Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանափոխության գործընթացն ունի հաջողությամբ պսակվելու շանս

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանափոխության գործընթացն ունի հաջողությամբ պսակվելու շանս
25.10.2014 | 01:40

Երկշաբաթյա դադարից հետո Ազատության հրապարակում ոչիշխանական եռյակի հրավիրած հանրահավաքը մեկնարկեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանի՝ հավաքված բազմությանը հղած շնորհակալական ուղերձով, որ եկել են հանուն փոփոխությունների:

Հարթակի երկու կողմում տեղադրված էին պաստառներ՝ «ՄԻԱՑՈՒՄ» և «ՀԱՂԹԱՆԱԿ» անվանումներով: Հարթակի կենտրոնում տեղադրված էին նաև վերջին տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների նկարները՝ «Հայրենիքի պաշտպաններին՝ Արծիվներին, հոշոտել են Հայոց բանակի սպաները՝ ճիճուները, ճիվաղները, վիժվածքները» վերտառությամբ: Մի քաղաքացի էլ Ազատության հրապարակ էր եկել՝ գլխավերևում պարզած պահելով «Արտահերթ ընտրություններ» պաստառը: Ոչիշխանական եռյակին հարթակում միացել էր նաև ՕԵԿ-ից ԲՀԿ դարձած ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրիու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հանրահավաքում առաջինը ելույթ ունեցավ «7or.am» կայքի գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանը, որը նշեց, որ միացել է որպես անկուսակցական: Հետո նա մեկ առ մեկ թվարկեց, թե ինչը չի ընդունում մեր երկրում:
<«Չեմ ընդունում արտագաղթը, չեմ ընդունում տնտեսության սաշիկացումը, չեմ ընդունում, որ քաղաքական կազինոյում տանուլ տանք մեր ապագան»,- ի մասնավորի թվարկեց Անդրանիկ Թևանյանը: Նա պահանջեց, որ Բաղրամյան 26-ում աչքի առաջ ունենան Չաուշեսկուի, Յանուկովիչի ճակատագիրը և հրաժարական տան:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ իր ելույթում դիմեց միջազգային կառույցներին և ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանություններին՝ պահանջելով, որ ճշգրիտ տեղեկություն տան շարժման մասին: Նա դիմեց նաև մտավորականներին, ուսանողներին, կոչ արեց թոթափել վախն ու գալ Ազատության հրապարակ: Իսկ մտավորականներին հորդորեց դեն նետել իշխանությունների կողմից իրենց շնորհված կոչումները:
«Իմ հավատը այս ժողովուրդն է, իմ եկեղեցին՝ հրապարակը»,- հայտարարեց Արամ Մանուկյանը:
ԱԳ նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն էլ իր ելույթում կենտրոնացավ երկրի ծանր վիճակի վրա՝ մոռանալով իր ներդրումն այդ ծանր վիճակին հասցնելու գործում:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ քրեաօլիգարխիկ համակարգն է մարդկանց ստիպում արտագաղթել կամ մատնվել անհուսության:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ հանրահավաքի բազմամարդությունը ցույց է տալիս, որ սկսվում է իշխանափոխության մի հուժկու գործընթաց, որն ունի հաջողությամբ պսակվելու շանս: Հետո նա սահուն անցում կատարեց՝ անդրադառնալով իր բնորոշմամբ՝ ընդդիմություն համարվող մարգինալ ուժերի արձագանքներին: Նա հայտարարեց, որ այդ մարգինալ ուժերը կատաղի պայքար են նախաձեռնել այս շարժման դեմ: ՀՀ առաջին նախագահին, պարզվեց, վրդովեցրել է հատկապես այն հանգամանքը, որ իր բնորոշած մարգինալ ուժերը պահանջում են ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն: Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նրանք ընկել են ֆրուստրացիայի մեջ, քանի որ սխալվել են, երբ հայտարարել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խաղ է խաղում, իսկ այսօր պարզվել է, որ չկա նման բան:
ՀՀ առաջին նախագահն անդրադարձավ նաև Եվրասիական տնտեսական միության պայմանագրին՝ նշելով, որ տեսանելի ապագայում մեր երկիրն ապրելու է այդ միության շրջանակներում: Նա հիշեցրեց, որ նույնիսկ Արևմուտքը ըմբռնումով է մոտենում Հայաստանի կատարած ընտրությանը, մինչդեռ մեր երկրում մի խումբ մարդիկ արհեստականորեն հրահրում են հակառուսական տրամադրություններ: Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ մեր խնդիրը ԵԱՏՄ-ում օրինակարգ իշխանությամբ ներկայանալն է: Ըստ նրա՝ չափազանցված են այն կանխատեսումները, թե միանալով ԵԱՏՄ-ին՝ ՀՀ-ն կորցնում է ինքնիշխանությունը, քանի որ ինքնիշխանությունից որոշակի զիջումներ լինելու են նաև Եվրաասոցացման դեպքում: Այն փաստարկին, որ ԵԱՏՄ-ում թելադրող դեր ունի Ռուսաստանը, Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց, որ ԵՄ-ում էլ թելադրող դեր ունեն Գերմանիան և Ֆրանսիան:
Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց նաև, որ պայքարի դուրս եկած ուժը չի կարող բացել իր բոլոր խաղաքարտերը և ծրագրել է համաժողովրդական շարժման ճնշման ներքո հասնել սարգսյանական ռեժիմի տապալմանը: Նա հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի համակիրներն են, որոնք վստահում են իրենց կուսակցական վերնախավին: Հրապարակից էլ «այո» արձագանքեցին ՀՀ առաջին նախագահի հարցին, թե վստահո՞ւմ են, արդյոք, իրենց առաջնորդներին:
Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում, ինչպես նախորդ անգամ, հիշեց, որ Սերժ Սարգսյանը բանտարկել է Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին, Վոլոդյա Ավետիսյանին, դերասան Վարդան Պետրոսյանին, և այսօր մենք ունենք քաղբանտարկյալներ: Նա կոչ արեց, որ միավորվեն բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերը և պահանջեն Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ու մյուս իշխանավորների հրաժարականը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մինչև գալիք տարվա ապրիլի 24-ը պետք է կազմակերպվեն արտահերթ ընտրություններ:
Ելույթները, ի դեպ, ընդմիջվում էին «Սե՛ր-ժի՛կ, հեռացիր» վանկարկումներով:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց՝ հիշելով 2009 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը, նշեց, որ փակվել է 15000-ից ավելի կրպակ, ինչի պատճառով էլ ժողովուրդը հայտնվել է ծանրագույն վիճակում: Նա խոստացավ ժողովրդի կողքին կանգնել մինչև նրա խնդիրների լուծումը:
Խոսակցություններ կային, որ մի խումբ ազատամարտիկներ առաջարկում են նստացույց անել Ազատության հրապարակում, սակայն ոչիշխանական եռյակի ղեկավարները հայտարարեցին, որ, ինչպես նախորդ անգամ, այս մի հանրահավաքն էլ կեզրափակվի երթով:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ