունակվում է վերականգնվող ԽՍՀՄ-ում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Իսկ անդադրում Նուրսուլթան Նազարբաևը որոշել է 2015-ին ԱՊՀ-ի զարգացման նոր հայեցակարգ մշակել:

Դիտվել է՝ 1114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ