Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ստեղծել կենսունակ միջավայր և՛ հնի, և՛ նորի համար»

«Ստեղծել կենսունակ միջավայր և՛ հնի, և՛ նորի համար»
25.10.2014 | 01:42

Այսօր Ճարտարապետների միությունում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի կազմակերպած «Ջերմուկ առողջարանային և զբոսաշրջային քաղաքի զարգացման հեռանկարները» թեմայով սեմինարին մասնակցում էր նաև ԼԱԲՃԴ-ի գիտակրթական համագործակցության գծով փոխտնօրեն Լյուկ Բուսքեն:

irates.am-ը Լյուկ Բուսքեից հետաքրքրվեց, թե ֆրանսիական քաղաքներում ինչպես են պահպանվում ճարտարապետական հին շենքերը, պետությունը որքանով է ուշադրություն դարձնում նրանց:
«Ֆրանսիայում ժառանգությունը պաշտոնապես ամրագրվել է որպես եզրույթ: Շատ կարևոր է, որ մինչև 19-րդ դարը Ֆրանսիայում քանդվում էր նախորդ դարերի ժառանգությունը, քանի որ այն չէր գիտակցվում որպես ժառանգություն: Եվ այդ գործընթացը կասեցվեց հայտնի ճարտարապետ, տեսաբան Վիոլե Դե Լյոկի շնորհիվ, որը հասկացրեց, որ այն, ինչ քանդում են, հետո չի կարող վերականգնվել: Եվ դա շատ կարևոր ու ժամանակակից մտածելակերպ է: Այսինքն՝ ժառանգությանը պետք է վերաբերվել շատ զգույշ: Ֆրանսիայում ծավալվում է բանավեճ, որ հինն ու նորը պետք է կողք կողքի լինեն միևնույն միջավայրում: Պետք է այնպիսի միջավայր ստեղծել, որը կենսունակ լինի և՛ հնի, և՛ նորի համար: Իտալիայում և Իսպանիայում այդ խնդիրն այնքան էլ շատ չի արծարծվում: Ֆրանսիայում առաջացավ մոդեռնիզմի ուղղությունը, որն ասում էր՝ պետք է քանդել ամեն հինը և ստեղծել նոր ճարտարապետություն: Այդ առումով էլ Ֆրանսիան կոնֆլիկտային երկիր է: Ճարտարապետության մեջ ամենաբարդ հարցն այն է, որ կարողանաս ստեղծել համապատասխան միջավայր, որտեղ հինն ու նորը գոյատևեն կողք կողքի, այդ միջավայրում կենսունակ լինեն: Շատ կարևոր է նաև ազգային ինքնության խնդիրը: Ֆրանսիայում կան ծայրահեղական շարժումներ, որոնք մտածում են, որ այն, ինչ Ֆրանսիայից դուրս է, ուրեմն ուրիշինն է: Եթե մենք ապրում ենք բաց հասարակության մեջ, և Ֆրանսիան մշակույթների խաչմերուկ է, ուրեմն պետք է հասկանանք, որ փոխադարձաբար ազդեցություն ենք թողնում միմյանց վրա: Եվ ժառանգության պահպանման տեսանկյունից կարևոր է և՛ ինքնության գիտակցումը, և՛ ուրիշների առջև բաց լինելը»,- ասաց մեր զրուցակիցը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ