Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Նույնիսկ Սովետում ավելի հումանիստական մոտեցումներ կային, քան մեր երկրում»

«Նույնիսկ Սովետում ավելի հումանիստական մոտեցումներ կային, քան մեր երկրում»
15.10.2014 | 14:48

Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատական այսօրվա նիստը սկսվեց ամբաստանյալներից Ալեք Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի ճառով: Փաստաբանը մանրամասն ելույթ ունեցավ, ներկայացրեց, որ նախաքննությունն ընթացել է թերի, ոչ օբյեկտիվ, ամբաստանյալների ցուցմունքները համարվել են անարժանահավատ, միայն ոստիկանների ցուցմունքներն են հիմք ընդունվել: Հետո նա մանրամասն անդրադարձավ իր պաշտպանյալի՝ Ալեք Պողոսյանի կենսագրությանը, ասաց, որ նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ունի հինգ անչափահաս երեխա և թոշակառու ծնողներ, անբասիր կենսագրության տեր է: Փաստաբանն ասաց, որ Ալեք Պողոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հանցակազմը, պահանջեց նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ և ազատ արձակել դատարանի դահլիճից:

Ամբաստանյալներից Մկրտիչ Հովհաննիսյանը, որը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ընդունել էր մեղքը, ասաց, որ միանում է իր պաշտպանի ճառին և տեղեկացրեց, որ ՔԿՀ-ում գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Մի թեթև վիճաբանություն տեղի ունեցավ փաստաբան Ինեսա Պետրոսյանի և դատավոր Մնացական Մարտիրոսյանի միջև, քանի որ փաստաբանն ուզում էր միջնորդություն ներկայացնել, դատավորը հրաժարվում էր: Դատավորը փաստաբանի նկատմամբ կիրառեց սանկցիա:
Այնուհետև ելույթ ունեցավ Շանթ Հարությունյանը: Նա շնորհակալություն հայտնեց իր փաստաբաններին, ապա ասաց, որ հիասթափված է փաստաբանական ինստիտուտից, որը սովետական ժառանգություն է: Շանթ Հարությունյանն ասաց, որ եթե փաստաբանը խոսում է մեղմացուցիչ հանգամանքներից, ապա նշանակում է, որ նա ենթագիտակցորեն ընդունում է իր մեղքը: Շանթին զայրացրել էր նաև այն հայտարարությունը, որ մարդու համար արդարացման դատավճիռ են պահանջում՝ նշելով նրա հինգ երեխա ունենալու հանգամանքը:
«Եթե մարդն ունի հինգ երեխա, ուրեմն պետք է չդատվի՞»,- հարցրեց Շանթ Հարությունյանը:
Շանթ Հարությունյանը նշեց նաև, որ դատավարությունից ինքն ակնկալում է ժողովրդի ինքնագիտակցության փոփոխություն: Նա հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում գործում է անմեղության կանխավարկածը, իսկ Սովետում գործում էր մեղավորության կանխավարկածը: Շանթ Հարությունյանը հիշեցրեց սահմանադրական այն դրույթը, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Ըստ նրա՝ այդ դեպքում երեք միլիոնն էլ կարող է համարվել ժողովուրդ, հիսուն հազարն էլ, սփյուռքից եկած քաղաքացիներն էլ: Այդ իսկ պատճառով Շանթ Հարությունյանը կարծում է, որ պետք է ամրագրել՝ իշխանությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին: Նա հիշեցրեց, որ քրեական գործում իր զրահաբաճկոնը չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց:
Հիշելով մեկ տարի առաջ իր և իր ընկերների կազմակերպած երթի մանրամասները՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ նույնիսկ Սովետում ավելի հումանիստական մոտեցում էր գործում: Իսկ անկախ Հայաստանում, ըստ նրա, ոստիկանությունը զբաղված է սադրանքներ կազմակերպելով, քանի որ զավթել է իշխանությունը:
Ալեք Պողոսյանն էլ իր ճառում նշեց, որ եթե զինվորականները շարունակեն հանդուրժել տիրող բարքերը, մնալու են անպաշտպան այնպես, ինչպես գեներալ Բուդաղյանը մնաց անպաշտպան Սյունիքի մարզպետի դեմ:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը ազատազրկված է քաղաքական հայացքների համար: Նա դատարանում հայտարարեց նաև, որ իրեն քսան տարվա զինվորական ծառայության համար հատկացված բնակարանը հետ վերցնելու փորձեր են անում:
Նա պահանջեց նաև, որ Սերժ Սարգսյանը ներկայացնի համապատասխան փաստեր իրենց հանցագործ լինելու վերաբերյալ և ապացուցի իր հայտարարության ճշմարիտ լինելը:
Ասենք, որ ամբաստանյալների ելույթները ընդունվում էին բուռն ծափահարություններով:
Դատական նիստն ընդմիջվեց կես ժամով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ