Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյան. «Սահմանադրությունը սերունդների համար է»

Սերժ Սարգսյան. «Սահմանադրությունը սերունդների համար է»
24.10.2014 | 15:50

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին, որում մասնավորապես ասվում է. «Հատկապես ցանկանում եմ կարևորել ներկա խորհրդաժողովի թեման և քննության առարկա հիմնախնդրի անմիջական կապն իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի երաշխավորման հետ: Հայաստանի Հանրապետության սահմանադրական զարգացումների շուրջ քսանամյա նորագույն պատմությունը նույնպես վկայում է, որ իրավական, ժողովրդավարական պետության կայացման համար իրավունքի գերակայության երաշխավորումն այլընտրանք չունի: Իսկ վերջինս չի կարող լինել սոսկ բարի ցանկություն: Այն պահանջում է սահմանադրական համարժեք լուծումներ, ներդաշնակ ու գործուն իրավական համակարգ, արդյունավետ գործող կառուցակարգեր, իրավական մտածողության և իրավական մշակույթի անհրաժեշտ միջավայր»: Նախագահն ասել է, թե խորհրդաժողովի օրակարգային հարցը կարևորվում է մեր երկրի համար և նշել, որ Հայաստանը «ձեռնամուխ է եղել կարևոր սահմանադրական բարեփոխումների»: Սարգսյանը նշել է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը «քննարկվել և հավանության է արժանացել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում և առաջիկայում քաղաքական քննարկումների փուլ է անցնելու»:

Նախագահը հիշել է ավելի վաղ ասված իր խոսքը. «Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է», և ասել, որ Սահմանադրությունը պետք է ունենա «արժեբանական կայուն ու անսասան հիմք և հանրային այնպիսի միջավայր, որ այդ արժեքներն ապրող իրողություն դառնան երկրի ու ժողովրդի համար»: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սահմանադրական արդարադատության հիմնահարցերին նվիրված երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում ներկայացվող զեկույցները և քննարկումները «օգտակար դերակատարություն կունենան թե՛ սահմանադրական զարգացումների և թե՛ սահմանադրական արդարադատության պրակտիկայի տեսանկյունից»:

Դիտվել է՝ 3511

Մեկնաբանություններ