Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Աշխարհի տարբեր քաղաքները վերածելով կտավի

Աշխարհի տարբեր քաղաքները վերածելով կտավի
16.10.2014 | 12:40

Հայաստանցի նկարչուհի ՄԵՐԻ ՄՈՒՆԸ (Մերի Ամիրխանյան) Ստամբուլում կայացած «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ- 2014» միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրն է: Մրցանակաբաշխությանը ընտրության կարգով մասնակցել է 56 արվեստագետ: Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «Art planet» պատկերասրահը , «RH+» արվեստի ամսագիրը և «Քրիստին Սալերի» հայկական հիմնադրամը (ԱՄՆ, Հյուսթոն): Մրցանակից զատ, «RH+» ամսագրի շապիկին տպագրելու են մրցանակակրի 2 գործերը, 2015-ից, մեկ տարի շարունակ, ամսագրի էջերում տպագրելու են հարցազրույցներ, նկարներ և այլն: Կազմակերպվելու է նաև անհատական ցուցահանդես Ստամբուլում: «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչը» իր հերթին ցուցասրահին է տրամադրելու մրցույթին հաղթած իր երկու աշխատանքները: Դրանք ցուցադրվելու են վաճառքի պայմանով: Միջազգային երիտասարդ նկարիչների մրցույթն առաջին անգամ է ընդլայնել սահմանները, մինչ այդ տեղական բնույթ է կրել: Հայաստանից մասնակցել է միայն Մերի Մունը` իր «Քաղաք» շարքի «Թբիլիսին» և «Վիեննան» նկարներով:

Աշխարհի տարբեր քաղաքները կտավի վերածող նկարչուհին սկսել է նաև ստամբուլյան նկարների շարք և նպատակ ունի ցուցահանդես կազմակերպելու Ստամբուլում: Նրա խոսքով` տարբեր երկրների արվեստագետների ներկայացրած աշխատանքները, ձեռագրերը տարբեր են, սակայն, ոչ թե ազգային, այլ ավելի շատ անհատի ինքնության հարցն են բարձրացնում: Անդրադառնալով մեր՝ «Թուրքիայում զերծ մնո՞ւմ է անախորժ դեպքերից ու խոսակցություններից» հարցին` պատասխանեց. «Եթե անախորժ համարենք այն թեմաները, որ վերաբերում են ցեղասպանության խնդրին (ինձ համար դա անախորժ չէ), այո, այդ թեմայով խոսակցություններ շատ են լինում, մանավանդ երբ իմանում են Հայաստանից ես: Եթե նույնիսկ խոսակցություններ չեն լինում, գոնե «դադար» լինում է…»: Հատկանշական է, որ Մերի Մունի անվան կողքին ամենուր պաստառներում նշված է եղել Հայաստան բառը:
Ասում են` մեր արվեստագետները զուր են ձգտում դրսում ճանաչման հասնել, որովհետև չենք կարող անել մի բան, որ չկա դրսում, և հաջողության հասնելը օտար ափերում այնքան էլ դյուրին չէ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան Մերին ասաց, որ արվեստը սահմաններ չունի. «Նայած ում` ինչ է հետաքրքրում: Ոմանց համար բավական է այն, ինչ կատարվում է իր երկրում: Կարող է իր բնակարանում նկարել ու դա իրեն բավարարի: Ինձ համար բավական չէ, ես պետք է սնվեմ, պետք է վարպետների գործեր տեսնեմ: Ստամբուլում ժամանակակից արվեստի հավաքածուներ կան, որ կարելի է տեսնել կոլեկցիոներների մոտ, «İstanbul Modern»-ում և այստեղ կա պատմություն, և ինձ հետաքրքիր է դա անձնապես տեսնել, ուսումնասիրել»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ