Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արհմիությունները՝ ժամանակի հրամայական

Արհմիությունները՝ ժամանակի հրամայական
26.10.2014 | 15:16

Հայաստանում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը, թերևս, արհմիությունների խնդիրն է, իսկ ավելի ճիշտ՝ իրական կյանքում դրանց բացակայությունը: Այս առումով Հայաստանում բավական տխուր պատկեր է տիրում. շատ հիմնարկներում չկան արհմիություններ, կամ եթե կան էլ, ապա դրանք հիմնականում ձևական բնույթ են կրում և չեն կատարում իրենց բուն առաքելությունը, այն է՝ պաշտպանել աշխատողի գոնե տարրական շահերն ու իրավունքները։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Նման իրավիճակը հիմնականում պայմանավորված է մի քանի հանգամանքով. Հայաստանում աշխատանքային հարաբերությունները ծագում և ձևավորվում են անհատական սկզբունքով, այսինքն՝ միջնորդություններով։ Գործատուն աշխատանքային պայմանագիր չի կնքում աշխատողի հետ, իսկ երբ ազատում է աշխատանքից, աշխատողը չի կարողանում պաշտպանել իրեն: Այսօր Հայաստանում ոչ մի խոշոր գործատու արհմիություն չունի և չի էլ ուզում ունենալ: Հետևաբար, խնդիրներ, բողոքներ կամ առաջարկություններ ունենալու դեպքում աշխատողը դրանք գործատուին է հասցնում ոչ թե արհմիության միջոցով, այլ այն միջնորդի, ում շնորհիվ աշխատանքի է ընդունվել։ Պակաս դեր չի խաղում նաև հասարակության ընդհանուր իրավագիտակցության ցածր մակարդակը։ Մեր իրականության մեջ, եթե մեկը միջնորդով է ընդունվում աշխատանքի, սկսում է մտածել, որ իրեն պետք չէ օրենքներ իմանալ, քանզի գիտի, որ եթե գործատուի հետ խնդիրներ ունենա, նույն միջնորդի միջոցով կհարթի, այսինքն՝ կփորձի խնդիրները լուծել կամ ինչ-որ պահանջմունքներ բավարարել անձնավորված ճանապարհով, այլ ոչ թե օրենքի օգնությամբ: Մյուս պատճառն էլ այն է, որ մենք չունենք խոշոր արտադրական-արդյունաբերական ձեռնարկություններ, քանի որ ի սկզբանե հենց արդյունաբերական ձեռնարկություններում են ստեղծվել արհմիությունները՝ որպես աշխատավորների շահերը պաշտպանող կազմակերպություններ։ Հայաստանում ներկայումս արհեստակցական միությունների զարգացումն ու կայացումը խիստ հրամայական են, մանավանդ եթե հաշվի առնենք գործատու-աշխատող հարաբերություններում ներկայումս առկա չարաշահումներն ու ապօրինությունները:
Այսօր, երբ ՀՀ-ն դեռևս գտնվում է իր կայացման փուլում, շատ բաներ պետությունը թողնում է անձի ինքնագիտակցության, ակտիվության վրա, ինչը, անշուշտ, անընդունելի է: Արհմիությունները կարող են և պետք է ավելի լուրջ և կարևոր դերակատարություն ունենան մեր իրականության մեջ: Դրանց դերն ու նշանակությունը հնարավոր է ուժեղացնել միայն համապատասխան օրենսդրական փոփոխություններով, որպեսզի դրանք կարողանան պաշտպանել կոլեկտիվի շահերն ու իրավունքները: Պետությունը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ հասարակության իրավագիտակցությունն ու տեղեկացվածությունը բարձրացնելու ուղղությամբ՝ կերտելու քաղաքացիական հասարակություն:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ