Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՈՒժերի միավորմամբ արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելն ավելի դյուրին է»

«ՈՒժերի միավորմամբ արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելն ավելի դյուրին է»
24.10.2014 | 00:25

Հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Պայմանագիրը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականին: Ի՞նչ կտա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը։ Այս և այլ հարցերի մասին զրուցում ենք տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ դասախոս ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

-Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների պատճառով ՌԴ տնտեսությունը ոչ այնքան լավ վիճակում է։ Իրավիճակն ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա։
-Հայաստանի համար Ռուսաստանը կարևոր առևտրատնտեսական գործընկեր է։ Բոլոր տարիներին թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով Ռուսաստանը ՀՀ գործընկեր երկրների առաջին եռյակում է եղել, և բնականաբար, ռուսաստանյան տնտեսությունում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ուղղակի ազդեցություն ունեն մեր երկրի վրա։ Պետք է հիշենք նաև, որ Ռուսաստանից Հայաստան բավականին մեծ ծավալի մասնավոր դրամական փոխանցումներ են գալիս, ուստի ՌԴ տնտեսության թուլացումը հանգեցնելու է տրանսֆերտների ծավալի կրճատման, ինչն էլ մեր երկրի ներսում կնվազեցնի սպառման ծավալները՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ Մյուս կողմից էլ, նույն պատժամիջոցների ֆոնին երբ դիտարկում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները, միանշանակ է, որ ուժերի միավորման դեպքում արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելը բոլոր երկրների համար ավելի դյուրին է դառնում։ Այս տեսանկյունից ուժերը միավորելով, կարծում եմ, ավելի հեշտ կկարողանան Արևմուտքի քաղաքականությանը դիմակայել։
-Նույն պատժամիջոցները չե՞ն սպառնում նաև Արևմուտքին։
-Ինչպես ցանկացած «պատերազմում»՝ շահող կողմ չկա։ Տնտեսական սանկցիաների հետևանքով երկու կողմերն էլ վնասներ են կրում։ Արևմուտքն էականորեն տուժում է ռուսական շուկայում իր գյուղմթերքների ծավալների շեշտակի կրճատման պատճառով։ Առանձին երկրների համար Ռուսաստանը գյուղմթերքների սպառման 50-60-տոկոսանոց շուկա է եղել, և բնականաբար, երբ այդ շուկան չկա, սեփական գյուղմթերքը վաճառելու այլընտրանքային ճանապարհներ Եվրամիության անդամ շատ երկրներ չունեն։
-Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը։ Ի՞նչ դրական հետևանքներ կարող ենք ունենալ այդ կառույցին միանալով։
-Առաջին ամենակարևոր հանգամանքը առանց որևէ արգելքի միասնական շուկա մուտքն է։ Սա մեր արտադրողների համար սեփական արտադրանքն իրացնելու շատ լավ հնարավորություն է։ Բայց միևնույն ժամանակ մեր երկրի ներսում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորություն ունենալու են բելառուսական, ղազախական, ռուսական ընկերությունները։ ՈՒ շատ կարևոր է, որ մեր տնտեսավարող սուբյեկտները կարողանան մրցունակ լինել և որակյալ, համեմատաբար ավելի մատչելի արտադրանք թողարկելով՝ ի վիճակի լինեն դիմակայելու ներքին մրցակցությանը։ Բայց այն, որ ընդհանուր շուկան բավականին մեծ է ու լայն հնարավորություն է ընձեռում մեր երկրի տնտեսավարող սուբյեկտներին, միանշանակ է։ Հավելեմ նաև, որ, ըստ էության, ԵԱՏՄ անդամ երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր ապրանքաշրջանառության և արտահանման առումով 23-24 տոկոս է կազմում, ինչը բարձր ցուցանիշ է, ու ինչ-որ չափով հիմնավորված է դառնում ընդհանուր միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալը։ Որոշակի խնդիրներ կան՝ կապված առանձին ապրանքախմբերի, մաքսատուրքերի հնարավոր բարձրացման հետ, ինչն իր հետ գների որոշակի բարձրացման կհանգեցնի։ Բայց շատ կարևոր է, թե ներմուծման կառուցվածքում Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ինչ ապրանքախմբերով են ներկայանալու մեր երկրում։ Հնարավոր է՝ փոխհատուցվի մաքսատուրքերի բարձրացումն այդ երկրներից եկող համեմատաբար էժան ապրանքների հաշվին։
-Մենք խոսեցինք հայկական արտադրանքի մրցունակության մասին, սակայն, հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, մեր ապրանքատեսակները միասնական տնտեսական շուկա հասնում են բավականին թանկ գնով։
-Թիվ մեկ խնդիրը, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ տարբեր փորձագետներ, առանձին երկրների նախագահներ շեշտել են, միասնական ցամաքային սահմանի բացակայությունն է, ինչը որոշակի խոչընդոտներ կարող է առաջացնել։ Միասնական սահմանի պարագայում հնարավոր կլիներ ցածրացնել մատակարարվող ապրանքների ինքնարժեքը։ Այս դեպքում վտանգ կա, որ Վրաստանի տարածքով արտահանվող մեր ապրանքների գները ԵԱՏՄ շուկայում, զուտ տրանսպորտային ծախսերի մասով, որոշակիորեն կբարձրանան։
-Շատ խոսվեց Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ լինել-չլինելու մասին։ Ձեր տեսակետը՝ մաքսակետ կլինի՞։
-Դատելով հոկտեմբերի 10-ին Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությունից՝ պարզ է դառնում, որ օրակարգից հանվել է ՀՀ և ԼՂՀ սահմանին մաքսակետ բացելու խնդիրը։ Նույն ղազախներն էին մոտ մեկ տարի առաջ այդ հարցը բարձրացրել, ինչն ակտիվորեն քննարկվում էր։

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ