Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հուշերի զանգը կարոտի և սիրո ղողանջ ուներ

Հուշերի զանգը կարոտի և սիրո ղողանջ ուներ
24.10.2014 | 13:08

Մենք՝ հայերս, մի առանձնահատկություն ունենք. ում չենք սիրում՝ չենք էլ նկատում նրան, իսկ ում սիրում ենք, հատկապես ամենաարժանավորներին, սիրում ենք՝ տանջելով, սիրում ենք՝ սիրտը խոցելով, միաժամանակ ներքուստ զգալով նրա մեծությունը, գնահատելով մարդկային որակները, ստեղծած մնայուն արժեքները։ Սիրում ենք «մոռանալ» բարի խոսք ասելը, խրախուսելը, և չենք մոռանում արժանավորի վաստակած արդար հացին մի շերտ դառնություն քսել. օգտակար է, դրանից արվեստն ու գրականությունը կշահեն։ Սա է ցույց տալիս մեր մշակույթի հարուստ պատմությունը, և, թերևս սա էլ նկատի ուներ ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանը գրողների միության մեծ դահլիճում Լևոն Անանյանին նվիրված հուշ-երեկոյի իր բացման խոսքում, երբ կարևորեց կյանքի օրոք մարդուն լավ խոսք ասելը. «Մեզնից հեռացնենք ուրիշին ցածրացնելով մեզ բարձրացնելու հիվանդությունը և, հարգելով մյուսին, մեզ տեսնենք հարգված ուրիշի մեջ։
Լևոն Անանյանի հետ 70-ականների սկզբից ենք աշխատել, թրծվել «Գարունի» քուրայում։ Խիստ տրամաբանական էր նրա «Գարունի» խմբագիր լինելը, որը համընկավ երկրի համար դժվարին տարիների հետ։ Մինչև 1999-2000 թվերը գրահրատարակչությունը զրո էր, մարած էր, հոնորար չկար, և այդ պայմաններում գրական կյանք ունենալ, այն էլ՝ աշխույժ, Լևոնի շնորհքն է։ Լևոնը տեր եղավ այս ամենին, նա աշխատեց և վերածնեց Թարգմանչաց տոնը, մանկական գրքի շաբաթը, շնորհանդեսներն ու գրքերի քննարկումները, գրողների հոբելյանները»։
Էդուարդ Միլիտոնյանը փոքրիկ անդրադարձ կատարեց ընդհանրապես ՀԳՄ նախագահի դժվարին գործունեությանը. «Նա բացասական ալիքը պիտի ընդունի, դրականը տա. դժվարին տուրևառ է։ Լևոնը ճկուն մարդ էր հարաբերությունների մեջ, մշտապես դրական հոսքեր արարող մարդ էր»։ Նաև ցավով և անթաքույց զայրույթով փաստեց. «Դպրոցները դարձել են մի-մի ամրոցիկ. չեն թողնում ո՛չ գիրք, ո՛չ ամսագիր մտնի դպրոց, գրող չեն հրավիրում, իսկ Լևոնն ուզում էր, որ դպրոցներում տարածվի ժամանակակից գրականությունը։ Նաև նրա ջանքերի շնորհիվ սփյուռքի հետ աշխատելը դարձավ ամենօրյա խնդիր։ Մարդկային տեսակետից նա ամենահաս էր, հակված՝ մարդկանց օգնելու, իսկ երիտասարդ գրողների հետ վերջին 7-8 տարում բաց դռների քաղաքականությունը վարեց՝ ընդունելով ՀԳՄ շարքերը, հիմնելով «Մուտք» մատենաշարը»։
Էդուարդ Միլիտոնյանն անձամբ հանձնեց Լևոն Անանյանի հիշատակին նվիրված մրցանակաբաշխության հաղթող երիտասարդ գրողների մրցանակները՝ «Պոեզիա» և «Արձակ» անվանակարգերում, ինչպես նաև ՀԳՄ պատվոգրի արժանացրեց բանաստեղծուհի Նաթելա Լալաբեկյանին՝ այն հիմնելու և հովանավորելու համար։
Նաթելա Լալաբեկյանը, կարևորելով առաջին քայլերի խրախուսումը, տեղեկացրեց, որ նման մրցանակ է հիմնել նաև Մոսկվայում. «Լևոն Անանյանն այնպես արեց, որ ես կապ հաստատեմ հայրենիքի հետ, և ես ուզում եմ, որ միշտ ուրախ առիթով հնչի նրա անունը, ապրի իր գործը»։ Հուզական շեշտեր, նաև կարոտի անթաքույց երանգ ուներ դրամատուրգ, «Գրական թերթի» խմբագիր, ի դեմս Լևոն Անանյանի՝ «23 տարվա ընկեր և բարեկամ կորցրած» Կարինե Խոդիկյանի խոսքը. «Դժվար է խոսել մի մարդու մասին, ով դարձել է քո կենսագրության անբեկանելի մասը»։ Ապա անդրադարձավ իրենց «Գարունին», շեշտելով, որ այդ շրջանում ամսագիրը կարող էր նվազել, քչանալ և կտրվել, սակայն Լևոն Անանյանի շնորհիվ այն դարձավ իր ժամանակի ամենահետաքրքիր գրական ներկայություններից, վկայություններից մեկը. «Ես չեմ ընդունում կոլեկտիվ հասկացությունը, իբր՝ մի տուն են և այլն. անհա՛տն է ստեղծում ամեն ինչ։ Լևոնն անհատ էր, նրա անհանգիստ ամպրոպը կար միջանցքներում, նրա հետ հնարավոր չէր չաշխատել։ Ես այնքան կարիք ունեմ լսելու Լևոնի խոսքը։ Մխիթարվենք նրանով, որ Լևոնից հետո մնացել է նրա գիրը, գրքերն են մնացել և հրաշալի ընտանիքը»։ Եվ մի հատված կարդաց Լևոն Անանյանի «Արմատ և սաղարթ» հոդվածից, այն որակելով որպես գարունական հրապարակագրության լավագույն օրինակ։
Իր ելույթում Բեյրութի հայ գրողների համախմբումից արձակագիր, հրապարակագիր Արամ Սեփեթճյանը նշեց, որ Լևոն Անանյանի հորդորով են հիմնել այս համախմբումը, իսկ Լևոն Անանյան գործչի մասին էլ ասաց. «Լևոնն զգաց, որ ինքն այս աշխարհ է եկել պատգամով. պատգամ առաջինը «Գարունի» շրջանն էր, պատգամ երկրորդ՝ առիթ տրվեցավ ՀԳՄ նախագահ դառնալու, և ինքն այդ պատգամն իրականացրեց ինչպես մեծ մարդոց է վայել՝ հավասարակշիռ, մեծավայել գործունեությամբ։ Նաև 2002-2012 թթ. Հայրենիք-Սփյուռք 6 համաժողով զարմանալի աշխուժությամբ Լևոն Անանյան մեծագույն հայը իրականացրեց։ Պատգամ երրորդ՝ դա էլ իր հրատարակչական, խմբագրական գործերն են»։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը վերհիշեց իր առաջին հանդիպումը Լևոն Անանյանի հետ՝ 1969-ի մայիսին, երբ ինքն ասպիրանտ էր, իսկ Անանյանը՝ գեղեցիկ, սլացիկ, գանգուրներով՝ անգլերենի մինիմումն էր հանձնում (այն էլ՝ փայլուն), և իր այդ տեսքով մնացել ու մնալու է իր հիշողության մեջ. «Լևոնն այն էր, ինչը երազում էր մեծն Թումանյանը, որ գրողները տեր պիտի ունենան։ Ազգային, համազգային երևույթ էր Լևոնը, մեծ դիապազոնի մտավորական, ուներ բարձր ճաշակ, մեծ տակտ»։ Տիկին Դոլուխանյանը ևս անդրադարձավ «Գարունին», «Ապոլոն» հրատարակչության ստեղծմանը, նաև նշեց Հրանտ Մաթևոսյանի հեռատեսությունը, ով, որպես իրեն փոխարինող, ուղղորդել էր Լևոն Անանյանին՝ ՀԳՄ նախագահ դառնալու հարցում։ «Նա լույս տալով սպառվեց։ Եթե մեր պետական այրերը լինեին Լևոնի նման, ապա շատ թերություններ չէին լինի մեր կյանքում»,- եզրափակեց Աելիտա Դոլուխանյանը։
Հուշ-երեկոն վարող դերասան Ամիրան Գալստյանը տեղեկացրեց, որ լույս են տեսել արդի ռուս գրող Յուրի Պոլյակովի և Ռեյ Բրեդբերիի գրքերը՝ Լևոն Անանյանի թարգմանությամբ, և մի հատված կարդաց վերջինիս «Ծննդավայր» էսսեից։
Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը խոսեց այն մասին, որ իր համար դժվար է համակերպվել Լևոն Անանյանի բացակայությանը. «Չկա մի օր, որ նրա կարոտը և պակասը չզգամ։ Նա ապրում էր ուրիշների համար, փառասեր չէր, համեստ էր, դիվանագետի տաղանդ ուներ, որը գործի էր դնում իր ընկերներին օգնելու համար (գրողների 90 %-ը զգացել է Լևոնի օգնությունը)։ Դիվանագիտական իր տաղանդով նա հարգանք ուներ Վրաստանի գրական շրջանակներում և կարողանում էր դրականի փոխել վրացիների կանխակալ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Լավ խմբավարի նման տարավ Լևոնը ՀԳՄ-ի կյանքը»։ Վերջում ցանկություն հայտնեց, որ Լևոն Անանյանի ծննդավայր Կողբի դպրոցն անվանվի նրա անունով, խոստանալով գրողների միության աջակցությունն այս հարցում։
Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը ևս բարձր գնահատեց Լևոն Անանյան գործչի անուրանալի ներդրումը գրականության զարգացման գործում. «Լևոնը մի ամբողջ գրական էպոխա էր, նա մեզ պահում էր իրական, մարդկայնացնում, գրողական լիցք էր տալիս։ Նա մարդկային հոգու դրական իմաստով ռադիոակտիվ ուժ էր։ Նա Մարդ էր մեծատառով։ Ինքը երբեք չամփոփվեց իր մեջ, նա մշտապես վառվում էր, և նրա կրակը լույս էր տալիս բոլորիս։ Լևոնը գրական գործունեության հանճար էր՝ 6 ձեռքով էր գործում»։
Բանաստեղծ Մանվել Միկոյանը կարևորեց Լ. Անանյանի դերը մարզային գրողների կյանքում. «Նրա օրոք մարզերի գրողներն իրենց ավելի ազատ զգացին, լիիրավ անդամ զգացին, և դա տվեց իր դրական արդյունքները։ Նա ամեն ինչ արեց, որ գրական կյանքը լիաթոք շնչի։ Նրա մահով բնությունը մեզ պատժեց։ Նրա մահվան հետ ոչ մեկս չենք հաշտվելու, և Լևոն Անանյանն ուղեկցելու է մեզ մեր կյանքի բոլոր դժվարին ոլորաններում»։
Ամեն ճշմարիտ արվեստագետ, անկախ նրանից՝ նկարիչ է, երաժիշտ, քանդակագործ, թե գրող, կերտող է. ազգային, ինչու ոչ՝ նաև համաշխարհային մշակույթ-ամրոցի իր բաժին հատվածն է կերտում։ Դնում է իր տքնանքի քարը տաղանդի քարի վրա՝ շաղախելով դրանք քրտինքի կաթիլներով։ Լևոն Անանյանին պատիվ էր ընձեռված մի քանի հարկաբաժնով հարստացնելու հայ մշակույթի ամրոցը, ինչը նա արեց իրեն հատուկ նվիրումով, եռանդով, պատասխանատվությամբ, փութկոտությամբ, բարեխղճությամբ։ Հանգիստ խղճով և բաց ճակատով նա կանգնեց ժամանակի և պատմության առաջ, տվեց այն ամենը, ինչ կարող էր, նույնիսկ տվեց ավելին, քան ստացել էր բնությունից։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ