USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Նկատվում է փողոցային ակտիվություն»

«Նկատվում է փողոցային ակտիվություն»
16.10.2014 | 17:49

Այսօր «Իրատես de facto» ակումբի հյուրն էր քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։ Ե՛վ հյուրը, և՛ ասուլիսի թեման պատահական չէին ընտրվել։ Հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքը, որը խոստանում է լինել շարունակական, բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Մասնավորապես, մեզ հետաքրքրեց, թե ներքաղաքական կյանքում ինչ զարգացումների կարող են հանգեցնել դրանք և որքանով կարող են ազդել արտաքին քաղաքականության վրա։

-Առաջին հերթին չեմ կարծում, որ ներքին քաղաքականությունում որևէ կարևոր բան է տեղի ունենում,- «Իրատես de facto»-ի հարցին պատասխանեց պարոն Իսկանդարյանը։- Ամեն կարևոր բան ներքին քաղաքականությունում ավարտվել է գարնանը` ընտրական շրջափուլի ավարտով։ Ասելով ընտրական շրջափուլ` նկատի ունեմ խորհրդարանական, նախագահական, երևանյան և տեղական իշխանությունների ընտրությունները։ Այժմ նկատվում է փողոցային ակտիվություն, որը բնորոշ է յուրաքանչյուր տարվա աշնանը։ Եվ զարմանալու ոչինչ չկա, քանի որ այդ ակտիվությունն առաջին դեպքը չէ, այն ամեն տարի ամռանից հետո նկատելի է։ Այս տարվա աշնանային ակտիվությունը, իմ կարծիքով, աշխույժ չէ։ Ես եղել եմ եռյակի միտինգին, ի դեպ, ընդհանրապես մասնագիտական հետաքրքրությունից ելնելով, լինում եմ երևանյան բոլոր միտինգներին։ Եվ ինձ չի թվում, որ այս տիպի փողոցային ակտիվությունը, որը նկատվեց հոկտեմբերի 10-ին, լուրջ սպառնալիք կարող է լինել հանրապետության իշխող կուսակցությանը։ Ինչևէ, ոչիշխանական, ընդդիմադիր ուժերի համար այս տիպի ակցիաները կարող են ամրապնդել իրենց տեղը քաղաքականության մեջ։ Այս առաջին հանրահավաքին կհաջորդեն ևս մեկ-երկուսը, իսկ հետո կլինի այն, ինչ սովորաբար լինում է։
Շատ անգամ ասել եմ, և քանի որ ոչինչ չի փոխվել, ստիպված եմ կրկնել։ Հանրապետականները զբաղեցրել են բոլոր քաղաքական հարթակները, և այժմ նրանց համար պարտադիր չէ հետ նայել ու տեսնել, թե ինչ է ասում ընդդիմությունը։ Ներքին քաղաքականությունում իշխանությունը բավական ցցուն կերպով հասկացնում է, որ ինքն անելու է այն, ինչ անում է։ Ընդդիմությունը նույնպես ցցուն ձևով ցույց է տալիս, որ ոչինչ դրա դեմ անել չի կարող։ Սեպտեմբերի 10-ի միտինգում անգամ հնչած ելույթները ունիսոն չհնչեցին, ինչից պարզորոշ էր, որ նրանք չեն կարող կողմնորոշվել` ինչի շուրջ են միասին ելույթ ունենում, նմանապես չգիտեին` ինչի դեմ են ելույթ ունենում։ Քանի որ ամենալուրջ արտաքին քաղաքական խնդիրների մասին բացարձակապես ոչինչ չասվեց։ Պատասխանելով Ձեր հարցին, ասեմ, որ արտաքին քաղաքականությունը կզարգանա այնպես, ինչպես զարգանում է։
-Պարոն Իսկանդարյան, ամեն դեպքում Եվրասիական միություն մտնելուց հետո ինչպիսի՞ն եք տեսնում Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև վերջերս Հայաստանը պաշտոնական մակարդակով ասաց, որ ինչ-որ լուծում կգտնվի։
-Ես Նոստրադամուսը չեմ, որ հիսուն տարի առաջ կանխատեսումներ անեմ, սակայն իմ մասնագիտական իրավասությունների շրջանակում կարող եմ ասել, որ ոչ կարճաժամկետ և ոչ էլ միջնաժամկետ հեռանկարում Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում լուրջ առաջընթաց չի կարող լինել։ Իրավիճակը կմնա այնպիսին, ինչպիսին այժմ կա, որոշակի նրբերանգներ կարող են փոխվել սահմանների և Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներում։ Պետք է ասեմ, որ Ղարաբաղը և այն, ինչ կատարվում է նրա շուրջը, տարբեր բաներ են։ Ճիշտ է, դրանք փոխկապակցված են, սակայն ունեն տարբեր տրամաբանություններ, հետաքրքրություններ, դրանց վրա կա տարբեր ուժերի ազդեցություն և այլն։ Դրա համար ոչ էական գործընթացներ կարող են լինել, որոնք անընդհատ կարող են մարել և կրկին ակտիվանալ, սակայն Ղարաբաղի գործընթացի վրա որևէ էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Եվս մեկ անգամ շեշտեմ` սա իմ մասնագիտական իրավասությունների շրջանակում արված եզրահանգում է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao