«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արցախի մասին ի՞նչ կասեն Հայաստանի նախագահին Փարիզում

Արցախի մասին ի՞նչ կասեն  Հայաստանի նախագահին Փարիզում
24.10.2014 | 00:28

Երբ այս հոդվածը արդեն հրապարակված լինի, երևի շատ ավելի հստակ կլինի, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ինչու է «իր մոտ կանչում» նրանց ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդը։ Փաստորեն նոր է ավարտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) երեք համանախագահներից երկուսի հերթական այցը տարածաշրջան։ Երրորդը` ամերիկացի Ջեյմս ՈՒոռլիքը, ինչպես արդեն հաղորդվել է, «ընտանեկան լուրջ հանգամանքների» պատճառով այս անգամ բաց էր թողել այցելությունը։ Սակայն Արևմուտքը` ի դեմս Ֆրանսիայի, մեզ հիշեցրեց, որ այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հովանավորությամբ Փարիզում նախատեսված հանդիպումը չի չեղարկվել, ավելին, այն անպայման պիտի կայանա։ Միաժամանակ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդեց, որ «դեսպան ՈՒոռլիքը հավատում է իր գործընկերների այցի արդյունավետությանը, ինչպես նաև անհամբեր սպասում է Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպմանը»։ Ինչպես ասում են` «դռնակը բացվում է», և խոսում է Փարիզի հանդիպման գլխավոր պատվիրատուն։ Բայց չէ՞ որ հայկական երկու հանրապետություններն էլ «ՈՒոռլիքի սկզբունքները» կոշտ ձևով մերժել են, եթե հիշում եք։ Իսկ ժամանակակից Ֆրանսիան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և նախկին ԽՍՀՄ տարածքում ԱՄՆ-ի վարած քաղաքականության «դառնացած» սպասյակն է միայն։ Դե, ասենք, մսյո Օլանդն էլ ինչ-ինչ «սկզբունքներ» «մեջտեղ հանի» կամ առաջարկի անհապաղ քննարկման։ Ո՞վ չի հասկանում, որ դա կլինի ոչ թե Փարիզի ինքնուրույն խաղը, այլ Վաշինգտոնի ևս մեկ անընդունելի «խմբագրված» առաջարկությունը։
Հասկանալու համար, թե ինչ պետք է սպասել Արևմուտքից, բավական է իմանալ, որ հաստատվել են այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ը Վրաստանի ներկա ղեկավարությանը «համոզել է», այնուամենայնիվ, իր տարածքը տրամադրելու «սիրիական չափավոր ընդդիմության» զինյալների վարժեցման համար։ Այո, այո, այն նույն զինյալների, ովքեր Թուրքիայի տարածքից գրոհում են Սիրիայի հյուսիսում գտնվող մեր հայկական Քեսաբ բնակավայրը։ Ինչո՞վ են տարբերվում «սիրիական չափավոր ընդդիմության» մարդասպանները (իսկ դրանք հիմնականում «Ալ Քաիդայի» սիրիական թևի` «Ջեբհաթ-ան-Նուսրայի», գրոհայիններն են) «Իսլամական պետության» մարդասպան-ահաբեկիչներից, որոնք Իրաքի եզդիների ցեղասպանություն են իրականացնում և հիմա էլ անցել են Սիրիայի հյուսիսի քրդերի ցեղասպանությանը։ Ոչնչով։ Եվ սրանից հետո որևէ մեկը Հայաստանում ու Արցախում կասկած ունի՞ դեռ, թե ինչ մարդատյաց ծրագրեր ունեն ԱՄՆ-ը և Ֆրանսիան Անդրկովկասի նկատմամբ և թե ի վերջո ում դեմ կուղղվի այդ ամբողջ ահաբեկչական ավազակախումբը։ Շատ միամիտ պետք է լինել հավատալու համար Հայաստանի ու Արցախի առնչությամբ Արևմուտքի խոստումներին ու երաշխիքներին։
Սակայն ամեն ինչ ուղղված է հայ ժողովրդի հերթական հիմարացմանը։ Եվ ահա մեզ ուրախ տեղեկացնում են. հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Եվրախորհրդարանում առաջին անգամ ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի խումբը։ Խմբի նպատակն է աջակցել Ղարաբաղի ամբողջ տարածքում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական կառավարման զարգացմանը, եվրոպական արժեքների տարածմանը։ Խումբը կգլխավորի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը։ Որոշ եվրախորհրդականներ արդեն պատրաստակամություն են հայտնել միանալու խմբին, որը կնպաստի կապերի հաստատմանը Եվրամիության և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, կկազմակերպի Եվրախորհրդարանի ներկայացուցիչների ճանաչողական այցեր տարածաշրջան, Ղարաբաղը կներկայացնի միջազգային տարբեր խմբերում և ԵՄ ծրագրերում։ Խումբը նաև մտադիր է աջակցելու Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի հակամարտության լուծման ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ կողմից գործադրվող ջանքերին։ Եվրախորհրդականները առանձնահատուկ կարգի գործիչներ են։ Նրանցից մեկը (ճիշտ է` ԵԽԽՎ-ից)` շվեդ Յորան Լինդբլադը, ամռանը խոստովանեց, որ ինքն ու մի շարք այլ եվրապատգամավորներ տարիներ ի վեր «վարձատրության» դիմաց Ադրբեջանի շահերն են պաշտպանել թե՛ ԵԽԽՎ-ում, թե՛ այլ եվրակառույցներում։ Միաժամանակ էլ «գանգատվում էր», թե, իբր, «բաքվեցի փողատերերը «ժլատացել են» նախորդ տարիների համեմատ։ Երևի հենց այդ «ապշերոնյան ժլատության» պատճառով էլ «սկսել է երգել» շվեդ եվրապատգամավորը։ Բայց չէ՞ որ հիմա ¥Փարիզում կայանալիք հանդիպումներից առաջ¤ անպայման պետք է մեզ հիմարացնել, թե, իբր, այնքա՜ն հայամետ են տրամադրված տարբեր եվրախորհրդարաններում ու խորհրդարանական վեհաժողովներում։
Ես չեմ չարախոսում ու չարախնդում, ես ուղղակի հիշում եմ բոլոր փաստերը` ինչպես ընթացիկ 2014 թ., այնպես էլ նախընթաց տարիների։ Եվ հիմքեր չեմ տեսնում այդքան ուրախանալու Եվրախորհրդարանին առընթեր ԼՂՀ-ի հետ համագործակցության խմբի ստեղծման կապակցությամբ։ Չեմ զարմանա, եթե խմբում լինեն նաև այնպիսիք, ովքեր մի ժամանակ մերկացվել են Ադրբեջանի ագիտացիոն-պրոպագանդիստական պետական մեքենայի հետ համագործակցության մեջ։ Բայց չէ՞ որ պետք է «գեղեցկացնել ֆոնը», որտեղ տեղի են ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների «փարիզյան հանդիպումները» 2014-ի հոկտեմբերի վերջին։ Չէ՞ որ պետք է ավելի մեծ նշանակություն հաղորդել այսօրվա ֆրանսիական դիվանագիտության կողմից կարգավորման գծով իբր իր գործընկերներին հասցեագրված լկտի մեղադրանքներին։ Ինչպես ասում են, «իր աչքի գերանը» Ֆրանսիան երբեք չի տեսել և չի տեսնի։ Դա անկախ այն բանից, որ մենք Հայաստանում և Արցախում ինքներս ենք ծայրաստիճան դժգոհ այն բանից, որ կողմերից մեկը առհասարակ զինում է Ադրբեջանին, բայց երբ այդ սայթաքուն ճանապարհին ոտք է դնում Ռուսաստանը, մենք դա ընկալում ենք մի քիչ ավելի ցավագին, քան եթե Բաքու սպառազինություններ գնային ՆԱՏՕ-ի ամբողջ դաշնախմբից, և ոչ թե միայն նրա առանձին անդամ երկրներից։
Մի քանի խոսք այն մասին, թե ա՛յս անգամ ինչպես է անցել և ինչով է ավարտվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «պոչատ» այցը Ադրբեջան և Հայաստան։ Ռուսաստանյան և ֆրանսիական համանախագահներ Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրիյոն արդյունքների առնչությամբ հանդես եկան համատեղ հայտարարությամբ, նշելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Կասպրշիկի ուղեկցությամբ եկել են տարածաշրջան, հանդիպումներ ունենալու երկրների առաջնորդների հետ և մասնակցելու ԵԱՀԿ մոնիթորինգին։ Բաքվում ու Երևանում միջնորդները հանդիպումներ ունեցան նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հետ։ Երևանում նաև բանակցություններ տեղի ունեցան երկրի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Քննարկումների թեման Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպումն էր։ Համանախագահները նշեցին շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կայունացման անհրաժեշտությունը։ Պոպովն ու Անդրիյոն մասնակցեցին նաև հայ-ադրբեջանական սահմանին անցկացված ԵԱՀԿ մոնիթորինգին։ Նրանք հանդիպումներ ունեցան երկու կողմերի սահմանամերձ բնակավայրերի պաշտոնատար անձանց և զորամասերի հրամանատարների հետ, նրանց հրադադարի ռեժիմի պահպանման կոչ արեցին։ Եվ վերջ։ Սովորական հերթապահ ուղևորություն։ Սովորական հերթապահ համատեղ հայտարարություն։
Կարող ենք ավելացնել, թե ինչ են հաղորդել մեր երկրի լրատվամիջոցները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման մասին։ Մեր ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը սկսել է ավելի հաճախ խախտել հրադադարի ռեժիմը։ Բացի այդ, ընդգծել է նա, Ադրբեջանը, հայտարարելով հաշտության պայմանագրի մշակման պատրաստակամության մասին, մի կողմից` ձգտում է բանակցությունները տեղափոխել այլ հարթություններ, մյուս կողմից` ձախողել կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցմանը միտված բանակցային գործընթացը։ Ըստ Նալբանդյանի, այդ նույն նպատակով Բաքուն, ցանկալին իբրև իրականություն ներկայացնելով, հայտարարում է, թե, իբր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկել են բանակցություններ սկսել փորձագետների մակարդակով, և բացառապես Ադրբեջանին ձեռնտու հարցերի շուրջ։ ՈՒ դրանով, եզրափակել է Հայաստանի արտգործնախարարը, Բաքուն հերթական անգամ ցուցադրել է իր անլուրջ վերաբերմունքը խնդրի նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք, Պոպովի և Անդրիյոյի համատեղ հայտարարության մեջ Նալբանդյանի արած դիտողություններն ու ճշգրտումները տեղ չեն գտել։
Եվ այսպես, ինչո՞վ է Փարիզում «մաքրելու ակնոցը» Ֆրանսուա Օլանդը։ Ժամանակին Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Փարիզում կայանալիք հանդիպումը «հոկտեմբերի կարևորագույն թեմաներից մեկն է», և ֆրանսիական կողմը «կաշխատի վստահության մթնոլորտի պայմաններ ստեղծել, ինչը, իր հերթին, հնարավորություն կընձեռի հետագայում առաջընթացի հասնելու բանակցություններում»։ Այս հայտարարության մեջ ուշագրավ է ձևակերպումների «լղոզվածությունը», թեև առաջ Փարիզն արմատականորեն հայտարարում էր, որ ինքը կարգավորման հարցում ինչ-որ «նոր մոտեցումներ» ունի։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հունիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Օլանդը Փարիզում ընդունեց այն ժամանակ դեռ Թուրքիայի վարչապետ Էրդողանին, եվրոպական լրատվամիջոցներում հաղորդումներ երևացին «փաթեթային համաձայնագրի» նախապատրաստության մասին. մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախի խնդրի կարգավորման հետ մեկտեղ պայմանավորվածության գալ նաև Անկարայի կողմից ցյուրիխյան արձանագրությունների վավերացման շուրջ, որը նախատեսելու էր դիվանագիտական հարաբերությունների վերականգնում Անկարայի ու Երևանի միջև և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի բացում։ Այն, որ Արցախի առնչությամբ Փարիզի այսպիսի «նոր» առաջարկություններ գոյություն ունեցել են, հաստատվել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Բաքվում կայացած համատեղ ասուլիսում։ Սակայն, հիմա Մամեդյարովը հայտարարում է, թե «Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաշտության պայմանագրի արագ նախապատրաստությանը», և որ «համանախագահները հանդես են եկել մի քանի հարց ընդգրկող կառուցվածքային առաջարկություններով», որոնք ընդգրկում են «հողերի ազատումն ու փախստականների վերադարձը»։
Ահա և ապացույցն այն բանի, որ Փարիզը պարտավոր է իրականացնել ԱՄՆ-ի պլանը` Արցախի խնդիրը անպայման «շաղկապել» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի հետ։ Ինչի դեմ, հիշեցնեմ, մշտապես հանդես են եկել Հայաստանը, Արցախը և... Ռուսաստանը։ Առաջ` նաև Ֆրանսիան։ Հիմա` ոչ։ Չեմ փորձի ասել, թե այդ առումով որքան է փոխվել Կրեմլի դիրքորոշումը։ Սակայն դատելով ՌԴ հենց արևմտամետ մի շարք «փորձագետների» հրապարակային արտահայտություններից, Մոսկվայի արևմտամետ շրջանակները ևս համաձայն են այն բանին, որ «բանակցային գործընթացի տրամաբանությունն ու իրադարձությունների բուն ընթացքը առաջին փուլում ենթադրում են հակամարտող կողմերի միջև պատերազմի վիճակի իրավաբանական դադարեցում, ինչը անխուսափելիորեն կապված է փոխզիջումային որոշումների հետ, իսկ այնուհետև անցնում ղարաբաղյան հարցի կարգավորման մանրամասներին»։ Ես անձամբ շատ եմ առիթ ունեցել ասելու թե՛ արևմտյան, թե՛ ռուս արևմտամետ «փորձագետներին», որ Հայաստանի ու Արցախի կողմից «փոխզիջումների» (ճիշտ կլինի ասել` զիջումների) լիմիտը սպառվել է, և վաղուց։ Բայց ԱՄՆ-ի իրենց տերերի կողմից կառավարվող այդ մարդիկ շարունակում են իրենց «էշը քշել»։ Ընդ որում, տեղեկատվական ասպարեզ նետվեց (ԱՄՆ-ի օրհնությամբ) մեկ այլ հասկացություն. «Ղարաբաղյան կարգավորման հաշտության մեծ պայմանագիր»։ «Հաշտության մեծ պայմանագրի վրա աշխատանքին ձեռնամուխ լինելու» Բաքվի պատրաստակամության մասին Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը հենց այսպես է որակել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Նրա ասելով, «Հայաստանն ու Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, որ առաջին հերթին հարկավոր է ավարտել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցումը, և միայն դրանից հետո հնարավոր կլինի ձեռնամուխ լինել Հաշտության մեծ պայմանագրի մշակմանը»։
Սուրճի բաժակ նայելով չենք զբաղվի. քաղաքականության մեջ դա շատ անշնորհակալ գործ է։ Պարզապես հույս հայտնենք, որ Հայաստանի պատվիրակները` երկրի նախագահի գլխավորությամբ, թույլ չեն տա, որ Փարիզում իրենց մատների վրա խաղացնեն։ Եվ կաշխատեն այդ լրացուցիչ բանակցային հարթակն օգտագործել այն նպատակով, որ Արցախի իշխանությունները շուտափույթ և լիարժեք վերադառնան հաշտության բանակցությունների սեղանի շուրջ։ Ժամանակը եկել է, ժամանակն այլևս չի սպասում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ