Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անհնար է օտարոտի մտայնությամբ և հոգեբանությամբ սահման պահել»

«Անհնար է օտարոտի մտայնությամբ և  հոգեբանությամբ սահման պահել»
14.10.2014 | 11:27

Գուցե մենք երբեմն չարաշահում ենք «պատմական» բնորոշումը այս կամ այն իրադարձության կապակցությամբ: Սակայն հազիվ թե չափազանցություն լինի, եթե դա մենք կիրառենք օրերս Տավուշի մարզի Բերդ քաղաքի նորակառույց եկեղեցու բացման առիթով: Դատեցեք ինքներդ. Բերդի վերջին՝ Սուրբ Գևորգ եկեղեցին բոլշևիկները հիմնահատակ քանդել էին անցյալ դարի 30-ական թվականներին, որին հաջորդած մի քանի սերունդ հասակ էր առել կատարյալ աստվածամերժության պայմաններում: Ոչ մի գործող եկեղեցի, ոչ մի քահանա։
Երբ մի քանի տարի առաջ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ նշանակվեց տեր Արամ քահանա Միրզոյանը՝ բնիկ շամշադինցի, տեղացիները նրան նայում էին որպես «էկզոտիկայի». արտառոց էր շամշադինցուն տեսնել հոգևորականի պատմուճանով: Առավել ևս, որ նորընծա հոգևոր հայրը զարմանալիորեն եռանդուն էր, նախաձեռնող ու նպատակասլաց իր առաքելության մեջ: Եվ նա դարձավ եկեղեցին կառուցող շինարարի, աշխղեկի, արհեստավորի ամենահուսալի օգնականը:
Բերդի Սուրբ Հովհաննես նորակառույց եկեղեցին օծվեց ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը, ցավոք, քաջալերիչ ոչ մի խոսք չասաց սահմանապահ ժողովրդին, որն այնքա՜ն զգում է դրա կարիքը:
Մենք զրուցում ենք տեր ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

-Տեր հայր, մոսկվաբնակ շամշադինցու հուզմունքով շնորհավորում եմ այս սքանչելի հոգևոր կառույցի բացումը: Անհավատալի է ասել՝ գործող եկեղեցի գրեթե մեկ դար հետո: Ինչպե՞ս ընդունեց այս իրադարձությունը անհավատությունից հոգնած բնակչությունը:
-Գիտեք, երեք տարի առաջ Մովսես գյուղում օծվեց նոր եկեղեցի, և իրադարձությանը մասնակցած շատ բերդցիներ հուսադրվեցին, որ շուտով իրենց քաղաքում էլ տեղի կունենա նման շքեղ արարողություն: Մովսեսի եկեղեցին հույսի և լույսի շող արթնացրեց: Բացի այդ, այդ օրերին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիայի պատճառով սպանվեցին երեք ջահել տեղացիներ: Թվում էր` երկինքը մթնեց բոլորիս համար: Բայց մենք ուժ գտանք մեր մեջ և 2012-ի մայիսի 20-ին տեղի ունեցավ Բերդի եկեղեցու հիմնարկեքը: Շինարարությունը, հիրավի, համաժողովրդական ընդունելություն գտավ: Արտաքնապես էլ եկեղեցին շուք հաղորդեց քաղաքի համայնապատկերին: Խանդավառությունը կատարյալ է: Իհարկե, մեկ օրում կորցրածը հետ չես բերի՝ բոլորին դարձնելով հավատացյալ: Եվ եթե հավատազրկման է ենթարկվել մի քանի սերունդ, ապա մենք պիտի խնդիր դնենք վերադարձն իրականացնելու առնվազն մեկ սերնդի համար: Ժամանակ չունենք: Մարդիկ առայժմ առաջին քայլերն են անում դեպի եկեղեցի, մոմ են վառում, նստում նստարանին ու խորհում, գուցե Աստծո ու կյանքի մասին: Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ այստեղ տեսնում եմ ամբողջ ընտանիքներ՝ պապիկ-տատիկներով ու պստիկներով: Եկեղեցին դառնում է մեր հավաքական հավատի խորհրդանիշը: Բնականաբար, կրոնական տոներից բացի, նոր խորհուրդ են ստանում հարսանիքները, կնունքները, ծնունդները և հիշարժան շատ այլ իրադարձություններ: Եկեղեցին բոլորիս երջանկացրեց:
-Ամենադժվարինը թերևս կառույցի ֆինանսավորման հարցն էր: Ինչպես լուծվեց այն: Ինչպես անցավ շինարարությունը:
-Նախ մի փոքր նահանջ կատարենք: 2004 թվականին հովվապետական այցով մեր տարածաշրջան էր եկել Հայոց հայրապետը: Ըստ պատմական աղբյուրների, վերջին կաթողիկոսը, որ մինչ այդ ոտք է դրել մեր երկրամաս, եղել է Կոնստանտին Բարձրաբերդցին՝ 1245 թվականին:
-Տխուր փաստ է:
-Ինչ արած: Ահա և Հայոց հայրապետը, այցելելով մեր գյուղերը, զգում է այստեղ եկեղեցիներ կառուցելու հույժ անհրաժեշտությունը: Երկու տարի հետո կաթողիկոսի հետ հանդիպում է ունենում ամերիկահայ գործարար Ջոն Սթեֆենսը՝ Հովհաննես Ստեփանյանը, Ֆրեզնո քաղաքից: Նրա ծնողները մինչև ցեղասպանությունը ԱՄՆ էին գաղթել Արևմտյան Հայաստանի Խարբերդ և Օրդու քաղաքներից: Արդեն ծերունազարդ այրը ցանկություն է հայտնում Հայաստանում ֆինանսավորելու երկու եկեղեցիների կառուցումը: Կաթողիկոսը նրան հրավիրեց Բերդ: Սթեֆենսը ծանոթացավ ու սիրեց մեր սահմանապահ լեռնաշխարհը, նրա մարդկանց և ինքն էլ ընտրեց ապագա եկեղեցու տեղը՝ հենց քաղաքի կենտրոնում, ինչին էլ հավանություն տվեց կաթողիկոսը: Ամերիկացի մեր հայրենակիցը հատկացրեց պահանջվող գումարի առյուծի բաժինը, սակայն շուտով վախճանվեց ու այդպես էլ չտեսավ իր ազնիվ բարեգործության արդյունքը: Այս հիանալի առիթն օգտագործելով՝ իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում նաև Հայաստանի, Ռուսաստանի, Հոլանդիայի, Ամերիկայի այն բոլոր նվիրատուներին, որոնց ազնիվ նյութական աջակցությամբ կարողացանք ավարտին հասցնել եկեղեցու շինարարությունը:
Ի դեպ, եկեղեցու կառուցման մեջ իմ ամենամեծ «ծառայությունը» համարում եմ այն, որ գլխավոր շինարարի հարցում ընտրությունս կանգ առավ փորձառու մասնագետ, այգեձորցի մեր հայրենակից Արամայիս Որսկանյանի վրա: Նա ոչ միայն երկու տարում շունչ հաղորդեց ճարտարապետական նախագծին, այլև իր վրա վերցրեց բազմաթիվ չնախատեսված ծախսեր և բարեկարգման ողջ աշխատանքը:
-Իրոք, տեր հայր, անթերի է կատարված շինարարությունը ու հիանալու աստիճանի բարեկարգ է եկեղեցու շրջակայքը:
-Պարոն Որսկանյանը ծայրահեղ բծախնդիր է աշխատանքում, և շինարարները քաջ գիտեին դա ու ձգտում էին չնեղացնել սուրբ գործ կատարող իրենց ղեկավարին:
-Տեր հայր, մենք առիթներ ենք ունեցել խոսելու տարածաշրջանում ու մասնավորապես Բերդ քաղաքում տարածված աղանդավորության շուրջ: Մոսկվայում, օրինակ, արդեն չես զարմանում, երբ պարբերաբար դուռդ ծեծում ու անսեթևեթ քեզ են հրամցնում զանազան կրոնական գրքույկներ: Մեծ քաղաք, մեծ հնարավորություններ: Բայց ինչպես են սրանք մուտք գործում մայրուղիներից կտրված մեր ներփակ երկրամասը։ Եթե շարքային աղանդավորին ասես, որ նա զոհ է գլոբալ դավերի, երբ ազգերին մասնատում են նաև կրոնական հենքի վրա, նա քեզ կնայի զոմբիացվածի չռված աչքերով՝ ի՜նչ է խոսում այս մարդը: Գուցե աղանդավորական ներխուժմանը նպաստել է նաև եկեղեցու բացակայությունը քաղաքում:
- Անշուշտ, ընդ որում, աղանդն անհամեմատ վտանգավոր է սահմանի վրա: Ի՜նչ է նշանակում բանակում չծառայելու քարոզը: Սա բացարձակ հայրենադավություն է, այլասերվածություն և որևէ կապ չունի Սուրբ գրոց վարդապետության հետ: Անհնար է օտարոտի մտայնությամբ և հոգեբանությամբ սահման պահել կամ երկիր շենացնել. ավանդական ընտանիքների արմատների խարխլում, բնակչության աճը կանգնեցնող միասեռականության տարածում, մանկապղծության խրախուսում։ Մարդու ուղեղում չեն տեղավորվում այս աղտեղությունները:
Զոմբիացված է, ինչպես Դուք եք ասում, շարքային մարդը, բայց բնավ էլ այդպիսին չեն նրանց «առաջնորդները»: Սրանք ավելի շուտ պրոֆեսիոնալ քաղաքագետներ են և ոչ թե կրոնական գործիչներ: ՈՒ այդ «ընտրախավը» շռայլորեն ֆինանսավորվում է դրսից, և դրա ներկայացուցիչները բնավ էլ չեն խուսափում աշխարհիկ վայելքներից: Եկեղեցու բացակայությունը մեր քաղաքում արել է իր չար գործը: Մարդիկ ոչ իրենց մեղքով լավ չեն ճանաչում հայ եկեղեցին, մեր հոգևոր կյանքը, արժեքները, ավանդույթները, սովորությունները և այլն: Ավանդաբար մեր եկեղեցին, հոգևոր կյանքի հավաքատեղի լինելու հետ մեկտեղ, եղել է կրթության, լուսավորության, սրբության գիտակցման, հայրենասիրության դաստիարակման աղբյուր: Եվ նոր եկեղեցիով մենք պարտավոր ենք վերականգնել այդ բոլոր առաքելությունները, ինչն էլ ուղղված կլինի աղանդների դեմ:
Մեր այս փոքր հայրենիքում՝ թշնամու քթի տակ, մեկ աղանդավորն էլ շատ է: Կրկնում եմ, խնդիրը շարքային մարդու մեջ չէ, այլ նրա վայ-ղեկավարների, որոնք, ի դեպ, ճարպկորեն օգտագործում են նաև մեր լիբերալ, տվյալ դեպքում` բացասական իմաստով, օրենքները: Մեր հակազդեցության սայրը նրանց դեմ կուղղվի:
-Իսկ հիմա, տեր հայր, եկեք խոսենք Հայաստանն ու հատկապես մեր տարածաշրջանը հյուծող երևույթի՝ արտագաղթի մասին: Ժամանակ առ ժամանակ Մոսկվայում հարկ է լինում դիմավորել Բերդից կանոնավոր կերպով եկող միկրոավտոբուսները: Գալիս են լի մարդկանցով, վերադառնում են… ուղեբեռներով՝ որպես օգնություն հարազատներին: Ավելին ասեմ՝ արտագաղթի նոր այլանդակ հետևանքներից մեկի մասին: Տարածաշրջանի մեր ժողովրդին երբեք բնորոշ չի եղել քրեական կյանքը. մենք ոչ օրենքով գողեր ենք ունեցել, ոչ էլ քրեական հեղինակություններ ու նմանատիպ այլ աղտեղություններ: Բայց ահա ինչ է նկատվում վերջերս ռուսաց մայրաքաղաքում: Չկարողանալով ինքնահաստատվել հսկա մեգապոլիսում, մեր հայրենակիցների մի մասը հենց քրեականանում է: Բանը հասել է այնտեղ, որ ծնվել են նույնիսկ էթնիկական (շամշադինյան) կազմակերպված հանցախմբեր, որոնք վաղ թե ուշ բռնվում են ու հայտնվում ոչ այնքան հարգի վայրերում: Նորերս գյուղապետերից մեկից իմացա, որ իր ղեկավարած սահմանային գյուղի բնակչության 70 տոկոսից ավելին… կենսաթոշակառու է: Այսինքն՝ գյուղը մեռնում է: Եվ նման անհեռանկար վիճակում են բոլոր սահմանամերձ գյուղերը: Սոսկալի փաստեր ու շառաչուն ապտակ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են կամ չեն զբաղվում արտագաղթի նվազեցման հարցերով: Եկեղեցին ի վիճակի՞ է ինչ-որ բան անելու երկրի համար այս ծայրահեղ հիվանդագին ու աղետաբեր խնդրում:
-Արտագաղթը չի կարող խոր մտահոգություն չպատճառել եկեղեցուն, քանզի եթե չկա ժողովուրդ, չկա նաև եկեղեցի, և չկա նաև երկիր: Բերդի եկեղեցին հոգևոր միջնաբերդ պիտի դառնա բոլոր առումներով: Նորից ասեմ, որ հավատը կզորացնի սահմանի մարդուն, կհուսադրի նրան, կկապի հողին, կվերածվի հոգևոր սպառազինության: Բայց քանի որ արտագաղթը գլխավորապես սոցիալ-տնտեսական, քաղաքական հիմքեր ունի, ես կգերադասեի խոսել մեր կողմից տարբեր հիմնադրամների, հատկապես Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով իրականացվող սոցիալական ծրագրերի մասին: Եկեղեցին իր վրա չի վերցնում պետական գործառույթներ, բայց փորձում է թեթևացնել նրա բեռը: Հոգևոր սննդի հետ մեկտեղ նա հանապազօրյա հաց է տալիս ժողովրդին:
-Ոչ միայն բանիվ:
-Հենց այդպես: Տեսեք, այսօր մեր քաղաքի անապահով ընտանիքների ավելի քան 100 անդամ անվճար սնունդ է ստանում բարեգործական ճաշարանում: Ֆինանսական օգնություն ենք ցույց տալիս ծնողազուրկ երեխաներին: Վճարում ենք զգալի թվով ուսանողների կրթավարձը: Հատուկ կուզենայի առանձնացնել մեր նպաստը ժողովրդագրական խնդրի լուծման ասպարեզում. մենք մեր խնամքի տակ ենք առել մոտ 300 բազմազավակ ընտանիքների: Ընդ որում, նախընտրում ենք անհատական մոտեցումը, երբ մի ընտանիքը կարող է կով խնդրել, մյուսը՝ ջերմոց, երրորդը՝ փոխել տան կաթող տանիքը և այլն: Այդ աշխատանքները կոորդինացնում է համապատասխան մասնագետների խումբը: Սոցիոլոգիական հետազոտություններ ենք անցկացնում մեր կողմնորոշիչները հստակեցնելու համար: Եկեղեցուն կից ունենք անվճար խմբակներ, որոնցում երեխաները զբաղվում են կրոնական գիտելիքների հարստացմամբ, երգ ու պարով, նկարչությամբ, ասեղնագործությամբ և այլն: Կարող են ընտրել նախասիրած արհեստներ: Կազմակերպում ենք ցուցահանդեսներ, որտեղ մեր սաները կարող են նաև վաճառել իրենց ստեղծագործությունները:
-Տեր հայր, Դուք լավատե՞ս եք կյանքում:
-Երիտասարդ եմ, եռանդ կա մեջս, երեք երեխաների հայր եմ, սիրում եմ մեր լեռնական ժողովրդին, շրջապատված եմ ազգասեր մարդկանցով: Եկեղեցի չունեինք, դա էլ ունեցանք: Դուք ասեք՝ կարո՞ղ եմ լավատես չլինել:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա -Բերդ

Դիտվել է՝ 2823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ