Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒնեզրկում օրենքով

ՈՒնեզրկում օրենքով
17.10.2014 | 11:17

«Թուրքիոյ մէջ ջարդերը կը ներկայանան ո՛չ իբր դիպուածական աղետքներ, այլ մանավանդ իբր տնտեսական երեւոյթներ»:
Հետայսու ներկայացվող հոդվածաշարը հիմնված է զանազան աղբյուրներից կատարված մեջբերումների վրա:

ԱԴԱՆԱ. ՀԱՅՈՑ ԿԵՆՑԱՂԸ


Ադանայի տներն առհասարակ միահարկ էին: Հողը, լինելով կավային, ծառայում էր աղյուսի ու կղմինդրի պատրաստման համար, որոնցով էլ կառուցվում էին տները: Հարուստների տները կրաշաղախ էին ու երկհարկանի. գետնահարկը ծառայում էր որպես ախոռ կամ մառան, իսկ վերին հարկը բնակության համար էր: Աղքատների և միջին դասի մարդկանց տները սովորաբար միահարկ էին, բայց բնակության համար նախատեսված հատվածը գետնից մի քանի սանտիմետր բարձր էր, հատակը տախտակամած էր, որի տակ գտնվում էր մառանը: Ձիու, էշի կամ կովի համար հատկացված բաժինը գտնվում էր բակի մի անկյունում՝ ծածկված թեթև տանիքով, կերակրի օջախը՝ բնակարանի գետնամասի վրա, իսկ լվացքի մեծ օջախը և հացի փուռը՝ բակի անկյունում:
Տան հատակը ծածկված էր գորգերով կամ կարպետներով: Պատի երկայնքով ձգվում էին հայ կնոջ ասեղնագործությամբ գեղեցկացած մեծ ու երկայն բարձեր, որոնց առջև տեղ-տեղ դրված էին բամբակով լեցուն քառակուսի բազմոցներ, և հյուրերն ու տնեցիները ծալապատիկ նստում էին դրանց վրա:
Սենյակի պատերից մեկը երկայնքով ուներ որմնախորշ՝ հորիզոնական գերանով երկու մասի բաժանված և կոչվում էր յուքլյուք: Ներքևի մասում գտնվում էին հագուստ-կապուստի սնդուկները, վերին մասում՝ անկողիններն ու վերմակները, որոնք ամեն գիշեր իջեցվում ու փռվում էին հատակին: Տների դռներն ու պատուհանները միշտ բացվում էին հարավ՝ ձմռանն առատ արև ունենալու համար:
Ամռանը տանիքների վրա դրված թախտերին քնում էին նրանք, ովքեր ամառանոցներ և այգիներ գնալու հնարավորություն չունեին:
1900-ական թվականներին Ադանա մուտք գործեցին եվրոպական նորաձևությունն ու հարակից պչրանքը: Մինչ այդ կանայք հագնում էին ընտիր կերպասներից կարված լայն շրջազգեստներ: Տղամարդիկ կրում էին պարեգոտ՝ էնթարի, և միայն 1900-ականներից սկսեցին տաբատ հագնել:
Արտաքին առևտրի շուկա չկար, և մրգերը չորացնում էին ձմռան համար: Խաղողը շատ առատ էր, և լավագույն տեսակներից չամիչ էին պատրաստում:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎՏՈՒՐ


Ըստ վիճակագրական տվյալների, Ադանայի նահանգի երկու խոշոր՝ Մերսինի և Ալեքսանդրետի նավահանգիստների արտահանման և ներմուծման ընդհանուր գումարը կազմել էր 1 մլն 59,5 հազար լիրա, իսկ բամբակի արտադրությունը 1914-ին կազմեց 300 հազար տոննա:
Ադանա քաղաքն ուներ 29 խան, բամբակի 7 գործարան, 10 զտարան և կաշվի 3 գործարան: Հայ բնակչության թիվն առանձնապես մեծ չէր՝ 70-75 հազարից միայն 30-32 հազարն էր հայ, սակայն, ինչպես կտեսնենք ստորև, հայերի առևտրատնտեսական գործունեությունն առաջնային էր ու գերիշխող:
Ամբողջ Կիլիկիայում, մանավանդ՝ Ադանայում, արհեստները, առևտուրը և արտադրությունը գտնվում էին քրիստոնյաների ձեռքում, իսկ վաճառականական դասի ճնշող մեծամասնությունը հայ էր: Թուրքերն ընդամենը մի քանի արհեստներով էին զբաղվում: Նրանց բարձր խավը առհասարակ կալվածատեր էր կամ պետական պաշտոնյա, իսկ մնացածը՝ գյուղերում հացագործ կամ քաղաքներում՝ փռապան, լեբլեբիջի, կառապան, կաշեգործ, թաղային խանութպան, կամ անտառներից փայտ էին հատում ու վաճառում քաղաքում:
Երկրամասի կենդանական ու գյուղատնտեսական արդյունքն արտահանող տասնյակ վաճառականներ հայ էին: Այդ ապրանքներն էին բամբակը, ցորենը, գարին, շուշման, չորացրած հատիկավորները, ծիրանի կորիզի միջուկը, կաշին, մորթին, եղջյուրը, մեղրամոմը: Արտահանող հայտնի վաճառականներ էին Շահբազյանը, Քեշիշյանը, Աշըգյանը, Գալպճյանը, Հովհաննես Վենետիկյանը և այլք:
Երկաթի, պողպատի, թիթեղի և ապակու ներմուծողներ էին Շահբազյանը, Քեշիշյանը, Աշըգյանը, Յուսուֆյանը, Գալպճյանը:
Մանուֆակտուրայի ներմուծողներ էին Իբրանոսյան եղբայրները, Պարսում Պետրոսյանը, «Թորիկյան-Մարգարյան» ընկերությունը, Հովհաննես Թերզյանը, Թադևոս Մնտիկյանը, Հակոբյան եղբայրները, «Ավետիսյան-Ճերիտյան» («Բոն-Մարշե»), «Ավետիսյան-Քեյիշյան», «Յուսուֆյան-Գասապյան», «Գալուստյան-Ճերիտյան» («Թաշ-Մաղազա») ֆիրմաները, Կարապետ Ճեյիրյանը, Օննիկ Իսկենտերյանը, Գրիգոր ու Միսաք Ազիրյանները և ուրիշներ: Ապրանքը ներկրվում էր Բերութից, Իզմիրից ու Պոլսից:
Ադանայում նպարեղենի ներմուծումը կատարում էին «Աշըգյան-Պագալյան» ֆիրման, Սմբատ Շահմիրյանը, Քյոշկերյանը, Աղազարյան եղբայրները, Շիքարօղլուն:
Խարտավաթի և նորույթների ներմուծողներ էին «Օրոզտի-Պագ» ընկերությունը, Հարություն Ներսեսյանը և Միսաք Գազազյանը:
Կոշկակարության պարագաների ներմուծողներ էին Հովհաննես Աղաբաշյանը և հույները: Առհասարակ կոշկակարությունը և կարմիր մուճակի՝ «Եմենի»-ի պատրաստումը գտնվում էին հայերի ձեռքում, որոնք ունեին իրենց հատուկ շուկաները:
Շինանյութերի, փայտանյութի, գործիքների, մեքենամասերի ներմուծողներ էին Ավետիս Ավետիսյանը, Միհրան Քեշիշյանը և ուրիշներ: Ադանայում անվանի էին երկաթեղենի արհեստանոցի սեփականատեր հույն Մանոլին, ձուլարան-արհեստանոցի տեր Դոքմեջի Պողոս աղան և գյուղատնտեսական գործիքների փայտե մասերի վաճառական Միսաք Գյով-Եղիայանը:
Ադանայում կային չորս ալրաղաց գործարաններ, որոնք պատկանում էին «Աշըգյան-Պագալյան» ֆիրմային, Պոսնալը-զադեին, Պոտուր-օղլուին, Գալաղ-օղլուին: Ալրաղաց գործարաններին կից կար նաև սառույցի չորս գործարան, որոնց տերերն էին Պոսնալը-զադեն, «Աշըգյան-Պագալյան», «Փամբուքճյան-Տոնիկյան» ֆիրմաները և Սոֆոկլիդեսը:
Ձավար և կորկոտ պատրաստելու համար կային հայապատկան մի շարք դինկեր, որոնցից նշանավորն էր Պետրոս աղայի «Չիֆթե-դինկը»: Կար նաև շոգեմեքենայով աշխատող մի աղաց, որը պատկանում էր Կարապետ Պետիկյանին և աղ էր մանրացնում:
Հայտնի ագարակատերեր էին Պզտիկյանները, Պուլտուգյանները, Արթին Սմմիկյանը, Հարություն Ներսեսյանը, Խաչեր Թաթիրոսյանը, Հակոբ Քեհիայանը, Տավուտլարյանները, Տեյիֆերյանները և Նալբանդյանները:
Բամբակը խոզակից զատող մեքենաներ ունեին «Աշըգյան-Պագալյան», «Փամբուքճյան-Մարտիկյան» ֆիրմաները, Հարություն Շատրիկյանը, Գ. Գյուլբենկյանը, Օհաննես Նաճարյանը, Անաստաս Կարա-Յուսուֆ-օղլուն, Հարություն Շատրիկյանը, Իբրահիմ Սատըգ Բապուճճը-օղլուն, բժիշկ Պետրոսը, Նազարեթ Նաճարյանը և Սոֆոկլիդեսը: Իսկ Զելվեյանները, ձեռքի աշխատանքը վերացնելու համար, խոզակազատ մեքենա բերեցին ԱՄՆ-ից: Բամբակի արտահանմամբ զբաղվում էին «Շահբազյան-Քեյիշյան» ընկերությունը, Արթին Սմմիկյանը, Ավետիս Գալուստյանը, Զելվեյան եղբայրները, Սարգիս Պագալյանը, Լութֆիկ Խուպեսերյանը, Քյոշկերյանը, Բարիքյանը և այլք:
1909 թ. ապրիլին Ադանայի վիլայեթում կազմակերպված կոտորածներով, որոնց պատճառով զոհվեցին մոտ 30000 անմեղ հայեր, 300 կալվածք այրվեց, հափշտակվեց ավելի քան 10000 գլուխ անասուն, իսկ նյութական վնասները հասան 20 միլիոն թուրքական լիրայի (մոտ 500 միլիոն ֆրանկի):
1915-ից հետո…
1915-ին տեղահանության ենթարկված հայերի շարժական և անշարժ ունեցվածքը, «Լքյալ գույքեր» («Էմվալը մեթրուքե») օրենքի համաձայն, զավթեց թուրքական կառավարությունը: Ապա ցածր կամ չնչին գումարներով վաճառեց: Իսկ գույքի և կալվածքների մի մասն էլ յուրացրին անհատ թուրքեր. սրանք կեղծ վկաներով ու մուրհակներով կամ շինծու պարտաթղթերով դիմեցին դատարաններ, որոնք էլ հայերի բացակայությամբ կայացրին հայցերը բավարարող վճիռներ: Օրինակ, այդպիսի մեքենայությամբ զավթվեց Պապիկյանին պատկանող լայնատարած և խիստ բարձրաժեք պարտեզը:
1918-ի զինադադարից հետո բռնագաղթվածների մի մասը վերադարձավ Ադանա և կարողացավ մասամբ վերստանալ իր ունեցվածքը: Սակայն երկու-երեք տարի անց, քեմալական շարժման պատճառով հեռացած հայերի ինչքը կրկին բռնազավթվեց, այս անգամ «Բացակա անձերի մասին» («Էշխասը մյութաղայիպե») նոր օրենքի հիման վրա, որը իրավունքներից զրկում էր ոչ միայն տարբեր երկրներ արտագաղթած, այլև Թուրքիայի այլ քաղաքներ փոխադրված և այնտեղ բնակություն հաստատած հայերին: Օրինակ, այդպես իր սեփականությունից զրկվեց խոշոր կալվածատեր ու վաճառական Ավետիս Աղազարյանը, որը բնակություն էր հաստատել Պոլսում:
Այդ օրենքի գործադրման արդյունքում Ադանայի ամբողջ ազգապատկան ունեցվածքը, կալվածքները, վարժարանները, եկեղեցիները, գերեզմանոցները մեկ հարվածով անցան կառավարությանն ու թուրք ժողովրդին:

ԱՅՆԹԱՊ (ԳԱԶԻԱՆԹԵՊ)


1516-ին քաղաքը գրաւած են օսմանեան թուրքերը:
20-րդ դարուն սկիզբները հայերու թիւը շուրջ 36000 էր: Հայերու հիմնական զբաղմունքը առեւտուրն ու արհեստագործութիւնն էր: Ոսկերիչներուն, որմնադիրներուն, ներկարարներուն, կաշեգործներուն, գորգագործներուն մեծ մասը հայեր էին: Այնթապցի կիներուն արտադրած ասեղնագործ, նուրբ ու ճաշակով ձեռագործները յայտնի էին յատկապէս Եւրոպայի ու Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ եւ բարձր գին ունէին:
Այնթապի հայերը տնտեսական փայլուն ու բարեկեցիկ վիճակ ունեին։ Նրանք ուշիմ էին, ճարպիկ, ճարտար, աշխատասեր և ժամանակի առաջադիմական ոգին ընկալող։ Քաղաքի գրեթե ամբողջ առևտուրը, արհեստագործական և արտադրական ասպարեզները պատկանում էին նրանց։ Տեղացի հայ վաճառականներից ոմանք առևտրային տներ էին հիմնել անգամ Եգիպտոսում և այլուր։ Այդպիսի վաճառականներից էին Նազարեթյան եղբայրները, Աշճյանը, Ճեպեճյան եղբայրները, Լեյլեկյանները, Պարսումյանը, Հովհաննես Քյուրքճյանը և այլք։
Կային բազմաթիվ մեծահարուստ հայեր, որոնցից վերջիններից մեկն էր Ատուր աղա Նեզիբլյանը։
Օճառի գործարաններում (մասպանա) պատրաստվում էր ձիթայուղի խառնուրդով գերընտիր օճառ, որն արտահանվում էր Թուրքիայի զանազան քաղաքներ։ Այդպիսի մի նշանավոր գործարան ուներ Կարապետ Նազարեթյանը, իսկ արտահանման ասպարեզում հայտնի էին Հաննե Քյուրքճյանը և Արտաշես Ադանալյանը։
1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Այնթապի հայերը տեղահանուեցան եւ քշուեցան Տէր Զօրի անապատը:

ՆԱԶԱՐ ԱՐԹԻՆԻ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
(1817, Այնթապ-1887, Այնթապ)


Խոշոր վաճառական, Այնթապի ամենահարուստ մարդը: 14 տարեկանից ունեցել է սեփական խանութ, զբաղվել է ոսկերչությամբ և հին ոսկեդրամների առևտրով: Երեսուն տարվա ընթացքում վաստակել է 80000 ղուրուշ, ապա այդ գումարը ներդրել առևտրի մեջ և հենց առաջին տարում վաստակել ևս 80000 ղուրուշ: Կառուցել է քաղաքի վաճառականության խոշորագույն կենտրոնը՝ Նազար Աղա խանը, իսկ կից՝ օճառի մեծ գործարան:
Ն. Նազարեթյանը եղել է Այնթապում Պարսկաստանի հյուպատոսը և ԱՄՆ-ի փոխհյուպատոսը:

ՌԱՍՏՐ: Այնթապի մեծահարուստներէն պետական մաքսատան տեսուչ և Երուսաղէմի պատրիարքութեան ներկայացուցիչ Յակոբճան աղա Քիւրքճեան Այնթապի մեծագոյն կալուածատէրն էր. կ՛ըսէ եղեր յաճախ, թէ Նազար աղան կարծուածին չափ դրամ չունի: Այս խօսքը Նազար աղային ականջը հասած ըլլալով, յարմար առիթի մը կը սպասէ անոր լաւ դաս մը տալու համար:
Օրին մէկը, Քիւրքճեանը դրամի պէտք ունենալով, կը ստիպուի Նազար Աղային քով ղրկել իր տղան Հաննա Էֆէնտին մաս մը դրամ փոխ առնելու համար: «Շատ լաւ»,- կ՛ըսէ Նազար Աղան ու կը հրամայէ իր աշխատակիցներէն Մըխսը Արթինին որ պահարանէն տոպրակ մը ոսկի բերէ: «Ճանըմ, ատիկա չէ, միւսը տուր, նայիմ»,- կ՛առարկէ Նազար աղան դիտմամբ: ՈՒ այսպէս լեցուն ոսկիով տոպրակներ իրարու ետեւէն կը տողանցեն զարմացած Քիւրքճեանի տղուն ապշահար աչքերուն առջեւէն: Ապա անոր ուզած դրամը տալով, Նազար աղան կ՛ըսէ անոր. «Գնա, Յակոբ աղային ըսէ, ուրիշ անգամ մըն ալ «պօշլաֆ» չընէ որ Նազար աղան կարծուածին չափ դրամ չունի:


ՆԻԿՈՂՈՍ ՆԱԶԱՐԻ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ
(1841, Այնթապ -1899, Այնթապ)


Նախնական կրթությունն ստացել է մի հայ կաթոլիկ վարդապետի մոտ, ապա ուսումնառությունը շարունակել Այնթապի հոգևոր առաջնորդ Գրիգոր վարդապետ Աբարդյանի և այլ հայ ուսուցիչների մոտ: Հրաշալի տիրապետել է թուրքերենի, որոշ չափով՝ լատիներենի ու ֆրանսերենի:
Եղել է քաղաքի ամենահարգված ու հեղինակավոր անձանցից մեկը, մեծ ներդրում է ունեցել եկեղեցական և կրթական ազգային հաստատությունների պահպանման գործում: 1867-ից՝ Սրբոց Վարդանանց թանգարան ընկերության ատենապետ: 1868-ին կառուցել է Միլլեթ խանը ¥Ազիզիյե խան¤ 60 սենյակներով վաճառականների կենտրոնատեղին և ազգային ամենահասութաբեր հաստատությունը, որի եկամուտով մինչև 1915 թ. պահվել են երեք ազգային վարժարանները: Միլլեթ խանը գնահատվել է 30000 օսմանյան ոսկի: 1872-1874 թթ. կառուցել է եկեղեցապատկան 14 խանութ: 1876 թ. նախաձեռնել է Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցումը (ճարտարապետ՝ Սարգիս բեյ Պալյան), որի շինարարությունն ավարտվել է 1892-ին: Հղացել ու կառուցել է տվել թէպիրկէներ՝ հայկական թաղամասերի մուտքը արգելող մեծ և ամրակուռ դարբասներ, որոնց շնորհիվ 1895 թ. համիդյան ջարդի ժամանակ Այնթապի հայությունը համեմատաբար քիչ մարդկային կորուստներ է ունեցել:
Թաղական խորհրդի ատենապետ, նահանգային ընդհանուր ժողովի՝ Մէճլիսի Իտարէի անդամ:

ՌԱՍՏՐ: Երբ Միլլէթ խանին շինութեան հիմերը կը դրուէին, 1869-ին, թուրք թաղեցիները արգելք հանդիսանալու համար խնդիր կը յարուցանէն, ըսելով թէ այնտեղ մզկիթ մը կար նախապէս: Այդ շրջանին Այնթապ նոր գայմագամ մը կու գայ որ հիանալով Նիկողոս աղայի կարողութեան վրայ, մտերիմ բարեկամ մը կը դառնայ անոր: Երբ թաղեցիները գանգատի կ՛երթան անոր մօտ, գայմագամը կը պատասխանէ. «Ձեր աղբանոցը կը շէնցնեն, ի՞նչ կ՛ուզէք աւելին»:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2867

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ