Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս

Չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս
21.10.2014 | 12:25

Վերնագրիս միտքը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է արտահայտել ս.թ. հունիսին «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանների տարածքներում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ երևանյան թերթերից մեկին տված հարցազրույցում: Անշուշտ, երիցս ճիշտ է նախարարը, քանզի ամեն ինչում, առավել ևս պատմամշակութային արժեքների հարցում, չափի զգացումը, չափավոր լինելը ոչ միայն կարևոր են, այլև խիստ անհրաժեշտ ու բարոյական չափանիշ:
Սակայն, ինչպես հաճախ պատահում է կյանքում, չափի զգացումը և չափավոր լինելը, ցավոք, ոչ միայն ոտնահարվում են, այլև անիմաստ փորձեր են արվում աչքակապությամբ դրանք օրինականացնելու պատրանք ստեղծելու համար:
«Զվարթնոց» թանգարանում ս.թ. հունիսի 7-ին տեղի ունեցած հարսանյաց արարողության, ապա հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության, ինչպես նաև հունիսի 18-ին «Գառնի» թանգարանում ՀՀ Կենտրոնական բանկի, վարձակալական հիմունքներով անմիջապես հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում, այսպես որակված, «փակ» կամ «կորպորատիվ» միջոցառումները իրավամբ հունից հանեցին մտավորականությանն ու հասարակայնության լայն շրջանակներին: Ինչո՞ւ, ի՞նչ է եղել, արդյո՞ք այն ուղղորդված է, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք, կամ էլ փորձ է արվում հանիրավի վարկաբեկելու այդ բնագավառի պատասխանատուներին: Իմ խորին համոզմամբ` ո՛չ և ամենևին: Ամենևին, որովհետև դրա հիմնական աղբյուրը հենց այդ բնագավառի պատասխանատուների իրարամերժ ու հակասական արտահայտություններն են, քանզի «Զվարթնոցն» այդ երկու միջոցառումների ժամանակ նմանվել էր քոչվոր ցեղախմբերի վրանային ճամբարի: Հանգամանք, որի վերաբերյալ թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակեցին բազմաթիվ հոդվածներ, հեռուստաընկերությունները կազմակերպեցին մի շարք քննարկումներ: Եվ ինչ անտեղի լուտանքներ ու մեղադրանքներ հնչեցին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և մշակույթի նախարարության հասցեին: Վերջիններիս կողմից հնչեցին նաև արդարացումներ, որ հուշարձանների այդպիսի վարձակալական գործառույթը թույլատրելի է ՀՀ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման» (հոդված 38, 39), ՀՀ «Պետական ոչառևտրային կազմակերպությունների մասին» (5-րդ հոդվածի 3-րդ կետ) օրենքների, ինչպես և ՊՈԱԿ-ի կանոնադրության 15-րդ կետով: Հիշյալ օրենքների համապատասխան հոդվածները հստակորեն նախանշում են թե՛ հուշարձանների օգտագործման, թե՛ վարձակալության տալու խնդիրները: Հարցն այստեղ գործող օրենքների պահանջները հասկանալու, կիրառելու և մեկնաբանելու մեջ է, ինչը, ցավոք, շրջանցվում և անհարկի շահարկումների առարկա է դառնում: Քանզի, ինչպես հայտնի է, «Զվարթնոցի» տաճարը իր ամբողջությամբ չվերականգնված հուշարձան է, բնականաբար, իր նախնական նշանակությամբ չի օգտագործվում: Այն, ինչպես հուշարձանների պահպանության մայր օրենքն է հստակորեն պահանջում, կարող է «բացառապես գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով օգտագործվել»: Այնպես որ, «Զվարթնոցում» ՊՈԱԿ-ի կողմից թույլատրված և ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված վերոնշյալ միջոցառումները, որոնք չեն տեղավորվում նույնիսկ տարրական տրամաբանության շրջանակում, ոչ մի կապ չունեն օրենքի պահանջների հետ, ՊՈԱԿ-ի մեկնաբանությունները, մեղմ ասած, օրենքի պահանջները յուրովի հասկանալու և մեկնաբանելու, ինչ-որ շահերի սպասարկու լինելու դրսևորումներ են: Անիմաստ արդարացումներ ու պաշտպանության կռվաններ են նաև ՊՈԱԿ-ի այն պնդումները, թե վարձակալությունից առաջացած 700 հազար դրամով նորոգվել են «Զվարթնոց» թանգարանի սանհանգույցները կամ մեկ այլ աշխատանք է կատարվել: Այստեղ նշենք, որ ինչպես «Զվարթնոցի», այնպես էլ «Գառնիի» թանգարանային մուտքի տոմսերի վաճառքից ամեն տարի գոյանում է բավականաչափ գումար, որի չնչին մասն է միայն ներդրվում այդ հուշարձանների պահպանության խնդիրների` լուծման կամ էլ աշխատակիցների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար: Օրինակ, «Զվարթնոց» թանգարանը վերջին 8-10 տարիներին ունենում է 4-8, իսկ Գառնին` 60-90 միլիոնի հասնող գումարներ: Ընդ որում, Գառնին առայսօր չունի ո՛չ թանգարանային, ո՛չ էլ 10-15 աշխատակիցների համար աշխատանքային շենքեր: Այնպես որ, ամեն տարի ՊՈԱԿ-ին ամենաշատ գումար բերող «Գառնիի» աշխատակիցները տարիներ շարունակ կծկվում-ծվարում են համալիրի այս կամ այն պատի ու ծառերի տակ:
Ս.թ. հունիսին «Զվարթնոցում» և «Գառնիում» տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումների լույսի ներքո լրատվամիջոցներն անդրադարձան նաև «Զվարթնոցում» 2011 թ. մայիսի 25-ին` երեկոյան ժամը 19-ին, Երևանի HSBC բանկի 15-ամյակին նվիրված, այսպես կոչված, միջոցառմանը: Կայքերում տեղադրվեցին նաև այդ միջոցառման համար հուշարձանում տեղադրված մետաղական կարկասների փաստագրական լուսանկարներ: Մինչ այդ նշենք, որ 2012 թ. հոկտեմբերի սկզբներին «Blognews» համացանցային կայքում տեղադրվել էր Արա Ասլանյանի հեղինակած մի տեսանյութ, ուր մատնանշվում էին բանկի միջոցառման տեխնիկական ձևավորումն իրականացրած «Շարմ Հոլդինգի» կողմից անմիջապես հուշարձանի պատերի մեջ մետաղական կոնստրուկցիաների ամրացումների համար խփված, ապա ապամոնտաժումից հետո կտրված ու պատերի մեջ թողնված մետաղական ձողերը: ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջը, անմիջապես արձագանքելով այդ տեսանյութին, 2012 թ. հոկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացնում է, որ վերոնշյալ «կայքում խեղաթյուրված է ներկայացվել «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նախորդ տարի կազմակերպված մի միջոցառման փաստը… Տեղեկացնում ենք ձեզ, որ տաճարի ներսում մետաղական ամրակներ այդ օրը չեն ամրացվել: Դրանք եղել են շարժական մետաղական կարկասներ, որոնք դրսի հատվածում ամրացվել են ասֆալտին» (տե՛ս http://hushardzan.am/2115/):
Այնուհետև ՊՈԱԿ-ը մի քանի օր անց` 2012 թ.-ի հոկտեմբերի 18-ին իր կայքէջում տեղադրած «Պարզաբանում «Զվարթնոցի» շուրջ բարձրացված աղմուկի առիթով» հաղորդման մեջ վերստին պաշտոնապես արձանագրել է. «ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը հոկտեմբերի 15-ին եղել է հնավայրի տարածքում, ուսումնասիրել խնդրո առարկա հատվածները։ Արձանագրվել է, որ տաճարի աստիճանաձև հիմքի երկրորդ շարի՝ թերի վիճակում պահպանված հիմնաքարերից մեկի կենտրոնում առկա է երկաթե խողովակի մնացորդ, որը ձեռք տալուն պես անմիջապես անջատվել է քարից։ Վերջինս ամրացվել է քարի կենտրոնում (վերականգնող ճարտարապետներ՝ Լ. Սադոյան և Թ. Գևորգյան) 1990-ական թթ. հուշարձանի տարածքում կատարված վերականգնման աշխատանքների ժամանակ՝ անջատված բեկորները հիմնաքարին ամրացնելու նկատառումով»։
ՊՈԱԿ-ի վերոնշյալ հերքող տեղեկատվությունը ակնհայտորեն իրականության խեղաթյուրում է, մեղքի ու պատասխանատվության պարտակում, որը դուրս է նորմալ տրամաբանության շրջանակներից, քանզի հիշյալ աշխատանքային խումբը, մեղմ ասած, անպատասխանատվության դրսևորմամբ շրջանցել է համացանցում Ա. Ասլանյանի տեղադրած տեսանյութի մատնացույց անող բուն նյութի հարցում-պահանջները և կազմել մի եզրակացություն, որի մեջ ո՛չ ճշմարտություն, ո՛չ էլ միտք կա:
Ընդգծենք միայն այն, որ 2011 թ. մայիսի 25-ին «Զվարթնոցում» HSBC բանկի 15-ամյակին նվիրված միջոցառման տեխնիկական կապալառու «Շարմ Հոլդինգի» հետ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Պողոսյանի կնքած վարձակալական պայմանագիրը կնքվել է մայիսի 19-ին և, ըստ պայմանագրի ու կապալառուի պաշտոնական նամակի, միջոցառումն էլ պետք է տեղի ունենար «Զվարթնոցի» թանգարանային սրահում, ուր կարող է տեղավորվել ոչ ավելի, քան 40-50 մարդ: Սա միջոցառման, այսպես ասած, պաշտոնական-փաստաթղթային մասն է: Իրականում միջոցառումը կազմակերպվել էր ոչ ավելի-ոչ պակաս հենց տաճարում, ինչը ոչ միայն անթույլատրելի է, այլև սուրբ տաճարի «էլիտար» պղծում. մետաղական կարկասների ամրությունների ապահովման համար տարբեր տրամաչափերի ձողերը, առանց պահպանական միջոցների օգտագործման, անմիջապես խփվել էին տաճարի պատերի մեջ և դրանց եռակցվել մետաղական զանազան կարկասները: Այսպիսով, տաճարը թե՛ ֆիզիկապես, և թե՛ բարոյապես ենթարկվել էր անարգանքի ու նսեմացման: Ստորև, առանց լրացուցիչ մեկնաբանությունների, ներկայացնենք համացանցի կայքերում տեղադրված վերոնշյալ միջոցառման մետաղական կարկասների ապամոնտաժման փաստավավերագրական լուսանկարները, որոնք մինչ այդ էլ քաջածանոթ էին ՊՈԱԿ-ին:
Մշակույթի նախարար Հ. Պողոսյանը, անդրադառնալով «Զվարթնոցում» և «Գառնիում» հունիսին տեղի ունեցած վերոնշյալ միջոցառումներին, հուլիսի 4-ին, թերթերից մեկի հետ հարցազրույցում իրավացիորեն նշում է. «Կոնկրետ մշակույթի նախարարության համապատասխան մեղքը կա, որ պայմանագրային կետերը չեն վերահսկել, և թեթև կառույց է տեղադրվել հուշարձանի տարածքում: Չնայած հուշարձանին վնաս չի հասցվել, այնուհանդերձ, ստեղծվել է մի իրավիճակ, որը չպետք է ստեղծվեր: Համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել, թեպետ կարող են ասել, որ մշակույթի նախարարն է եղել այդ գործընթացի կենտրոնում… պայմանագրերը նրանք են կնքում, ոչ թե անձամբ մշակույթի նախարարը: Մի բան հստակ է` ով ուզում է լինի, հուշարձանի հանդեպ պետք է հարգալից վերաբերմունք դրսևորի: Ես ամենևին չեմ ուզում պատասխանատվությունը նախարարության վրայից գցել… ՈՒղղակի բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն և չափը չանցնենք հուշարձանը օգտագործելու մեջ»:
Այնուամենայնիվ հարց է առաջանում, թե հուշարձանների վարձակալական օգտագործման համար, ի վերջո, ո՞վ պետք է չափը չանցնի` թույլտվություն կամ համաձայնություն տվո՞ղը, թե՞ թույլտվություն ստացողը։ Փաստենք, որ մինչև 2011 թվականն էլ թե՛ «Գառնիում», թե՛ «Զվարթնոցում» տեղի են ունեցել մի շարք մեծ ու փոքր միջոցառումներ, համերգներ, պարերի ու տարազի ցուցադրություններ, կրոնական արարողություններ, Թ. Թորամանյանի անվան հուշամեդալի հանձնման, հանդիպումների արարողություններ, զանազան տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների նկարահանումներ և այլն, որոնք երբևէ չեն հարուցել հանրության զայրույթը, քանզի հուշարձանի օգտագործման գործում «չափը չեն անցել»:
Ահա հենց այդ չափն անցնելու վերաբերյալ բուռն քննարկումների ժամանակ էր, որ հեռուստաընկերությունների էկրաններից հնչեցին և գրավոր լրատվամիջոցների էջերում տեղ գտան բարոյապես անընդունելի շատ վիրավորանքներ ու կարծիքներ:
ՊՈԱԿ-ի «Գառնի» թանգարանը 2011 թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման Մելինա Մերկուրիի մրցանակին»: Ըստ տնօրեն Վ. Պողոսյանի` այդ մրցանակի «տրամադրած 15000 դոլարը նախատեսվում է ներդնել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի հետագա զարգացման նախագծերի իրագործման մեջ»: Անցել է արդեն 3 տարի, և ՊՈԱԿ-ի տարեկան հաշվետվություններում այդ մասին ոչինչ փաստագրված չէ: Այդ պատճառով էլ համացանցի կայքէջերում հարցումներ են ուղղվում ՊՈԱԿ-ին` այդ մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Կարծում եմ` անհրաժեշտություն կա պարզաբանելու, թե ե՞րբ և ինչի՞ համար են ծախսվել (կամ առայսօր ինչո՞ւ չեն ծախսվել) մրցանակի գումարները, մանավանդ որ «Գառնիում» պահպանության խնդիրների «հետագա զարգացման նախագծերի» թվում հրատապ է համալիրի բաղնիքի և դրա խճանկարի նորոգման հարցը: Էլ չենք խոսում այն մասին, որ առանց այդ մրցանակի գումարի էլ, եթե հենց միայն ամեն տարի «Գառնի» թանգարանի ՊՈԱԿ մուտքագրված տոմսերի վաճառքի վերջին տարիների 60-90 միլիոն դրամի 10-20 տոկոսը հատկացվեր «Գառնիին», ապա վաղուց կառուցված կլինեին թե՛ թանգարանի, թե՛ աշխատակիցների աշխատատեղերի շենքերը: Այդ առիթով փաստենք նաև այն, որ թանգարանի շենքի կառուցման, ինչպես նաև բաղնիքի վերանորոգման նախագծերը կատարվել են դեռևս 1981-1984 թթ.` ճարտարապետ Համլետ Խաչատրյանի կողմից: ՊՈԱԿ-ը 2013 թ. այս նախագծերից անդրադարձել է թանգարանի նախագծին և որոշ սրբագրման աշխատանքներ կատարել, ուստի հուսանք, որ առաջիկա տարիներին այն կյանքի կկոչվի:
Այստեղ հավելենք նաև այն, որ այդ միջազգային մրցանակը, որին Հայաստանից առայժմ արժանացել է միայն «Գառնին», տրվում է աշխարհի գեղատեսիլ պատմամշակութային բնապատկերը պահպանելու ու չձևափոխելու և այն հաջորդ սերունդներին անխաթար փոխանցելու համար: Մինչդեռ Գառնիի` միջազգային ճանաչում գտած այդ վարկանիշը խելացիորեն և քայլ առ քայլ ամրապնդելու փոխարեն ՀՀ մշակույթի նախարարությունը և նրա ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ը 2011-2013 թթ. ձեռնամուխ եղան Գառնիի միջնադարյան կամրջի նորոգմանը և անմիջապես թանգարանային համալիրում, այսպես ասած, «պիլոտային սրճարան» տեղադրելու աշխատանքներին, որոնք, բնականաբար, հանդիպեցին մտավորականության և հասարակայնության լայն շրջանակների արդարացի զայրույթին: Ընդ որում, Գառնիի կամուրջը թե՛ իր պահպանվածությամբ, թե՛ գործառնական նշանակությամբ շտապ կարգով նորոգման կարիք այնքան էլ չուներ: Արդյունքում էլ այն, մի շարք աղավաղումներով, չգիտես նորոգվե՞ց, վերակառուցվե՞ց, թե՞ վերականգնվեց։
Ինչ վերաբերում է «Գառնիի» սրճարանի խնդրին, ապա, իմ խորին համոզմամբ, մեր հուշարձաններն ունեն նմանատիպ կառույց-ծառայությունների անհրաժեշտությունը, սակայն դրանք չպետք է խաթարեն հուշարձանների դերն ու նշանակությունը և առաջնային դիրք ու նշանակություն ունենան հուշարձանների համալիրներում: «Գառնիի» պարագայում` այն պատճառաբանությունները, որոնք բերում են մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի պաշտոնյաները (զբոսաշրջիկներին մի բաժակ թեյ կամ սուրճ, զովացուցիչ ջրեր կամ հյութեր հրամցնելը), կարծում եմ` անհամոզիչ ու անհիմն են, քանզի այդ ամենը, մասնավորապես Գառնիում, կարելի է կազմակերպել Գառնիի մուտքից մինչև տաճարի հրապարակը հասնող, շուրջ 270 մ անցուղու ձախ կողմում` այդ նպատակներով 4-5 ինքնասպասարկող ավտոմատ սարքավորումների տեղադրմամբ, որոնք կունենան համալիրի պատմաճարտարապետական ոճին հարիր մի քանի տեղանոց սեղան-աթոռներ` հովանոցներով: Այսպիսի կամ նմանօրինակ լուծումներն ամենևին վնաս չեն կարող պատճառել համալիրին և ավելորդ խոսակցությունների տեղիք չեն տա:
Եթե վերոնշյալ փաստերն ի մի բերենք, ապա, ուզես թե չուզես, հիշում ես ժողովրդական իմաստուն խոսքը` ամենավտանգավոր բանը աչքակապությամբ կամ քողարկված խարդավանքներով գործելն է։ Կամ էլ` իսկապես եկեք չափը չանցնենք հուշարձաններն օգտագործելիս։


Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ