Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանին հզոր թևեր են պետք, Ջավախքին և Արցախին` առողջ և կենսունակ մարմին

Հայաստանին հզոր թևեր են պետք, Ջավախքին և Արցախին` առողջ և կենսունակ մարմին
24.10.2014 | 12:24

Պատմության, ժամանակի, մեր անմիաբանության, թե աշխարհի հզորների քմահաճույքի կացինը ժամանակ առ ժամանակ անդամահատեց Հայաստանի մարմինը, վերջում թողնելով այն, ինչ ունենք այսօր։
Այո, այսօր Հայաստանը մարմին է` իր երկու անդամահատված, բայց ո՛չ ամբողջովին կտրված թևերով` Ջավախք և Արցախ. մարմնին միացած մեկ մկանով և զարկերակով, այն է` լեզվով և մշակույթով։ Եվ եթե, մի շարք գործոններով պայմանավորված, շատ է խոսվում Արցախի մասին, ապա Ջավախքը գրեթե մոռացված է, չնայած շարունակում է զգալիորեն համալրել Հայաստանի բուհերի ուսանողների շարքերը, չնայած եղել և շարունակում է հայ գրականության արյան մաքուր և բարձրակարգ դոնորը լինել` Ջիվանուց, Վահան Տերյանից, Դերենիկ Դեմիրճյանից մինչև Լևոն Խեչոյան (և դեռ շարունակելու է իր կենսաբեր ներարկումները, քանզի Ջավախք լեռնաստանը այս առումով հարուստ ընդերք և բարեբեր հող ունի)։
Երկակի իրավիճակում և անսովոր դիրքում է հայտնվել Ջավախքը. և՛ Վրաստան է, և՛ Վրաստան չէ, և՛ Հայաստան չէ, և՛ Հայաստան է։ Նյութապես հարկատու է Վրաստանին, հոգևոր առումով` Հայաստանին։ Աշխարհագրորեն` սահման է, հոգևոր առումով` կամուրջ Հայքի և Վիրքի միջև։ Խորամանկ լիներ` կօգտվեր և՛ Հայաստանից, և՛ Վրաստանից, բայց քանի որ հպարտ է և արժանապատիվ, երբեմն (եթե ոչ հաճախ) անտեսվում է երկու կողմից էլ։
Արտագաղթը, ցավոք, դարձել է համաշխարհային համաճարակ, որի առաջին «բացիլակիրներից» եղան ջավախքցիները։ Առաջին դատարկվող (այսօր արդեն գրեթե 80 տոկոսով) գյուղերից էին Կորխը և նրանից ծնունդ առած Թոթխամը։ Ժամանակին Մոսկվայում նույնիսկ մի անեկդոտանման իրապատում էր շրջանառվում, իբր, երբ ռուս ոստիկանները հայի անձնագիրը զննում են, պարզվում է, որ ծնված է Կորխում։ Զարմանում են, թե էդ ի՜նչ մեծ քաղաք է էդ Կորխը, որ այդքան մարդ է «ուղարկել» Մոսկվա։
Եվ այս ոչ հաճելի հենքին կրկնակի են արժևորվում այնտեղ ապրող, արարող, մի պատառիկ հող հայ պահող մարդիկ։ Ցավոք, Թոթխամի դպրոցը կայծկլտաց ու մարեց։ Հանգչելու վտանգի տակ է նաև Կորխի դպրոցը. երկու գյուղերը միասին ունեն հինգ տասնյակից քիչ ավելի աշակերտություն։ Բախտ ունեցա ծանոթանալու դպրոցի տնօրեն տիկին Գալյա Թոփուզյանի հետ. մասնագիտությամբ` բանասեր, էությամբ` հայրենասեր, հրաշալի հայուհի, երեք որդու մայր, զույգ թոռնիկների երիտասարդ տատիկ, կին` մեծատառով (մեր օրերում քանի՞ հայ կին կգտնեք, որ Լեհաստանում բարեկեցիկ կյանքը թողած` գյուղ վերադառնա` ամուսնու միայնակ մնացած ծնողներին խնամելու)։ Բարեբախտաբար, դպրոցը վերջերս է նորոգվել, կադրերի և գույքի խնդիր չունեն, բայց հրատապ է գրքերի պակասը (այստեղ ցանկալի կլիներ կրթության և մշակույթի նախարարությունների արձագանքը)։ Տիկին Գալյան, ինքն էլ լինելով հրաշալի մասնագետ, հպարտությամբ նշեց դպրոցի մանկավարժներից Մնացական Ափոզյանի և նրա երիտասարդ դստեր` ԵՊՀ-ում բարձրագույն կրթություն ստացած և կրկին գյուղ վերադարձած Լուսինեի մասնագիտական բարձր որակները։ (Մնացական Ափոզյանը, չնայած տեխնիկական կրթությանը, բանաստեղծ է, երկու ժողովածուի հեղինակ, բանաստեղծական շարքեր է տպագրել «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթում)։
Իր հոգսերն ու խնդիրներն ունի, և դրանք համբերատարությամբ լուծում է Թոթխամի գյուղապետ Մեսրոպ Իրիցյանը։ Թեպետ ճանապարհները բարեկարգ չեն, գյուղը ջրի խնդիր ունի, սակայն գյուղապետի համար ամենացավալին փակ դռներով, մութ լուսամուտներով տներն են. հոգեբանորեն ճնշող պատկեր է։
Այս գյուղերը որքա՞ն կպահեն հայերենահունչ և հայաշունչ, ծխացող օջախներով` մի Գալյա Թոփուզյան, մի Մնացական Ափոզյան, մի Մեսրոպ Իրիցյան, երիտասարդներից` մի Լուսինե Ափոզյան և Մասիս Իրիցյան` անհայտ է։ Ի վերջո, ոչինչ անսպառ չէ. հայրենասիրությունը, կամքը, նվիրումը, հատկապես երբ ականատես են, որ մի կողմից քողարկված հայաթափման գերանդին է հնձում, մյուս կողմից` երբեմնի շեն, արվեստասեր, հարսանքաշատ այս երկու գյուղերը դարձել են իրենց ռուսաստանաբնակ զավակների աճյուններն ընդունող հողակտորներ (ինչպես Հայաստանը` ամերիկահայերի)։ Այնինչ, եթե հեռատես լինեին այս գյուղերի ռուսաստանաբնակ մեծահարուստները, որոնք մեծ թիվ են կազմում, զբոսաշրջության կենտրոն կհիմնեին այստեղ. Կորխի չնաշխարհիկ ձորն իր շքեղությամբ կարող է մրցել նույնիսկ... Շվեյցարիայի հետ։
Պոետն իր հրովարտակով ուզում էր, որ գարունները գային ու չգնային։ Հրաշք լիներ` համաշխարհային հրովարտակ հրապարակվեր` ամեն ազգ իր հայրենիքը վերադառնա, ամեն մարդ` իր ծննդավայրը։
Այդ են պահանջում և՛ Հայաստանի, և՛ Ջավախքի, և՛ Արցախի թե՛ դեռևս բոցկլտացող, թե՛ մարմրող գյուղերը։ Հայաստանին հզոր թևեր են պետք, Ջավախքին և Արցախին` առողջ և կենսունակ մարմին։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ