Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սկսվել է դիրքային պայքար` բազմաթիվ հարցականներով ու անհայտ լուծումներով

Սկսվել է դիրքային պայքար` բազմաթիվ հարցականներով ու անհայտ լուծումներով
21.10.2014 | 00:33

Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը հոկտեմբերի 15-ին ներկայացվեց հանրապետության նախագահին, դրանից երկու օր հետ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հայտարարեց, որ փաստաթղթի վերաբերյալ վերջնական դիրքորոշում կհայտնվի միայն մյուս տարվա փետրվար-մարտ ամիսներին:
Հարթակային ընդդիմությունը ոգևորությամբ շտապեց կապ տեսնել հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ու իրենց բնորոշմամբ` Սարգսյանի նահանջի միջև: Ավելի ոգևորվածները սկսեցին հեռուն գնացող կանխատեսումներ անել` իշխանության ընդունման-հանձնման սցենարների մասին:
Ընդդիմության համար, թերևս, կանխատեսելի վարքագիծ է, մանավանդ որ առաջիկա հանրահավաքը սարերի հետևում չէ, ու մարդկանց Ազատության հրապարակ բերելու լրացուցիչ մոտիվացիաներ են պետք:
Սակայն Սերժ Սարգսյանի քայլն ավելի շատ տեղավորվում է մարտավարական հնարքների համատեքստում ու չի ենթադրում սահմանադրական փոփոխությունների գաղափարից հրաժարում, հատկապես, որ այն տեղավորվում է 2017-2018 թթ. ընտրական գործընթացի տրամաբանության մեջ ու կոչված է իշխանության նոր կոնֆիգուրացիայի ձևավորմանը: Ըստ այդմ, իշխանությանն առավելապես հետաքրքրում է ոչ այնքան նոր սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը, որքան բուն գործընթացը, օրակարգ ու «խաղի կանոններ» թելադրելու հրամայականը:
Եռյակին նույնպես առանձնապես հետաքրքիր չէ փոփոխությունների բովանդակությունը, որովհետև եթե հիմք ընդունվեր այդ մոտեցումը, ապա առնվազն «Բարգավաճ Հայաստան» ու «Ժառանգություն» կուսակցությունները պետք է ոգևորությամբ սատարեին նախագահական նախաձեռնությանը: Եռյակի մոտեցման հիմքում նույնպես քաղաքական պրագմատիզմն է. այս կուսակցությունները, ըստ էության, միավորվել, կոնսոլիդացվել են ԲՀԿ ղեկավարի արդեն հրապարակային դարձած նախագահական հավակնությունների շուրջ ու, բնականաբար, իշխանություն ձևակերպելու հայտ են ներկայացրել, որն անլուրջ կընկալվի, եթե հավակնությունների նշաձողը լինի նախագահական պաշտոնը` «անգլիական թագուհու» լիազորություններով օժտված:
Այս համատեքստում փորձենք հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը երկարաձգեց սահմանադրական փոփոխությունների ժամկետը:
Ամենատրամաբանական վարկածն այն է, որ նախագահը փակված չի համարում կոմպրոմիսների պատուհանը ընդդիմության, ավելի կոնկրետ` ԲՀԿ-ի հետ: Այլ կերպ ասած, հետաձգումը անդրկուլիսյան պայմանավորվածությունների նոր դաշտ ու հնարավորություն է բացում:
Այս վարկածը խիստ տրամաբանական է թվում, եթե արձանագրենք այն իրողությունը, որ ընդդիմադիր հռետորաբանության ֆոնին որևէ լուրջ ճնշում չի բանեցվել ԲՀԿ գործարար թևի հանդեպ: Համաձայնենք, որ սա սովորական երևույթ չէ հայաստանյան իրականության համար:
ԲՀԿ-ական գործարարների նկատմամբ իշխանության վերաբերմունքն իրապես ինդիկատորային նշանակություն ունի: Քանի դեռ նրանք հրապարակավ հպարտանում են, թե ինչ ջանքեր են գործադրել վերջին նախագահական ընտրություններում «նախագահ ջան»-ի հաղթանակի համար, սակայն մնում են ԲՀԿ-ում, ուրեմն իշխանությունն ու ԲՀԿ-ն տակավին սպառված չեն համարում համաձայնության գալու ռեսուրսները: Գագիկ Ծառուկյանը մանևրելու տեղ ակնհայտորեն թողել է` ասելով, որ սահմանադրական փոփոխությունների մասին հստակ կարծիք կհայտնվի` կոնկրետ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուց հետո:
Մյուս կողմից, եթե Սարգսյանը «պաուզա» է վերցնում, ապա վերացնում է այն «թեժ» թեմաներից մեկը, որը հարթակում միավորել է քաղաքական ուժերին. նրանք գոնե մի քանի ամիս չեն կարող ակտիվորեն խաղարկել իշխանության վերարտադրության «սահմանադրական սցենարի» թեման, որովհետև նույն Սերժ Սարգսյանը մարտին կարող է պարզապես մերժել ներկայացված հայեցակարգը, մանավանդ որ ամիսներ առաջ հրապարակավ հայտարարել է, որ դեմ է կառավարման խորհրդարանական համակարգին:
Այնպես որ, վաղ է հաղթանակներից կամ պարտություններից խոսելը, որովհետև սկսվել է դիրքային պայքար` բազմաթիվ հարցականներով ու անհայտ լուծումներով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ