Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանը՝ ապագա անապա՞տ

Հայաստանը՝ ապագա անապա՞տ
22.10.2014 | 12:58

Ժամանակակից աշխարհում առկա գերխնդիրներից մեկը համարվում է մեր մոլորակին սպառնացող անապատացումը: Այս առումով, ցավոք, Հայաստանը ևս ռիսկային երկիր է համարվում. Հայաստանի տարածքի 80 տոկոսն ընկած է անապատացման՝ մարդածին և բնական ազդեցությունների ներքո, իսկ դրանց 30 տոկոսը խիստ անապատացված տարածք է: Մեր հանրապետության տարածքը դասվում է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի մասշտաբով առավել անապատավտանգ երկրների շարքում, ինչին նպաստում են այստեղ տիրող սոցիալ-տնտեսական անկայուն, ոչ բարվոք վիճակը, պետական քաղաքականության բազմաթիվ սխալները և այլն: Մեր երկրի ընդամենը 20 տոկոսից էլ պակաս տարածքն է, որ ներկայումս անապատացման գործոնների ազդեցության տակ չի գտնվում:
Գիտակցելով այս ամենի հնարավոր բացասական վտանգներն ու սպառնալիքները՝ Հայաստանի կառավարությունը մշակել է անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագիր, որի շրջանակում միջազգային կառույցները Հայաստանին հսկայական գումարներ են տրամադրել: Սակայն ցավալին այն է, որ երկրի անապատացումն ավելի արագ է ընթանում, քան իրագործվում է ծրագիրը: Անապատացման տեմպերի արագացման վրա անմիջական ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը՝ պայմանավորված դրա թափոնների վտանգավորությամբ: Էրոզիայի բոլոր ձևերը յուրաքանչյուր տարի մեր հանրապետությունից հոսող ջրերով միլիոնավոր տոննաներով բերրի հող են տեղափոխում և բերրիացնում մեր հարևան երկրները:
Արարատյան դաշտը դասական անապատավտանգ տարածք է, որտեղ առկա են հողերի աղակալում, էրոզիա և մարդու տնտեսական ազդեցությամբ արտահայտված ամենատարբեր պրոցեսներ: Ներկայումս Արարատյան դաշտի 3 տոկոսն արդեն իսկ անապատացված տարածք է համարվում: Հայաստանի տարբեր հատվածներում օձերի և կարիճների ակտիվացումը նույնպես կապված է անապատացման գործընթացի հետ: Բացի սրանից, բազմացել են ամենատարբեր հիվանդությունների հարուցիչները, ավելացել են կրծողները, և անգամ մոլախոտային բույսերն են շատանում: Անապատացումից որոշ թռչնատեսակներ ոչնչացման վտանգի տակ են հայտնվել: Միգուցե տարօրինակ թվա, բայց երկրում աղքատության բարձր մակարդակը նույնպես նպաստում է Հայաստանի է՛լ ավելի անապատացմանը. աղքատությունը բերում է նրան, որ հեռավոր լեռնային շրջանների բնակիչները դուրս են գալիս դաշտ և հավաքում զանգվածային կերային բույսեր, որոնց տեղում մոլախոտն է սկսում շատանալ, և եթե այս տեմպով շարունակենք, երկու տասնամյակ անց Հայաստանը, կարելի է ասել, լիովին կանապատանա: Անապատացմանը նպաստում է տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության, քաղաքաշինության, էներգետիկայի ոլորտներում, իրականացվող սխալ քաղաքականությունը: Օրինակ` Արարատյան արտեզյան ավազանի խնդիրների պատճառով մեծապես տուժում է ջրային էկոհամակարգը, մասնավորապես՝ Այղր լճում սկսվել է ճահճացման պրոցես:
Խնդրի լուծումն առաջին հերթին կապված է տնտեսական ճիշտ քաղաքականության հետ. երկրի ռեսուրսների ճիշտ կառավարումը կարող է բանալի հանդիսանալ՝ մեկընդմիշտ ազատվելու այս տագնապալի խնդրից: Որքան գյուղատնտեսությունը զարգանա մեր երկրում, այնքան անապատացող տարածքները կնվազեն: Հետևաբար, պետք է ամեն ինչ անել, որ գյուղացին հող մշակի և հնարավորություն ունենա այնտեղից բերք ստանալու: Անապատացումը, սակայն, միայն էրոզիան կամ մարդկային գործոնները չեն: Երկրում մեծ ծավալների հասնող կոռուպցիան ևս նպաստում է անապատացմանը: Բավական ուշագրավ է այն, որ միջազգային փաստաթղթերում անապատացման դեմ պայքարի կարևորագույն նախապայման է դիտարկվում տվյալ երկրում կոռուպցիայի դեմ մղվող պայքարը:
Աշխարհում անապատացման դեմ պայքարում հաջողությունների հասած երկրների շարքում են Իսրայելն ու Սինգապուրը՝ չնայած այն բանին, որ դրանք գտնվում են անապատացման մեծ ռիսկային գոտում: Տվյալ հիմնախնդիրները Իսրայելը լուծել է ճիշտ քաղաքականության, բնօգտագործման, տնտեսական զարգացման համալիր և ներդաշնակ ճանապարհով: Իսկ Սինգապուրում երբ լուծվել է կոռուպցիայի խնդիրը, այդ երկիրը հաջողության է հասել նաև անապատացման դեմ պայքարի հարցում:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ