Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Գլխավորի գերակայության որոնումներում

Գլխավորի գերակայության որոնումներում
21.10.2014 | 00:38

Հայաստանի քաղաքական դաշտը նման է խճաքարերով շարվող պատկերի, որը չի ավարտվում ու չի անվանվում: Մինչդեռ ուրիշներն անցնում են նոր խճապատկերների՝ ամբողջացնելու իրենց շարքը, իսկ մենք լռվել-մնացել ենք նույն պատկերի մեջ, հանում ենք-դնում ենք նույն խճաքարերը, որոնում ենք, իբր, առավելագույնս նպատակամետ դիրք ու գայթակղիչ դասավորություն, բայց նույն խճաքարերը տարբեր համադրումներում նմանվում են այն գումարելիներին, որոնց տեղափոխությունից գումարը ոչ ավելանում է, ոչ պակասում: Իսկ մեր գումարը սկսել է սպառվել: Քաղաքականը, արտաքին քաղաքականն ու ֆինանսականը: Մեր խճապատկերը չի անվանվում, մենք մնում ենք տեղապտույտի մեր դիրքում՝ փորձելով առավելագույնը ստանալ՝ առանց շարժի: Գուցե դա նոր օրենք է ֆիզիկայում, երբ ոչ թե հարվածն է առաջացնում հակահարված, այլ հարվածի բացակայությունը ծնում է հակահարված: Եթե որևէ հայ ապացուցի, որ նման օրենք կա, Նոբելյան առաջին հայ մրցանակակիրը կդառնա: Բայց՝ ոչ քաղաքականության մեջ. քաղաքականության մեջ այդ օրենքը հայտնագործված է մեր թվարկությունից շատ ու շատ դարեր առաջ: Եվ ապացուցված է, և գործածված է, և շարունակում է գործել: Հայաստանի քաղաքական դաշտի հետընտրական հստակեցումը երկրորդ տարին է՝ չի ավարտվում, որովհետև քաղաքական ուժերը ընտրությունների ավարտի հաջորդ օրն արդեն սկսում են նախապատրաստվել նոր ընտրություններին: Դա ճիշտ է, ռացիոնալ ու խելամիտ: Ամբողջ աշխարհում, բայց ոչ Հայաստանում: Հայաստանում քաղաքական ուժերը նախ որոնում են հենարան (տանիք), ֆինանս (օլիգարխիկ), հետո նոր գաղափարներ, որ ինքնին թելադրվում են հենարանի ու ֆինանսի առկայությամբ, վերջում մտածում են անդամների մասին: Որպես կանոն, յուրաքանչյուր կուսակցություն համալրվում է միջին մակարդակի մի քանի օլիգարխներով: Նրանք կուսակցությունից կուսակցություն են թափառում ոչ սեփական մտքի հանկարծակի փայլատակումների պատճառով, որը թելադրում է մերժել ինչ-որ գաղափար կամ տարվել նոր գաղափարով: Նոր ու հին չկա: Կա անհրաժեշտություն ու անհրաժեշտություն չկա: Կան կուսակցականների խմբեր, ովքեր որոնում են հարմար կուսակցություն՝ դիտարկելով որպես աշխատանք, որը լավ վարձատրվում է, հրապարակային է, մի քանի տարում միջին հանրապետական մակարդակի հանրաճանաչություն ապահովում է, իսկ հետո՝ վարկանիշ ստեղծելով՝ կարող ես անցնել ինքնուրույն թռիչքի՝ փոխելով կուսակցությունն ու մտածելակերպը: Որպես կանոն՝ ընդդիմադիր դաշտի կուսակցականները փայլուն ինտեգրվում են իշխանական դաշտում: Լինում է նաև հակառակը, բայց՝ քիչ: Հասարակական գիտակցության մեջ դա չի պախարակվում, և՝ զարմանալի չէ, որ երիտասարդ ընդդիմադիրները հասուն տարիքում ներկայացնում են իշխանությունը: Հայաստանի քաղաքական դաշտը չի հստակվում նաև այն պատճառով, որ պետությունը չունի հստակ ու կայուն ինքնիշխանություն: Երբ անկախությունն ունի տարընթերցումներ, երբ անհրաժեշտ պահին ինքնիշխանությունը փոխում է սահմանները, օբյեկտիվորեն դժվար է գաղափարները իրականությանը համարժեք ձևակերպել: Նախ և առաջ Հայաստանն ունի գաղափարական ճգնաժամ, հետո՝ բոլոր ածանցյալ ճգնաժամերը: Իշխանական դաշտի, ընդդիմադիր (մեր պարագայում՝ ոչիշխանական) դաշտի: Տնտեսության, ֆինանսների, սոցիալական, մթնոլորտի ու այն ամենի, որի ամբողջությունը ձևավորում է պետություն, իսկ մասերն առանձին-առանձին կամ նպաստում, կամ խանգարում են ձևավորմանը:
Հոկտեմբերի 24-ին ոչիշխանական ուժերը հրավիրել են հերթական հանրահավաքը: Նախորդ հանրահավաքից հետո անցած ժամանակամիջոցը պիտի արդեն իսկ որոշակիացներ իրավիճակը: Այդպես էլ կանխատեսված էր, թեպետ ամեն ինչ չի բարձրաձայնվում, երբեմն ասվում է հակառակը, բայց 10-24-ի երկու շաբաթը իշխանության արձագանքը ստանալու ու հետագա քայլերը որոշակիացնելու համար էր:

Այլապես հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կար թե իշխանությանն անցանկալի, թե ոչիշխանության ակնկալած կրիտիկական զանգվածը, և բոլորովին պետք չէր այդքան մարդկանց նորից հավաքելու կազմակերպական-ֆինանսական ջանքերը ջուրը գցել: Ոչիշխանությունը փորձում էր ստանալ իշխանության հետ խոսելու մեկնարկային առավելություն՝ թիկունքում ունենալով լիքը հրապարակ: Ստացավ: ՈՒ՝ ի՞նչ: Դիրքային մարտերը շարունակվում են, ոչ ոք չի ցանկանում մոտենալ գնդակին, որովհետև չգիտի հարվածի ուղղությունը:
Իշխանությունը սառն արձագանքեց հանրահավաքին, առանձնապես չվախեցավ ու չզգուշացավ, հայտարարեց՝ հրապարակը ոչ թե ձեզ հետ է, այլ մեր դեմ է, մենք դա գիտենք ու գիտենք վաղուց, մենք հնարավորն անում ենք, որ պակասի ձեր հանրահավաքների ժողովուրդը: Երկրորդ արձագանքով իշխանությունն ասաց՝ կոնկրետացեք՝ ի՞նչ եք ուզում: Պաշտոննե՞ր, կոալիցիա՞, փո՞ղ: Երրորդ արձագանքով իշխանությունը հետաձգեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը շրջանառության մեջ դնելը, թեպետ նախկինում երբեք որոշակի ժամկետ չէր ասել. ընդամենն ասվել էր, որ հոկտեմբերի 15-ին կներկայացվի նախագահին: Այս կետում սկսվում է ամենահետաքրքիրը, որ մեր պարագայում դեժավյու է հիշեցնում: Ինչպես և գարնանը, երբ ոչիշխանությունը ապրիլի 28-ին խոստանում էր աշխարհացունց հանրահավաք, բայց հետաձգեց, որովհետև վարչապետ փոխվեց, և փոխվեց անակնկալ ու ոչիշխանությունը գերագույն հաճույքով իրեն վերապահեց վարչապետի փոփոխության դափնիները, հիմա էլ ոչիշխանությունը նույն հաճույքով հայտարարում է, որ իր աշխարհացունց հանրահավաքն արդեն տվել է առաջին արդյունքը՝ սահմանադրական բարեփոխումը հետաձգվեց: Հետաձգվեց մինչև փետրվար: Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում, եթե առողջ լինի (իսկ նա առողջ է), նորից կառաջադրի իր թեկնածությունը: Ընտրության արդյունքներին կարող եք չկասկածել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահելու ևս մեկ ժամկետ ունի: Ընտրության արդյունքներին վերստին չկասկածեք: Մի կասկածեք նաև, որ Նուրսուլթան Նազարբաևն է Ղազախստանի առաջին ու ցմահ նախագահը: ՈՒ այդ շրջապատում Հայաստանը փորձում է փոխե՞լ կառավարման մոդելն ու կիսանախագահական կառավարումից անցնել խորհրդարանականի՞: Հավելեք Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը Սահմանադրության փոփոխության հայեցակարգին: 2005-ին Վենետիկի հանձնաժողովը այդքան հեշտ ու արագ դրական եզրակացություն չտվեց, տասնյակ քննարկումներ ու վերապահումներ եղան, բանակցություններ ու փոփոխություններ՝ մինչև Վենետիկն «այո» ասաց, որովհետև այն ժամանակ Հայաստանը հայտարարում էր «Վերադարձ դեպի Եվրոպա», ու Եվրոպային պետք էր իր իրավապայմանագրային դաշտին համարժեք հիմնական օրենք, որը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կտար ասոցացվել Եվրամիությանն ու հետագայում անդամակցել: Հիմա իրավիճակ է փոխվել, և Սահմանադրության փոփոխությունը Վենետիկի հանձնաժողովի համար դարձել է Հայաստանը Եվրոպային կապելու ոսկելար, ուստի նրանք համաձայն են փոփոխության՝ հետագա փոփոխություններին ընդառաջ: Եվրոպայում քաղաքականությունն օգտագործվում է որպես նպատակ ու միջոց: Ասիայում քաղաքականությունը մնացել է դագանակի և իշխելու միջոցի կարգավիճակում: Պարզ է, որ Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությանը դեմ էր լինելու: Նախ և առաջ՝ սեփական շահերից ելնելով: Օրինակը կարող է վարակիչ դառնալ՝ մեկ, և երկու՝ պետական կառավարման տարբեր մոդելներ ԵԱՏՄ-ում չպետք է լինեն: Որևէ տեղ այս օրենքը գրված չէ ու չի գրվելու երբևէ: Բայց սա այն չգրված օրենքներից է, որոնք կառավարում են աշխարհն ու ավելի զորեղ են գրված օրենքներից, որոնք հնարավոր է անպատիժ խախտել ու շրջանցել: Դուք դեռ ուզում եք իմանալ՝ ինչու որոշ կուսակցություններ, որ նախկինում ուզում էին Սահմանադրությունը փոխել, հանկարծ հասկացան, որ դա Հայաստանին պետք չէ: Իշխանությունը փայլուն ու անարյուն լուծում էր գտել ինքնավերարտադրման. գործող նախագահը առաջին իսկ օրից ասաց, որ Սահմանադրության փոփոխությունից հետո չի առաջադրվելու նախագահ, ոչ էլ ցանկանում է վարչապետ լինել: Առաջին պահ ընկալվեց, որ նա առաջարկում է նախկին նախագահներին իր հետ գեղեցիկ հեռանալ: Բայց նրանք նման ցանկություն չդրսևորեցին: Իրականում Սերժ Սարգսյանը չի ասել, որ ինքը չի դառնա ԱԺ նախագահ, որը խորհրդարանական կառավարման և ՀՀԿ-ի նախագահ լինելու պարագայում նրա ձեռքում է թողնում իշխանությունը՝ իր նշանակած վարչապետի առկայությամբ: Եվ քայլ առաջ է ժողովրդավարության ճանապարհին, և Եվրոպան է գնահատում Հայաստանի քայլերը, և ինքը ոչինչ չի կորցնում: Նա Ռուսաստանի գործոնը չէր անտեսել, Ռուսաստանը սովորաբար ոչ իր, ոչ իր սատելիտների պարագայում քաղաքական երկարաժամկետ նախագծեր չի կազմում՝ «Ժամանակը կգա, կորոշենք» սկզբունքով, իսկ մինչև 2017-2018-ի ընտրությունները ծով ժամանակ կա: Ռուսաստանը կարող է համաձայնել, կարող է՝ ոչ, նայած մինչ այդ իր ցանկացած քաղաքական ուժը Հայաստանում կձևավորի, թե ոչ: Բայց հիմա Ռուսաստանն իր անհետաձգելի խնդիրներն ունի՝ տնտեսության ստագնացիայի մասին չի խոսվում խուճապ չառաջացնելու համար: Առանց պատժամիջոցների էլ տնտեսությունը նախատեսված աճը չէր ապահովում, պատժամիջոցների պատճառով արդեն սպառված են զարգացման հիմնադրամներն ու պահուստային միջոցները: Որքան կտևի գերտերության մեծ բլեֆը նավթի գնի անկման համապատկերում՝ ժամանակի հարց է: Հայաստանը չունի քաղաքական կամք ու խիզախություն, որ Սահմանադրություն փոխի՝ անգամ թուլացած Ռուսաստանի պարագայում: Ոչիշխանական ուժերի հանրահավաքային ալիքին զուգահեռ՝ Հայաստանին զգուշացնելու շատ որոշակի քայլ էր ռուսական ռազմաբազայում տեղակայված ռուսական զորքերի չնախատեսված զորավարժությունների անցկացումը՝ առաջին անգամ առանց հայկական բանակի: Համենայն դեպս: Իսկ եթե դա էլ չհասկանանք, ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքը կարող է բացատրել մեր չհասկացածը՝ հինգ միլիարդ դոլարի զենքի վաճառքի պայմանագրով: Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆաթ Ասքերովն էլ պարզ բացատրեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար Ղարաբաղը չի կարող առևտրի միջոց լինել, իրենցն է ու իրենցը, իրենց ունեցածով հո առևտուր չեն անելու:
Ի՞նչ է լինելու հոկտեմբերի 24-ին՝ հոկտեմբերի 10-ի հետհանրահավաքային իրադարձությունների համապատկերում: Լևոն Տեր-Պետրոսյանն ասելիքն ասել է ու ասել է, որ առաջարկներ, ուլտիմատումներ իշխանությանը չեն լինելու, թող իշխանությունը առաջարկ ներկայացնի: Նա կխոսի իբրև Շարժման գաղափարական առաջնորդ ու հիմնականում կասի՝ ինչ ասել է, մի քանի նրբագիծ հավելելով: Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ին, ինչպես խոստացել էր, պիտի ելույթ ունենա ու ասի հիմնականը: Ո՞րն է ԲՀԿ-ի «հիմնականը»: Դատելով այլ ԲՀԿ-ականների խոսքերից՝ իշխանափոխությունը: Այո, իշխանափոխություն, բայց՝ ե՞րբ: Գագիկ Ծառուկյանը հաստատապես շատ կցանկանա, որ հիմա, բայց նա չի կարող սահմանել մի ժամկետ, որ իրենից կախված չէ: Դա օբյեկտիվ իրականություն է, որտեղից ոչ մի տեղ չես փախչի: Ի՞նչ կլինի հոկտեմբերի 24-ից հետո: Բազում հանրահավաքների միջով անցած Վազգեն Մանուկյանն ասում է՝ ոչինչ: Իրենք իրենց խնդիրները կլուծեն մինչև հերթական ընտրություններ: ՈՒ դա հենց այն իրավիճակն է, որի պատճառով Հայաստանի քաղաքական դաշտի խճանկարը չի հավաքվում, մինչդեռ հարևան պետություններում վաղուց անցել են քաղաքական ու տնտեսական նոր մակարդակների, մենք շարունակում ենք անկախությունից հետո անցումային շրջանը, բայց այդպես էլ չպարզեցինք՝ դեպի ո՞ւր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Պատահական չէ, որ հետհանրահավաքային քննարկումների մեխը դարձել է «Ժառանգությունը»` դուրս կգա՞ն, կմնա՞ն: Րաֆֆի Հովհաննիսյանը իր հայտարարությունից հետո ի՞նչ կանի, կգա՞, չի՞ գա հանրահավաքի, «Ժառանգությունը» կտրոհվի՞ իր ռուսամետների ու արևմտամետների միջև, թե՞ դեռ կձգի: Ինչպե՞ս է այլևս ԵԱՏՄ անդամ Հայաստանի քաղաքական ուժը հակաԵԱՏՄական ելույթներ ունենում՝ ջղաձգվում ի հեճուկս ոչիշխանական գործընկերների: Սրանք շատ կարևոր հարցեր են: Իսկապես կարևոր: Բայց ինչպես միշտ՝ մենք երկրորդականը գլխավորից գերակայում ենք, գուցե այդ պատճառով ենք այս վիճակում:

Դիտվել է՝ 1371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ