Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իշխանափոխություն, մայդան, ճահիճ, բայց՝ ռացիոնալ

Իշխանափոխություն, մայդան, ճահիճ, բայց՝ ռացիոնալ
28.10.2014 | 00:07

Հոկտեմբերի 10-ի աշխարհացունց հանրահավաքին հաջորդեց հոկտեմբերի 24-ի երկրորդ աշխարհացունցը՝ մեկ ամսում երկու ցնցում, իսկ «ավազակապետությունը» չի սկսել ինքնափլուզումը: Միանգամայն կիսելով Լևոն Զուրաբյանի հրճվանքը՝ տեսաք, որ Գագիկ Ծառուկյանն ասաց կախարդական բառը, ստորաբար ու մարգինալաբար իրար են խառնվում մարտավարության ու ռազմավարության, ներեցեք՝ նախ ռազմավարության, հետո նոր միայն մարտավարության բազում հարցեր, որոնք, հակառակ Ազատության հրապարակում մարդկանց թվի, ինքնասպան չեն լինում, այլ, Սասունցի Դավթի պես, մեծանում են` օրն ու տարին խառնած: Լևոն Տեր-Պետրոսյանը համեստորեն հոկտեմբերի 24-ի «գործողությունների հանրահավաքի» հիմնական ելույթի պատիվը վերապահեց Գագիկ Ծառուկյանին և բավարարվեց երեք «դիտարկումով» ու մեկ հորդորով՝ համեմված մի քանի անեկդոտով, որ միայն 88-ի նոստալգիա չէր, իսկապես անեկդոտ է հարթակում ունենալ այդքան նախագահ: Հանրահավաքի մեխը լինելու էր Գագիկ Ծառուկյանի ելույթը: Նույնիսկ ոչ ելույթը, կասի՞, թե՞ չի ասի կախարդական բառը՝ իշխանափոխություն: ՈՒ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից արդեն պարզ էր՝ ասելու է, այլապես առաջին նախագահը մանկան պես չէր հրճվի, որ «ավազակապետության» հենասյուներից մեկը հարթակ է բարձրացել՝ հակառակ ֆրուստրացված մարգինալների: Հարկավ, Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի հայտարարելու, որ «Հայաստանում մեկնարկել է իշխանափոխության հուժկու գործընթաց, որը հաջողությամբ պսակվելու լուրջ հեռանկար ունի», իրավունք ունի կարծելու, որ «իրենց ընդդիմություն համարող որոշ լուսանցքային ուժեր, սարսափած համաժողովրդական շարժման հզոր ալիքից և հաղթանակի հասնելու նրա հեռանկարից, կատաղի պայքար են սանձազերծել վերջինիս դեմ` նախընտրելով, որ սարգսյանական ավազակախումբը 100 տարի էլ իշխի Հայաստանում», իսկ ինչո՞ւ անցյալ տարի այդ մասին չէին մտածում, ինչո՞ւ օր առաջ չէին կանխում սեփական ժողովրդի թալանն ու երկրի հիմնահատակ կործանումը: Տարեցտարի հայրենասիրության դոզան ավելանո՞ւմ է, թե՞ իսկապես Հայաստանում պետք է նախ ընդդիմափոխություն տեղի ունենա, որ իշխանափոխություն լինի: Մեկ վերապահումով՝ պարզենք՝ ովքե՞ր են ընդդիմադիրները և ո՞ւմ դաշնակիցներն են իրականում: Բայց դա արդեն երկրորդ դիտարկումն է, որն ավելի շուտ ինքնահակասությունների դասական օրինակ է: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամագրումը ոչ միայն անշրջելի է, այլև՝ շահավետ: ՈՒ վախեցնում է ՈՒկրաինայի օրինակով՝ «Հայաստանին ՈՒկրաինայի կորուստների թեկուզ տասներորդ մասի բաժին ընկնելու պարագայում մեր երկիրը պարզապես կվերանա աշխարհի քարտեզից», հետո էլ հորդորում է «արհեստականորեն հակառուսական տրամադրություններ չհրահրել, առանց մտածելու դրա հետևանքների մասին և առանց հասկանալու, որ Հայաստանում այդպիսի տրամադրությունների հող չկա»: Իսկ եթե այդ տրամադրությունները բնավ էլ հակառուսական չեն, այլ բխում են հենց հայապահպանությունի՞ց՝ իբրև պետականություն ու հանրություն։ ՈՒ բուն հակառուսական տրամադրություններ հրահրողը ռուսներն իրե՞նք են: Եթե աբսուրդ է Հայաստանի՝ իր առաջադրած խնդիրը՝ «Եվրասիական համակարգում այնպիսի օրինակարգ, անբասիր, արժանապատիվ և վստահելի իշխանություններով ներկայանալ, որն ի վիճակի կլինի տվյալ համակարգի ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները հասցնելու նվազագույնի»։

Աբսուրդ, որովհետև նման իշխանություն Եվրասիական տարածքում կձևավորվի առնվազն 20-30 տարի հետո (եթե ԵԱՏՄ-ն այդքան գոյատևի): Հայաստանից այդ ընթացքում ի՞նչ կմնա՝ հարց էլ չէ արդեն: Թե՞ Լուկաշենկոն, Նազարբաևը, Պուտինը հենց այդ իշխանության մարմնավորումն են: Աբսուրդ, որովհետև միայն հանրահավաքային ելույթի մակարդակով է հնարավոր «Եվրասիական միության կազմում անգամ Հայաստանը դարձնել արևմտյան կամ համամարդկային արժեքների, այն է` ժողովրդավարության, խոսքի, մամուլի, խղճի ազատության, մարդու իրավունքների, շուկայական տնտեսության վրա հիմնված իրավական պետություն»: (Նույն օրը ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը պատասխանեց շատ հարցերի՝ մասնավորապես, թե որ լեզուն պետք է լինի ԵԱՏՄ անդամ Հայաստանում պետական լեզու)։ ՈՒստի մնացած եզրակացությունները իսկապես «չափազանցված են և իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում»: Թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում է ակնարկել, որ ԵԱՏՄ-ում, ավելի ստույգ՝ Մոսկվայում, իրենց իշխանության գալու հույսեր են տվել: Մի՞թե նա չի հոգնել խաբվելուց, իսկ ո՞ւր մնաց «քաղաքական ռեալիզմի վերաբերյալ ունեցած կայուն համոզմունքը»: ՈՒ եթե «ռեալիզմին դավաճանելը հավասարազոր է քաղաքական կուրության կամ արկածախնդրության», ի՞նչ գին ունի ընդհանրապես դավաճանությունը: Ի՞նչ գին ունի պնդումը, որ քաղաքականության մեջ հավերժական են միայն շահերը ու չկան բարեկամներ կամ թշնամիներ, եթե ճիշտ է «թշնամուս թշնամին իմ բարեկամն է» բանաձևը, և նույնքան ճիշտ է «ընդդիմության ընդդիմությունը իշխանության բարեկամն է» բանաձևը։ Արդա՞ր է Գագիկ Ծառուկյանին այդ տրամաբանությամբ հայտարարել իշխանության թշնամի, եթե նա ինքն իրեն չի հայտարարում ընդդիմություն: Սա ռազմավարությո՞ւն է, թե՞ մարտավարություն:
Որքանո՞վ է իրատեսական «հիմնովին վերափոխել ընտրական օրենսգիրքը՝ նրանում ընդգրկելով այնպիսի դրույթներ, որոնք այսուհետև կբացառեն լայնածավալ և համակարգային բնույթ կրող ընտրակեղծիքների հնարավորությունը» գործող խորհրդարանում։ ՀՀԿ-ն արդեն շարժման մա՞ս է, թե՞ քվեարկելու է ընտրական օրենսգրքի այդ փոփոխությունների օգտին՝ ընկնելով հոգեխանգարմունքի մեջ: Ի վերջո, երբևէ ընտրական օրենսգրքո՞վ են ընտրակեղծիքներ կատարվել: «Սարգսյանական ռեժիմից լիակատար ազատագրումը, նույնն է թե՝ մինչև հաղթանակը» ճանապարհն անցնում է նախ՝ ընտրական օրենսգիրքը բարեփոխելով, հետո խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններով, թե՞ ճիշտ հակառակը։ Այս հարցի պատասխանը ռազմավարությա՞ն, թե՞ մարտավարության մեջ է մտնում՝ ենթակա՞ է բացահայտման, թե՞ հանրային քննարկման առարկա չի կարող դառնալ։ Տրամաբանական է նման ելույթն անեկդոտներով ավարտելը:
Մանավանդ, որ ելույթ պիտի ունենար Գագիկ Ծառուկյանը: Փաստորեն՝ երկու ելույթ՝ բանավոր ու գրավոր: Բանավորը՝ փայլուն, գրավորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ոճով:
Նախ՝ ծանրագույն վիճակի մասին, որ արդեն նշվել էր ԲՀԿ համագումարում, բայց հիմա ավելի է ծանրացել. «Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ: Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքական ոլորտում»: Այստեղ դադար տանք ու հարցնենք՝ արտաքին քաղաքական ոլորտում ո՞րն է անհաջողությունը, ԵԱՏՄ-ին անդամակցե՞լը, ԼՂ հարցով բանակցություննե՞րը, թե դա էլ տակտիկա է, որ չպիտի բացահայտվի: ՈՒ երկրորդ հարցը՝ կառավարությա՞ն հրաժարականն է պահանջվում, թե՞ նախագահի, ի՞նչ է նշանակում «իշխանություն» ԲՀԿ նախագահի համար: Ի՞նչ է նշանակում նրա համար «հանրային համաժողովրդական պահանջ», որը վստահեցնում է, որ ինքը կկատարի: Կկատարի «խաղաղ, անցնցում իշխանափոխություն», պատրաստ լինելով «ցանկացած սցենարի» ու «մայդանի կոչ» չանելով, համոզված, որ «մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը»: Սփուռքն ի՞նչ պետք է անի Հայաստանում իշխանափոխության համար: Ո՞ր երկրի սփյուռքը: Ռուսաստանի՞, ԱՄՆ-ի՞, ԵՄ-ի՞: Իրավական ի՞նչ հիմքով: Թե՞ իշխանափոխությունից հետո միայն պետք է «վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը, սփյուռքի քաղաքական և տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում»: Եվ ո՞վ, եթե ոչ երկրի նախագահն իրավունք ունի ասել. «Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին և հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի ձեր կարիքը: Միասին ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող»: Ո՞վ կարող է ասել. «Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված և աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որևէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի և անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը»: Եթե քաղաքական համոզմունքների համար պետական համակարգի պաշտոնյաներին պարտադրեն դիմում գրել, ո՞ր մեխանիզմով է Գագիկ Ծառուկյանը նրանց պաշտպանելու: Թե՞ աշխատանքի է ընդունելու «՛համաժողովրդական շարժման միասնական շտաբներում», որ «դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչիշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին»: «Ռացիոնալ քննարկումների դաշտում» միայն իրե՞նք են, թե՞ նաև իշխանությունը: Գուցե նախ սեփական շարքերում համաձայնության գան ու երեքով տարբեր ժամկետներ ու մեխանիզմներ չներկայացնեն, հետո իշխանությունից արձագանք սպասեն, որը չի պատրաստվում «համաժողովրդական շարժման արդարացի պահանջները» կատարել ու չի հավատում, որ «երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»: Իսկ ո՞ւր մնաց ընտրական օրենսգրքի փոփոխությունը, ո՞ւր մնաց Մայդանի չգնալը, որի հետևանքները սրտաճմլիկ ներկայացնում էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Մի հարցում Գագիկ Ծառուկյանը ճիշտ է՝ «Աստված մեզ բոլորիս պահապան», որովհետև իշխանությունն իր հարցերն է լուծում, ոչիշխանությունը՝ իր, իսկ «հարյուրհազարները» իրենց մի քանի հազարի քվեարկությամբ վստահում են երեք քաղաքական ուժերին, որ խոստանում են իրականացնել իշխանափոխություն` ա. փոխելով ընտրական օրենսգիրքը, հետո արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններով, բ. Մայդանը բացառելով ու Մայդանով վախեցնելով ու պատրաստ լինելով Մայդանի, գ. մեկ երրորդով Հայաստանի ապագան տեսնելով ԵԱՏՄ-ում, մեկ երրորդով՝ ոչ ԵԱՏՄ-ում, մեկ երրորդով՝ արտաքին քաղաքական սխալները փաստել՝ չբացահայտելով: ՈՒ երեք երրորդով՝ ասել է երեքով ¥իսկ ո՞ւր մնաց հրաշալի քառյակի չորրորդ հրաշք ՀԺԿ-ն¤ ապավինելով համաժողովրդական շարժմանը, որը անցած տարվանից վանկարկում է «Հիմա, հիմա» ու մայրաքաղաքի մի քանի փողոցներով պտտվելով, գնում է տուն՝ հակառակ, որ նույնիսկ Վարդան Օսկանյանը պատրաստ էր նստացույց անել: Իսկ ընդհանրապես ի՞նչ սպասել «ամորձատված իշխանությունից», թե՞ դա միայն Արամ Մանուկյանի կարծիքն է, որի հետ ոչ ոք համաձայն չէ, բայց չի առարկում, որովհետև ռացիոնալ մտածողությունը թելադրում է՝ հանրահավաքը մի իրականություն է, ռեալությունը՝ բոլորովին այլ, ու ռեալության մեջ իշխանությունը չի պատրաստվում դիմում գրել-հեռանալ՝ նույնիսկ Գագիկ Ծառուկյանի պես երաշխավոր, Լևոն Տեր-Պետրոսյանի պես քաղաքական վերլուծաբան ու Րաֆֆի Հովհաննիսյանի պես բարևող ունենալով: Ո՛չ առաջիկա մի քանի օրը, ո՛չ էլ մինչև 2015-ի ապրիլի 24-ը: Ակնհայտ է, որ ոչ միայն Ազատության հրապարակում են երկար-երկար ժամանակ վերցնում ¥հենց դա է տակտիկան¤, այլև երկար ժամանակ են տալիս իշխանությանը՝ մինչև 2017-2018, հանրահավաքներով ակնկալելով խմբակցությունների թվի փոփոխություն` խորհրդարանում ու սեփական ներկայացուցիչ` նախագահականում: Արտահերթ ընտրությունները խայծ են՝ ոչիշխանությունից ընդդիմություն ճանաչվելու համար: Ընդամենը: Իսկ շտաբները, ցանկության դեպքում, մի շաբաթում կկազմավորվեն՝ վերանվանելով կուսակցական գրասենյակները: Դա խնդիր չէ: Առաջիկա խնդիրը «Ժառանգությունից» ազատվելն է, որ բացահայտ դիսոնանս է ԵԱՏՄ-ական երգչախմբում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Հավարտ` նախնադարյան անեկդոտ։ Ոսկե ձկնիկին բռնած մի հաջողակ նրանից պահանջում է, որ չինական բանակը Պեկինից դուրս գա, ոտքով հասնի Վարշավա ու հետ դառնա: Երեք անգամ: Ոսկե ձկնիկը զարմացած հարցնում է. «Մեկ անգամը հերիք չէ՞»: «Չէ,- պատասխանում է հաջողակը։- Երեք անգամ։ Կարևորը շարժումն է»: Իսկ ընդհանրապես, որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանը: Նա գոնե կասեր՝ ե՞րբ է հաջորդ հանրահավաքը:

Դիտվել է՝ 1487

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ