USD478.23
EUR574.40
RUB8.26
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Գութան
«Իրատես» թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 22-ին:               
 

Թե ինչպես լեյտենանտը մարշալ չդարձավ, բայց մնաց գեներալ

Թե ինչպես լեյտենանտը մարշալ չդարձավ, բայց մնաց գեներալ
17.10.2014 | 00:20

Լիլի

ՄԱՐՏՈՅԱՆ

Ֆելիետոնի ժանրով գրված այս հրապարակման հիմքում խորհրդային «հերոսական» դեսանտայինների` 1991-ի մայիսի կեսերին իրականացրած «Պառավաքար» օպերացիայի զավեշտի հասնող մանրամասներն են: Գեներալ-լեյտենանտ Անդրեևը իրական դեմք է, Պառավաքարի երկնքում պտտվող ռուսական ինքնաթիռները, գյուղ մտած տանկերն ու խփված չորս խոզը` փաստացի իրողություն:

Պարզվում է` երգն էլ է ստրատեգիական զենք։ Համենայն դեպս, «շիրակամասշտաբնի» լսողություն ունեցող գեներալների համար, որ ազգի մարտական ոգին Մորզեի բանալիով թարգմանում ու ստանում են պահանջված ծածկագիրը։
Արդեն մեկ ամիս է, մկրատաձև ուղղաթիռներ են չխկչխկացնում գլխներիս վրա ու, երևի, շատ են զարմանում, որ «քաչալացնելու» գործը ոչ մի կերպ գլուխ չի գալիս։ Բա «ստրատեգիական զե՞նքը», որ պիտի փրկեր։ Ո՞Ւր կորավ։ Հիմա ի՞նչ երեսով զեկուցեն պրեզիդենտին, որ Մորզեի այբուբենը մարտական ոգու հետ որևէ կապ չունի, որ հայի փրկությունը, պարզվում է, զենքը չէ, երգն է, ու իրենք այդ երգից բա՛ն չեն հասկանում։
Նա՞ ինչ երեսով աշխարհին խաբի, թե «ադրբեջանցին իր տանը քնած, հայ բայևիկը զարկեց ու գնաց»։
Չեն ասի՞` ինչո՞վ։
Այդ գիշեր գեներալ-լեյտենանտ Անդրեևի քունը չէր տանում։ Զանգահարել էին գենշտաբից և ոչ այն է` սպառնացել, ոչ այն է ոգևորել էին, որ եթե օպերացիան բացականչական նշանով ավարտվի, հաստատելով ղազախցի չոբանների «դանոսը», թե պառավաքարցի հովիվներն իսկի էլ հովիվներ չեն, այլ Հայոց ազգային բանակի «մինչև ատամները զինված» գրոհայիններ, իրեն, «պա վսեյ վերայատնստի», մարշալի ուսադիրներ կտան, եթե ոչ...
«Եթե ոչ` ի՞նչ»,- ձախ կողքից աջ կողքին էր շրջվում գեներալը, «իմեննոյ» ատրճանակը բարձի աջ անկյունից ձախ անկյուն տեղափոխելով։ Եվ պատասխանը չէր ուզում գտնել։
Ի վերջո քնեց և շատ գունավոր մի երազ տեսավ։ Իբր, ինքը բոլորովին էլ այս անիծյալ Պառավաքարի մատույցներում չէ, այլ իր պառավի հետ` մարշալական նոր առանձնատանը։ Եվ հագին ոսկեկար աստղիկներով խալաթ կա, ցուցամատին` շողշողուն քար` կայսերական «իմեննոյ» գանձատուփից։ Արևելյան հեշտապարար մուղամը հուզում է լացացնելու չափ, կիսամերկ մուղամբազ աղջիկները թուրքական թեյ են մատուցում` հասկացնելով, որ պառավի ժամը վաղուց անցել է...
Իրոք։ Ժամն էր սկսելու։
Գեներալն աչքերը բացեց ու շատ ափսոսեց, որ արևելյան հագուստներով աղջիկների փոխարեն փոխգնդապետի համազգեստով իր չորս ենթականերն են կազմ-պատրաստ կանգնած։
«Պառա, գեներալ»,- ասաց նրանցից ամենահամարձակն ու ատրճանակը մեկնեց գեներալին։ Սա շապիկ-փոխանով կանգնեց անկողնում, որոշեց, որ երազն իրականություն է դարձնելու և կրակեց օդ։
Այսինքն` «վպերյո՛դ»։
Պառավաքարն արթնացավ սովորական ժամին` աքլորականչի հետ։ Աստծո օրը բացվել, սպասում էր մարդուն։ Հող ունես` վարիր, անասուն ունես` արածեցրու, այգի ունես` մշակիր։ Արի, տիրություն արա։ Եվ պառավաքարցին, որ նոր-նոր էր ազատվել կոլխոզ-սովխոզի հոգեբանությունից ու, հողի սեփականաշնորհումից հետո, առաջին անգամ իր հողի վրա իրեն տեր զգացել, այդ օրը կասկածեց` չուզենալով. «Հըմի էս հողը իմն ա՞, թե՞ իմը չի։ Թե իմն ա, էս տանկերն իմ հողում ինչի՞ են տրակտորություն անում»։
Իսկ տանկերը Ղազախի կողմից մտել ու «վարո՜ւմ» էին թիզ-թիզ փայփայած հողը։ Պառավաքարցին իր օրում այդքան «ժամանակակից տեխնիկա» չէր տեսել, ոչ էլ մարտականորեն տրամադրված այդքան ուղղաթիռ, որ վառոդահոտ «պարարտանյութ» էին շաղ տալիս վերից։
Խորհուրդների երկրի ներքին զորքերի մշակները, որ ճորտի կարգավիճակում էին դեռ, որոշել էին օգնել հայ շինականին` ազատվելու զենքից և ձեռքը վերցնելու մուրճն ու մանգաղը։ Մարդասիրական առաքելություն։
«Մենք բոլշևիկ չենք,- ասել էր գյուղխորհրդի նախագահը, որին խորհտնտեսության դիրեկտորի ու գլխավոր ինժեների հետ տարել էին բանակցությունների։- Քաղաքականությամբ չենք զբաղվում»։
«Որ իմանամ ուզածներդ ինչ ա, որ ասեմ` կասեմ...»,- սկսել էր խորհտնտեսության դիրեկտորը, բայց փոխգնդապետի ֆշշացող հայացքը հասկացրել էր, որ կատակում է նա, ով խուզարկությունից հետո է կատակում։
«Չէ, պարոն պարուչիկ,- ավելացրել էր գլխավոր ինժեները,- մենք խաղաղ ժողովուրդ ենք, զենք չունենք։ Չորս հատ որսորդական հրացան կա, թե որ շատ ա պետք` կտանք»։
Ասում են, իբր, էս «պարոնի» վրա ընկեր գնդապետը էլ չի դիմացել, ձեռքն ատրճանակին է տարել, թե` ես ձեր ազնվացեղ սենցն ու նենցը, հիմար եք ձևանում, հա՞, հիմա, որ ընկեր գեներալին դալաժիտ արեցի, էն ժամանակ կտեսնենք` ով է պարոնը։
Ասելն ու անելը մեկ է եղել։
Ծտի թևով գեներալ Անդրեևի ձեռքն են հանձնել մի գաղտնագիր, որ, ամենայն հավանականությամբ, հետևյալ բովանդակությունն է ունեցել.
«Օպերացիան սկսեցինք աքլորականչի հետ, «յուրաքանչյուր պառավաքարցու` մի ավտոմատավոր» նշանաբանով։ Հետո կնշեք` «պայթեցված են հակառակորդի հակատանկային հրանոթները ¥արդեն ոչ ոք չի կարող վկայել, որ մի ժամանակ դրանք հակակարկտային են եղել¤։ Մեր 50 տանկերը, զրահամեքենաներն ու 10 մարտական ուղղաթիռները հրաշքներ են գործում։ Ինչպես հրամայված էր` խուճապ կա, զոհ չկա, ՄԱԿ-ի կողմից աղմուկ չի լինի, ապահով եղեք։ Ոչ առանց մեր օգնության խփվել է հինգ խոզ, ցավոք, բերաններս բան չի ընկել։ Առգրավված է որսորդական 4 հրացան, եթե ուրիշ բան չհայտնաբերեք, կգրեք` տանկ։
Օպերացիան շարունակվում է»։
Գեներալն այրեց գաղտնագիրը ու ընկավ մտքերի մեջ։ Չորս հրացանի ու հինգ խոզի համար մարշալի ուսադիրներ հաստատ չէին տա։ Հիշեց «եթե ոչ»-ն ու հասկացավ, որ ոսկեկար աստղիկներով խալաթը ձեռքից գնում է։ Շողշողուն ակով մատանին` նույնպես։ Ռուսական ժողովրդական մի հիշոց ուղարկեց իրեն բաժին հասած պառավաքարցիների կողմը, որ ո՛չ տանկ ունեին, ո՛չ ռազմական ուղղաթիռ, ո՛չ էլ խելքը գլխին ավտոմատ։ Էս պայմաններում դե արի ու մարշալավարի կռիվ արա։ Աֆղանստանը փառք չէ՞ր։ Ամեն թփի տակից մի դուշման էր նայում ու մի ավտոմատ։ Սրանք դուշմանի քթի տակ խաղողի այգի են տնկում ու մտքներով չի անցնում թփի տակ ավտոմատ պահել։ Պրեզիդենտի սխալն է, է՜, պրեզիդենտի։ Զինաթափելուց առաջ նախ զենք պիտի տաս, թողնես մի լավ իրար բզկտեն, հետո նոր գեներալներին ուղարկես զենքը բերելու։ Ցարը ո՞նց էր անում, բոժե ցարյա խրանի։ Հպատակներին հանում էր իրար դեմ, ինքը Ցարսկոյե սելոյում ռուսական սեմուշկայի պես ֆրանսերեն էր չրթում պալատական դամաների հետ։ Վերջում գեներալը «Ոսկե խաչ» էր ստանում, ու ցարը մաքուր էր դուրս գալիս խաղից։ Հիմա գրիչ վերցնողը պրեզիդենտ է նախշում. ո՛չ երկյուղ ունեն, ո՛չ ահ, ո՛չ պատկառանք։ Մանավանդ` էս հայերը։ Հետն էլ քաղաքակիրթ ազգ են կոչվում։ Մի հարցնող լինի` ձեր էդ կրթությունն ո՞ւմ է պետք, որ մի գեներալի չեք կարողանում մարշալի ուսադիրներ տալ։ Աֆղանցիները փառք չէի՞ն, լեյտենանտին գեներալ էին դարձնում` նոր ճամփու դնում։ Իրենք էլ` կիսագրագետ։ Չէ՜, թքելու եմ ամեն ինչի վրա, գնամ քրդերի մոտ։
Երևի գեներալը հանճարեղ գաղափարներ էլի կհղանար, եթե հեռախոսը մտքի թելը մի զանգով չկտրեր։
-Լսում եմ, ձերդ գերազանցություն... Կներեք, ընկեր մեծություն։ Ճիշտ այդպես, ցնդել եմ, այսինքն, չեմ ցնդել, ձերդ պայծառափայլություն, պարզապես քիչ առաջ ցարի հետ էի... Ճիշտ այդպես, հարություն է առել... Այսինքն, նրան էն օրը չենք գցել, որ հարություն առնի, մտքում էի խոսում։ Պառավաքա՞րը... Լավ է... Այսինքն, 5 խոզ և 4 հրացան, ոնց որ մի բան էլ կար, էն, է՛լի, որ տրաքացնում են, կարկուտ չի գալիս... Թե՞ գալիս է, ձերդ մեծություն... Այսինքն, ընկեր։ Ավելի ճիշտ, պարոն... Ճի՛շտ այդպես։ Լսո՛ւմ եմ։ Պոկե՛լ ուսադիրները։ Կա՛, թողնել ուսադիրները և օպերացիան հասցնել ցանկալի ավարտին։ Ծառայում եմ Խորհրդային Մեծությանը։
Ասում են, այս կայացած ու չկայացած երկխոսությունից հետո գեներալն այլևս գունավոր երազներ չի տեսնում։ Սակայն շարունակում է եզան տակ հորթ փնտրել, կամ որ նույնն է, թե թոնրատանը` տանկ։
Եվ մտքին դրել է անպայման գտնել, զի գեներալական ուսադիրներով թոշակի գնալն ավելի լավ է, քան առանց դրա։


«Հայաստանի Հանրապետութիւն», 1991 թ.

Դիտվել է՝ 54820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ