Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սոչի, Նյուպորտ, Փարիզ՝ ստատուս քվոյի հետ

Սոչի, Նյուպորտ, Փարիզ՝  ստատուս քվոյի հետ
24.10.2014 | 00:54

Նախ մի քիչ պատմություն. վերջին երեք ամսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն երրորդ անգամ: Փարիզյան հանդիպման նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է, պայմանավորվածությունը կար մայիսից:
Օգոստոսի 10-ին Սոչիում երկու նախագահները հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ՝ օգոստոսյան սահմանային բախումներից հետո:
Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում նրանք հանդիպեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, Ջոն Քերին ընդգծեց հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ արեց գտնել հակամարտության լարման թուլացման ու վստահության ամրապնդման մեխանիզմներ: Նյու Պորտում երկու նախագահներն էլ հանդիպում ունեցան Ֆրանսուա Օլանդի հետ:
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձավ ԼՂ հարցին ու նշեց. «Արդեն 20 տարուց ավելի է, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են մեր հարևանի ապակառուցողական և առավելապաշտական կեցվածքի պատճառով: Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատականի բացակայությունը հանգեցրել է այսօրվա ամենաթողությանը. Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդին որակում է որպես «թիվ մեկ թշնամի», իսկ այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում համարվում է հանցագործություն, Ադրբեջանում դիտարկվում է որպես հերոսություն»: Նա շեշտեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած կարգավորման հենասյունը հանրաքվեի միջոցով սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն է:
Հոկտեմբերի 7-ին Երևանում ընդունելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային՝ ՀՀ նախագահն իր դժգոհությունն արձանագրեց ՀԱՊԿ որոշ անդամների դիրքորոշումից օգոստոսյան սահմանային միջադեպերի առնչությամբ:
Հոկտեմբերի 7-ին Փարիզում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին՝ քննարկման օրակարգում ունենալով երկու նախագահների փարիզյան հանդիպումը:
Հոկտեմբերի 17-ին, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին, ԱՄՆ-ի համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին (վախճանվել էր Ջեյմս ՈՒոռլիքի մայրը, և նա չէր ժամանել) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգիչ համարեց հատկապես բարձր մակարդակի բանակցություններից առաջ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը և վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ջանքերը:
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում լրագրողներին ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Նա Ադրբեջանի բանակցային գործելաոճը բնութագրեց «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ հետ» և նշեց. «Մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»:
Բանակցությունների գաղտնիության ձևաչափը միայն ընդհանուր, անորոշ ձևակերպումներով է ներկայացնում քննարկումների օրակարգն ու արդյունքները, այնուհանդերձ ակնհայտ է, որ նախորդ երկու հանդիպումներից փարիզյան հանդիպումն ունի իր առանձնահատկությունները. սա առաջին հանդիպումն է, որտեղ Հայաստանը ներկայանում է որպես ԵԱՏՄ անդամ: Ինքնին այս փաստը բանակցությունների բովանդակության վրա կարող էր չանդրադառնալ, եթե չլինեին Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ տեսնելու Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի ցանկությունը և ռուսական մամուլի հրապարակումները, որ Ռուսաստանը Հայաստանի անդամակցությունից հետո կարող է պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ: Սա մենք համարում ենք ֆանտաստիկա, իսկ ռուս փորձագետ Սերգեյ Մարկովը սոսկ փաստում է. «Գործընթացը սկսվել է, դիվանագետները սկսել են շարժումը, իսկ դա կարող է հանգեցնել Խաղաղության մեծ պայմանագրին: Առաջին փուլում հնարավոր է Ադրբեջանի 7 օկուպացված շրջանների ազատումը հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների ապաշրջափակման դիմաց: Այս տարբերակի վրա ներկայում աշխատում են դիվանագետները»: Ճիշտ է, հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆաթ Ասկերովը հայտարարեց. «Մենք չենք կարող որևէ միության անդամ դառնալ Ղարաբաղի պատճառով։ Այդ հարցում առևտուրն անհնարին է։ Լեռնային Ղարաբաղն ու նրան հարող յոթ շրջանները բուն ադրբեջանական տարածքներ են։ Մենք ոչ մեկի առաջ պայման չենք դրել որևէ միություն մտնելու համար, որպեսզի հետո Ղարաբաղը մեզ հանձնեն», բայց դրանով Ասկերովն ընդամենը հաստատեց, որ գաղտնի բանակցություններ կան, և այդ թեման էլ քննարկվում է: ԵԱՏՄ մյուս անդամները, որ հոկտեմբերին հանգիստ համաձայնեցին, ինչ մերժել էին մայիսին, ելնում էին իրավիճակի այլ մոդելից, որի դեպքում, նրանց կարծիքով նոր հնարավորություններ կբացվեն ԼՂ հարցի լուծման համար: Մոդելն ու հնարավորությունները չեն մանրամասնվում, բայց դժվար չէ ուրվագծել՝ ինչպես են նրանք պատկերացնում առանց կոնֆլիկտների ԵԱՏՄ տարածքը:
Աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պահանջով ընդունեց «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» որոշումը, որի համաձայն մեկուկես-երկու տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է մեկնելու Մեծ Բրիտանիայի պատգամավոր Ռոբերտ ՈՒոլտերը և զեկույց է ներկայացնելու ԵԽԽՎ-ին։ Սա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին միջամտելու կառույցի առաջին փորձը չէ և վկայում է, որ ԵԽԽՎ-ն շարունակում է սեփական ազդեցության շրջագիծը մեծացնելու քաղաքականությունը՝ միջամտելով հակամարտությունների կարգավորման գործընթացին՝ մանդատ՝ ուրեմն և իրավական հետևանքներ առաջացնող որոշումներ ընդունելու իրավասություն չունենալով հանդերձ:
Եղել է և կա նաև Իրանը, որ հակամարտության պատմության ընթացքում մնում է չեզոք, բայց ոչ անտարբեր: Թեհրանը համարում է, որ Մինսկի խումբը միակ արդյունավետ գործիքն է կողմերի միջև ճգնաժամը լուծելու համար, պատրաստ է միջնորդական առաքելության և դեմ է Ղարաբաղում որևէ ռազմական ներկայության:
Դեռ մայիսին, երբ քննարկվում էր երկու նախագահների հանդիպման հնարավորությունը, նոր առաջարկների մասին լուրեր եղան, որոնք հետո չհաստատվեցին: Ռուսական և ամերիկյան կողմերի նախաձեռնությամբ հանդիպումներից հետո (Սոչիում և Նյուպորտում), Փարիզի հանդիպումը եվրոպական դիրքորոշումն է բերելու: Թեպետ դա պայմանական բաժանում է, եթե բանակցությունների հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Փարիզյան հանդիպումը կարող է եզրափակել տարին՝ արձանագրելով, որ հակառակ ադրբեջանական կողմի համառ ջանքերի (Ռուսաստանի ու Թուրքիայի աջակցությամբ), ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանվեց որպես հակամարտության կարգավորման միակ ձևաչափ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ կասեցվեց ռուսական զինուժի տեղակայումը սահմանին՝ իբրև խաղաղապահներ: Երրորդ՝ տևական դադարից հետո բանակցությունները շարունակվեցին, ուրեմն և շարունակվում է խաղաղությունը, թեկուզև զինված սահմանային բախումներով: ՈՒրեմն, դեռ երկար ճանապարհ կա մինչև Խաղաղության մեծ պայմանագիր, եթե ԵԱՏՄ-ն չփորձի վերաձևել սահմանները, իսկ Մինսկի խմբի երկու համանախագահները չկարողանան կասեցնել հարցի լուծումը այլ ձևաչափով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Trend գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանը չի մասնակցի Եվրանեստի երևանյան նիստին, որ կայանալու է 2015-ի մարտի16-20-ին Երևանում: Պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը ասել է. «Անցած տարվա մայիսին Կիևում կայացած բյուրոյի նիստում ես իմ բողոքը ներկայացրի Եվրանեստի ԽՎ չորրորդ լիագումար նիստը Երևանում անցկացնելու դեմ: Քանի դեռ ադրբեջանական հողերը չեն ազատագրվել, քանի դեռ չի դադարեցվել Սարսանգի ջրամբարի հումանիտար աղետը, ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցի երևանյան նիստին: Ադրբեջանական պատվիրակությունը դեմ է Հայաստանի համանախագահությանը կառույցում»: Նրանք Ադրբեջանի համար վիրավորական են համարում Եվրանեստի նիստը Երևանում անցկացնելը՝ այն դիտարկելով որպես եվրոպական կառույցների երկակի ստանդարտների դրսևորում: Մենք իսկապես դեռ հեռու ենք միմյանց հասկանալուց՝ լավ ճանաչելով իրար, իրականում ստատուս քվոն է հարաբերությունների կարգավորման ժամանակավոր, բայց միակ տարբերակը: Եվ փարիզյան հանդիպումը կարևոր, բայց ոչ շրջադարձային է լինելու նախորդ ու հաջորդ հանդիպումների շղթայում:

Դիտվել է՝ 1065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ