Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գերակումբները զվարճանում են

Գերակումբները զվարճանում են
24.10.2014 | 13:00

Չհասցնելով կարգին ուշքի գալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում արձանագրված գոլերի հեղեղից (հիշում եք՝ դրանք քսանութն էին չորս խաղում), ընկանք երկրորդ հարվածի տակ: Այս անգամ մեղավորները Չեմպիոնների լիգայի ներկայացուցիչներն էին` մրցակցային առաջին օրվա ութ խաղում արձանագրած քառասուն գոլով: Ճիշտ է, հարվածային տեմպը չպահպանվեց երկրորդ օրը, սակայն դրանից եվրոպականի գլխավոր խաղարկության տպավորությունը բնավ էլ չխամրեց: Հատկանշական մի բան էլ: Գրեթե առանց բացառության գերակումբները բառիս բուն իմաստով զվարճացան՝ մեկը մեկին ձեռնոց նետելով գոլերի խելագար հրավառությամբ: Ինչևէ: Ֆուտբոլ էր, մեծ ֆուտբոլ, ու մարզասերին այլ բան չէր մնում, եթե ոչ թուլանալ ու հաճույք ստանալ: Այս անգամ խախտենք խմբերի ներկայացման այբբենական կարգն ու գնանք առավելագույնից նվազման կարգով ներկայացման ճանապարհով:

ԻՆՆԱԿԱՆՆԵՐԸ
E խումբ: «Ռոմա»-«Բավարիա» դիմակայությունը ոչ միայն խմբայինի, այլև Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի ամենասպասվածներից էր, եթե ոչ ամենասպասվածը: Ցավոք, «գայլերն» անգամ տան պայմաններում չկարողացան անհրաժեշտ դիմադրություն ցույց տալ բավարացիներին ու ծանր պարտություն կրեցին: Համենայն դեպս, 1:7 հաշիվը լրացուցիչ մեկնաբանությունների տեղ չի թողնում: Ակնհայտ է, որ «Բավարիան» առաջին տեղը չի զիջի ոչ մեկին (երեք խաղից հետո ունի ինը միավոր՝ գնդակների 9:1 հարաբերությամբ), իսկ երկրորդ ուղեգրի համար կենացներն իսկապես քաղցրանում են, որքան էլ Մոսկվայում «Մանչեստր Սիթին» երկու միավոր կորցրեց ԲԿՄԱ-ի հետ խաղում (2:2), ու երկու միավորով իտալացիներից նույնքան միավորի հեռավորության վրա է: Այն, որ «քաղաքաբնակները» փայլուն կազմ ունեն, անվիճելի է, սակայն նույնքան անվիճելի է և այն, որ նրանք մի թիմ են ներքին առաջնությունում ու բոլորովին այլ թիմ եվրոպական մրցահարթակում: Մոսկվայում կորցրած միավորները շատ հնարավոր է, որ նրանց համար ճակատագրական լինեն երկրորդ տեղի համար պայքարում:
B խումբ: Մադրիդի ««Ռեալը» չեմպիոնական գրաֆիկով ընթացքը շարունակեց նաև երրորդ տուրում՝ հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտության մատնելով խմբայինի իր գլխավոր մրցակցին՝ «Լիվերպուլին»: Գոլերը Ռոնալդուի ու Բենզեմայի ակտիվում են: Մերսիսայդցիների այս պարտությունը տանը «Բազելին» նվազագույն հաշվով հաղթած «Լյուդոգորեցին» հնարավորություն տվեց նույնպես ունենալու երեք միավոր ու խմբայինում երկրորդ ուղեգրի համար պայքարում ստեղծելու եթե ոչ իրական, գոնե թվացյալ ինտրիգ:
D խումբ: Խմբի բացահայտ առաջատարը շարունակում է մնալ Դորտմունդի «Բորուսիան», որը ներքին առաջնությունում անհաջող ելույթները կոմպենսացնում է եվրոպականում բացառապես հաղթական մրցելույթներով: Դորտմունդցիների վերջին զոհը «Գալաթասարայն» էր: Սեփական հարկի տակ թուրքերը չորս անգամ գնդակը հանել են նույնքան սեփական դարպասից՝ այդպես էլ անկարող լինելով թրջելու հաշիվը: Պարտվելով 0:1 հաշվով՝ «Արսենալը» կարողացավ հյուրընկալվելիս բեկել խաղի ընթացքն ու կամային հաղթանակ տոնել «Անդերլեխտի» նկատմամբ: Հիմնական մրցակցի՝ դորտմունդցիների 9-ի դիմաց լոնդոնցիներն ունեն վեց միավոր և ամենայն հավանականությամբ իրար հետ, ձեռք ձեռքի տված, դուրս կգան խմբայինից՝ ի դեմս «Գալաթասարայի» ու «Անդերլեխտի» այդպես էլ չունենալով լուրջ մրցակից: Վերջին երկուսի դիմաց գրանցված է մեկական միավոր:


ՅՈԹԱԿԱՆՆԵՐԸ
G խումբ: «Չելսի»-«Մարիբոր» դիմակայությունում «ազնվականները» սեփական դարպասը պահեցին անառիկ՝ փոխարենը մաղի վերածելով մրցակցինը՝ 6:0: Գոլառատ եղավ նաև «Շալկե»-«Սպորտինգ» դիմակայությունը, որտեղ հաղթողը պարզ դարձավ միայն մրցավարի հավելած ժամանակում: Տասնմեկմետրանոցը երջանկաբեր եղավ առաջինի համար, որն էլ ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 4:3: Այստեղ յոթ միավորով առաջինը «Չելսին» է, երկրորդը «Շալկեն» է հինգ միավոր: «Մարիբորն» ու «Սպորտինգը» համապատասխանաբար ունեն երկու և մեկ միավոր:
H խումբ: Գոլային կատարյալ հրավառության վերածվեց նաև ԲԱՏԵ-«Շախտյոր» առճակատումը: ՈՒկրաինացիները յոթ անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Այստեղ պարզապես փայլեց Ադրիանոն՝ դառնալով հինգ գոլի հեղինակ ու կրկնելով Մեսիին: «Շախտյորն» արդեն հինգ միավոր ունի ու բավական տաքուկ դիրքավորվել է երկրորդ հորիզոնականում: Նրանից երկու միավոր հեռավորության վրա է Բիլբաոյի «Աթլետիկին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթած «Պորտուն», որը նախորդ տուրում, հիշում եք, խաղի ավելացված ժամանակահատվածում երկու անգամ գրավեց «Շախտյորի» դարպասն ու հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով:
F խումբ: Խմբի առաջին երկու ուղեգրերի համար շարունակում են «արյուն» թափել «Պարի Սեն Ժերմենն» ու «Բարսելոնը»: Առաջինը թեև դժվարությամբ, այդուհանդերձ երեք միավոր կորզեց ԱՊՕԵԼ-ից նրա իսկ դաշտում ու արդեն ունի յոթ միավոր: Հաղթեց նաև «Բարսելոնը»: Հանդիպման 3:1 հաշիվը բնավ էլ չի խոսում այն մասին, որ հոլանդացիները հեշտությամբ են զիջել, թեպետ աղյուսակում նրանց ունեցած երրորդ հորիզոնականը քիչ մխիթարական է, քանզի ունեցած երկու միավորով նրանք կատալոնցիներից հետ են ամբողջ չորս նիշով, ինչը սպառնում է դառնալ անհաղթահարելի արգելք:


ՎԵՑԱԿԱՆՆԵՐԸ
A խումբ: Նախորդ տուրի խռովարարի՝ շվեդական «Մալմյոյի» հետ հանդիպումում Մադրիդի «Աթլետիկոն» վարվեց դաժանաբար՝ հաղթելով հինգ անպատասխան գնդակի առավելությամբ: Սեփական հարկի տակ հաղթական եղավ նաև «Օլիմպիակոսի» հանդիպումը «Յուվենտուսի» հետ՝ 1:0: Արդյունքում «Աթլետիկոյի» ու «Օլիմպիակոսի» դիմաց վեց միավոր է գրանցված, մյուս երկուսը մնացին ունեցած երեք միավորով: Այս խմբում պահպանվում է մեծագույն ինտրիգ, և յուրաքանչյուր տուր բերելու է անխուսափ խմբագրումներ, իսկ նախապես ֆավորիտ ճանաչվածներից, ինչպես տեսնում եք, քիչ թե շատ արդարացնողն Իսպանիայի չեմպիոնն է, որը թեև ունի խփած-բաց թողածների առավել դրական հաշվեկշիռ, սակայն երկրորդ հորիզոնականում է այն պատճառով, որ հույներին պարտվել է տուրի առաջին հանդիպումում:
C խումբ: Նախորդ տուրում վերցրած հաղթական տեմպը պահպանեց «Բայերը»՝ 2:0 հաշվով առավելության հասնելով «Զենիթի» նկատմամբ: «Մոնակո»-«Բենֆիկա» խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Այս ամենի արդյունքում գերմանական ակումբը վեց միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, երկրորդը «Մոնակոն» է հինգ միավորով: Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ունի չորս միավոր: Այստեղ ամեն ինչ այն աստիճանի է խճճված, որ սկզբունքորեն խմբայինից լավագույն ելքով դուրս գալու հնարավորություն ունի անգամ մեկ միավոր ունեցող «Բենֆիկան»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ