Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գրեթե համլետաբար` կառուցե՞լ, թե՞ չկառուցել

Գրեթե համլետաբար`  կառուցե՞լ, թե՞ չկառուցել
17.10.2014 | 00:24

Մինչ ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ծրագրված է Հայաստանում կառուցել 100 հազ. տ պղինձ պարունակող խտանյութերի վերամշակման մետալուրգիական գործարան (ՀՀ երկրապահների միության համագումարում, 15 փետրվարի, 2014 թ.), կար տեսակետ այն մասին, որ «բոլոր հաշվարկներն ու անալիզները ցույց են տվել, թե պղնձի խտանյութի վերամշակումը Հայաստանում գործնականում անհնար է, քանի որ Հայաստանում չկա պահանջվող քանակի խտանյութ»։ Համեմատության համար բերվել է Լեհաստանի օրինակը, որտեղ, իբր «պղնձամոլիբդենային կոմբինատը տարեկան արտադրում է 500 հազ. տ պղինձ, այն դեպքում, երբ Հայաստանում տարեկան արտադրվող պղնձի քանակը կազմում է 40-45 հազ. տ»։ Բերված վերջին նախադասության մեջ թույլ է տրվել երկու կոպիտ սխալ. առաջինն այն է, որ Լեհաստանը չունի պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայր, առավել ևս այնպիսին, որից հնարավոր լինի տարեկան «արտադրել 500 հազ. տ պղինձ» (այն էլ նշենք, որ աշխարհում այդպիսի խոշոր և հարուստ պղնձամոլիբդենային կազմավորման հանքավայր գոյություն չունի), երկրորդն էլ այն է, որ կրկնակի փոքրացված է Հայաստանում թողարկվող պղնձի խտանյութերի քանակը։

2015 թվականից Հայաստանում թողարկվելու են 319900 տ պղնձի 28 և 26 տոկոս պարունակությամբ խտանյութեր, որտեղ պղնձի քանակը կազմելու է 89250 տ, իսկ 2028 թվականից՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի արտադրական կարողությունը մեծացվելու է երեք անգամ և, այդ պարագայում, Հայաստանում թողարկվելու են 442760 տ պղնձի խտանյութեր 123650 տ պղինձ մետաղի պարունակությամբ (Թեղուտի հանքավայրի արտադրական կարողությունը եռապատկելու ժամանակահատվածում էլ կարող են դադարեցվել Կապանի, Շամլուղի և Ալավերդու պղնձի հանքավայրերի շահագործական աշխատանքները)։ Այնպես որ, ՀՀ նախագահի հայտարարած տվյալները համապատասխանում են իրականությանը, իսկ նախկինում գոյություն ունեցող տեսակետը շատ հնացած է և իրականությունից էլ շատ հեռու։
Շատ ցավալի է, որ նախկին տեսակետի հեղինակը կտրականապես դեմ է Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու գործին. «Նման ծավալների պայմանում պղնձի խտանյութի վերամշակումը դառնում է աննպատակ։ Հնարավոր է, որ այդ ծավալները՝ Թեղուտի հանքավայրի գործարկման հետ կապված, կաճեն, բայց, միևնույն է, անհրաժեշտ մասշտաբներին հասնել չի հաջողվի»։ Ինչ ասել է «անհրաժեշտ մասշտաբներին հասնելը...»։ Եթե տեսակետի հեղինակը նկատի է ունեցել տարեկան 500 հազ. տ պղինձ մետաղի թողարկումը, ապա նա դարձյալ սխալվում է։ Վատ չէր լինի հիշել Ալավերդու օրինակը. Ալավերդու պղնձաձուլարանի նախագծային արտադրական կարողությունը կազմում է 45 հազ. տ, որին, երբևիցե, չհաջողվեց հասնել, բայց, միևնույն է, Ալավերդու կոմբինատն աշխատում էր օգուտով, իսկ մեր հանրապետության օգուտն էլ լինում էր շատ ավելին՝ պղնձալարերով ապահովված էին Երևանի մալուխների գործարանը և էլի շատ ձեռնարկություններ, որոնք այժմ ավերված են պղնձալարեր չունենալու պատճառով, և մի քանի հազար բանվոր-ծառայողներ գործազուրկ են դարձել։
Տեղեկացնենք սխալ տեսակետի հեղինակին, որ այժմ (արդեն մոտ 20 տարի) Ալավերդի քաղաքում գործում է սև պղնձի ձուլարանը` տարեկան 8 հազ. տ արտադրական կարողությամբ, որը, սխալ տեսակետի հեղինակի ցանկությանը հակառակ, գործում է արդյունավետ։
Հիմա ի՞նչ. եթե մենք չենք կարող ապահովել տարեկան 500 հազ. տ պղնձի արտադրություն, չանե՞նք ոչինչ, չթողարկե՞նք այն 100 հազ. տ, որի մասին օրերս հայտարարեց մեր հարգարժան նախագահը։ Պե՛տք է անենք, պե՛տք է արտադրենք մաքուր պղինձ և դրա հետ էլ շատ այլ մետաղներ ու ոչմետաղական օգտակար տարրեր՝ պղնձի, կապարի, ցինկի, մոլիբդենի, ոսկու, արծաթի, երկաթի հետ հարակից տարածված շատ կարևոր ու շատ արժեքավոր այնպիսի տարրեր, ինչպիսիք են. ռենիումը, սելենը, տելուրը, կադմիումը, բիսմութը, գալիումը, գերմանիումը, թալիումը, բերիլիումը, ինդիումը, կոբալտը, քրոմը, նիկելը, տիտանը, սկանդիումը, վանադիումը, նիոբիումը, ցերիումը, լանթանը, իտրիումը, նեոդիմը և մյուս հողատարրերն ու մի շարք այլ հազվագյուտ տարրեր։
Նախկին տեսակետի հեղինակների (Գ. Արզումանյան, Գ. Կարապետյան) հոռետեսությանը չափ ու սահման չկա։ Այդ պարոնները ասել են. «Իսկ եթե նույնիսկ հանքաքարի պաշարները գերազանցեն սպասվող ցուցանիշները, կարող է առաջանալ երկրորդ, ոչ պակաս արդիական հարցը. ի՞նչ անել ծծմբական թթուն, որը թողարկվելու է հսկայական քանակներով պղնձի արտադրության հետ կապված։ Խոսքը հազարավոր տոննաների մասին է, որոնք, ճանապարհների շրջափակման պատճառով, այլ երկրներ փոխադրելը հնարավոր չէ»։ Ասվել է նաև այն մասին, որ «ՀՀ կառավարությունը փորձել է ներգրավել արտասահմանյան մասնագետների, որպեսզի մշակվի տեխնոլոգիա, որը կարող է թույլատրել պղնձի խտանյութի վերամշակումը կատարել առանց ծծմբական թթվի ստացման։ Ցավոք, դեռևս բոլոր ջանքերն ապարդյուն են, և անհայտ է՝ կհաջողվի՞ արդյոք գտնել լավագույն տարբերակը»։ Մենք համամիտ ենք այդ հեղինակների այն տեսակետի հետ, որ 100-ամյա վաղեմությամբ տեխնոլոգիաներով կառուցված պղնձաձուլարանը կարող է թողարկել հազարավոր տոննաներով ծծմբական թթու, որը դժվար պահվող վտանգավոր արտադրանք է և որի ամբողջ արտադրանքը տեղում իրացնելն անհնար է, իսկ հանրապետությունից դուրս փոխադրելն էլ ավելի դժվար կլինի ճանապարհների շրջափակման պատճառով։ Հայաստանի Հանրապետության տարածքում նախահեղափոխական մակարդակով կառուցվող պղնձի խտանյութերի վերամշակման գործարանը կունենա հազարավոր տոննաներով (312000-ից մինչև 431700 տ) ծծմբական թթու, դա անհերքելի փաստ է։ Բայց որ «չի գտնվել պղնձի խտանյութերի վերամշակման տեխնոլոգիա առանց ծծմբական թթվի արտադրության», այստեղ հեղինակները սխալվում են. այդպիսի տեխնոլոգիա գտնվել է մեր հայրենական գիտնականների ջանքերով և, այն էլ, շուրջ քսան տարի առաջ։ Մեզ մնում է ներդնել ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակած տեխնոլոգիան, որով շահագրգիռ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ը և ՌԴ-ն, իսկ «մենք» մնում ենք անտեղյակ ու անհաղորդ։
ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակած տեխնոլոգիան թույլ է տալիս պղնձի խտանյութերի վերամշակման գործընթացում կորզել ոչ միայն պղինձ մետաղը, այլև խտանյութում առկա պղնձի խալկոպիրիտ և խտանյութ անցած ծծմբի հրաքար ¥պիրիտ¤ հանքանյութերի հետ հարակից տարածված մի շարք այլ տարրեր՝ ոսկի, արծաթ, սելեն, տելլուր, բիսմութ և այլն, ինչպես նաև ծծումբ՝ ծծումբ տարրի և ծծմբական նատրիումի տեսքով, խուսափելով ծծմբական թթվի արտադրությունից։
Նշենք, որ ՀՀ-ում պղնձաձուլարան (մետալուրգիական գործարան) պետք է կառուցվի ոչ թե 100-ամյա վաղեմությամբ, այլ ժամանակակից ու գերժամանակակից տեխնոլոգիաներով՝ օգտագործելով ՀՀ ԳԱԱ Կապանի հանքահարստացման և մետալուրգիայի լաբորատորիայի մշակումները։
Հավելենք, որ ՀՀ-ին պետք են մետալուրգիական գործարանները։ ՀՀ-ն չի կարող հարստանալ առանց արդյունաբերության զարգացման։ ՀՀ բնակչությունը աշխատանք, այն էլ բարձր վարձատրվող աշխատանք, չի կարող ունենալ առանց արդյունաբերական ձեռնարկությունների, իսկ արդյունաբերության զարգացումն էլ չի կարող տեղի ունենալ առանց մետաղների և մետաղարտադրանքների։
ՀՀ-ին անհրաժեշտ են ինչպես գունավոր, այնպես էլ սև մետաղների արտադրության մետալուրգիական գործարաններ, որտեղ հիմնական՝ պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ և երկաթ, մետաղներից բացի, կարող են կորզվել դրանց հետ հարակից տարածված շատ ու շատ բաղադրիչներ, որոնք թվարկված են վերը։ Հիշենք, որ նշված հարակից բաղադրիչներից մի քանիսը՝ սելենը, տելուրը, բերիլիումը, ոսկին, արծաթը, տանտալը, ինդիումը, գալիումը, գերմանիումը, սկանդիումը (օքսիդը), ինչպես նաև հիմնական պղինձը, օգտագործվում են էլեկտրոնիկայի, այդ թվում` միկրոէլեկտրոնիկայի՝ քիչ նյութատար, շատ աշխատատար, աշխատավորների բարձր որակավորում պահանջող, էկոլոգիապես մաքուր և մեծամեծ շահույթ ապահովող արդյունաբերության մեջ, այն արդյունաբերության, որի հենքի վրա ստեղծվել է Հայաստանի Աբովյան քաղաքը, որի բնակչության մեծ մասն այժմ անգործության է մատնված։
Երկու տարի առաջ լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրիում ինքնաթիռի մասերի արտադրություն կազմակերպելու գծով, իսկ Բելառուսի Հանրապետության հետ էլ՝ գյուղատնտեսական տրակտորների արտադրության գծով։ Նշենք, որ երկու դեպքում էլ ինչպես ինքնաթիռների մասերի արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական տրակտորների արտադրության համար պետք է կառուցվեն գործարաններ, որոնք, ըստ իս, պետք է կառուցվեն հեռահար նպատակներով, այնպես, որ ինքնաթիռների մասերի արտադրությանը զուգահեռ, կամ որոշակի ժամանակ անց, մեր սեփական կարիքների համար արտադրվեն ինքնաթիռներ (թեկուզ փոքրերը) և ուղղաթիռներ, իսկ գյուղատնտեսական տրակտորների արտադրությունը կազմակերպվի մոտակա և հեռավոր հարևանների պահանջները բավարարելու, իսկ հետագայում այլ տրակտորների և «տրակտորանման» այլ մեքենաների (տանկերի, զրահամեքենաների և այլ զինատեսակների) արտադրության հեռահար նպատակներով (պետք է հաշվի առնել, թե ինչպիսի «բարյացակամ» հարևաններով ենք շրջապատված)։
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թեկուզ միայն ինքնաթիռների մասերի և գյուղատնտեսական տրակտորների արտադրության համար անհրաժեշտ է լինելու ունենալ մեծաքանակ (տարեկան մի քանի միլիոն տոննա) սև և գունավոր մետաղներ ու մետաղարտադրանքներ։
Գրվածին ի հավելումն նշենք, որ ս.թ. հոկտեմբերի 13-ին «Արմնյուզ» հեռուստաալիքով (երեկոյան հաղորդման ժամին) ասվեց այն մասին, որ Գերմանիան ՀՀ-ին առաջարկել է Երևանում վերականգնել հաստոցաշինության արդյունաբերությունը, որի համար Գերմանիան պատրաստ է աջակցելու նորագույն տեխնոլոգիաներով (հաստոցաշինությունը գործիքաշինություն չէ, որ դրա համար բավարար լինի մի քանի տոննա մետաղ. դրա համար տարեկան անհրաժեշտ են լինելու միլիոնավոր տոննաներ, հիմնականում՝ սև մետաղներ)։
Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ դրանց ներկրումը դրսից՝ հազարավոր կիլոմետրեր հեռվից, ձեռնտու չի լինելու։ Մենք ունենք բավականին մեծաքանակ հումք սև և գունավոր մետաղների ու մետաղարտադրանքների ստացման համար։ ՈՒրեմն, եզրակացությունը մեկն է. մետաղներն ու մետաղարտադրանքները պետք է ստացվեն տեղում, ՀՀ-ում, որի համար էլ պետք է կառուցվեն մետալուրգիական գործարաններ։
Մետալուրգիական գործարանների կառուցումը կունենա նաև խոշոր ռազմական ու ռազմավարական նշանակություն.
. կվերագործարկվեն ու կզարգանան հարակից արդյունաբերությունները,
. կստեղծվեն հարյուրհազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր,
. կհարստանան մեր հանրապետությունն ու մեր ժողովուրդը,
. խստագույնս կնվազի, հետագայում էլ կդադարի արտագաղթը,
. կբարձրանա հանրապետության ռազմական հզորությունը, որով էլ մեր հանրապետությունը կդառնա առավել անվտանգ։


Հրաչյա ԱՎԱԳՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան
տնտեսագիտության ինստիտուտի
բաժնի վարիչ, երկրաբանահանքաբանական
գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ