Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քաղաքական վակուում հանրահավաքային միջակայքում

Քաղաքական վակուում  հանրահավաքային միջակայքում
24.10.2014 | 00:18

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ու հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ զուտ մասնագիտական հետաքրքրությունը մղեց հոկտեմբերի 21-ին գնալ Ազգային ժողով պատգամավորների հայտարարությունների ժամին՝ տեղվույն վրա հասկանալու մթնոլորտն ու իրավիճակը: Համենայն դեպս՝ ոչիշխանական ուժերի իշխանափոխություն պահանջող ոչ առաջին դեմքերը, որ նաև պատգամավորներ են, խորհրդարանական ամբիոնը պիտի օգտագործեին իրենց գաղափարները համաժողովրդականացնելու ու իրենց նպատակները քաղաքական խոսափողով հնչեցնելու համար: Տրամաբանորեն: Գոնե պիտի հանրահավաքին մասնակցելու կոչեր անեին: Բնավ: Ժամուկես ուշադիր լսեցի բոլորի հայտարարությունները, ձայնագրեցի, որ ոչինչ չվրիպեմ: ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը խոսեց անվտանգ սննդամթերքից ու զգուշացրեց գենոմոդիֆիկացված սննդից: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերին: Նա բանաձևեց, որ ով տվյալ պահին իշխանություն չէ, դժգոհ է իշխանությունից, այս բացարձակ ճշմարտությունը վերաբերում է բոլորին, նաև ժողովրդին: «Եթե ոմանց թվում է, որ Սերժ Սարգսյանը փոխվեց, ուրեմն իշխանությունն էլ է փոխվելու, լավ չեն ուսումնասիրել մեր անցած ճանապարհը»,- ասաց Արմեն Ռուստամյանը և հավելեց, որ իրական իշխանությունը երբեք չի կարող անձնափոխությամբ սահմանափակվել, պետք է զուգորդվի համակարգային փոփոխությամբ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հետաքրքրում էին սոցիալական շերտերի հիմնախնդիրներն ու մասնավորապես բազմազավակ ընտանիքներին տրվող գումարը, որը բավարար չէ նրանց կյանքի որակի բարելավմանը: ՕԵԿ մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Մարգարյանը, խոսեց աղքատությունից, գործազրկությունից ու արտագաղթից: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ելնելով այն իրողությունից, որ 45 պատգամավորների ստորագրությամբ արտահերթ համարվող նախագիծը կամայականորեն չդրվեց քննարկման առաջին հարց և արհեստականորեն ձգձգվում են տարբեր օրինագծերի քննարկումները, ներկայացրեց օրինագիծը և խոսեց կոռուպցիայից ու մենաշնորհներից: Միայն ասվեց, որ հոկտեմբերի 24-ին կներկայացվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու մոտեցումներն ու ծրագրերը: Այնքան էլ ոգեշնչող հեռանկար չէ այսօրվա հանրահավաքի մասնակիցների համար, որ անգիր գիտեն՝ ով ինչ է ասում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեց ԵԱՏՄ-ին միանալու պայմանագիրն ու ասաց, որ փոխվեց Հայաստանի ապագայի տրամաբանությունը, կտրվեց կապը ներկայի ու ապագայի միջև: Նա արձանագրեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, բազմաթիվ կազմակերպություններ, հազարավոր ակտիվ մարդիկ, ովքեր դեմ են ԵԱՏՄ-ին անդամակցությանը, ասելիք ունեն, ու կոչ արեց խորհրդարանում հնարավորինս լայնորեն ապահովել հասարակության այդ հատվածի մտահոգությունների բարձրաձայնումը: Հանրահավաքի մասին ոչ մի խոսք: ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը կենտրոնացավ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի բազմաթիվ կետերից երեքի վրա:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խոսեց «անկախության նվաճումից քառորդ դար հետո ինքնիշխանության վաճառքի դիմաց, հանցավոր կառավարումը երկարաձգելու գերնպատակով Հայաստանում իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանի ու նրա խմբավորման փորձերի մասին»՝ հետ մղելու մեր պետականությունը՝ ձուլելով անհեռանկար ԵԱՏՄ-ին: Զարուհի Փոստանջյանը պահանջեց Արցախի Հանրապետության ճանաչումը, որ «Ժառանգությունը» պահանջում է դեռ նախորդ գումարման խորհրդարանից: Հակառակվողներին հայ ժողովրդի դատարանով բանտախցեր ուղարկելով՝ «Ժառանգության» պատգամավորը բացարձակապես չանդրադարձավ հանրահավաքին: ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կարևորեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալը, որոշում, որ պայմանավորեց տնտեսական զարգացման նոր հնարավորություններ ու հեռանկարներ: Հիշեցրեց, որ Հայաստանը բոլոր հնարավոր ուղղություններով պատրաստ է շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունները: ԱԺ փոխնախագահը տարակուսած էր, որ երկրում գործող որոշ «ընդդիմադիր կամ պսևդոընդդիմադիր ուժեր, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն ընդհանրապես չկա»: Հղում անելով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ նա «որոշ ուժերի իշխանափոխության տվայտանքներն» անվանեց փոթորիկ մեկ բաժակ ջրում: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը վերաբերում էր շրջանառության հարկի մասին օրենքի կիրարկմանը: ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը տրտնջաց, որ նույն հարցի շուրջ, նույն տեքստը տարբեր տարիներ նույն մարդիկ ընթերցում են՝ ժողովրդի աչքին թոզ փչելով: Այդ մանիպուլյացիաները նա առնչեց ոչիշխանական ուժերին, որ հանրահավաքում ասելիք չունեն: Սուքիաս Ավետիսյանը զարմացած էր, որ ոչիշխանությունը երկու տարի հետո է հիշում իշխանության լեգիտիմության մասին ու ասաց. «Եթե այդպես է, մի մասնակցեք ոչ լեգիտիմ խորհրդարանի աշխատանքներին, ո՞վ է ձեզ խնդրում, որ մասնակցեք, եթե լեգիտիմ չեք համարում այս խորհրդարանը». ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը խոսեց իր՝ իբրև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի, դիտարկումների մասին: Նրա նետերն ուղղված էին ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու կոչ անողներին, քայլ, որի արդյունքում «ինքնըստինքյան կլուծարվի Մինսկի խումբը», ինչին ձգտում է Ադրբեջանը: Արտաշես Գեղամյանը համընկնումը պատահական չի համարում: Եվս մի քանի օրինակներ բերելով՝ «Կեսը Արևմուտքի վրա է խաղում, կեսը՝ Ռուսաստանի: Սա ոչ այլ ինչ է, քան տարրական դավաճանություն» բանաձևով նա խոսքն ավարտեց: ԲՀԿ-ական Վահան Բաբայանին ակնհայտ էր, որ ՀՀ-ն մոտենում է քաղաքական ճգնաժամի: «Հոկտեմբերի 10-ին բոլորը տեսան, որ ժողովուրդը միասնական ցանկություն ունի երկրում իրականացնել փոփոխություններ և հոկտեմբերի 24-ին կրկին մենք հանդիպում ենք մեր հասարակության հետ, քաղաքացիների հետ, հանրահավաքում, որտեղ մարդիկ գալիս են ասելու «ոչ» ներկա իշխանությանը, ներկա մթնոլորտին»,- ասաց Վահան Բաբայանը: Հոկտեմբերի 24-ին կրկնապատկված է լինելու նախորդ հանրահավաքի մասնակիցների թիվը՝ համոզված է նա, ուստի կոչ արեց ականջալուր լինել, թե ինչ է վանկարկում ժողովուրդը Ազատության հրապարակում: ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանին հետաքրքրում էին հայի տեսակն ու հարևան թշնամիները, որոնց փոխարինում է ներքին թշնամին: ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը խոսեց տարիների մասին, երբ ԲՀԿ-ն դեմ է եղել ժողովրդի շահերից չբխող օրինագծերին: «Հոկտեմբերի 24-ի համազգային հանրահավաքը դառնալու է այն իրական գործողությունների սկիզբը, որոնց անհրաժեշտությունը մեր ժողովուրդը այդքան շատ է սպասում»՝ անհասկանալի խոսքն ավարտեց պատգամավորը: ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը կոչ արեց համարձակություն ունենալ և ընթերցել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը ու անցնել բովանդակային քննարկման: Հավարտ խոսքի նա հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե հանուն հաջողության պատրաստ է համագործակցել սատանայի հետ: ԲՀԿ-ական Տիգրան ՈՒրիխանյանը անմիջապես որոշեց՝ ով է սատանան և հորդորեց չափի մեջ մնալ ու վախենալ, որ 40-տոկոսանոց աղքատություն են ձևավորել երկրում, մարդիկ Հայաստանը լքում են, որովհետև փայ են մտնում վերջին կոպեկներով առած հաց ու դեղին: «Էսօրվա Սահմանադրությունը խախտողները մտածում են՝ ոնց փոխել Սահմանադրությունը, որ հետո լավ լինի, տեղը բերեք, դուք այսօր գործ ունեք ոչ թե ինչ-որ ժամանակ չհաջողված ընդդիմադիր գործողությունների հետ, այլ՝ ուժի հետ» ավարտեց խոսքը ԲՀԿ-ական պատգամավորը՝ սահմանագիծ անցկացնելով ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու ԲՀԿ-ի միջև: «Էխ, էխ» արձագանքեց նիստը վարող Գալուստ Սահակյանն ու ձայնը տվեց ՀՀԿ-ական Կարեն Ավագյանին: Իսկ նա միանգամից հայտարարեց՝ «Հայ-քաղաքական դաշտի աշուն-ձմեռ հավաքածուն արդեն վաճառքում է, ամենամոդայիկը իշխանափոխության դիմակներն են, որ նախատեսված են նախկին ոչիշխանականների և եռյակներով հանդես եկողների համար»: «Օլիգարխիկ բաղադրիչը բավական չէ քաղաքական հայտ ներկայացնելու համար», ասաց Կարեն Ավագյանը և սահմանեց ոչիշխանության պրոբլեմը՝ ամբողջ աշխարհում քաղաքական ուժերը միավորվում են գաղափարի շուրջ, Հայաստանում որոնում են տանիքներ ու հենարաններ: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանը ընթերցեց ԱԺ պատգամավորի երդումը և հարցրեց՝ այդ երդումը տված անձինք բարոյական իրավունք ունե՞ն վնասել ՀՀ շահերին և սպառնալիքներ ստեղծել անվտանգությանը: ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը մտահոգ էր Շենգավիթի ջրամատակարարմամբ: ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դարավոր պատմությանն ապավինեց՝ ապացուցելու, որ «բազմիցս երկիրը բռնկվել է երկպառակտչական զարգացումներով», հետագան նույնքան տպավորիչ էր՝ օտարահունչ բառերի թվարկումով ու ՆԺդեհից մեջբերումով, «շրջապատող մթնոլորտում մտքերի տեղատվություններով ու մակընթացություններով»: ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հընթացս հիշեց, որ թմբուկն էլ բամբ ձայն ունի, բայց դատարկ է, և իր որոշ գործընկերների, որ մինչև այսօր չեն համարձակվում իրենց ընդդիմադիր համարել, վերստին խնդրեց տոնայնությունը փոխել, քանի որ պատվերները պետք է շշուկով կատարել, որովհետև կարող են տերերը փոխվել, ու պատվեր կատարողներն անհարմար վիճակում կհայտնվեն: ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանին հուզում էր ՀՀ սոցիալ-տնտեսական ներկա չհուսադրող վիճակը, տնտեսության զարգացման 3,5 տոկոս տեմպերը նա համարեց անբավարար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ կես ժամ ավելացրել էր նիստին, հայտարարությունների ավարտից հետո նիստը փակեց:
Իսկ հիմա պարզունակ թվաբանություն՝ 23 հայտարարություն՝ 9 ՀՀԿ-ականի, 3 ԲՀԿ-ականի, 5 ՕԵԿ-ականի, 2 «Ժառանգականի», 1 ՀԱԿ-ականի, 2 ՀՅԴ-ականի և անկախ պատգամավորների կատարմամբ, 15 կողմնակի ու ուղիղ անդրադարձ հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, բայց ոչ թե հանրահավաքի խնդիրներին, նպատակներին, այլ միմյանց պորտը տեղը դնելու սուրբ պարտականությանը: ՈՒ քանի այս մակարդակն է խորհրդարանում, քաղաքական կյանքում ԱԺ-ն իր դերակատարությունը իր ձեռքով զրոյացնում է՝ վերածելով լեզվակռվի, ընդունելով քաղաքական բանավեճի իր անկարողությունը: Խորհրդարանական երեքշաբթին հաստատեց, որ հանրահավաքային ուրբաթը դեռ չէր գտել իր ճանապարհային քարտեզը, հայտարարություն անողներն էլ չէին արժևորում իրենց խոսքը. կանոնակարգ է՝ կատարում էին: Խորհրդարանական մտքի տեղատվությունների ու մակընթացությունների «շրջապատող մթնոլորտը» տագնապալի չէր իշխանության համար, ոգևորիչ՝ ոչիշխանության կամ այլընտրանքի համար: Իհարկե, հանրահավաքը կկայանա, բայց քաղաքական սեզոնը փակված է, կուլիսային թե անդրկուլիսային՝ զինադադարը կնքված է: Նույնիսկ ոչ մինչև փետրվար, զինադադարը կնքված է մինչև հերթական ընտրություններ, և ուրեմն իշխանափոխությունը հետաձգվում է մի քանի տարով՝ արտահերթ քաղաքական գործընթացների իրական առաջարկի բացակայությամբ՝ հակառակ «Հիմա, հիմա» պահանջարկին: 2017-2018-ին էլ դեռ հայտնի չէ՝ ով ումով կփոխարինվի, գուցե դաշտ դուրս գան պահեստայինները: Համենայն դեպս՝ հոկտեմբերի 24-ը և այդ շարքի մյուս քայլերը սեփական շարքերը այդ դաշտում ստվարացնելու խնդիրն են լուծում՝ կուսակցական ու անձնական մակարդակով: Իսկ ընդհանրապես՝ Սուքիաս Ավետիսյանի տրամաբանությունը անխոտելի է՝ ո՞վ է ձեզ խնդրում, որ մասնակցեք ոչ լեգիտիմ խորհրդարանի աշխատանքներին: Բայց պարզ հարցն ունի բարդ պատասխան, իշխանափոխության հրապարակային պահանջը իրական կդառնար՝ զուգահեռվելով խորհրդարանական մանդատները վայր դնելուն, այդ քայլով արտահերթ ընտրություններն անխուսափելի դարձնելով: Իսկ ո՞ւմ է դա պետք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Շատ անարդար էր, որ որևէ պատգամավոր չհիշեց, որ երկրի վարչապետը Վաշինգտոնից եկավ ու գնաց Թեհրան, կարծես նա ոչ թե երկրի, այլ իր բիզնես շահերն էր սպասարկում: Յուրայինները չկարևորեցին, ոչյուրայինները՝ չքարկոծեցին. գոնե մի հարցում նրանք միասնական են, գուցե դա սկի՞զբն է փառավոր գործերի:

Դիտվել է՝ 1248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ