Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հեղվում է ժողովրդի արյունը, իսկ իշխանության հասնում են սրիկաները

Հեղվում է ժողովրդի արյունը,  իսկ իշխանության հասնում են սրիկաները
24.10.2014 | 00:50

Սուրբ բառ է հեղափոխությունը, որովհետև, ինչքան էլ դաժան ու անողոք լինի նրա սուրը, վերջին հաշվով մարդկանց բերում է կարճատև հանգստություն, որովհետև տարիներով, երբեմն էլ դարերով աշխատավոր մարդու մեջ կուտակված ատելությունը պարպվում է, թեկուզ և ոչ լիարժեք, որովհետև ցանկացած հեղափոխությունից վերջին հաշվով նա քիչ բան է շահում, բայց այդ հեղափոխությունը բերում է արտադրական ուժերի փոփոխություն, ինչն էլ իր հերթին խթանում է հասարակության թռիչքաձև զարգացումը: Հանրահայտ փաստ է, որ ցանկացած հեղափոխություն կատարում է ժողովուրդը, բայց դրանից օգտվում են բոլորովին այլ ուժեր: Ֆրանսիական հեղափոխությունը ասածիս վառ օրինակն է: Ինչո՞ւ, որովհետև այն մարդու էությունն է, ինչը լավ է նկատել Սենեկան, ասելով, որ ստրուկը երազում է ոչ թե ազատության մասին, այլ ազատ լինելու և ստրուկ ունենալու մասին: Կոմունիստները փորձեցին փոխել մարդու էությունը: Այդ փոփոխման պրոցեսը ուղեկցվել է դաժան բռնություններով, ինչը, ի դեպ, հնարավոր չէր այլ կերպ:
Այսօր աշխարհում կատարվող վայրագ բռնություններն ապացուցում են, որ կոմունիստներն իրենց ծրագրերի իրականացման համար այլ կերպ չէին կարող գործել: Փորձեմ հիմնավորել ասածս: Ֆրանսիական հեղափոխության ընթացքը պակաս դաժան չէր: Այդ հեղափոխությունը ստեղծեց գիլիոտինը, որով գլխատում էին հեղափոխության թշնամիներին: Ֆրանսիական հեղափոխության լոզունգներն էին՝ հավասարություն, եղբայրություն, ազատություն, բայց երբ ժողովրդի ձեռքով իրագործված հեղափոխությունը կատարեց իր գործը, բուրժուան, ինչպես ժամանակին իր «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունում գրել է Նալբանդյանը, ասաց՝ հո՛պ, այստեղ մեր ճանապարհները բաժանվում են: Եվ այդ հեղափոխությունից ժողովրդին մնաց միայն իր կարգավիճակի փոփոխությունը, որ նա ճորտից վերածվեց իր աշխատուժը ազատ տնօրինող մարդու, թեպետ ամենևին էլ չէր մասնակցում իր արտադրածի հավասար բաշխմանը:
Ֆրանսիական հեղափոխությունից հետո ուրիշ հեղափոխություններ էլ են եղել Եվրոպայում, բայց դրանցից և ոչ մեկը չի փորձել ոչնչացնել պլեբեյի ու պատրիկի միջև աշխարհում դարեր ի վեր եղած անտագոնիզմը, ինչը կատարեց Հոկտեմբերյան հեղափոխությունը, որը կոտրեց պլեբեյի շղթաները։ Բայց դրանից նա ամենևին չուրախացավ, որովհետև կարճ ժամանակ անց ամեն ինչ դարձավ պետական սեփականություն` հողը, գործարանը, ջուրը, անգամ տունը, որտեղ նա ապրում էր: Սակայն այստեղ կար մի գործոն, որից մարդը տրտնջում էր, բայց չէր հասցնում ընդվզման: Խորհրդային երկրի քաղաքացին տեսնում էր, որ իր երկրի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն իր նման է ապրում, հագնում, որևէ մեկը արտոնություն չունի, չի թալանում երկիրը, միլիոններ չի կուտակում ի հաշիվ իրեն: Հետո եղան պատերազմ, միլիոնավոր զոհեր և ավերված տնտեսություն: Հետո երկրի մեջքը շտկվեց: Քիչ-քիչ ժողովուրդը սկսեց հարստանալ, կյանքը լավանալ: Կոլտնտեսությունը գյուղացու հարստացման լավագույն աղբյուրն էր, գործարանը` բանվորի: Ժողովուրդն սկսեց բանկերում միլիարդներ կուտակել: Միայն մեկ օրինակ. Խորհրդային Հայաստանի քաղաքացին ԽՍՀՄ բանկերում երեք միլիարդ ռուբլու խնայողություն ուներ, իսկ որքա՞ն ուներ ներքնակների տակ պահած, հավանաբար, բանկերում եղածի կրկնակի, եռակի չափով: Ժողովուրդն այդ գումարներն ազատ տնօրինելու, շրջանառության մեջ դնելու հնարավորություն չուներ: Բերեմ մեկ օրինակ, որը ոչ թե ֆանտազիայի բնագավառից է, այլ իրականության: Մի գյուղացի կար` Մստո մականունով: Բանկերում որևէ գումար չուներ, բայց պարկի մեջ մեկ միլիոն խորհրդային ռուբլի ուներ հավաքած, բոլորն էլ 50 և 100-ռուբլիանոցներ: Ոչ ոք չգիտեր Մստոյի այդքան փող ունենալու մասին, որովհետև կերածը կանաչ կամ կարմիր լոբին էր, հագածն էլ՝ կիրզե սապոգ: Բացահայտ հակախորհրդային մարդ էր: Անձամբ ես եմ լսել նրա աղոթքն առ Աստված.
-Թեկուզ ես մեռնեմ, բայց մի օր տեսնեմ՝ ինչպես են Լենինին դամբարանից դուրս շպրտում, և ես տեր դառնամ իմ պապենական հողին,- որն ընդամենը 0,5 հա է եղել մինչև կոլեկտիվացումը:
Խորհրդային երկրի կազմաքանդումից հետո Մստոն ստացավ իր երազած պապենական հողը: Մի օր դաշտից տուն էինք գալիս։ Էն խավար ու ցուրտ տարիներին առողջությունը քայքայվել էր, խոցը պայթել էր, արյունահոսություն ուներ, հասկանալի պատճառներով բժշկի չէր գնում։ Հարցրի. - Հը՛, ո՞նց ես, հասար քո երազանքին, պապենական հողդ ստացար, մնում է Լենինին դամբարանից դուրս շպրտեն:
Հա, էն էլ ասեմ, որ տանը պահված միլիոնը Մստոն մի գիշեր գաղտնի լցրեց ջրատարը: Իմ հարցին պատասխանելուց առաջ Մստոն երկար նայեց, մի լավ տնտղեց ինձ ու շատ անսպասելի ասաց.
-Քաք եմ կերել, Վլադիմիր Իլյիչ, ինձ կներես (երդվում եմ, մեջբերված խոսքերը նրանն են, և ոչ թե հորինված):
Հասկացա Մստոյի ուշացած խոստովանանքը, բայց արդեն ուշ էր:
-Բա սա արդարությո՞ւն է,- բողոքում էր Մստոն,- էն հարուստ կոլխոզը փոզմիշ արին, գործարանները քանդեցին, մի բուռ մարդիկ հարստացան, իսկ ինձ նման աշխատող մարդկանց այսօր հացի կարոտ են թողել:
Եվ այսօր այդ հացի կարոտ մարդիկ հավաքվում են Ազատության հրապարակում, ձեռքները վեր տնկած պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: Մարդիկ մոլուցքով ձեռքները վեր են տնկում, բայց չեն նկատում՝ ովքեր են հարթակում կանգնած: Հարթակում կանգնածներից մեկը ցինիկաբար ասում է՝ պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել, խստորեն կատարեք եռյակի հրահանգները, այսինքն՝ կուզե ասել, դուք մեզ պետք եք այնքան, ինչքան պիտի ճնշենք այս իշխանություններին մեր նպատակներին հասնելու համար: Իսկ որոնք են այդ նպատակները... Իշխանություն։ Իսկ թե ինչպես պետք է այն օգտագործեն, ժամանակին Լևոնը շատ ցինիկորեն ասել է իրեն հարց տվողին, թե՝ ախր ժողովրդի վիճակը շատ վատ է, իսկ նա` եղունգ ունես, գլուխդ քորի: Եվ այդ ցինիկը, որի ձեռքերը թաթախված են տասնյակ անմեղ մարդկանց արյունով, որի խղճին են երկրի ավերումը, նրա տնտեսության քայքայումը, ժողովրդի գաղթը, այսօր իր «դասախոսություններով» փորձում է ժողովրդին ենթարկել նոր փորձությունների: Իսկ ո՞վ է հարթակում կանգնած մյուս «քաղաքական» գործիչը։ Նա՛, ով մինչև հեղափոխությունն ընդամենը խորովածի փայտ ջարդող էր:
Այսօր հրապարակում կանգնած որևէ մեկն իրեն հարց չի տալիս, թե ինչից սկսվեց Մայդանը և ուր հասավ: Հետխորհրդային բոլոր հեղաշրջումներն ավարտվում են մեկ բանով. անիմաստ արյունահեղությամբ: Հեղվում է ժողովրդի արյունը, իսկ իշխանության հասնում են սրիկաները: Ժողովրդին հեղափոխություն է պետք և ոչ թե հեղաշրջում: Իսկ հեղափոխությունն առանց գաղափարի չի լինում: Այսօր չկա այդ հեղափոխական գաղափարը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Այսօր ցանկացած ոք քննադատում է Ստալինին, նրա բռնությունները: Բայց չեմ կարող չհարցնել ժողովրդի հանդեպ իրենց բռնություններով այս մի թիզ երկրի վրա հանուն իրենց իշխանության պահպանման ի՞նչ չեն արել Լևոնն ու Ռոբերտ Քոչարյանը: Բայց մի հարցում Ստալինի հետ համեմատվելիս նրանք ողորմելի կերևան... Ի՛նչ անձնական հարստություն ուներ Ստալինը, և որքան ունեն նրանք:

Դիտվել է՝ 1759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ