Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Պետք չէ նստել ու սպասել՝ ինչ է լինելու»

«Պետք չէ նստել ու սպասել՝ ինչ է լինելու»
24.10.2014 | 01:31

«Իրատես de facto»-ի հյուրն է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:

-Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Ձեր կարծիքով՝ ռեա՞լ հեռանկարներ են բացվում:
-Համոզված եմ, որ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոս, պաշտպանել է այդ որոշումը, և մի այդքան մարդ էլ Հայաստանում Ռուսաստանը համարում է բնական դաշնակից ու բարեկամ: Տարբեր միջավայրերում ուսումնասիրելով՝ հասարակությունն ինչպես է արձագանքում ԵԱՏՄ-ին անդամակցությանը, վստահ եմ, որ հասարակության մեջ ամրապնդվել է տեսակետը, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին ամրացնում է մեր անվտանգությունը, մեզ ավելի շահեկան դիրքերում է ներկայացնում տարածաշրջանում: Բավական է կարդալ ԵԱՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը, որ ամբողջովին տեղադրված է մեր կայքում, համոզվելու, որ թե աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի, թե ներդրումների, թե ապրանքների առանց մաքսատուրքի տեղաշարժի առումով մենք կարող ենք էական ակնկալիք ունենալ:
-Ձեր վստահությունը ի՞նչ հիմքեր ունի:
-Միայն մեկ օրինակ բերեմ. մեր բիզնեսմեններն ակտիվ քննարկում են, թե փոխադարձ արգելամիջոցների պայմաններում Ռուսաստանում գոյացած գյուղատնտեսական և վերամշակված մթերքների ոլորտի վակուումը ինչպե՞ս լրացնեն: Եթե Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, հաղթի այն գաղափարը, որ պետք է նոր արտադրություններ բացվեն և ներդրումներ կատարվեն հատկապես աշխատատար արտադրությունների ստեղծման ուղղությամբ, վիճակը կարող է փոխվել: Այն փաստը, որ Հայաստանի անդամակցությանը հաջորդած օրերին Ռուսաստանում հնչում են ձայներ, որ Հայաստանը սկսել է էական հետաքրքրություն ներկայացնել բարձրտեխնոլոգիաների ոլորտում, ռուսական նոր ներդրումներ ներգրավելով, արդեն վկայում է, որ այդ ոլորտների վերաբերյալ Հայաստանում պետք է մթնոլորտ փոխվի: Հավելեմ, որ Ղազախստանը արդեն մոտ մեկ տարի ապրում է ազգային գաղափարախոսության մակարդակի բարձրացված այն ծրագրով, որ դարակեսին պետք է դառնա աշխարհի ամենազարգացած 30 երկրներից մեկը: Նավթով ու գազով հարուստ երկիրը մտածում է ոչ թե բնական պաշարների շահագործմամբ իր քաղաքացիներին պահելու մասին, այլ ժամանակակից, երրորդ սերնդի արդյունաբերական հեղափոխությանը հարիր տեխնոլոգիաներ ունենալու: Սա լուրջ ազդանշան է, որ էական փոփոխություններ են լինելու:
-Իսկ բնական պաշարների հաշվին ապրող Ռուսաստա՞նը, նրանք պատրա՞ստ են երրորդ սերնդի արդյունաբերական հեղափոխություն ապրելուն:
-Նախորդ 20 տարիներին Ռուսաստանում իշխել է լիբերալ մտածողության մոդելը, որին նաև ռուս օլիգարխներն են հարում, որ նոր արտադրություններ պետք չեն՝ դեռ պարզ չէ, նրանց արտադրանքը մրցունակ կլինի, թե ոչ, կան նավթի ու գազի անսպառ պաշարներ, կվաճառենք և կգնենք՝ ինչ անհրաժեշտ է: Հիմա՝ արգելամիջոցների փոխադարձ կիրառման պայմաններում, ակնհայտ է, որ այդ գաղափարախոսությունը չի աշխատում, և Ռուսաստանը բախվում է բազմաթիվ դժվարությունների: Օրինակ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասին: Եթե այս միտումները շարունակվեն, Ռուսաստանում հաղթելու մեծ հնարավորություն ունի նոր մտածողությունը, մարդիկ, ովքեր պնդում են, որ Ռուսաստանը պետք է լինի արդյունաբերական, գյուղատնտեսական զարգացած երկիր, պետք է գոնե ռազմավարական հետաքրքրություն ունեցող ոլորտներում կարողանա սեփական կարիքները բավարարել:
-Եթե հաղթեն, այդ խնդիրը ֆինանսներ է պահանջում: Կա՞ն այդ ֆինանսները:
-Անցած 10 տարում՝ տարեկան միջինը 150 միլիարդ դոլար Ռուսաստանից հոսել է դեպի օֆշոր և եվրոպական բանկեր, այս տարվա 9 ամիսներին արդեն նույն ճանապարհով ՌԴ-ից դուրս է եկել 100 միլիարդ դոլար: Տարին դեռ չի ավարտվել:
-Դա վկայում է, որ ռուսական բիզնեսը հեռանում է Ռուսաստանից:
-Դա վկայում է, որ ռուսական բիզնեսի մի մասն այնքան էլ հայրենասեր չէ և իր գումարների համար գերադասում է շահավետ միջավայր դրսում, քան՝ երկարաժամկետ ներդրումներով վիճակի բարելավում հայրենիքում: Մենք պետք է զգոն լինենք Ռուսաստանում իշխող քաղաքական մտադրությունների նկատմամբ: Եթե հաղթեն արդյունաբերական երրորդ սերնդի նվաճումներով վերազինման կողմնակիցները, պետք է այդ նպատակով ծախսվող գումարների մի մասը Հայաստան բերելու հնարավորություններ փնտրենք: Այսօր Հայաստանի լավագույն ուղեղները մտահոգված են մի հարցով՝ երկրում դեինտելեկտուալացում է տեղի ունենում, վերջին 20 տարվա փոփոխություններով բարդ աշխատանքին փոխարինել է պարզ աշխատանքը: 50 և ավելի անգամ կրճատվել է բարդ աշխատանքով զբաղվողների թիվը: Սա նշանակում է, որ ինտելեկտը, բարձրագույն կրթությունը, բարձր գիտելիքի զարգացումն այնքան պահանջարկված չեն, որքան եղել է ԽՍՀՄ-ի վերջին տարիներին: Սա լուրջ խնդիր է. այս ցուցանիշով նահանջ ապրելով՝ տասնամյակների ընթացքում միայն կարող ենք հաղթահարել հետընթացը և նորից հավակնել նախկին դիրքերին: Այսօր շատ վերլուծաբաններ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, քաղաքագետներ՝ անհանգստացած Հայաստանում ինտելեկտուալ մտքի և ինտելեկտի տնտեսության մեջ պահանջարկի նվազման փաստով, մտածում են առաջացող ճեղքը նվազեցնելու մասին: Ամենապարզ ճանապարհը արդյունաբերական ժամանակակից մակարդակին հարիր տեխնոլոգիաների կիրառումն է և արդյունաբերական հզորությունների մեծացումը: Մյուս ճանապարհը գիտատար արտադրությունների ստեղծումն է, այսօր Հայաստանի գիտական միտքը բացարձակ նման չէ 20-ամյա հնության ստանդարտներին և ազդեցություն չունի տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացման վրա: Գիտնականի աշխատանքը առանձնապես պահանջարկված չէ: Եթե ուզում ենք հաղթահարել ինքնապարփակված վիճակը, ագրեսիվ լինել արտաքին շուկաների նվաճման մեջ, գայթակղիչ լինել ներդրումների համար, պիտի մտածենք նաև գիտատար ճյուղերի զարգացման մասին:
-Հարցս երկրորդեմ՝ իսկ ֆինանսնե՞ր:
-Այդ փողը կտա նա, ով կսկսի պատվիրել արտադրանքը: Ես համոզված եմ, որ Ռուսաստանում սկսված պայքարն ավարտվելու է տեխնոլոգիապես զարգացած երկիր դառնալու կողմնակիցների օգտին, և ՀՆԱ-ի 90 տոկոսը ձեռք կբերվի ոչ նավթի ու գազի վաճառքով, այլ կստեղծվի սեփական արտադրությունների մեծացմամբ: Պիտի պատրաստ լինենք թակելու Մոսկվայի, Աստանայի, որոշ վերապահումով՝ Մինսկի բարձր դռները՝ ներդրումներ ստանալու համար: Մենք շարունակ խոսում ենք Ռուսաստանից և դա բնական է, մենք ունենք 200-ամյա շփումներ ու ավանդույթներ, լավ ճանաչում ենք միմյանց ու վստահում: Բայց ղազախական ներդրումների համար այսօր պայքարում են Արևմտյան Եվրոպայից Հարավ-արևելյան Ասիա: Ղազախստանում միլիարդավոր դոլարներ են շրջանառվում: Այդ ներդրումները կարող են հոսել և դեպի Հարավային Կովկաս, ու արդեն հոսում են դեպի Ադրբեջան, որը Ղազախստանի վստահելի գործընկերն է, կարող են գալ նաև Հայաստան:
-Ինչպե՞ս, ինչո՞վ մենք պետք է գայթակղիչ դառնանք Աստանայի համար:
-Խոսակցությունը, որ մենք ունենք բնական աշխատուժի ավելցուկ, երկու կողմ ունի: Մի կողմից՝ յուրաքանչյուրի սիրտը ցավում է, երբ մեր հայրենակիցները հեռանում են երկրից, մյուս կողմից՝ եթե մենք ուզում ենք ՀՀ քաղաքացու անձնագիրը գրավիչ պահել երկրի քաղաքացիների ու դրսում բնակվող հայրենակիցների համար, պետք է աշխատանքի այնպիսի պայմաններ ունենանք, որ մեր քաղաքացիները չհրաժարվեն քաղաքացիությունից: Լավագույն լուծումը գտնվել է ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ պահպանելով ՀՀ քաղաքացիությունը՝ մեր հայրենակիցները կարող են ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի քաղաքացիներին հավասար իրավունքներով աշխատել այդ շուկաներում, օգտվել կենսաթոշակային իրավունքներից, սոցիալական փաթեթներից: Այս հարցերը այլևս ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պատճառ չեն: Ես ափսոսում եմ, որ մենք նման պայմաններով հարաբերություններ չունենք եվրաինտեգրման ասպարեզում, աշխատուժի տեղաշարժի մասին խոսակցություն չի եղել, բայց հույս ունեմ, որ երբ ՌԴ-ն և Արևմուտքը փոխադարձ արգելամիջոցների պատերազմից վերադառնան երկխոսության դաշտ, կհիշեն ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մտադրությունը, և հեշտացված տեղաշարժի ու աշխատանքի ընդունվելու պայմաններում մենք կունենանք առաջընթաց նաև արևմտյան ուղղությամբ: Սա միայն սոցիալական հարց չէ: Ֆուտուրիստներից ոմանք, որ խոսում են 25-30 տարի հետո հարավային Կովկասի ժողովրդագրական վիճակի մասին, ասում են, որ Հայաստանում բնակչության թիվը կարող է հասնել մեկուկես միլիոնի: Եթե 2030-ին այդ թիվը իրականություն դառնա, մեզ համար ստեղծվելու է ճգնաժամային իրավիճակ՝ լրջագույն մարտահրավեր: 16 տարին շատ հեռու ապագա չէ՝ մեկ նախագահական ցիկլ և հաջորդի կեսը: Ընդամենը 16 տարի հետո կարող ենք անդառնալի վիճակում հայտնվել: Ի՞նչ է լինելու այդ ժամանակ մեր ռազմավարական շահերի ու խնդիրների վիճակը: Այսօր արդեն խնդիր կա երկու ճանապարհով պայքարելու չկարգավորված արտագաղթի դեմ։ Առաջին՝ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ի քաղաքացիների համար սեզոնային աշխատանքների արժանապատիվ պայմանների ստեղծումը, երկրորդ՝ ռուսական ազատված փողերի մի մասը ՀՀ ուղղորդելը և այստեղ արտադրության, առևտրի, սպասարկման ոլորտը զարգացնելը: Այսօր թվում է՝ մեր երկիրը գերհագեցած է ռեստորաններով, սրճարաններով, հյուրանոցներով, բայց եթե մենք բարձրանանք սպառման ու կենցաղի նոր մակարդակի, կպարզվի, որ ճիշտ այնքան լրացուցիչ աշխատատեղեր են պետք, որքան արդեն կան: Դա նոր կենսամակարդակ ու սպառման մակարդակ է, որին պիտի պատրաստվենք: Ես հակված չեմ կարծել, որ ՌԴ-ն կցանկանա երկար մնալ մեկուսացման մեջ:
-Ռուսաստանը չի ցանկանա, բայց Արևմուտքը պիտի պատժամիջոցները հանի:
-Սպասել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կգնա միակողմանի զիջումների և կնահանջի բազմաբևեռ աշխարհի բևեռներից մեկը լինելուց, միամտություն է: Ես շատ քաղաքագետների ու քաղաքական գործիչների եմ ճանաչում, որ ասում են՝ ի՞նչ պիտի անի Ռուսաստանը նոր ձեռք բերած բեռների ծանրության տակ: Լավ ճանաչելով ռուս ժողովրդին ու մասնագիտորեն իմանալով պատմությունը, կարող եմ ասել՝ արգելամիջոցները գոտեպնդելու և ռուս ժողովրդին մղելու են առանց Արևմուտքի ապրելու գաղափարին: Արգելամիջոցներից վնաս է ունենալու ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը: Սպասել, որ Ռուսաստանը արգելամիջոցներից կփլուզվի, ինչպես Զբիգնև Բժեզինսկին էր մի քանի ամիս առաջ իր հոդվածում գրել, թե իշխանության դեմ ընդվզում կլինի ու կտապալեն կառավարությունը, նոր կառավարությունը ավելի լսող կլինի կդառնա արևմտյան հորդորներին, մեծ միամտություն է: Ռուսաստանի պատմությունն իմացող մարդիկ կվկայեն, որ Ռուսաստանը բազմիցս հայտնվել է ժամանակավոր մեկուսացման մեջ, շատ ավելի ծանր պայմաններում և 18-րդ դարում, և 19-րդ ու 20-րդ ու պատվով է դուրս եկել փորձություններից: Պետք չէ նստել ու սպասել՝ ինչ է լինելու, Հայաստանում պետք է ունենանք ակտիվ տնտեսական ու քաղաքական, հասարակական ենթակառուցվածքներ, որոնք ուղղորդված են ԵԱՏՄ: Այդ ենթակառուցվածքների գործունեությանը չպետք է խանգարեն մյուս ենթակառուցվածքները, որոնք նույնպես պահանջարկված են ու կարևոր: Եվրոպական ուղղությամբ աշխատում են հարյուրավոր հասարակական կազմակերպություններ: Ես հեռու եմ նրանց գործունեությունը վտանգավոր համարելու մտքից, բայց այս երկու ուղղությունները պետք է գործեն առանց միմյանց խանգարելու և առճակատման: Եթե Հայաստանում հանկարծ կողմնորոշումների դիմակայություն սկսվի, կկորցնենք ազգային ինքնիշխանությունը, որից ավելի վտանգավոր հարված մեր պետականությանը չկա:
-Իսկ ունե՞նք, որ կորցնենք:
-Այո, ունենք, ու հենց այդ պատճառով է աշխարհում պայքար գնում մեզ համար. մենք այսօր հետաքրքիր ենք թե Ռուսաստանին, թե ԵՄ-ին, թե ԱՄՆ-ին: Եթե անկեղծ ենք մեր մտադրություններում, մեր հայտարարությունների ու իրական քայլերի միջև տարբերություն չկա, համոզված եմ, որ մենք դառնալու ենք ԵՏՄ-ում ամենալիբերալ տնտեսական համակարգն ունեցող երկիր և կհետաքրքրենք ԵՄ-ին նաև մեր փորձի ու ձեռքբերումների ուսանելիությամբ:
-Եթե ունենք քաղաքական անկախություն, ինչո՞ւ չենք կարողանում Բելառուսի, Ղազախստանի նման մեր քաղաքականությունը ԵԱՏՄ-ում առաջ տանել: Մինսկը բաց առևտուր է անում ու ցանկացածը ստանում է Մոսկվայից, նույնը՝ Աստանան: Ինչո՞ւ Հայաստանը նրանց հավասար ձայներ չունի: Ինչո՞ւ չենք կարողանում մեր հարաբերությունները զարգացնել հարևան Իրանի հետ:
-Մենք հավասար ձայներ ունենք՝ մեկ, և երկրորդ՝ այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանից Իրան կառուցում է երկրորդ խոշոր երկաթգիծը, որը Հյուսիս-հարավ միջանցքի կարևոր բաղկացուցիչն է, վկայում է, որ Ռուսաստանը ոչ միայն չի թերագնահատում Իրանի հետ հարաբերությունները, այլև կարևորում է:
-Կարևորում է իր շահերից ելնելով, իսկ մե՞ր շահերը:
-Ես համոզված եմ, որ Ռուսաստանն Իրանի հետ ունենալու է փոխշահավետ առևտրի զարգացում, Հյուսիս-հարավ ավտոճանապարհը և երկաթուղային կապը, երբ գործարկվի, մենք կդառնանք այլընտրանքային մայրուղի Ռուսաստանը Իրանին կապող: Ես ավելի քան համոզված եմ, որ դառնալով ԵԱՏՄ անդամ, Հայաստանը դարձավ ավելի մեծ ուշադրության առարկա հարևան Թուրքիայի համար, որտեղ դադարեցվել էր հայ-թուրքական երկխոսությունը: Երբ Հայաստանը քայլ անի դեպի ԵԱՏՄ, Թուրքիայում կարող են նորից ու ավելի բարձր հնչել հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության ձայները:
-ԵԱՏՄ-ի համար տնտեսական նկատառումներով շատ շահեկան կլինի Ադրբեջանի անդամակցումը, հնարավո՞ր է դա: Այդ դեպքում անվտանգության ի՞նչ երաշխիքներ է Հայաստանն ունենալու:
-Մտնելով ԵԱՏՄ՝ մենք մեր ազգային անվտանգությունն ավելի ամրապնդեցինք, խոսքը ոչ այնքան տնտեսական ռեժիմների մասին է, որքան ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության: Ռուսաստանում շատ կան քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ, որ տարբեր պատճառներով շահագրգռված են Ադրբեջանին ԵԱՏՄ բերել: Ես գիտեմ այդ մարդկանց ուժը, գիտեմ Ադրբեջանի լոբբիստական հնարավորությունները Ռուսաստանում, բայց կարծում եմ, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի ոչպաշտոնական քննարկումները Հայաստանի անդամակցությամբ միայն ուժեղանում են: Մեզ պետք է կոմպետենտ, ինտելեկտուալ միջավայրում կազմակերպել իրավիճակի մոդելավորումը և քաղաքական, տնտեսական, հասարակական իրողությունների համադրումով՝ կանխատեսել՝ ինչ կպատահի, եթե Ադրբեջանը որոշի անդամակցել ԵԱՏՄ-ին: Ես ճանաչում եմ բազմաթիվ ռուս քաղաքագետների, որ ասում են՝ Ղարաբաղի հարցի լուծման մեջ էական ներդրում կլինի: Ինձ համար դեռ հարցեր կան, և ես կցանկանայի, որ մեր վերլուծաբանները որոշակիորեն մոդելավորեին իրավիճակը՝ ինչ կլինի, եթե Հայաստանն ու Ադրբեջանը լինեն ԵԱՏՄ անդամ: Այդ դեպքում Վրաստանն ուղղակի ստիպված է մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սա հասկանալի թիրախ է, բայց ինչպիսի՞ն կլինի Ադրբեջանի անդամակցությունը՝ մտածելու և հաշվարկելու խնդիր է, որ պետք է արվի: Թեպետ այսօր Ադրբեջանում չկան մարդիկ, ովքեր լրջորեն քննարկում են ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը: Նրանք ուզում են, որ իրենց երկիրը վայելի անկախության պտուղները: Դա հաճելի զբաղմունք է, բայց քաղաքական իրավիճակ է փոխվում տարածաշրջանում, որին համարեք արձագանքելու հարց կա:
-Ձեր կարծիքով՝ Հայաստանում քաղաքագիտական միտքը կտա՝ Ձեր ակնկալած գնահատականը, երբ սոցիոլոգիական, քաղաքագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները վճարովի են ու կատարվում են ըստ պատվերի:
-Ամեն երկրի քաղաքագիտական միտք ուժեղ է այնքանով, որքանով արտահայտում է պետականության շահերը և ունի պետական պատվեր: Երբ 2001-ին սկսում էինք քաղաքական վերլուծություն առարկան ուսումնասիրել Երևանի պետական համալսարանում, վերլուծության ասպարեզում պետական կառույց չկար, այսօր ունենք մի քանի հզոր կառույցներ, որոնք պետությունը պահում է իր տեղեկատվական-վերլուծական կարիքների համար՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, Դրաստամատ Կանայանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, բազմաթիվ կենտրոններ, որ համագործակցում են իշխանությունների հետ դրամաշնորհային ծրագրերով: Մենք այսօր ունենք վերլուծական կենտրոնների ցանց ու բավարար վերլուծական ներուժ՝ ապահովելու պետական հետաքրքրությունները ռազմավարական և մարտավարական հեռանկարների մշակման համար և պահանջարկի դեպքում ի զորու ենք ապահովել անհրաժեշտ վերլուծությամբ:


Զրուցեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ