Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ վարչապետի հանդիպումները Թեհրանում

ՀՀ վարչապետի հանդիպումները Թեհրանում
21.10.2014 | 13:00

Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիին: «Այսօր կարելի է փաստել, որ հայ - իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում»,- ասել է Աբրահամյանը՝ համոզված, որ երկու երկրների համագործակցությունը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդմանը:
Ջահանգիրին նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զիջում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակին, և վստահություն է հայտնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը: Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության զարգացման, հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացման ընթացքին և դրանց հեռանկարներին: Աբրահամյանը Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
Հանդիպմանը հաջորդել է Իրանի փոխնախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարությունը լրատվամիջոցների համար:
Նույն օրը Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, քննարկվել են տարածաշրջանային խնդիրները և երկկողմ համագործակցությունը, կարևորվել է տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:
«Հայաստանում բարձր են գնահատում ԻԻՀ-ի հետ սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հիմքերի վրա»,- հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ:
«Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների բարեկամական և գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,- նշել է Աբրահամյանը:
Հասան Ռուհանին ասել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական նախաձեռնություններին, համատեղ ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները կարևորել են էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դեր: Աբրահամյանը նաև ընդգծել է, որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին. վարչապետը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:
Հովիկ Աբրահամյանը Հասան Ռուհանիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Իրանի նախագահը Հայաստանի նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել իր ջերմ բարեմաղթանքները:
«Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հանդիպումը»,- գրել է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում Իրանի նախագահը, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին, նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունների ապագան լուսավոր է և հավելել. «Թեհրանն ու Երևանը շատ լավ հարաբերություններ ունեն. իրանահայերը խաղաղ գոյակցում են մուսուլմանների հետ: Մենք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարցերի շուրջ լավ համագործակցություն ունենք. Իրանը բարձր է գնահատում Հայաստանի դրական դիրքորոշումն ու կեցվածքը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ, անդրադառնալով երկու երկրների պատմական և բարիդրացիական հարաբերություններին, նշել է, որ Հայաստանը պատրաստ է քաղաքական և տնտեսական ոլորտներում ակտիվորեն համագործակցել Իրանի հետ: Հայաստանի վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել Իրանի կառավարության և ժողովրդի՝ իրանահայերի հանդեպ ունեցած վերաբերմունքը և ԻԻՀ նախագահին հրավիրել է Հայաստան:
ՀՀ վարչապետին ուղեկցում են էներգետիկայի և բնական պաշարների, գյուղատնտեսության, ֆինանսների, բնապահպանության, մշակույթի և սփյուռքի նախարարները:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ