Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մինչև փետրվա՞ր

Մինչև փետրվա՞ր
21.10.2014 | 00:36

Երեկվանից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Թեհրանում է: Դարի այցը կայացավ: Թեպետ դարի այցը Հասան Ռուհանիի այցը պիտի լիներ Հաաստան, բայց Իրանի նախագահը ակնկալում էր քննարկումների քաղաքական օրակարգ ու համաձայնագրերի ստորագրում: Օրակարգը չձևավորվեց, համաձայնագրերը մնացին օդում: Ռուհանին չեկավ, գնաց Հովիկ Աբրահամյանը: Գնաց հարևան երկիր, որը մշտապես բարձրաձայնել է Հայաստանի հետ էներգետիկ և տնտեսական կապերը խորացնելու ցանկությունը, համարելով Հայաստանի հետ հարաբերությունների առաջընթացը առաջնահերթություն, որի դեսպանը Հայաստանում ասել է, որ հնարավոր է՝ Հայաստանն իրանական գազը Եվրոպա արտահանելու տարանցիկ երկիր դառնա, որի նավթարդյունաբերության նախարարն ընդգծել է Իրանի պատրաստակամությունը Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Երկիր, որ կարծում է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտության լուծման միակ արդյունավետ ձևաչափն է: Երկիր, որը «ոչ» է ասում Ղարաբաղում որևէ ռազմական ներկայության: Որն ազատվելով արևմտյան պատժամիջոցներից՝ կարևոր դերակատար է դառնում տարածաշրջանի կայունության հարցում այն ժամանակ, երբ նոր Իսլամական պետություն է ծնվում՝ բացահայտ ահաբեկչական: Երկիր, որ բանակցում է Արևմուտքի հետ պատժամիջոցները իսպառ հանելու վերաբերյալ՝ մնալով միջուկային տերություն: Եթե ԱՄՆ-ում Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր, Թեհրանում նա ներկայացնելու է ԵԱՏՄ անդամ երկիր: Երկօրյա պաշտոնական այցի ընթացքում նա հանդիպելու է ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի, նրա առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հովիկ Աբրահամյանն արդեն այն վարչապետն է, որի կառավարությունը չի կարողանում կատարել նախորդ վարչապետի կազմած բյուջեն, որ կազմում է եկող տարվա բյուջեի նախագիծը, որ մերժել է ոչիշխանական ուժերի 12 պահանջները, սկսել ու կիսատ է թողել փոքր ու միջին բիզնես ոլորտի բարեփոխումները, որ չի կարողանում խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերել: Հավելեք, որ կրճատվել են տրանսֆերտները և կարող են վերադառնալ միգրանտները: Միջազգային ֆինանսական կառույցները այլևս մտադիր չեն պահել Հայաստանի իշխանությանը, առավելագույնը կարող են տալ վարկեր՝ ինչպես վարչապետը պարզեց ԱՄՆ-ում: Ներդրումների մասին մտածելը ժամանակի կորուստ է: Ինքնապահպանության համար համակարգը քավության նոխազ է որոնում՝ նրա հաշվին ժամանակ ձգելու նպատակով: Ներիշխանական վերադասավորումները սովորաբար կատարվում են թույլ օղակի հաշվին: Այս պահին թույլ օղակը ոչ նախագահն է, ոչ խորհրդարանը, որքան էլ ոչիշխանական ուժերը արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ պահանջեն, նրանք «Հիմա-հիմա»-ին պատրաստ չեն ու չունեն «այստեղի ու հիմա»-ի հանձնառություն, ի վերջո արտահերթ ընտրությունների պարագայում նաև կառավարություն է փոխվելու: Հարևանի հետ շահավետ բանակցությունների համար, ընդունեք, որ վարչապետի մեկնարկային կոորդինատները փայլուն չեն: ՈՒստի առանձնապես մեծ սպասելիքները նաև այս այցից տեղին չեն: Այցը կարևոր է ու անհրաժեշտ իբրև հայ-իրանական բարձրամակարդակ հարաբերությունների գործընթացի մաս, ու դա բնավ Հովիկ Աբրահամյանի մեղքը չէ: Նա իսկապես կուզեր փայլուն արդյունքներ, համաձայնագրեր, որ կէժանացնեն գազն ու էլեկտրաէներգիան, Հայաստանը կդարձնեն էներգակիրների արտահանման տարանցիկ երկիր (Հովիկ Աբրահամյանը գիտի փող աշխատել), կապահովեն ապրանքաշրջանառության աճ, վերջապես Ռուսաստանից անպատեհ վերադարձող միգրանտների նոր աշխատավայր կդառնան: Նա կողմ է հարաբերությունների զարգացման, նա անկեղծ է իր ցանկության մեջ, բայց այդքան բարձր պաշտոնում ոչ բոլոր ցանկություններն են իրականանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Ռուս-իրանական հարաբերությունները զարգանում են ոչ միայն ցամաքում, այլև ծովում: Hamshahri-ն գրել է. «Կասպիականը աշխարհի ամենաանվտանգ տարածքներից մեկն է՝ շնորհիվ ավազանի հինգ պետությունների միասնական ջանքերի»: Շարունակվում է ռուս-իրանական եղբայրությունը միջուկային ծրագրի շուրջ, ոսկե հեռանկարներ են բացվել իրանական գյուղմթերքների առաջ. ՌԴ ներկրումն աճել է 20 %-ով, շարունակվում է բուժսարքավորումների ու դեղամիջոցների ներկրումը, ու՝ այդպես: Ներառյալ նավթն ու գազը:

Դիտվել է՝ 1004

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ