Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ի՞նչ գործ ունի երկրի թիվ մեկ օլիգարխը, որը քաղաքական գործիչ չէ, ԱԺ-ում»

«Ի՞նչ գործ ունի երկրի թիվ մեկ օլիգարխը, որը քաղաքական գործիչ չէ, ԱԺ-ում»
23.10.2014 | 20:58

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:

-Պարոն Հացպանյան, նախ ընթերցողներին հիշեցնեմ, որ 2008 թ. Դուք եղել եք համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներից, ազատազրկվել եք քաղաքական հայացքների պատճառով, ապա ձևակերպեմ հարցս՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նոր շարժում ձևավորելու մասին: Ըստ Ձեզ` ի՞նչ ընդհանրություններ կարող են լինել, 2008-ի և 2014-ի շարժումների միջև:
-2008 թ. համաժողովրդական շարժումը շատ ընդգրկուն էր՝ իր ելակետով, մեկնակետով, իր նպատակներով: Ես միայն կարող եմ հպարտանալ, որ եղել եմ այդ շարժման մասնակիցը: Մինչև Մարտի 1-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը, լինելով այդ շարժման առաջնորդ, իրականացրել է սքանչելի գործողություններ: Մարտի 1-ին կատարված շատ իրողություններ առայսօր ինձ հայտնի չեն: Ինչո՞ւ Մարտի 1-ին իր իրավունքների համար պայքարող այդ սքանչելի հասարակության նկատմամբ իրականացվեց սպանդ, և համաժողովրդական պայքարի առանցքային, էական դեր կատարող անձինք այդ օրը չկարողացան առաջնորդել ժողովրդի ըմբոստությունը: Ես առայսօր չեմ հասկանում, թե ինչու մարտի 1-2-ի իրադարձությունները տեղի ունեցան առանց ղեկավարման: Այսինքն՝ Հայաստանում գոյություն ուներ իշխանությունը բռնազավթած մի համակարգ, որը վարվում էր այնպես, ինչպես իրեն էր բնորոշ, բայց համաժողովրդական շարժման առանցքային դեմքերն այդ օրը չկարողացան որոշում կայացնել: Յուրաքանչյուր քաղբանտարկյալ իր ազատազրկման տարիներին այդ հարցի պատասխանը փորձել է յուրովի գտնել: Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում էր տնային կալանքի տակ, իսկ մյուսները, ովքեր այդտեղ էին, ի՞նչ էին մտածում: Նրանք էլ չէին ենթարկվել տնային կալանքի: Ինձ հայտնի է, թե ով է տվել սպանդն իրագործելու հրամանը՝ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կողքին կանգնած է այն ժամանակվա ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Մինչև հիմա ես չեմ լսել Վարդան Օսկանյանից որևէ հոդաբաշխ խոսք, թե Մարտի 1-ին որտեղ է տեսնում իր մեղքը: Մարտի 1-ին, պաշտոնական տվյալներով, տասը ՀՀ քաղաքացի է սպանվել, և այդ մարդը՝ նախկին պաշտոնյան, սփյուռքահայը, այդ մեղքով ապրում է: Ես ուզում եմ հասկանալ, թե Վարդան Օսկանյանն ինչպե՞ս է իրեն տարանջատում Ռոբերտ Քոչարյանից, երբ Մարտի 1-ի սպանդը դատապարտող որևէ ելույթ ես նրանից չեմ լսել: ՈՒստի Մարտի 1-ը մեր պատմության մեջ ջրբաժան է: Ես ուզում եմ հասկանալ՝ 2008 թ. համաժողովրդական շարժման առաջնորդ, ընտրողների մեծ մասի քվեն ստացած Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հարցը չի՞ քննարկում Վարդան Օսկանյանի հետ, որն այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ես բանտից դուրս եմ եկել 2011 թ. հունիսին, իսկ դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն արեց, թե պետք է հանդիպումներ ունենան ԲՀԿ-ի հետ: Այն ժամանակ, մամուլի ասուլիսում, լրագրողներն ինձ հարց էին ուղղել, ես էլ պատասխանել էի, որ մի կուսակցություն, որը Մարտի 1-ի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել, ես բացառում եմ նրա հետ ճանապարհ անցնելը: Դրանից հետո Հայ ազգային կոնգրեսի վերնախավը դադարեցրեց ինձ հետ մարդկային շփումները: Ես Հայաստանից արտաքսման և ՀՀ քաղաքացիության ընդունման համար դատի եմ տվել ՀՀ պետական մարմիններին, իսկ Հայ ազգային կոնգրեսն այդ հարցում ինձ որևէ աջակցություն չի ցուցաբերել: Ես այն ժամանակ էլ պնդել եմ, որ չեմ կարող ճանապարհ անցնել մի կուսակցության հետ, որը Մարտի 1-ի իրադարձությունների հարցում չի ցուցաբերել ազնիվ կեցվածք: Մենք այդ օրը կորցրել ենք տասը հայորդու: Ես հիշում եմ, որ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկություն էր ներկայացրել, որ ՀՀ իշխանությունները զոհերի հարազատներին պետք է տրամադրեն մեկ միլիոն դոլար փոխհատուցում: ԲՀԿ առաջնորդը փողատեր է, ունի անհաշիվ միջոցներ և հայտնվել է խրամատի մյուս կողմում: Հիշում եմ նաև Մարտի 1-ի հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանի ելույթը, որում հայտարարել էր, թե Մելիք-Ադամյան փողոցում Գագիկ Ծառուկյանի թիկնազորի անդամները զինվորական համազգեստ էին ստանում: Մարտի 1-ի հանձնաժողովում սրանք գրանցված փաստեր են, անուն-ազգանունով նշված են այն մարդիկ, ովքեր ստացել են այդ համազգեստը: Թող Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկի Գագիկ Ծառուկյանին յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել մեկ միլիոն դոլար փոխհատուցում, եթե կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն էլ ունի մեղքի իր բաժինը: Մարտի 1-ին, հիշեցնեմ, կրակել են իր իրավունքների և ազատությունների համար պայքարող ՀՀ քաղաքացու վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ մի սեղանի շուրջ նստելով` առաջինն այս հարցը պետք է պարզեր ՀԱԿ-ի առաջնորդը: Ես չեմ լսել նաև Գագիկ Ծառուկյանից, որ դատապարտի Ռոբերտ Քոչարյանին: ԲՀԿ-ն մինչ օրս դրսևորել է միայն «և՛ պայտին, և՛ մեխին» խփող կեցվածք: ԲՀԿ-ն, կարծում եմ, միտված է Ռոբերտ Քոչարյանին կրկին իշխանության բերելուն, և ժողովուրդը պետք է նրանից պահանջի հավաստիացում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ այդ կուսակցությունը կապ չունի:
-ՀԱԿ-ը, սակայն, ԲՀԿ-ի հետ իր համագործակցությունը պատճառաբանում է՝ ելնելով ներքաղաքական կյանքում առկա իրողությունները հաշվի առնելու անհրաժեշտությունից: ՀԱԿ-ը պնդում է նաև, որ, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ համագործակցելով, կարողացել է հասնել նրան, որ ձևավորվել է ՀՀԿ-ին հակակշիռ ուժ:
-Այսինքն՝ սատանայի հետ էլ կարելի է համագործակցել, կարևորը նպատա՞կն է, հա՞: Ի դեպ, ինձ համար կան անհասկանալի պահեր: Անհասկանալի է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի լռությունն այդ հարցում, որը ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ է:
-Բայց Ստեփան Դեմիրճյանը ելույթներ է ունենում, վերջին հանրահավաքում էլ Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ ՀԺԿ-ն էլ է միանում նոր ձևավորվող շարժմանը:
-Բայց ես չեմ լսել Ստեփան Դեմիրճյանի դիրքորոշումը, ուզում եմ հասկանալ նրա դերն այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այն մի անհասկանալի կոնգլոմերատ է, որտեղ հավաքված են երիտասարդ կարիերիստներ: Նրանք եթե ապրեին սովետական ժամանակներում, ապա կլինեին կոմսոմոլ: Բարոյական չէ, որ ՀԱԿ-ն այսօր ապավինում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թույլտվությամբ ԱԺ-ում հայտնված կուսակցությանը: Ինձ համար կարևոր է, որ ՀԱԿ-ը գաղափարներ կրող միավոր է, որը հայտարարել է, թե գնում է սահմանադրական ճանապարհով, մասնակցել է ընտրություններին, ԱԺ-ում ունի յոթ պատգամավոր: Ինչպե՞ս կարող է ՀԱԿ-ը ժողովրդի կողքին չկանգնած, ժողովրդի իղձերի ու պահանջների բավարարման համար քրտինք չթափած քաղաքական միավորի հետ կողք կողքի կանգնել:
-Բայց ԲՀԿ-ն կարող է տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից և չունենալ նրա նկատմամբ բարոյական պարտավորություն:
-Այդ դեպքում թող ասի, որ տարանջատվում է: ՀԱԿ-ը ժամանակին դիմել էր Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով: Հիմա թող ՀԱԿ-ը հարցնի ԲՀԿ-ին, թե միանո՞ւմ է իր այդ պահանջին: Նույն հարցը թող տա նաև «Ժառանգությանը»: Ի՞նչ գործ ունի երկրի թիվ մեկ օլիգարխը, որը քաղաքական գործիչ չէ, ԱԺ-ում: Նա շաբաթվա յոթ օրերից չորսն անցկացնում է արտերկրում իր գործարար կապերն ամրապնդելու համար և բացակայում է ԱԺ նիստերից: Եվ նրան ոչ ոք չի զրկում մանդատից: Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց վեր են դասել օրենքից, հենց ԱԺ-ն դիտում են որպես իրենց հոր բոստան: Ես իմ երեխայի հետ երկու անգամ Երևանի Թումանյան փողոցում, մեկ անգամ էլ Մաշտոցի պողոտայում, փողոցն էի անցնում և ականատես եղա 888 համարներով «Ջիպ»-երի շարասյանը: Թիվ ու հաշիվ չկար դրանց, և իմացա, որ դրանք պատկանում են հենց Գագիկ Ծառուկյանին: Ես ուզում եմ հարց ուղղել թիկնազորով ման եկող Գագիկ Ծառուկյանին՝ ինքն ումի՞ց և ինչի՞ց է վախենում: Ես չեմ հասկանում, թե ինչու են մեր օլիգարխները թիկնազորներ պահում:
-Անդրադառնանք Շանթ Հարությունյանի և նրա համախոհների ակցիային, որոնց նկատմամբ օրեր առաջ կայացվեց դատավճիռ: Այդ ակցիայի մասին կան հակասական կարծիքներ:
-Շանթ Հարությունյանն ազնվագույն, լուսավոր ու մաքուր անձնավորություն է: Ես նրա մասին կարող եմ ասել միայն լավագույն բաները: Հիշենք միայն Վահան Տերյանի «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» տողերը: Ո՞Ւմ հետ կարելի է համեմատել Շանթ Հարությունյանին: Մենք, որպես քաղբանտարկյալներ, առանձնակի վրեժխնդրության ենք արժանացել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից: Շանթն իրեն, որպես քաղբանտարկյալ, պահել է պատշաճ բարձրության վրա, որը պայքարում է մարդու իրավունքների համար: Շանթի ու նրա որդու նմանները կարող են լինել մեր ապագան, ոչ թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարիերիստները: Ես կարծում եմ, որ ժողովրդի՝ այս նոր բարձրացող ալիքը կարող են ծառայեցնել միայն «Մավրն իր գործն արել է, մավրը կարող է հեռանալ» սցենարին:


Զրուցեց Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ