Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հրապարակում՝ ազատամարտ, հարթակում էլ՝ թատրոն (ձայն բազմաց, ձայն Աստծու)

Հրապարակում՝ ազատամարտ, հարթակում էլ՝ թատրոն (ձայն բազմաց, ձայն Աստծու)
17.10.2014 | 00:29

ՈՒ մեր արածը կմնա կտավին...
Իսկ դուք... Ձեզնից միայն մի բան է պահանջվում՝ մեր աչքին չերևալ և այ, այսքան բան։ Հանգիստ ապրեք ու շնչեք։ Շնչեք, բայց աշխատեք մեզնից հեռու արտաշնչել, ձեր բույրը հաճելի չէ։


«Վարձու ինքնասպաններ»,
Վահրամ ՍԱՀԱԿՅԱՆ

ԵՌԱՆԿՅՈՒՆԸ՝ ՔԱՌԱԿՈՒՍԻ
(նավարկությունից առաջ)
Խոստովանում եմ, որ ինքնակամ մասնակցել եմ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին։ (Խոստանում եմ մասնակցել բոլոր մյուս հանրահավաքներին, հանրային երթերին և այլն, որ պաշտոնները բաշխելիս հերթի վերջում չլինեմ։ Ի դեպ, ակնկալիքներիս բարձրագույն մակարդակում ինձ տեսնում եմ ՀՀ գալիք վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Գրողը տանի, եթե դա շատ կհամարվի, ապա կսրարշավեմ դեպի ամենախուլ սահմանամերձ գյուղը, որպես գյուղապետի օգնականի խորհրդական)։ Մի խոսքով, հրապարակում՝ ազատության շունչն էր թևեր առել, հարթակում իրավիճակը մի քիչ այլ էր։ Եվ պատճառը Րաֆֆին էր, իր նոր կերպարով, այսինքն՝ վետերան-հարյուրապետի նորածիլ բեղերով։ Րաֆֆին, հավատացեք, խիստ վախեցրեց, զի հայացքը ցասումով լի աջ և ձախ էր հառում, հետո հրաբորբ ճառում էր։ Ի դեպ, ավելի հաճախ դեպի ձախ եզերքն էր նա խոյահարում։ Նախ թվաց, թե խիստ դժգոհ է Կարապի լճի կարապների դասալքությունից։ Հետո կռահեցի` նա հեռակա բանադրում է ՀՀ կառավարական տունը։ Սակայն սա դրվագ է, ոչ ավելի։ Նավարկությունը մեկնարկեց, ալիքվենք հույսով, զի հանրահավաքի ամենաբախտորոշ պահին եռյակը քառյակվեց, ամբիոնին մոտեցավ ՀԺԿ նախագահ տիար Ստեփանը Դեմիրճյան։ Ի դեպ, նրա ելույթն ամենաանդեմն էր։ Սակայն սա ևս դրվագ է, անցողիկ ու անհետևանք։ (Ի դեպ, փաստենք գլխավորը, Տեր-Պետրոսյանը ոչ թե մեր ազգովին պաղատանքով հարթակ ելավ, այլ ինքը եկավ սիրահոժար)։

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՐԿԱՀԱՎԱՔՆԵՐԸ
(դեպի բաց ծով)
Ազատամարտիկներն էին պատվել հանրահավաքն իրենց արժանավոր ներկայությամբ։ Ընդ որում, շատերը ժամանել էին մարզերից, գինովցած չէր որևէ մեկը։ Եվ ամենակարևորն ու լուսավորը՝ չկար արյան, վրիժառության պահանջ, առկա էր գերագույն համոզմունքը՝ նոր իշխանություն ձևավորել երկրում, ձևով ու բովանդակությամբ հարիր հայության իղձերին, նպատակներին և արժանիքներին։ Մի խոսքով, հանրահավաքի հարթակը կարծես թե կողմնորոշվում էր, թատերականությունից ձերբազատվելով և ամրապնդվելով ազատության բարձունքներում։ Ինչպես և սպասելի էր, հրաշունչ-հմայիչ էր Նաիրան Զոհրաբյան, ժողովրդավար-վերահսկիչ էր հիմնադիր նախագահը և, ինչ խոսք, հույսերի կենսագործման առհավատչյա էր արգո Ծառուկյանը Գագիկ։ Սակայն ո՞ւմ հույսերի և ինչպիսի՞ հույսերի, այս է խնդիրը։
Ցավոք, հանրահավաքում այս հատուկենտ մտավորականների հանդիպեցի, մի քանի նկարչի, մեկ-երկու գրողի և մեկուկես գիտնականի։
Մի խոսքով, այս բախտորոշ օրերին քաղաքական բախտախնդիրների՝ (իշխանական և ոչիշխանական) Նուբարաշենի աղբավայր ուղարկելու գերագույն խնդիրը պիտի լուծենք։ Բայց այստեղ ծառանում ու աքացիներով գանգատուփիս հարվածում է գերակա հարցը՝ հանրությունը, ավելի լայն ձևաչափում՝ հայ ժողովուրդը, պատրա՞ստ է 88-ի զարթոնքին։ Ըստ իս՝ պիտի որ։ Եվ ահա թե ինչու։ Մենք այնքան ենք տառապել քաղաքական այրերի սանձազերծած որոգայթներում և այն աստիճանի ենք տապակվել-այրվել նրանց թշնամական թավաներում, որ քաղաքական հասուն գործիչ է մեզնից յուրաքանչյուրը։ Անկեղծ ասած, երբեմն զարմանում եմ հայրենակիցներիս տոկունության վրա. այսքա՜ն էլ ծով համբերություն, սակայն համբերության մեր ծովածոցերում (ոչ բաժակներում կամ լճակներում) վաղուց են փոթորկված կենարար ալիքները, կամ այսօր, կամ երբևէ, այս է օրվա հրամայականը, այսինքն, այս հրամայականով կամ այսօր վայր ենք նետում հակապետականության ժանգոտ շղթաները, կամ շարունակում ենք ապրել և սպասել, թե երբ մեր գերհղփացած ներկա կառավարիչները դարձի կգան։ Վախենամ՝ երբեք։
Ի դեպ, խիստ սպասելի է գործող իշխանությունների հանրահավաքը։ Անշուշտ, ցանկալի կլիներ հարթակում տեսնել մականունակիր հրաշամանուկներին, նաև քծնապետ մտավորականին։ Այո, այսօր, ավելի քան երբևէ, արդիական է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ Եվ հենց իշխանաց կամոք։ Պատկերացրեք Րաֆֆու հոգեվիճակը, ո՞ւմ դեմ պիտի նա հեռակա հոխորտա և գրպանում բռունցք ցույց տա։ Հավանաբար նա էլ, Կարապի լճի կարապների պես, կդասալքվի։ Այսպիսով, հոկտեմբերի 24-ին ընդդիմության հանրահավաքն է։ Գնալու եմ։ Որպեսզի լսեմ խիստ բախտորոշ մի քանի գերխնդիրների պատասխանները։ Ահավասիկ.
ա) Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը ՀՀ բանկային համակարգը ստրկական կախվածության մեջ դրեց, ապավինելով չարորակ ուռուցքի նման Երկիր-մոլորակը կապանքած Համաշխարհային բանկին և Արժույթի միջազգային հիմնադրամին։ Եվ, խնդրեմ, ՀՀ բանկերն այսօր 15-20 տոկոսով են վարկավորում, այսինքն, դեռ էն գլխից կեղեքիչ, շնագայլային պայմաններ են ստեղծում։
բ) Ինչո՞ւ արգո Ծառուկյանը, Րաֆֆին և այլք չեն բարձրացնում երկրի մեծագույն խոցի՝ օլիգարխիկ համակարգի կազմալուծման խնդիրը։ Վերջապես՝
գ) այդ ինչո՞ւ Եռյակ-Քառյակ արբանյակն այսօր միակ վճռորոշ քայլը չի կատարում ու վայր չի դնում օվալային բութանկյան մանդատները։

ՀԱՐԿԱՀԱՎԱՔ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՀԱՑԸ
(շրջանցում ենք խութերն ու դեպի Էրգիր ենք նավարկում)
Այո՛, հայկականությունն ու պետականամետությունն են ներկա ընդվզման առանցքն ու ողը։ Հակառակ պարագայում մեր կողն ու ամորձիները կփշրեն արտաքին ուժերի սադրանքով և ներքին ուժակենտրոնների ձեռամբ։ Թշնամիներ չիք, անգամ Շմայսն ու Լիսկան են մեզ բարեկամ, եթե միայն ապաշխարեն և դարձի գան։ Անկեղծ ասած, վստահ եմ, որ իշխանական հանգույցներում, այնուամենայնիվ, լուրջ դերակատարում կունենան պետականակենտրոն այրերը։ Առայժմ հոխորտանքներ են հրապարակվում իշխանակառավարական դղյակներից, թե մոռացեք, որ մինչև 2018-ը իշխանությունը կփոխվի։ Զարմանում եմ, մի՞թե ՀՀ Սահմանադրությամբ կամ այլ մի գերակա օրենսդրությամբ Հայաստանը պապենական կալվածք է կամ էլ օժիտ, որ ժառանգել և պահպանում եք աչքի լույսի պես։ Հարգարժան հանրապետականներ, ձեր վարքով դարձեք մեր աչքի լույսը և կառավարեք երկիրը թեկուզ մինչև 2818 թվականը։ Եղա՞վ, հարկա՛վ։

Գերխնդիրն է հասունացել։ Այն է, պիտի պետականաշեն և անարյուն ընդվզման ճակատ բացի հայ տանջահարված արդի մտավորականությունը, սկսած Գիտությունների ազգային ակադեմիայից, ստեղծագործական միություններից և վերջացրած բազում կրթօջախներով։ Այնինչ նրանք առայժմ լռում և սեփական պատուհանների վարագույրները մի քիչ կողքի քաշած հետևում են «պետականության կերտմանը»։ (Ի դեպ, ինչու հրապարակում չէ «Սարդարապատ-Նախախորհրդարան-Հիմնադիր խորհրդարան» քաղաքական անլուծելի հանելուկը)։ Այնինչ, աշխարհում հոգեպարար գործերն են ընթացքի մեջ։ Ահավասիկ «Բարսելոն» ֆուտբոլային ակումբը, որը բարդ ժամանակներ է ապրում, անզուգական Պիկեի, Ինիեստայի, Ալվեշի և Չավիի (իմ ճաշակը լիուլի բավարարող տղաների անուններն եմ շարակարգում), նաև ֆուտբոլային հավերժ հրաշամանուկ Մեսիի գլխավորությամբ միացել էր, այն էլ պաշտոնապես, Կատալոնիա չքնաղ երկրամասի անկախության հրովարտակին։ Կեցցե՛ք։ Միացել էր, անվերապահորեն վտանգելով իր ապագան, ֆուտբոլային և ոչֆուտբոլային։ Տարոսը հայոց մտավորականներին։


ՈՒՂԵՐՁ ԵՐԿՐԻՍ ԻՇԽԱՆԱՊԵՏԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ
(նավահանգստում, ինչպես մեղվի փեթակում)
Մենք բարոյազրկել ենք մեր երկիրն անկախ պետականությամբ։ Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ։
Ի դեպ, խախտել ենք պատվիրանը։ Ձայն բազմաց, ձայն Աստծու։ Ընդ որում, խախտել ենք բազմակի։ Այսպես, 1995-ին բռնաբարվեց արդար խորհրդարանական ընտրությունը, որ 2012-ին ծլարձակեց մականունակիր-հերետիկոսների գլխադասությամբ։ Ձայն բազմաց, ձայն Աստծու... 1996-ին, եթե չեմ սխալվում, նախագահ ընտրվեց Վազգենը Մանուկյանը, սակայն նա այդպես էլ չնախագահեց, և գնացքն անպետականության հասավ իր վերջին հանգրվանին, այս օրերի հանրահավաքային-վերջնագրային գրոհին։
Ըստ իս, հենց իշխանություններն այսօր պիտի ապահովեն խորհրդարանական և նախագահական վաղաժամկետ, արդար և օրինական ընտրությունները։ Ապահովեն՝ փրկելու նախ իրենց և հետո մեր հոգին ու մարմինը։ Ապահովեն, որպեսզի «Ազատության» հրապարակում ճերմակ աղավնիները ճախրեն, ոչ թե բայղուշները թևածեն։ Ամե՜ն։ Ձայն բազմաց, ձայն Աստծո։ Հակառակ դեպքում հայոց մեղվի փեթակներում թարախը կամբարվի։


Վրեժ
ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ