Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տանտերերի սև օրը

Տանտերերի սև օրը
17.10.2014 | 11:41

Նյութը հավասարապես կարելի էր վերնագրել նաև «Վերջին վայրկյանների էֆեկտը» կամ «Բրիտանական ֆուտբոլի հաղթահանդեսը», սակայն եկեք բավարարվենք նրանով, ինչին առավել ենք նախապատվություն տվել ու միանգամից անցնենք բուն ասելիքին: Խոսքը, բնականաբար, «Եվրոպա-2016»-ի խմբային խաղերին է վերաբերում, դրանցում ծավալվող իրադարձություններին:

Գլխավոր սենսացիայի հեղինակը D խմբում հանդես եկող Գերմանիայի ընտրանին էր, որն աշխարհի գործող չեմպիոնն է, այդ նույն աշխարհի առաջնությունում Բրազիլիայի դարպասը յոթ անգամ գրաված ու աշխարհի հնգակի չեմպիոններին բառիս բուն իմաստով պատվազրկած թիմը: Իռլանդացիների հետ խաղում ենթադրվում էր, որ այն էապես շտկելու է մրցաշարային վիճակը, մանավանդ որ քթի տակ էր նախորդում լեհերից 0:2 հաշվով կրած դառը պարտությունը: Սակայն, սիրելի ընթերցող, հրաշալի գիտես, որ ցանկությունը մի բան է, իրականացնելը՝ բոլորովին այլ բան: Չէ, այնպես չէ, որ գերմանացիները մոտ չէին հաղթանակին, սակայն ակնհայտորեն «մոռացել» էին, որ խաղն ավարտվում է մրցավարի եզրափակիչ սուլոցով: Ավելացված րոպեներին հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը ¥1:1¤ ու յոթ միավորով աղյուսակում երկրորդն են նույնքան միավոր ունեցող լեհերից հետո: Իհարկե, երեք խաղից հետո լեհերը կարող էին ունենալ առավելագույն հնարավորը, սակայն շոտլանդացիները նրանց զրկեցին այդ հաճույքից՝ հանդիպումն ավարտելով 2:2 հաշվով: Ընդ որում՝ տանտերերը փրկվել են պարտությունից: Ինչ վերաբերում է աշխարհի գործող չեմպիոններին, նրանց ունեցածը չորս միավոր է, որն իր թվային արտահայտության մեջ պարզապես ցնցումների մեջ է գցել գերմանական ¥ու ոչ միայն¤ ֆուտբոլի սիրահարներին:
Քանի որ այսպես թե այնպես, ուղղակի թե անուղղակի մեր տեսությունը (մի քիչ էլ մենք մեծամտենք) սկսեցինք բրիտանական ֆուտբոլով, նրանով էլ շարունակենք: E խմբում անգլիացիները շարունակում են ինը միավորով գլխավորել աղյուսակը ու դա նրանք արել են ավելի վաղ: Ինչ վերաբերում է հաշվետու օրվան՝ հոկտեմբերի 14-ին, հանդիպում ուներ միայն Շվեյցարիայի ընտրանին, որն ընտրականը սկսել է անակնկալ երկու պարտությամբ: 4:0 հաշվով վարկանիշով աշխարհում ամենաթույլը ճանաչված Սան Մարինոյի հավաքականին հաղթելը, իհարկե, հերոսություն չես համարի, բայց գոնե առաջին երեք միավորը վաստակվեց: Այստեղ երկրորդ-երրորդը վեցական միավոր ունեցող Սլովենիայի ու Լիտվայի ընտրանիներն են, ու հենց նրանց հետ են երկրորդ ուղեգրի համար գլուխ տալու շվեյցարացիները, քանզի առաջին ուղեգրի հետ կապված, կարծում եմ, ամեն ինչ պարզ է, որքան էլ մրցաշարը բավական երկար է, ու գործնականում ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն թույլ տվեք չհավատալ հեքիաթներին:
Բրիտանական ֆուտբոլի հարգը չգցեց և F խմբի առաջատար Հյուսիսային Իռլանդիան՝ արտագնա խաղում պարտության մատնելով Հունաստանի ընտրանուն (2:0), որն իր հերթին ծանր վիճակում է հայտնվել ունեցած մեկ միավորով: Հյուրընկալվելիս ֆիններին 2:0 հաշվով հաղթած ռումինացիները վստահորեն տեղափոխվեցին երկրորդ հորիզոնական: Նրանց ակտիվում է յոթ միավոր: Իհարկե, բաղձալի ուղեգրի համար այստեղ դեռ կռիվ կտան և՛ նույն ֆինները, և՛ հունգարացիները, ովքեր թեպետ 1:0 հաշվով հաղթեցին խմբի բացահայտ հետնապահին՝ Ֆարերյան կղզու հավաքականին ու բավական հիասթափեցրին խաղում արձանագրված հաշվով, բայց դե:
Եվ վերջապես դառնանք I խմբին, որտեղ պակաս հետաքրքրական զարգացումներ չեն եղել ինչպես մարզական, այնպես էլ այլ առումով, որը, առողջ տրամաբանությամբ առաջնորդվելիս, սպորտի հետ պիտի որ աղերսներ չունենա: Բնականաբար սկսենք մեր ընտրանուց, ում հանդիպումը Ֆրանսիայի հավաքականի հետ թեև պաշտոնական չէր, սակայն դրանից ոչ հետաքրքրությունն էր կորցրել, ոչ էլ նշանակությունը: 0:3-ն, ինչ խոսք, այնքան էլ հաճելի հաշիվ չէ, բայց թե օրվա ռեալությունն էր: Հյուրերն ունեին թե տարածքային, թե խաղային առավելություն, ֆիզիկապես, տեխնիկապես, տակտիկապես, որակապես մեզնից ավելի լավ էին պատրաստված, ինչի հաշվին էլ ապահովեցին հաշվի մեջ եղած առավելությունը: Միակ հուսադրողը թերևս այն էր, որ անպաշտպան կույսի պես չտրվեցինք մրցակցի տարերքին: ՈՒրիշ բան, որ դրանից բան դուրս չեկավ:
Խմբի մյուս հանդիպումը սերբերի ու ալբանացիների միջև էր, որն այդպես էլ չավարտվեց խաղադաշտում ծագած անկարգությունների պատճառով: Խաղի առնչությամբ հետևելիք պատժամիջոցները հայտնի կդառնան հոկտեմբերի 23-ին, բայց այն, որ սերբերին կպատժեն, կասկած չկա՝ նկատի ունենալով եվրոպական դեմոկրատիայի կրկնակի ստանդարտները, ինչպես նաև չորս տարի առաջ սերբ ֆանատների սարքած դեբոշներն Իտալիայում: Մի խոսքով, եթե առաջինն էլ չգործի, խնդրո երկրորդ մասով նախադեպը կա: Սակայն ճշմարտության առաջ մեղք գործած չլինելու համար ասենք, որ ալբանացիները պրովոկացիան նախապես էին պատրաստել՝ Մեծ Ալբանիայի դրոշով ռադիոկարգավորվող ինքնաթիռը մարզադաշտի երկինք հանելով: Հաշվի առնելով մեր ընթերցողի իրազեկվածությունը քաղաքականությունից՝ մանրամասներ չենք նշում այս երկու երկրների միջև առկա հակասություններից ու խոսքը կարճ ենք կապում: Դառնալով խմբի աղյուսակին, ճիշտ է, թեպետ մենք պոչից ենք գալիս մեկ միավորով, բայց մնացածների վիճակն էլ առանձնապես այն չէ, որ մտածենք, թե պայքարելու տեղ չունենք, ամեն ինչ կորած է: Առաջատարն այստեղ Դանիայի ընտրանին է` երեք խաղից հետո չորս միավորով (Ռոնալդուն, այնուամենայնիվ, իրենն արեց` հանդիպման վերջին վայրկյաններին գոլ խփելով ու պորտուգալացիներին առաջին երեք միավորը բերելով): Նույնքան միավոր ունեն ալբանացիները, բայց առայժմ հայտնի չէ՝ այն երեքով կավելանա՞, թե՞ խաղը կվերախաղարկվի: Ինչ վերաբերում է սերբերին, նրանք մնացել են Հայաստանից տարած մեկ միավորով:
Ամփոփենք: Հոկտեմբերի 14-ին կայացած եվրոպական խմբայինի ութ խաղում (չենք հաշվում Սերբիա-Ալբանիա, Հայաստան-Ֆրանսիա հանդիպումները) տանտերերը հյուրերի քսանի դիմաց վաստակել են ընդամենը երկու միավոր: Այսքանից հետո կա՞ մեկը, ով կարող է կասկածել նյութի վերնագրի օբյեկտիվությանը և, ընդհանրապես, մեր օբյեկտիվությանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ