Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սև անհունություն

Սև անհունություն
24.10.2014 | 00:46

Հրապարակախոսական այս հոդվածը 15 տարվա վաղեմություն ունի։ Գրվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հրեշավոր սպանդից անմիջապես հետո, ուստի կոշտ շեշտադրումներն ու խիստ որակումները պատահական չեն։
Երեք օրից հոկտեմբերի 27-ն է։
Քսաներորդ դարի մեր ամենասև օրերից մեկը։

Սա պիտի լիներ։
Մի օր պիտի լիներ։
Երրորդ հազարամյակը քրիստոնեավայել չէինք դիմավորելու։

Որովհետև արդեն քանի՜ դար, ամեն Աստծո օր մեր ներսի Քրիստոսին խաչում, թքում ենք երեսին, տառապանքը հայհոյում, հետո գնում եկեղեցի ու հրեշտակի տեսքով մոմ վառում Տիրոջ պատկերի առաջ։ ՈՒ աղոթում ենք, ու խաչակնքում, ու ծնկի ենք գալիս, ու համբուրում ենք ցավը, որ արյան գույնի է։ ՈՒ մեր «բարեպաշտ» աղոթքը արդեն երկու հազար տարի տեղ չի հասնում. «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա զմեզ ի չարէ»։
Իսկ ՉԱՐԸ մեր ներսում է։ Մաշկի տակ, եղունգների ծայրին, հայհոյասեր լեզվի ու անվանարկող շուրթերի վրա։ Եվ Աստված չի փրկելու մեզ` մեզնից, չի խաղաղեցնելու մեր միջի Չարը։ Չի՛ ներելու։ Որովհետև մենք Աստված չունենք ու չենք հավատում Աստծո դատաստանին։
Կռապաշտ ու հեթանոս մեր Սկիզբը հազար յոթ հարյուր տարի հոգեվարքի մեջ է, ու ի՜նչ դժվար է մեռնում։ Երևի բոլոր զառամյալ ազգերի ճակատագիրն է սա, ոմանք մեռնում են իրենց բնական մահով, ոմանց հոգեդարձը ձգվում է դարեր։ Կենսաբանական ու հոգևոր այս տառապանքը երկու վերջ ունի` կա՛մ վերածնվելու առեղծվածային ներուժն է հաղթում, կա՛մ ինքնասպանության անըմբռնելի, միստիկական ուժը։
Երկրորդ հազարամյակի վերջում մենք, կարծես, վերջին ճանապարհն ենք ընտրել։
Առասպելական փյունիկ թռչունը մնաց մոխրի մեջ։ Հանգիստ թողնենք նրա բազմաչարչար «դին» ու բոլոր չարչրկված առասպելները։ Հայ Նահապետի երեքթևյան նետն ու լայնալիճ աղեղը պատմական որևէ արժեք չեն ներկայացնում նրա ժամանակակից զարմիկների համար։ Սասնա ծռերի զարմն էլ բանահյուսական վախճան ունեցավ, ու չի բացվելու «Մհերի դուռը»։ Որովհետև մեր ձեռքը թշնամու առաջ ամրոցի ու բերդի դուռ բացելու մեջ է վարպետացել։ Մեծ տերությունների դրոշի կարկատանից «սեփական» դրոշակ ձևելու, օտարի բանակում «զգաստ բռնելու», օտար իշխանավորների փեշից կառչելու մեջ է վարպետացել։
Հիմա զարմանում ենք, որ մեր վեց-յոթ-ութ... տա՛սը հազար տարվա պատմությունը բարոյական հաղթանակներ է արձանագրել միայն ու մեկ էլ «ծովից ծով» սնապարծություն, որ տա՛սը մեծ ազգի կհերիքեր։
Սեփական իշխանավորներից «վարդանմամիկոնյաններ» ու «վասակսյունեցիներ» կերտելու ազգային հիվանդությունը 20-րդ դարի վերջին «հայկական սպիդ» դարձավ (պատահական չէր, որ ՍՊԻԴ-ի բուժման եղանակը մենք «հայտնաբերեցինք»)։
Այսօր բոլորս ենք պոտենցիալ «բացիլակիր», ու դժվար է ախտահարվածների ստույգ թիվը նշել։ Յուրաքանչյուր երրորդ հայ կամ «նախկին», կամ «ներկա» է, կամ «հերոս», կամ «դավաճան»։ Այդպես էլ ապրում ենք` թերարժեքության ու գերարժեքության ընդգծված բարդույթով` աշխարհից ու մեզնից դժգոհ։
Բարեկեցիկ աղքատության 70 տարիներն այնպես ներծծվեցին մեր արյան մեջ, որ դարձան նրա «կարմիր գնդիկավոր» կեսը, մյուս կեսը «սպիտակ տենդի» հարաբերական խաղաղ վիճակում է։
Վեց հարյուր տարի պետականության երես չտեսած մեր ազգը մութ բանտախցում տարիներով փակված հավկուր-դատապարտյալի պես դարձավ, որ պայծառ լույսից կուրանում-անիծում է լույսը։
Մենք էլ անիծեցինք։
Սկզբում` ամաչելով, կեսբերան, կցկտուր, հետո` առանց քաշվելու, հիմա` լկտիաբար։
Ասում են` ինքնաբուխ-անկեղծ-ջերմեռանդ աղոթքը վերերկրային տարածքներ «սեփականաշնորհելու» գերբնական ուժ ունի։ Բարի-ապրեցնող ուժ, որ վանում է Չարը։ Մոլեռանդ անեծքն էլ, ասում են, «աստրալներ» կարող է կործանել։ Նզովքը կուտակվում-թանձրանում-դիվային է դառնում, և երբ երկրի ու երկնքի միջև բացվում է ամենակուլ «սև անհունությունը»` թափվում է ցած` «ընկալունակ» հոգիներ որսալու։ Այն, ինչ հղել էինք երկինք, վերադառնում է մեզ ու... «դիվոտում» է ազգը։
Անկախությունից ի վեր Բարձրյալի հետ «հաղորդակցվելու» մեր կերպը անեծքն ու հայհոյանքն էր։ Օրը հարյուր անգամ նախկին ու ներկա դավաճանների հին ու նոր մեռելներին հանում, մեր ուզածի չափ պղծում, նորից դնում էինք հողը։ Օրը հարյուր անգամ Լևոնին «կախում» էինք, Վանոյին` «գյուլլում», Վազգենին տալիս «շան բերանը»։
Հիմա սարսափից «ուշաթափվում» ենք, ընկնում «շոկի-հիստերիայի-ապատիայի» մեջ։ Եղկելի երկերեսանիություն, որից հոտ է գալիս։ Ո՞Ւմ առաջ ենք ձևեր թափում` քաղաքակիրթ Արևմուտքի՞, թե՞ մեզնից էլ վերան Արևելքի առաջ։
Այդ հինգը, որոնց այսօր հրեշավոր անուններով ենք որակում, մեր ներսի հրեշներն են։ Համատարած չարության, նենգության, թշնամանքի հավաքական խտացումը։
Երեկ Ազգային ժողովում Մե՛նք գնդակահարվեցինք։
Վաղը, երբ նրանց պատի տակ շարեն, գնդակահարվողն էլի Մե՛նք ենք լինելու։


30.10.99, «Նորաթերթ»

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ