Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայկական երաժշտությունը և մակեդոնական երաժշտությունը ունեն հոգի, կիրք, սիրտ, էներգիա»

«Հայկական երաժշտությունը և մակեդոնական երաժշտությունը ունեն հոգի, կիրք, սիրտ, էներգիա»
24.10.2014 | 12:44

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կնշանավորվի մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկու և բրազիլացի ճանաչված կիթառահար Ֆաբիո Զանոնի ելույթներով: Մինչ համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերը հանդիպեցին լրագրողների հետ:
«Ինձ շատ դուր է գալիս, որ եկել եմ Հայաստան,- իր խոսքը հայերենով սկսեց Սիմոն Տրպչեսկին, ապա հավելեց, որ սա իր երկրորդ հայաստանյան ացելությունն է:- Նախորդ անգամ, երբ այստեղ էի, ներկա էր մշակույթի նախարարը, նա ողջունեց ինձ ու ասաց, որ այս մարդն անկասկած հայկական ծագում ունի»:
Հետաքրքիր հայերենով խոսել փորձող, հայկական դիմագծեր ունեցող ՍԻՄՈՆ ՏՐՊՉԵՍԿԻՆ և կիթառահար ՖԱԲԻՈ ԶԱՆՈՆԸ պատասխանեցին նաև «Իրատես de facto»-ի հարցերին:
-Ծանո՞թ եք հայկական երաժշտությանը, երբևէ կատարե՞լ եք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Ֆ. Զ. - Ցավոք, չեմ կատարել, նույնիսկ չգիտեմ՝ ունե՞ն արդյոք հայ կոմպոզիտորները կիթառի համար գրված երաժշտություն: Եթե կան, ես շատ կուզենայի իմանալ, երբևէ չեմ առնչվել:
Ս. Տ. -Ծանոթ եմ Խաչատրյանին, Բաբաջանյանին, Կոմիտասին, բայց կուզենայի շատ ավելին իմանալ Կոմիտասի արվեստի մասին: Հիացած եմ Խաչատրյանի դաշնամուրային պիեսներով, հնարավորություն ունեցա դրանք լսելու ձեր հրաշալի դաշնակահարուհու` Արմինե Գրիգորյանի կատարմամբ: Ոչ հաճախ, բայց Խաչատրյանին անդրադառնում եմ իմ համերգային ծրագրերում: Երաժշտական այնքան շատ նյութ կա, որ կատարելու համար կյանքը չի հերիքում:
-Դասական երաժշտությունը, ասում են, ընտրյալների համար է, մասսայականություն է վայելում ցածրորակ, փոփ երաժշտությունը: Ինչպիսի՞ն է պատկերն այս առումով Մակեդոնիայում և Բրազիլիայում:
Ս. Տ. -Մակեդոնիայում չկա դասական երաժշտության այնպիսի գեղեցիկ ավանդույթ, ինչպես, ասենք, Արևմուտքում: Ամեն ինչ շատ ավելի բարձր մակարդակի վրա դրվեց Համաշխարհային մեծ պատերազմից հետո, ավելի լրջորեն սկսեցին աշխատել երաժշտական ինստիտուտները, Մակեդոնիայի ֆիլհարմոնիկը: Երբ Հարավսլավիան բաժանվեց, դժվար ժամանակներ էին, բայց, ամեն դեպքում, դասական երաժշտական կյանքը Մակեդոնիայում միշտ կենդանի է եղել: Այսօր կա զգալի աճ, հետաքրքրություն, գուցե անհամեստ հնչի, բայց ես նույնպես ունեցել եմ կարևոր դեր երիտասարդ սերնդի համար: Իհարկե, մեծ աշխատանք են արել նաև տարբեր ինստիտուտներ, մակեդոնական ֆիլհարմոնիկը, օպերան ու բալետը, երաժշտական փառատոները: Կարծում եմ, երկրի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի, որ երիտասարդ հանդիսատեսին ներգրավի այդ պրոցեսում։ Սա գլխավոր խնդիրն է: Ցավալի է, բայց կա վատ ազդեցությունը փոփ երաժշտության, նաև ֆոլկլոր երաժշտության, որն իրականում ֆոլկլոր չէ, այլ խառնածին երաժշտություն: Ես լավատես եմ: Աշխատանքներ տարվում են Մակեդոնիայում: Ամենակարևորը, հայկական երաժշտությունը և մակեդոնական երաժշտությունը ունեն հոգի, կիրք, սիրտ, էներգիա:
Ֆ. Զ.- Շատ բարդ հարց է, ես կարծում եմ, որ չարժի համեմատել այս երկու ժանրերը: Երբ խոսում ենք դասական երաժշտության մասին, պետք է նկատի ունենանք, որ այն մարդկության պատմության թողած ժառանգությունն է: Առանց դասական երաժշտության չենք կարող հասկանալ երաժշտության մյուս ժանրերը: Բրազիլիայում մեծ նշանակություն է տրվում դասական երաժշտության ուսուցմանը: Ե՛վ պետական, և՛ մասնավոր միջոցներով սոցիալական բազմազան ծրագրեր են կյանքի կոչվում, որ պատանիները կարողանան դասական երաժշտական հիմնավոր ուսուցում ստանալ: Միաժամանակ շատ երեխաներ կտրվում են փողոցից: Տրամադրվում է նաև երաժշտական միջոցառումների 12 հազար աբոնեմենտ, սոցիալական ծրագրերում ընդգրկվում են անգամ ընտանիքներով: Շուրջ 15 տարի նման քաղաքականություն է իրականացվում: Եվ կարող եմ ասել՝ Բրազիլիայում շատ մեծ է հետաքրքրությունը դասական երաժշտարվեստի նկատմամբ:
Սիմոն Տրպչեսկին հավելեց, որ ականատես է եղել, թե ինչպես Բրազիլիայում դիրիժորը համերգը երեք անգամ ընդհատել է, որովհետև երեխաները աղմկել են. «Կուզենայի, որ Մակեդոնիայում նույնպես երաժշտությամբ հետաքրքրվողներին և չհետաքրքրվողներին բերեին համերգասրահ: Մեր կառավարությունը պետք է այնպես անի, որ երաժշտությունը ներկայացվի ոչ միայն կենտրոնում, այլև տարբեր շրջաններում»։ Դառնալով ՀՊՖՆ-ին՝ ասաց, որ համոզված է, որ եթե համերգներ ունենային Դիլիջանում, Իջևանում, Հրազդանում, ունկնդիրն անկեղծորեն կլսեր իրենց մատուցած երաժշտությունը։ «Պետք է հպարտ լինեք Հայաստանի ֆիլհարմոնիկով, որ ներկայացնում է դասական արվեստ և հայ երաժշտական արվեստ արտասահմանում։ Լինելով մակեդոնացի, խոստովանում եմ, որ մեր նվագախումբն այդքան հաճախ չի կարողանում համերգներ ունենալ տարբեր երկրներում, ինչի շնորհիվ հայտնի են դառնում երկիրը, նվագախումբը և երաժշտությունը, որը ներկայացվում է»:
Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում` Շոստակովիչ (Տոնական նախերգանք), Ռոդրիգո (Կիթառի կոնցերտ), Բրամս (Դաշնամուրի կոնցերտ թիվ 1): Դիրիժոր, փառատոնի գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան: Նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Ֆիլհարմոնիկյան կադրեր» ցուցահանդեսը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ