Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նրանք պատեհ-անպատեհ առիթներով հրատարակում են հակահայկական գրքեր և հեղեղում երկրի գրադարանները»

«Նրանք պատեհ-անպատեհ առիթներով հրատարակում են հակահայկական գրքեր և հեղեղում երկրի գրադարանները»
14.10.2014 | 11:32

Ընթերցողի սեղանին է սփյուռքահայ ճանաչված հայագետ, ճարտարապետության և ինժեներության դոկտոր, հասարակական գործիչ Արա Բերքյանի կենսագրությունը, հոդվածները, նամակները, մատենագիտությունն ամփոփող ժողովածուն:
Գիրքը հրատարակվել է Արա Բերքյանի ծննդյան 80-ամյակի առթիվ` Մակբեթ (Սեյրան) Մաթևոսյանի հովանավորությամբ: Առաջաբանը հեղինակել, նամականին, կենսամատենագիտությունը կազմել և ծանոթագրել է հայագետի կինը` գերմանահայ գրող ԼԻԶԱ ԲԵՐՔՅԱՆ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ում բնորոշմամբ` Արա Բերքյանը ճարտարագործ կամուրջ էր սփյուռքի և հայրենիքի միջև:

-«Արա Բերքյան» գրքի երևանյան շնորհանդեսին գրքի խմբագիր Դավիթ Մկր-Սարգսյանը նշեց, որ զարմանալ կարելի է, թե երբ և ինչպես է հասցրել Արա Բերքյանը իր ոչ երկարատև կյանքի և աշխատանքային գործունեության ընթացքում ի կատար ածել այն ամենը, ինչը մենք այսօր կոչում ենք անձնական արխիվ կամ ստեղծագործական ժառանգություն: Տիկին Բերքյան, այդ ժառանգությունն ինչպե՞ս է հասնելու կամ ճանաչելի դառնալու հայ հանրությանը:
-Աստված բազում շնորհներով էր օժտել լուսահոգի ամուսնուս` ճարտարապետ, գրող, նկարիչ, պատմաբան, հռետոր, որոնք նա ի սպաս դրեց օտար ափերում հայոց պատմությունը, ճարտարապետությունը Գերմանիայում, աշխարհում ճանաչելի դարձնելու, հայ-գերմանական հարաբերությունները վերստին նորոգելու, հայրենակիցներին հայ լեզվին և հավատին մերձեցնելու, Հայ դատի ձայնը լսելի դարձնելու գործին։ Դոկտոր, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայերը դիպուկ է բնորոշել. «Արա Բերքյանը հայկական տեղեկատու բյուրո էր Գերմանիայում: Հայությանը վերաբերող բոլոր հարցերը անցնում էին նրա սրտի միջով: Թեև Հայաստանից հեռու էր ծնվել, բայց Հայաստանի սերը բուռն էր արմատավորված նրա մեջ: Այս ամենի վկայությունը ունենք նրա արխիվում»:
Հարցնում եք` ինչպե՞ս է հասցրել, ես կասեի իր նվիրումի, իր ժամանակի, իր առողջության հաշվին և, որ կարևորն է, Հայաստանի հանդեպ իր անշահախնդիր սիրով: Այդ ամենը արել է անվճար: Իր անձնվեր գործունեության համար նա կենդանության օրոք որևէ պարգևի կամ շքանշանի ու մեդալի չի արժանացել և մեդալների համար չի արել: Նրա ստացած միակ հուշամեդալը եղել է հետմահու:
Արա Բերքյանը հայրենիք է վերադառնում իր գրքերով և այս գրքով: Նա դեռ ճանաչելի կդառնա իր անձնական արխիվով: Բերքյանի անձնական և գիտական կապերի աշխարհագրությունն ընդարձակ է եղել` Հայաստան, եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներ, ԱՄՆ: Իր բարեկամներն ու մտերիմներն են եղել Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը, Խորեն Ա և Գարեգին Բ Կիլիկիայի կաթողիկոսները (վերջինս հետագայում` Ամենայն հայոց կաթողիկոս), հայ և օտար հանրաճանաչ քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ:
-Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը:
-2009-ին Արա Բերքյանի ծննդյան 75-ամյակը նշվեց Հայաստանի ազգային գրադարանում, արխիվային շատ նյութեր ցուցադրվեցին: Այդ օրն էլ միտք հղացա` կազմելու Բերքյանի կենսամատենագիտությունը և նամականի հրատարակելու: Սիրելի ընկեր Դավիթ Սարգսյանն էր ազգային գրադարանի տնօրենը, գաղափարս խրախուսեց, և գրադարանի մատենագիտության բաժնի աշխատակիցներից օգտակար խորհուրդներ ստացա: Ավելի ուշ որոշեցինք միացնել մատենագիտությունն ու նամակները: Հետո ինքս որոշեցի գրքում զետեղել նաև Բերքյանի և նրա մասին հոդվածները: Ահա այս ձևով ծնվեց գրքի գաղափարը, այսօր` գիրքը:
-Գիրքը ավելի շատ մասնագետների՞ համար է, թե՞ ընթերցողների լայն շրջանակի:
-Այս գիրքը և՛ մասնագետների, և՛ ընթերցողների լայն շրջանակի համար է: Գրքում հրապարակված նամակների հիման վրա ընթերցողը կամ ուսումնասիրողը կարող է պատկերացում կազմել ոչ միայն Բերքյան մարդու, քաղաքացու, գիտնականի, այլև նրա միջավայրի, հայ մշակույթի և հասարակական կյանքի մի շարք նշանավոր դեմքերի մասին:
-Ի՞նչն էր Ձեզ համար ամենադժվարը գիրքը կազմելիս:
-Գիրքը ոչ միայն կազմել եմ, այլև առաջաբանը, հոդվածները, ծանոթագրությունները գրել: Անշուշտ, գործը փոքր-ինչ դժվարացավ լեզուների առումով. տեքստերը թե՛ արևելահայերեն են, թե՛ արևմտահայերեն, թե՛ գերմաներեն: Դժվարություն էր կենսամատենագիտության հոդվածների հավաքագրումը, որովհետև բոլոր հոդվածները չէին, որ պահպանվել էին արխիվում: Սկզբում ինձ թվում էր, թե մեկ-երկու հարյուր հոդված կլինի, բայց հետագայում պարզվեց` 657, և մտածում եմ, թե այդ բոլորը դեռ ամբողջական չէ: Արա Բերքյանի մասին հոդվածների հարցում ինձ օգնեց Ժենյա Մինասյանը (լուսահոգի Գրիգոր Մինասյանի կինը, շնորհակալությունս նրան), նրանց հետ բարեկամական հարաբերություն է ունեցել ամուսինս: Իսկ որոշ հոդվածներ ինձ հաջողվեց գտնել գերմանական ազգային գրադարանի (Մայնի Ֆրանկֆուրտում) պարբերականների միկրոֆիլմերից: Ինձ համար դժվար էր նաև նամակների ընտրությունը: Արխիվում կան հազարավոր նյութեր: Բերքյանը տիրապետում էր բազմաթիվ լեզուների, ցավոք, անգլերեն և ֆրանսերեն նամակներից որևէ բան չեմ ընտրել, իսկ գերմաներեն նամակներից ու հոդվածներից ընդամենը մի քանիսն եմ թարգմանել:
-Ակնհայտ է, որ «Արա Բերքյանը» սկիզբն է, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:
-Ծրագրերը շատ են: Երբ 1994-ին մահը Արա Բերքյանի ձեռքից վերցրեց գրիչը, նրա սեղանին մնաց գերմաներեն մի հսկայածավալ գործ` «Հայաստանի բերդեր և ամրացված վանքեր» վերնագրով: Դա իր դոկտորական մենագրության ընդարձակ տարբերակն է` դոկտորականի 38 բերդերի և վանքերի փոխարեն նորն ընդգրկում է 64 բերդեր և վանքեր, այսինքն, բազում տարիների տքնաջան աշխատանք է թափել այդ գործի վրա: Այն պետք է համալրվեր գծագրերով, լուսանկարներով, ինչը նա չհասցրեց անել։ 2005-ից ի վեր ձեռագրի մեկ օրինակ գտնվում է գերմանացի դոկտոր-պրոֆեսոր Հ. Հոֆրիշտերի մոտ, նա հայկական ճարտարապետությանը տեղյակ գիտնական է, միասին ելք ենք որոնում այդ գիրքը հրատարակելու:
Մինչ այս գրքին ձեռնամուխ լինելը, ինքս սկսել էի Արա Բերքյանի «Հռենոսի և Արաքսի միջև» գիրքը հայերեն թարգմանել: Այդ գրքից հատվածներ են թարգմանել դեռևս անցած դարի 90-ականների սկզբին Աշոտ Ալեքսանյանը և Աշոտ Հայրունին, բայց ամբողջական թարգմանություն դեռ չկա: ՈՒրեմն, ավարտին պիտի հասցնեմ այդ թարգմանությունը: Գաղտնիք բացած չեմ լինի, եթե նշեմ, որ իմ կենսագրականը` մի քիչ հում վիճակում, ինձ է սպասում: Տարիներ առաջ, երբ կազմեցի մեր տոհմածառերը, որոշեցի դրանց կցել կենսագրական էջեր, և ազգականներս դրան են սպասում:
-Գերմանիայում անցած դարի կեսերին Հայկական հարցի վերհանման և հայկական կյանքի աշխուժացման գործում մեծ ավանդ է ունեցել Արա Բերքյանը: Ինչպիսի՞ն է պատկերն այսօր` Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:
-Իրոք, անցած դարի 60-70-ականներին քիչ էին հայկական միությունները, չէր գործում նաև գերմանահայկական ընկերությունը, որը 1972-ին, Բերքյանի համառ ջանքերի շնորհիվ, վերաբացվեց: Այսօր Գերմանիայում գործում են տասնյակ հայկական մշակութային ու եկեղեցական միություններ, իսկ թե որքա՞ն արդյունավետ է նրանց գործունեությունը, սա այլ թեմա է: Կա հայկական դեսպանատուն, կան համացանցի ընձեռած մեծ հնարավորությունները: Մինչդեռ այդ միությունները զորավոր թուրքի հնարավորությունները չունեն: Նրանք պատեհ-անպատեհ առիթներով հրատարակում են հակահայկական գրքեր և հեղեղում երկրի գրադարանները: Իսկ մեր միությունները ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր նման հնարավորություն չունեն:
-Հավանաբար ուշի ուշով հետևում եք հայաստանյան իրադարձություններին, ի՞նչն է Ձեզ մտահոգում, Հայաստանն ինչպիսի՞ն է հեռվից նայողի աչքերով:
-Ճակատագրով ինքս էլ տարագրվեցի և մեկով ավելացրի օտարության մեջ ապրողների թիվը, թեև դա չի եղել իմ երազը: Կարևոր է, սակայն, որ օտար ափերում չեմ մեկուսացել: Երբ ամուսինս ողջ էր, նրա հետ հայկական միության գործերին էի մասնակցում, հայ երեխաներին հայերեն էի ուսուցանում, ամուսնուս հետ հայերեն և գերմաներեն ամսաթերթ էինք հրատարակում: Նրա մահից հետո Հայաստանի մասին բազմիցս բանախոսություններով հանդես եմ եկել գերմանական տարբեր համայնքներում, Վիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցում, ավետարանական եկեղեցիների համայնքներում և այլն, օգնություն եմ ուղարկել ծննդավայրիս կարիքավոր ընտանիքներին: Այսօր ինձ ամենից շատ մտահոգում է արտագաղթը, հայաթափությունը: Չէ՞ որ Հայաստանի մեծ հարստությունը հայ մարդն է: Երբ այցելում եմ ծննդավայրս, ինձ վրա լքված գյուղի տպավորություն է թողնում: Գյուղում մնացել են կանայք ու երեխաներ և քիչ թվով տղամարդիկ: Այս տարի բախտ ունեցա սեպտեմբերի 1-ին եղբորս թոռնուհուն` իմ անվանակից Լիզային, ուղեկցել դպրոց: Ցավով նկատեցի, որ հինգ երեխա էր առաջին դասարանում, իսկ դպրոցում` 57: Մինչդեռ անցած դարի 70-ականներին 150-ից ավելի աշակերտ ուներ դպրոցը: Չէ՞ որ դարեր շարունակ մեր ինքնությունն ու հայությունը պահել են գիրն ու դպրությունը: Իսկ ի՞նչ անեն լեռնային գյուղում մնացած մի բուռ մարդիկ, արդեն գործատեղ էլ չկա: Իսկ եթե դպրո՞ցն էլ փակվի: Սա՞ էր մեր երազած անկախ Հայաստանը։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ