Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դու քեզ ու քո ժողովրդի արմատին նայիր

Դու քեզ ու քո ժողովրդի արմատին նայիր
21.10.2014 | 13:22

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Գիրք, որի էջերից համակ սեր ու հավատ է ճառագում

Արա Բերքյանը գերմանա-հայկական ընկերության հոգին էր։ Նա էր կատարում բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ կանոնադրության նախագծից մինչև Մայնցի միությունների ցանկում գրանցելը։ Նաև նոր հիմնադրված «Հայ-գերմանական թղթակցության» խմբագրի պաշտոնում բազում հոդվածներ հրապարակեց, կազմակերպեց հայ արվեստին նվիրված ցուցահանդեսներ, եղավ դրանց թարգմանն ու բանախոսը։
Բերքյանը հայկական տեղեկատու բյուրո էր։


Ֆրիդրիխ ՀԱՅԵՐ
դոկտոր, պրոֆեսոր

Եթե ողջ լիներ, գուցե այլ խոհով ու խորհով, այլ մի ժպիտով ասեր՝ այս գրքում դուք եք, սիրելի՛ մարդիկ, սիրելի՛ ժողովուրդ, մենք ենք, ձեր մեջ, ձեզ հետ մի քիչ էլ ես կամ։ Չէ՛, սփյուռքահայ անվանի հայագետ, արվեստաբան, ճարտարապետության և ճարտարագիտության դոկտոր, հասարակական անվանի գործիչ, Հայաստանով ու հայությամբ շնչող, Արցախով զինված, Շուշիով, իր հեռավոր Շուշիո՜վ տարված, Շուշիին մինչև ականջները սիրահարված Արա Բերքյան, դու երբեք չէիր շեշտի քո անձը, չէիր ասի՝ ես, ես կամ, ես արեցի, ես գրեցի, անգամ դու քեզնից թաքուն, քո ներսում սեր չէիր խոստովանի, քո մայրենիին ու գրին չէիր ասի, որ այս գրքի առանցքը դու ես, որ որոնման, տքնանքի, բերկրանքի, տառապանքի, հպարտության բոլոր կամուրջները կառուցվել են քո նվիրում-գետի վրա ու հիմա, երբ խաղաղվել է հոգիդ, մենք ենք տեսնում, որ բոլոր ճանապարհները՝ լցված սիրով ու երախտիքով, տանում են մի աշխարհ, որ կարելի է կոչել Արա Բերքյանի հովիտ, եզերք, ավելի ճիշտ, Լյուդվիգ Կարապետյանի լեզվով՝ մոլորակ, և ոչ միայն մանկության մոլորակ։ Կիլիկյան հինարմատ-իշխանածագմամբ, Բեյրութում հայեցիությամբ լեփլեցունված, ընտիր հայերենին գումարած արաբերենը, ֆրանսերենը, անգլերենը, գերմաներեն ոչ մի բառ չիմացող ու ոչ մի ծանոթ, մտերիմ, հարազատ չունեցող Արան, ասես, չթողեց, որ ոչ մեկը չհասկանա, որ ինքը գերմաներեն չգիտի։ Նպատակներ ուներ։ Դրա համար է բարձրագույն կրթություն ստանում Գերմանիայում։ Նախ՝ հրաժարվեց Բիլեզիկյան ազգանունից, դարձավ Բերքյան, Արա Բերքյան՝ ասաց մտքում, ապա լսելի, շշուկով, ապա բարձրաձայն՝ ասես հեռո՜ւ հեռվից ինքն իրեն է կանչում՝ Ա-րա՜, Արա Բերքյա՜ն։ Բանաստեղծ չէր, բայց բանաստեղծում էր. թող էնքան ձգտի, հաղթահարի ամեն դժվարություն, մի լավ գործ անի հայության համար, և ոչ միայն հայության, որ նաև օտարներն իր անունը տան։ Անունն ասելու հետ լավ ու լավ բաներ էր մտածում։ Բայց երբեք մտքով անց չէր կացնում, որ բերքակալելու է՝ ազնիվ ճյուղերը տարածելով հայագիտության, ճարտարապետության և այլ բնագավառներում, սիրելի և փնտրված անուն է դառնալու և՛ Գերմանիայում, և՛ սփյուռքահայ տարբեր գաղթօջախներում։ Մի բան շուտ է հասկացել, որ առանց Հայաստանի հետ ամուր կապերի դժվար թե Սփյուռքը հասնի իր ուզածին։ Եվ ինքը, որ դեռ չի եղել մայր հայրենիքում, համոզված է, որ չի հասնի իր ձգտածին... Խաղաղ մարդ էր Արան, միշտ մտմտում էր։ Նրա ուղեղը հանգիստ չուներ։ Ինքն իրեն հույս էր տալիս, ոգևորում, խթանում։ Սկսել ես, ուժեղ ու բարի եղիր՝ շարունակիր։ Ահռելի բանիմացությամբ, գիտելիքների լի՜քը-լիքը պաշարներով, ճշմարտության զինվորագրյալն ինչ ու ինչեր կարող է անել։ Խաղաղ Արան, բարի Արան ուրիշ էր դառնում, երբ հանդիպում էր կեղծիքների և կեղծարարների։ ՈՒր էլ լինեն, ովքեր էլ լինեն։ Քանի՜ -քանի վայ-վարձկան գիտնական կոչվածների է արժանացրել արիական ու արական խիստ պատժի։ Լիզա Բերքյան-Աբրահամյանը ջանացել է, որ Հայաստանում տպագրվող առաջին գիրքն իր Արա Բերքյանի սրտով լինի։ Կարող եմ վստահորեն ասել, որ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում՝ սիրելի Հասմիկ Կարապետյանի ղեկավարած սիրո էս տաղավարում, իշխում էր ջերմ մթնոլորտ, ասես ցուրտ ձմռանը մրսած մարմինդ հանձնես անտառում արած կրակին։ Գիրքը կրակ էր հիշեցնում՝ տա՜ք-տաք էր՝ մի երկու ժամ առաջ են բերել տպարանից, բուրում էր թոնրից նոր հանած լավաշհացի նման։ Գեղարոտի Աբրահամյան ընտանիքը ոչինչ չէր խնայել իր Լիզայի գիրքը, իր Արայի գիրքը, գրքի համը բոլոր մասնակիցներին հասցնելու։ Ե՛վ տխուր էին, և՛ հուզված, և՛ ուրախ։ Ամենից հուզվածը, բնական է, Լիզան է, որը մտահղացել, խնամքով առաջաբանել, գերմաներենից կատարել է անհրաժեշտ թարգմանությունները և էդ ամենը՝ նրբորեն էնքա՜ն նվիրական, սրբորեն էնքա՜ն երկյուղով...
Ճանաչել եմ Արային (գիրքը տեսնել-կարդալուց հետո՝ առավել), հիացած եմ Լիզայի նվիրումով, դրա համար ինձ իրավունք եմ վերապահում մտերմիկ ասելու՝ սիրելի՛ Լիզա, գիտեմ, որ Արայի շեն ու հարուստ օջախ հիշեցնող արխիվը գուրգուրում ես որպես չեկած զավակի ու շուտ հեռացած ամուսնու։ Աստված թող քեզ էնքան ուժ ու եռանդ տա, որ կարողանաս հայրենիք ուղարկել «մեր մեծ հերկի ազնիվ մշակ» Արա Բերքյանի ազնիվ քրտինքով ամբարած հարստությունը, որը կոչվում է անձնական արխիվ, ընտանեկան արխիվ, որը կոչվում է գիրք, ապրած կյանքի ցել ու ակոս, որը կոչվում է մարդ։ Ինձ ես ասել՝ Արայի հարուստ արխիվը, գրադարանն են ինձ փրկում-պահում Գերմանիայում։ Մի օր արխիվի հետ, գրքերի հետ ես էլ կգամ ու Աստծո տված մնացած կյանքս կշարունակեմ Արայի արխիվի ու գրքերի հետ... Ես էլ գործ ունեմ։ Հայրական տնից մինչև Երևան գործ ունեմ։ Տարբեր շրջաններում մտերիմներ ունեմ։ Կա՞ն, չկա՞ն, ովքե՞ր են մնացել Հայաստանում, ովքեր են... Գիտեմ, նրանցից զոհվել են նաև մեր պատերազմում։ Ամեն մարդ իր ճակատի գիրը թող գիրք դարձնի։
Ինչ ասեմ իմ սիրելի Լիզային։ Հո երեխա չէ, հո մոլորված չէ, որ խորհուրդ տամ։ Գլուխը լիքը խելք էր, Արան էլ բոլ-բոլ լցրել էր։ Քանի՞ գիրք կարող ես քամել արխիվից, արդեն քաղցր հուշերից։ Արա Բերքյան ճարտարապետի, մարդու հայրենասերի կերպարը քեզ հանգիստ չի տալու։ Էս գրքից, անկեղծ լինեմ, մեղրաքամի օրվա համտեսություն առա, անուշ գվվոց լսեցի։ Օրը դարձավ թափանցիկ, երկինքը՝ կապո՜ւյտ, երգեցիկ։ Ասես երազում, Գերմանիայի երկինքն եկա՜վ, եկավ, իր գույները բերեց-խառնեց Լիզայի Արագած սարի բլդբլդացող աղբրաջինջ երկինքներին։ Ջուրը ջուր խմեց։ Որոնված, եզակի մարդու կերպար է Արա Բերքյանը և, բնականաբար, զարմանալի անկեղծ և իմաստուն մարդկանց նամակներով է հարուստ նրա գիրքը։ Արան սիրում էր նամակներ գրել, սիրում էր ստանալ, մտորել, ապա պատասխանել։ Արա Բերքյանի Կենսագրությունը, ասել է ապրած կյանքը, ինքն ասում էր ծնողների կյանքի շարունակությունն է։ Թե չէ՝ սա իմ կյանքն է, սա հորս կյանքն է... Քարտեզին նայիր։ Որտե՞ղ են ծնվել պապերդ, ո՞ր բարբառով են բարբառել։ Դու աշխարհ ես եկել, դու տա՞նն ես մնում, թե չվում ես ուրիշ մի երկիր, մեկ է, քո կյանքն այլևս քեզ չի պատկանում։ Դա ոչ թե զավակի հաղթանակն է, այլ ուսուցչի, որը նույն ծնողն է, երկրի հաղթանակն է։ Հոդվածները՝ ճշմարիտ, նպատակամետ, առանց ավելորդ բառ ու տողի, հղած ու ստացած նամակները՝ երախտիքով լի, հարցադրումներով, Մատենագիտությունը՝ բազմաշերտ ու հարուստ։ Սքանչացումի, հիացումի արժանի մարդկանց հետ է մտերմացել։ Զինված էր հայիմացությամբ։ Օտարներից սիրում էր նրանց, ովքեր ճանաչում են, գիտեն հայերի և իրենց երկրի մասին կամ ձգտում ունեն սովորելու։ Լեզուներ գիտեր։ Շփվում էր տարբեր ազգերի, իհարկե, առաջինը գերմանացիների հետ։ Երկրներ, ժողովուրդներ, մշակույթներ ու ժամանակներ է ճանաչում։ Պտտվում էր միջնադարի լռության մեջ, դեգերում էր, որոնում։ Կարևորը քո եղած-ունեցածին տեր կանգնելն է։ Անընդհատ սովոր ես կորցնելու։ Կգա էն օրը, որ էլ կորցնելու բան չես ունենա։ Երկիր ունենաս ու կորուսյա՞լ դարձնես։ Ինչքան քիչ սեր ունենք։ Բացված թևերով, երկնքի խորքերը վայելող արծվի թռիչքին նայիր հիացմունքով, երանի տալով, զգում ես, որ հաջորդ հիացմունքիդ համար էլ սեր չի մնացել։ Երկնքի գույներով, արծվի թևերով հիանալը դա բանաստեղծների գործն է։ Դու մեծ, շատ մեծ գործ ունես անելու, Արա։ Դու էնքան լավ բաներ ես արել, որ թվում է, թե այսօր էլ հայր Ղևոնդ Ալիշանին ես աշակերտել։ Բանիմաց, հասկացանք, էսքան էլ բանիմա՜ց։ Բանիմաց, իհարկե, ազգի համար պայծառություն է։ Քո որդին գալիս է, առանց Հայաստանում լինելու արդեն քաջ գիտեր երկիրը։ Երկիրը նկարվում էր նրա սրտում։ Հասկանում էր՝ Հայաստանում տեսածդ թերի կլինի, եթե չլինես Արցախում։ Ինքը գերմանահայոց օգնություններն է հասցնում աղետի գոտի։ Ժամերը, օրերը, վայրկյանները նորից են ճնշում, որ դու չլինես Շուշիում։ Բայց դու Արան ես։ Շուշի՜, Շուշի, քեզ համար քո Արայի ուշքը գնում էր։ Տուն է սարքելու Շուշիում։ Որպես ճարտարապետ, շինարար, պարզ մի հայ, Շուշիում շատ բան պետք է անի, որ Շուշին Շուշի դառնա։ Էսպես չի մնա։ Էս փնջված գեղեցկությունը, էս ավերված կախարդանքը հայերը պետք է վայելեն։ Գերությունից ազատագրված իրենց տունը, քաղաքը՝ հավերժ պիտի բուրեն։
Մյունխենի Գյոթեի անվան ինստիտուտում սովորեց գերմաներեն, ինքն իրեն խթանեց, որ ուսումդ պիտի շարունակես Մյունխենի և Ախընի տեխնիկական համալսարաններում։ Գիտական աշխատող է և ի՜նչ հասուն գիրք է գրել՝ «Նախագծումը և կառուցապատումը մերձարևադարձային երկրներում»։ Շատերի համար անսպասելի պիտի լիներ Դարմշտադտի տեխնիկական համալսարանում Արա Բերքյանի գերմաներենով պաշտպանած «Հայկական միջնադարյան պաշտպանական ամրոցները» թեմայով ատենախոսությունը՝ ստանալով ճարտարապետության և ինժեներության դոկտորի կոչում։ Շատ ու շատ շնորհավորողներ եղան։ Նրանցից մեկը ճարտարապետ, պրոֆեսոր Արմեն Զարյանն էր։ «...Ես ևս ուրախ եմ, որ պատեհություն ունեցա Ձեզ անձամբ ճանաչելու։ Կարդացել էի Ձեր այնքան շահեկան աշխատությունը։ Դա միակն է մինչև օրս, որ այդ թեմայով և այդպես ծավալուն է, գիտականորեն այնքան վավերականությամբ...»։ Ոչ մի բան հեշտ չի տրվել Արա Բերքյանին։ Արան քիչ բան չի արել հենց Գերմանիայի համար։ Ոչ մեկը չի ասի, որ նա կարող էր ավելին անել, քան արել է։ Նույնը՝ հայերի և Հայաստանի համար։ Լիզա Բերքյան-Աբրահամյանը, որին կարող ենք անվանել նաև Արա Բերքյանի կենսագիր, ամեն մանրուք-մանրամասն գիտեր նրա մասին։ Ռայնլանդ Ֆալսի և Հեսենի ճարտարապետների պալատների հայ անդամի Մայնցի Մայր տաճարի նրա մատիտանկարը ցուցադրվել է Գերմանիայի տարբեր վայրերում։ Բայց նա հայություն ու հայոց պատմություն էր որոնում Գերմանիայում։ Նա շուտ է նկատում, որ բուն Գերմանիայում լավ չեն ճանաչում, կամ բոլորովին չեն ճանաչում հայերին։ ՈՒր էլ լինի հայը, պետք է կարողանա պահել իր կրոնը և մշակույթը։ Ի՞նչ է պահանջում Արա Բերքյանը. «...Ամեն օր ամեն հայ իր պստիկ Ավարայրի կռիվը պետք ունի մղելու, երբ անտարբեր օտարին կամ հայատյացին ներկայությամբ իր ազգությունը պետք է պաշտպանի, Սուրբ Մեսրոպի լեզվով խոսի, նույնիսկ եթե այն իրեն ամենամեծ վնասը կրնա հասցնել։ Երբ ոչ քրիստոնյա շրջանակի մը մեջ իր հավատքը պետք է պաշտպանի, նույնիսկ եթե այն իր նյութական շահերուն վնաս կրնա պատճառել...»։
Արա Բերքյանը էնպիսի գիրք է գրում, համահեղինակ՝ Էննո Մայեր, որ շատերի զարմանքն է շարժում. «Հռենոսի և Արաքսի միջև. Գերմանահայկական հարաբերությունների 900 տարին»։ Քիչ է ասել, որ այն ջերմությամբ է ընդունվում ոչ միայն հայերի ու գերմանացիների կողմից։ Նախ պետք է բացել Գերմանիայի և գերմանացու աչքը։ 900 տարվա պատմությունը ո՜նց եք ջուրը գցում, վերջին մեկ դարում ընկնելով Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի անխելք խելքին։ Հենց Թուրքիայի խելքին։ Այդ գրքի լույսընծայման առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորելով Արային հարատև և անխոնջ աշխատանքի համար, գիրք, որ հայագիտության մեջ կարևոր ներդրում է և մեծապես պիտի նպաստի հայ և գերմանացի ժողովուրդների ճշգրիտ և հարազատ փոխճանաչման և բարեկամության հարաբերությունների զարգացման... ասում է. «Մենք ուրախ պիտի ըլլանք այս գիրքին հայերէն թարգմանութիւնը տպուած տեսնելով Անթիլիասի մեր տպարանին մեջ...»։
Ի՜նչ հայ է Արան, ի՜նչ մտածողություն ունի։ 1998-ին Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդին հղած նամակում Բերքյանը հուշում է. «...այս դժվար օրերում, երբ հայկական պետության գոյությունն իսկ վտանգված է և հրատապ օգնության պետք ունի, մենք կձգտենք կարելի եղածին չափ մեր մասնակցությունը բերել, որպեսզի կայանա մեր անկախ պետությունը, թեև այն մեկ կաթիլ է մեծ ծովուն մեջ։ Մենք համոզված ենք, որ առանց Մայնցի համայնքի, առանց գերմանահայ գաղութի հայ ազգը կարող է շարունակել իր կյանքը, բայց առանց Հայաստանի Հանրապետության և առանց ազատ Արցախի, մենք՝ սփյուռքահայությունը, ծովը նետված տաշեղի կնմանինք, ուրիշ խոսքով, թափառական ժողովրդի նման առանց Հայրենիք կմնանք»։ Լիզա Բերքյան-Աբրահամյանն իրավունք ունի զարմանալու, թե էսքան գործ ինչպես է հասցրել Արան։ Խնդիրները միշտ էլ շատ են լինում։ Ոչ մի խնդրի առաջ չխեղճացավ Արա Բերքյան-գիտնականը։ «Հայ ժողովրդի մահուղին». ճշգրիտ, հիշաքաղող վերնագիր է։ Իսկ գրա՞ծը... Բերքյանը չէր կարող չգրել ճշմարտությունը։ Նման տասնյակ հոդվածներ։ Եվ գրքե՜ր, գրքե՜ր: 1965-ին Արա Բերքյանը և ուսանողներ Արմեն Հախնազարյանն ու Վազգեն Խուդավերդյանը կազմակերպում են նամակ-ակցիա՝ գերմանական մամուլին և տեղացիներին ներկայացնելով տարբեր նյութեր փաստելով երիտթուրքերի կառավարության ծրագրած և իրականացրած կոտորածը։ 1,5 միլիոն հայերի սպանդ։ Տեղահանություն։ Նամակին կցում են Մայնցի համալսարանի դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Անտոն Հիլքմանի «Հանդիպում» ամսագրում տպագրված հոդվածը։ 300 օրինակ առանձնատիպի տեսքով ուղարկում են Գերմանիայի թերթերի, ամսագրերի խմբագրություններ, հրատարակչություններ, քաղաքական, մշակութային անվանի գործիչների, հոգևորականների, եկեղեցական առաջնորդների։ Հիշենք, որ Արա Բերքյանը և նրա ընկերները գործում էին այն ժամանակ, երբ չկային այսօրվա կառույցները, միությունները, դեսպանատունը։ Գերմանաբնակ հայերի մեծամասնությունը եղեռնից փրկված կամ փրկվածների ժառանգներ էին՝ զրկված մայրենի լեզվին ու պատմությանը հաղորդակցվելու հնարավորությունից։ Ընդամենը հինգ հազար հայ՝ ցրված Գերմանիայի ամբողջ տարածքում։ Հայկական ոգու արթնացում. ահա գլխավոր խնդիրը, որը մտահոգում է Արա Բերքյանին ու նրա ընկերներին։ 1914-ին հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Լ. Լեփսիուսը հիմնադրում է Գերմանա-հայկական ընկերությունը, որը 1956-ին լուծարվել էր։ Պետք էր գտնել ընկերության նախկին անդամներից գոնե մեկնումեկին։ Ոչ միայն մեկին գտավ, այլև տասնմեկին՝ Ալֆրեդ Մուրադյանին, դոկտոր Պետրոս Ֆրունջյանին, ընկերության վերջին նախագահ, դոկտոր Պաուլ Ռոհրբախի որդիներին։ Քաջալերելով Արա Բերքյանին՝ պրոֆեսոր Անտոն Հիլքմանը խորհուրդ է տալիս կապ հաստատել 1960-ական թթ. Արևմտյան Գերմանիայի պետքարտուղար, դոկտոր Հանս Գլոբկեի հետ։ (Ես շարունակում եմ քաղել Լիզա Բերքյան-Աբրահամյանի հոդվածի տողերը)։ Արան հիացած էր Հ. Գլոբկեի՝ Հայաստանի պատմության իմացությամբ, Հայաստանի վերաբերյալ իր գրքերի և հայկական դրամների հավաքածուներով։ Երկարատև բանակցություններից հետո, պրոֆեսոր Ֆրիդրիխ Հայերի ջերմ աջակցությամբ, 1972-ին վերաբացվեց Գերմանա-հայկական ընկերությունը...
Արա Բերքյանը զգում էր, որ Հայաստանով էր ինքը դառնում... Արա Բերքյան։ Մտերմացել էր ճարտարապետության պատմաբան, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի հետ, իր խնդրանքով նրա հետ բարձրացել էր լեռները, եղել Ամբերդում, Բջնիում, Սմբատաբերդում։ Արան տարված էր Հայաստանի միջնադարյան բերդերի և ամրաշինական արվեստի ուսումնասիրությամբ։ Հենց այդ բերդերի մոտ խնդրեց Հարությունյանին, որ վերջինս եթե դառնա իր խորհրդատուն, ապա երջանիկ կզգա։ Եվ մեր միջնադարյան ամրոցներն այնտեղ՝ Գերմանիայում, Արա Բերքյանին դարձրին, ավելի ճիշտ նվիրեցին դոկտորի աստիճան։ Հայոց միջնադարյան ամրոցները կորուսյալ հայրենիքում են, Կիլիկիայում։ Ինքը կարող է գնալ, իսկ ժողովո՞ւրդը։
Ի՜նչ արթմնի և տեսնող է եղել Արա Բերքյան հայագետը։ Ո՞վ է Էդիտ Նոյբաուերը, որ վրացական ճարտարապետությանը նվիրված գրքում քմահաճորեն նենգափոխում է Արուճի և Թալինի՝ Մեծ տաճարի թվագրությունները՝ հեշտ ու հանգիստ 2-3 դար ջահելացնելով՝ 7-րդ դարից բերելով 9-10-րդ դարեր։ Արա Բերքյանը՝ զինված պատմական ճշմարտությամբ, հանդես է գալիս՝ սպասելով պատասխանի։ «Վերջինս խոստովանել էր, որ փաստերի աղավաղումը տեղի է ունեցել վրացի խորհրդատու գիտնականների թելադրանքով»։ Արա Բերքյանն արթուն հսկում է՝ թող ոչ մեկը չհանդգնի խեղաթյուրել փաստերը։ ՈՒլրիխ Բոք, շնորհակալություն, որ «Հայկական ճարտարապետություն» վերնագրով գիրք եք գրում, բայց ո՞վ է թույլ տվել հեշտ ու հանգիստ էդքան աղավաղումներ անել։ Կամ՝ էս մեկին նայիր. Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մասին հոդված է գրում՝ նրան անվանելով ընդամենը ընդօրինակող։ Դեռևս 1980-ին Վենետիկի Մխիթարյան ուխտի հայր, պրոֆեսոր Պողոս Լևոն Զեքիյանին հղած նամակում նշում է, որ Համբուրգի մեծ աճուրդում վաճառվել է Հակոբ Ջուղայեցու յոթ հայտնի գործերից մեկը։ «Ես ուշ տեղեկացա այս մասին, բայց անմիջապես Ամերիկա գրեցի, որպեսզի մեծահարուստ ամերիկահայ գիրք մը գնե»։ Գիրքը վաճառվել էր 340000 ԴՄ (գերմանական մարկ)։ Լիզա Բերքյան-Աբրահամյանը հիշեցնում է, որ եթե թերթելու լինենք «Հայ-գերմանական թղթակցության» հին համարները, ապա գրեթե բոլոր համարներում կհանդիպենք Արա Բերքյանի խիստ և զայրալից պատասխաններին՝ ընդդեմ մի շարք թերթերի և լրատվամիջոցների էջերում ի հայտ եկած հակահայկական հոդվածների հեղինակների։ Արա Բերքյանը միշտ է զարմացրել իր լսարանին ու ընթերցողին։ Վենետիկում, 1988-ին, մի գիտաժողովում նա հանդես եկավ անսպասելի թեմայով՝ հայ վարպետների մասնակցությունը Գերմանիայում որոշ հուշարձանների կառուցմանը։ Ապացո՞ւյց. նա խնամքով հավաքել էր քարերի վրա հայ վարպետների թողած նշագրերը, նաև հայերեն տառաձևերը... Արայի մասին Լիզան հետագայում շատ բան է լսելու ուրիշներից, նաև արխիվն է «գաղտնիքներ» թելադրելու։ Լսելու, նաև ինքն է տեսնելու, որ Արան միշտ հետամուտ է եղել լեզվական խնդիրներին։ Բազմազբաղ հայը իր սիրտն ու ժամանակն է նվիրել միության անդամների զավակներին հայերեն սովորեցնելու գործին, ժողովրդական կրթության բարձրագույն դպրոցում դասընթացներ է կազմակերպել մեծահասակների համար և անձամբ ինքն է դասավանդել։
Ահա Հայը։ Իր կերպարը ժամանակի հետ և ժամանակի մեջ հենց ինքն է ձուլելու։ Արա Բերքյանն Արցախը գիտեր մինչև ուղն ու ծուծը, գիտեր անգիր, խորությամբ։ Արցախում, երբ նա Մայնցի հայկական համայնքի օգնությունն էր տեղ հասցրել ու վայելում էր Շուշիի եկող օրը, նրա բանիմացությունը զարմացրեց շատերին. չէ՞ որ առաջին անգամ էր լինում ու... Արցախի, նրա պատմության, հնությունների մասին ավելին գիտե, քան... Մի արցախցի ճիշտ է ասել. «Ոչ մի կույր աշուղ իր սազի լարերի տեղն այնքան լավ չգիտի, ինչքան Արան՝ Արցախի հուշարձանների...»։
Հիշում եմ. քսանմեկ տարի է անցել Արա Բերքյանի հետ հանդիպումից։ Նոր էր վերադարձել Արցախից։ Ամբողջովին արցախոտված էր, շուշիացած։ Եվ զգացի, որ ինձ հարցախուզում է. ասես քննություն եմ հանձնելու հայերենից, Հայաստանից ու Արցախից։ Չգիտեմ ինչ գնահատականի արժանացա, բայց անկեղորեն ասաց՝ եթե հրավիրեմ Վիսբադեն, կգա՞ք, իմ տունս... Իհարկե, ո՛չ. ասացի ժպիտով, երկրաշարժը, պատերազմը կապել են ոտքերս։ Հետո... Ասելու չէ, թե ինչ ասացի։ Էլի խոսեցինք, էլի լռեցինք։ ՈՒ, ոնց որ երազից արթնացավ, ասաց. «Արդեն վճռած եմ՝ վերջնական հանգրվանս Շուշին պիտի ըլլա։ Ես իմ տունս Շուշիի բարձունքին պիտի կառուցեմ։ Հրավիրեմ, կգա՞ք...»։ Եղած Վիսբեդենը մերժեցի։ Շուշին, Արայի Շուշին, Արայի Շուշիի դեռ չեղած տուն, ինչո՞ւ մերժեմ... է՜, Արա, Արա Բերքյան։ Երանի՜, հազար երանի Շուշիում ապրողներին։ Ինչ հզոր զինվոր ես դու... Դու ես ստեղծել քո անձնական և գիտական կապերի քարտեզը։ Հարուստ քարտեզ, ուր հանդիպում ենք երևելի մարդկանց՝ Հայաստանում, Եվրոպական և Մերձավոր Արևելքի երկրներում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Լիբանանում... Շատ շատերն են գնահատումի խոսքեր ասել Արա Բերքյան մարդու, գիտնականի մասին, շատ շատերն են վայելել նրա մտերմիկ ներկայությունը։ Եզակի գոյություն էր։ Հայաստանն ու հայ ժողովրդին էսքան խորապես սիրող զավակը... էսպես, իր մահակով կհարվածի՞ Հայաստանին ու հայ ժողովրդին։ Դեռ նոր ենք ամբողջովին ծանոթանալու ևս մի մեծագույն հայի հետ։
Այս գրքում բազմաթիվ էջեր զբաղված են Արա Բերքյանի գրած ու ստացած նամակներով։ Հետաքրքիր է, որ գրած առաջին նամակը (29 ապրիլի, 1965 թ.) հղված է Մեծի Տանն Կիլիկիոյ Խորեն Ա կաթողիկոսին, իսկ վերջին՝ 1 հունվարի, 1994 թ. նամակը` Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Բ կաթողիկոսին։ Գրքի տեր ու տիրական կազմողը Արայի գրած նամակներից զետեղել է 81, իսկ ստացածներից` 55։ ՈՒ կարելի է ասել` հարուստ նամականի է, ամեն մեկը` մի աշխարհ։ Խիստ անհանգստացած Ղարաբաղի հարցով, 1988-ի մարտի 8-ին նա դիմում է «հարգելի պարոն գլխավոր քարտուղար Գորբաչովին»։ Տարբեր հարցերով ի՜նչ մարդիկ են դիմել Արա Բերքյանին։ Կուզենայի բոլորն արտագրել։ Բայց բավարարվենք անմոռանալի Ստեփան Պողոսյանի նամակից քաղած մի երկու տողով.
«Մեծարգո Արա Բերքյան.
Գրում եմ Ձեզ` հայտնելու երախտագիտությունս։ ՈՒղարկված գրքերն անփոխարինելի օգնություն են ինձ համար։ ... Այժմ աշխատում եմ չորս հատորից բաղկացած «Օտար վավերագրերը հայկական հարցի և հայկական ցեղասպանության մասին» աշխատության վրա։ ... Հասած տեղեկություններով արդեն հրապարակի վրա է «Գենոցիդի» 3-րդ հատորը։ Եթե շատ դժվար չէ, խնդրում եմ այն ևս ուղարկեք։ Խնդրում եմ ներողամիտ լինեք համարձակությանս համար։ Շատ ուրախ եմ հեռակա ծանոթության համար և երջանիկ կլինեմ ընդունելու Ձեզ Երևանում»։
Հարյուրավոր նամակներ է գրել ու հարյուրավոր նամակներ է ստացել Արա Բերքյանը։ ՈՒ գիտեմ Արայի հուզմունքը, երբ նամակ է ստացել Լիզայից։ Բոլոր նամակները մի կողմ, Լիզայի նամակը` մի կողմ։ Նամակ, որ գրվել է 1992-ի հունվարի 22-ին, գրվել է Գեղարոտում, ուր մինչ այդ, երկրաշարժի օրերին բախտի թե ճակատագրի բերմամբ եղել է Սպիտակին օգնություն բերած Արան։ «Հիմա... Հայոց հողի այս բարձրադիր վայրում ինձ հարազատ Արագած լեռնաշխարհում, գիշերային կիսախավարում` օրական, լավագույնս 3-4 ժամ լույս ենք ունենում, ունկնդիր սահմռկեցուցիչ քամուն ու բքին և ակնդետ մոմի թրթռացող լույսին, ուզում եմ Ձեզ գրել։ ... Գիտակցում ենք, որ դժվարությունները ժամանակավոր են, ահա պահը` ճակատագրական. ուժեղ կամքի, նվիրումով աշխատանքի, սիրո, հույսի, հավատի շնորհիվ կարողանանք պահել մեր անկախությունը։ Ոչ թե պատեհապաշտ` կասեիք Դուք, այլ միաբան, խարսխված։ Թեև նամակը շատ երկարեց, բայց ուզում եմ հիշել Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» պատմվածքից. «Գիտե՞ս ինչ, կյանք է, և մի ակնկալիր անփոթորիկ ծով, և եթե խորտակվում ես, մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է։ Ո՞Ւր է խարիսխդ, խարիսխդ»։ Այս ամենի հետ շատ եմ ուզում Հայաստան աշխարհը տեսնել խնամված` Գերմանիայի նման, ամեն ինչ ճիշտ` իր տեղում, այլ ոչ թե կարեկցանքի օբյեկտ... Այլևս բավ է, վիշտ չենք ծախում, կարեկցանք չենք առնում։ Չեմ ուզում նամակս տխուր նոտաներով ավարտել։ ՈՒրախալին այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության պետական անկախությունը ճանաչել են վեց տասնյակից ավելի երկրներ, այդ թվում՝ Գերմանիան։
Ներող եղեք երկարաշունչ, ինչ-որ տեղ և անկապ գրելուս համար։
... Իսկ մոմի լույսը հետզհետե աղոտանում է, դրսում շարունակ մոլեգնում է բուքը։ Ընդունեք մեր տնեցիների ջերմ բարևները, իմ կողմից ջերմ բարևներ հաղորդեք Ձեր քրոջը և իր ընտանիքին»։
Անծանոթ ընթերցողին ասեմ, որ Լիզա Աբրահամյանը` ծնված Գեղարոտ գյուղում, Երևանի մանկավարժականն ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի գրադարանում, «Արագած» շրջանային թերթի բաժնի վարիչ, քաղլուսկաբինետի վարիչ, հետո` «Արագած» թերթի գլխավոր խմբագիր։ Հետո էլի նման բաներ, երկրաշարժից հետո դարձել է մեր ցավքաշ աղջիկներից մեկը, օգնություններ է հասցրել Սպիտակ, Գյումրի... Մտածել է զենք վերցնել, բայց Արցախ` պատերազմ գնացած Շուշանիկ քույրը թույլ չի տվել, որ ավելի նրբենի ու նազուկ քույրը ևս մեկնի պատերազմի դաշտ։ Մինչև... դաժան ձնաբքի պատճառով իրենց տուն ընկած Արա Բերքյանը, որ օգնություն էր բերել աղետից տուժած Սպիտակին ու Վանաձորին, արդեն 92-ին ամուսնացան։ Ափսոս, կարճ տևեց նրանց համատեղ կյանքը։ Լիզան ավարտել է Վիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցի և Գյոթեի ինստիտուտի գերմաներենի դասընթացները։ Հասարակական կարգով աշխատել է Մայնցի հայկական համայնքի շաբաթօրյա դպրոցի վարժուհի և համայնքի օրգան «Բանբեր» ամսաթերթի խմբագիր։ Հայաստանի մասին բանախոսություններով հանդես է եկել Վիսբադենի քաղաքապետարանում, ժողովրդական բարձրագույն դպրոցի «Թանդեմ» և կանանց դասընթացներում, գերմանական ավետարանական եկեղեցիների համայնքներում։ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, գերմանահայկական ընկերության Հեսենի հայ մշակութային միության անդամ է։
Ոչ մի սերնդի համար հեշտ չէ տուն ու հայրենիք պահելը։ Մեկ դար առաջ հե՞շտ էր, արդյոք, Թումանյանի համար։ Դժխեմ պատմություն, բայց միշտ` հավատ. «Զարկվա՛ծ... Զըրկվա՛ծ... Ողբի՛... Հայրենիքը պիտի դառնա «Էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին- Հույսի՛ հայրենիք, լույսի՛ հայրենիք...»։ 15-ի սև թվին հե՞շտ էր նման խոսք ասելը, բառի ձայն ու պատկեր տեսնելը, հե՞շտ էր նայել «Արարատի սուրբ լանջին» ու կանչել. «Իմ նո՛ր հայրենիք, հըզո՛ր հայրենիք...»։
Թումանյանը մի հզոր բանակի, մի ժողովրդի, մի երկրի գործ է արել, ինքն էլ իր դարդ ու ցավերի մեջ մտածել է ժողովրդի մասին։ Տագնապում է Թումանյանը։ Այնտեղ` Գերմանիայում, Թումանյան է կարդում Արա Բերքյանը ու զարմանում.
Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լեռներն ի վեր ալևոր։
Արա Բերքյանը մտովի տեսնում է Թումանյանի արմատները։ Եվ ուզում է սովորել հայոց մեծից։ Թումանյանը ջարդված-կոտրված-հուսահատ ժողովուրդ էր փրկում։ Աշխարհի մեծերին էր դիմում, հզորներին, ժողովուրդներին ու պետություններին։
Ի՞նչ էր մտածում Արան։ Հենց տեղը նեղվում էր, ասես դիմում էր Աստծո և Թումանյանի օգնությանը։ Աշխարհում 1915 սև թվական է եղել։ Ինչ էլ լինի` օրվա մասին մտածելով` փորձիր տեսնել վաղվա օրը, մի՛ մոռացիր, երբեք հեշտ չի եղել հեռու-մոտիկ նախնիներիդ կյանքը։ Դու Թումանյանի արմատներին նայիր։ «Եվ ահա այսօր էլ, համաշխարհային իրարանցումի մեջ շրջափակված ու մեն-մենակ իր դարավոր զոհի հետ` թուրք կառավարությունը վեր է կացել գերազանցելու իր մինչև օրս կատարած ոճիրները, կոտորածով ընդմիշտ վերջ դնելու հայ ժողովրդի բողոքին ու դատին։ Սկսել է կոտորած Էրզրումից մինչև Կիլիկիա, Սև ծովից մինչև Միջագետք»։ Արան աշխարհին նայում էր Թումանյանի աչքերով։ Աշխարհի հզորներն են դարեր շարունակ ավերել մեր երկիրը, ժողովրդին դարձրել փախստական, գաղթական։ Արան որոնում էր հայի հպարտ տեսակը։ Խեղճ չլինել ո՛չ տանը, ո՛չ քո երկրում և ո՛չ էլ աշխարհի մի անկյունում։ Սարսափելի դժվար է ասել` մենք կոտորվել ենք, մեզ կոտորել են, մեզ տեղահանել են, այո՛, դժվար է ասել` առաջ մերն է եղել, Արարատը առաջ մերն է եղել։ Արա Բերքյանը հենց Գերմանիայում հայ, հպարտ հայ էր որոնում։ Որոնում, գտնում էր տարբեր ժողովուրդների էն զավակներին, ովքեր ճանաչել ու ճանաչում են հայ ժողովրդին։ Երանի նրանց, ովքեր ծնվելուց առաջ իմանում են, թե ինչի համար են աշխարհ գալիս և աշխարհին մի բան են տալիս։ Մի կյանք են նվիրում իրենց ծնող ժողովրդին։ Այդ հազվագյուտներից մեկը Արա Բերքյանն էր, որը ծնված լինելով օտարության մեջ, ապրելով ուրիշ մի երկրում, կարողացավ սքանչելի գործ անել իր ժողովրդի համար...
Հ. Գ.1- Արա Բերքյանն աշխատել է գերմանական տարբեր կազմակերպություններում, ընկերություններում, եղել է նախագծող, ճարտարապետ, շինարարության ղեկավար, Ախընի տեխնիկական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի գիտաշխատող։ Գերմանիայում կարող են ցույց տալ հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոն հաշմանդամների համար, այլ շինություններ, ուր իր ուրույն ձեռագիրն է թողել մեր անվանի հայրենակիցը։ Տարբեր ձեռնարկություններում եղել է ճարտարապետ նախագծող։ Վիսբադենի քաղաքապետարանում եղել է ճարտարապետ։ Սրանք պարզապես չոր թվարկումներ են։ Բայց թե ինչեր է արել աշխարհացրիվ հայության համար, հենց Գերմանիայում, Եվրոպայում ապրող հայության համար, դա էլ թող Աստված իմանա...
Հ. Գ. 2.- Երևան-Հայաստանում շատերի հետ է տարիներով կապված եղել Արա Բերքյանը։ Ամենաշատը` Վարազդատ Հարությունյանի։ Կյանքից հեռացել են շատերը։ Նրանց գրած հոդվածները, նամակներն են մնում։ Բոլորն են զարմացել Արա Բերքյան հայագետի բանիմացությամբ։ Նորից ու նորից շնորհակալ լինենք սիրելի Լիզային` նվիրական, ջանք ու եռանդ պահանջող, երբեմն հուսահատեցնող գործը այսպես փայլուն ավարտի հասցնելու համար, Լիզայի հայրական օջախը շեն պահող Աբրահամյան ընտանիքին` առաջին դասարանցի Լիզայի գլխավորությամբ, ապարանցիների փառք ու պարծանք, միշտ ձեռնբաց Վրեժ Մարկոսյանին, գրող Դավիթ Սարգսյանին, Լավրենտի Բարսեղյանին, Արգամ Այվազյանին։ Բոլորին։ Հանդիպման ժամանակ դահլիճում որոնում էին Լիզայի քրոջը` Շուշանիկին, ազատամարտիկին, լրագրողին, որը գրքի սրբագրիչն է, ո՞ւր է... Հիվանդ է։ 1993-ին, երբ մեծ խմբով Շուշի էին գնացել, Արան, որի սերը մեծ էր առ Շուշի ազատագրված քաղաքը, Շուշանիկին նայելով նրա մեջ տեսնում էր բոլոր այն կանանց, աղջիկներին, ովքեր մասնակցել են Շուշիի ազատագրմանը, Արցախի գոյամարտին։ Եվ ասում էր, էն էլ ոչ մեկ անգամ. «Շուշանիկ, դու Շուշին ազատագրել ես ինձ համար, Արցախը փրկել ես ինձ համար»։ Սիրելի մարդիկ էին հավաքվել։ Նրանք, ովքեր լավ գիտեն ոչ միայն Արա Բերքյանի կատարած ու նաև կիսատ մնացած գործերի արժեքը, այն, որ Արան ամեն ինչ ճիշտ էր գնահատում, մարդկանց հետ խոսելու, նրանց դիմելու իր ուրույն ձևն ուներ... Գեղարոտից իր Լիզա թոռնուհու հետ եկել է նաև Լիզայի եղբայր Դավթի կինը` Մարիետան։ Նա տուն հարս եկած օրից է սիրել իր տան մեծին ու փոքրին, քույրություն է արել Լիդայի, Լիզայի, Լարիսայի, Շուշանիկի հետ։ Երեք տարի առաջ, երբ ծանր վիրահատություն տարավ Լիզան, երբ կյանքը մազից էր կախված, Մարիետան անխոս մեկնեց Վիսբադեն, ամբողջ չորս ամիս գիշեր-ցերեկ խնամեց, ոտի հանեց Լիզային։ Շատ էր ազդվել Լիզայի խոսքից. «Ես ապրում եմ նրա համար, որ Երևանում տպագրեմ Արայի գիրքը։ ՈՒզում եմ Արայի անվանը վայել գիրք հրատարակել»։ Էլ ի՞նչ է խնդրում Աստծուն. «Գամ Գեղարոտ, նայե՜մ, երկա՜ր նայեմ Արագած սարին, սարի, սարերի շարմաղությանը նայեմ, հիանամ ու հիշեմ, որ ինձ երբեք չդիմեց Լիզա անունով։ Ես նրա համար միշտ Շարմաղ էի,- Շարմաղ էլ մնացի...»։ Արան` դեռ չտեսած, խենթանում էր Շուշիի համար, նախանձ չէր, բայց երանի էր տալիս Շուշիում ապրողներին։ Աշխարհ էր տեսել, լավ գիտեր Եվրոպան, գերմանական շատ քաղաքներում ապրելուց հետո հաստատվել Վիսբադենում ու երազեց օր-ցերեկով ու օր-գիշերով երազեց ապրել Շուշիում։ Երազը հանգավ։ ՈՒ հիմա.


...Շուշին հիշում է, Շուշին կանչում է
Բոլոր զոհերին... Արա, դու ո՞ւր ես...
Արդեն աշուն է։ Շուշին խշշում է...
Աճյունաերգը ե՞րբ է կանաչում...
Դու ապրիր, Շուշի, ու կանչի՜ր, կանչիր,
Իր անուշ հեռվից Արան է կանչում։
2014, հոկտեմբեր

Դիտվել է՝ 3010

Մեկնաբանություններ