Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ընդհանուր ցավի» թեզն ակտիվորեն շրջանառվում է արդի Թուրքիայի իշխանավորների շրջանում»

«Ընդհանուր ցավի» թեզն ակտիվորեն  շրջանառվում է արդի Թուրքիայի  իշխանավորների շրջանում»
28.10.2014 | 00:21

Էրդողանի հնարավոր այցելությունը Ծիծեռնակաբերդ, Թուրքիայի իշխանավորների շրջանում շահարկվող «ընդհանուր ցավի» թեզը, «փոփոխվող» Թուրքիայի քմայքները: Այս և այլ թեմաների շուրջ է մեր զրույցը «Եփրատ» կենտրոնի նախագահ, թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

-Թուրք հայտնի մտավորական Ռագըփ Զարաքոլուն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Թուրքիայում ընթացող նախապատրաստական աշխատանքներին, նշել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի համար պետական անվտանգության հարց է, դա է պատճառը, որ երկար տարիներ երկրում մերժողականության մթնոլորտ է ձևավորվել: Մյուս կողմից, Թուրքիայի առաջ (ինչպես և ինքներդ եք նշել) ծառացած են շատ ավելի կարևոր խնդիրներ, քան ցեղասպանությունն ընդունել- չընդունելը: Կմասնավորեցնե՞ք:
-Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի Հանրապետության առաջ ծառացած կարևորագույն խնդիրներից է, սակայն մինչ Հայկական հարցը Թուրքիան ներկա փուլում ունի իր համար ավելի մեծ կարևորություն ու վտանգ ներկայացնող խնդիրներ: Կա քրդական խնդիր, կա Կիպրոսի հարց, Իրաքում և Սիրիայում զարգացումներ, անդամագրում Եվրամիությանը և այլն: Այս շարքում Հայոց ցեղասպանության հարցը թեև խիստ կարևոր է, սակայն առաջնահերթությունների թվում չէ: Թուրքիայի համար անվտանգության հարց է ոչ թե Հայոց ցեղասպանության համար զուտ ներողություն խնդրելը, այլ հայկական պահանջատիրությունը, պատմական արդարությունն ու իրավական հենքը, որը կարող է օգտագործվել հայերի կողմից: Ամեն դեպքում, պնդել, թե Հայկական հարցն այս փուլում ուղղակիորեն լուրջ սպառնալիք է թուրքական պետության անվտանգությանը, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում:
-Ի՞նչ նկատելի փոփոխություններ են առաջացել Թուրքիայի քաղաքականության մեջ Էրդողանի նախագահ դառնալուց հետո:
-Եթե վերցնենք Էրդողանի ու «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, ապա փոփոխությունները, կարծես, առավելապես արտաքին, կոսմետիկ և իմիջային բնույթ են կրում, որոնք դրական լինելու պատրանք են ստեղծում: Թուրքիայում վերջին տարիներին սկսել են ավելի բաց խոսել Հայոց ցեղասպանության մասին, ամեն դեպքում, դա ոչ միայն Էրդողանի քաղաքականության արդյունքն է, այլ, մեծապես, ժամանակի և արագ փոփոխվող աշխարհի: Էրդողանի օրոք Հայոց ցեղասպանության ժխտումը բերվել է նոր, ավելի ժամանակակից, ստեղծված պայմաններին համապատասխան մի ձևի: Էրդողանն ու նրա համախոհները չեն հերքում, որ հայեր են կոտորվել, բայց և հավելում են, թե նմանապես կոտորվել են նաև թուրքեր, այլ մուսուլմաններ, ինչն Առաջին աշխարհամարտի արդյունք է: Այսպես, թուրքական ժամանակակից պաշտոնական թեզերով հայերի կոտորածը հավասարեցվում է թուրքերի կորուստներին ու տեղավորվում աշխարհամարտի շրջանակում:
-Այդ երկրում «հայ» բառն ընկալվում է որպես վիրավորանք և օգտագործվում է վիրավորելու նպատակով: Սա ծայրահե՞ղ կարծիք է ու վերագրվում է որոշակի ազգայնամոլակա՞ն զանգվածներին: (Չմոռանանք նաև Էրդողանի` ամիսներ առաջ ծագած` հայ լինել- չլինելու հարցի հետ կապված անառողջ եռուզեռը):
-Թուրքիայի զգալի մի հատված, և պարտադիր չէ, որ այն լինի մոլի ազգայնական, «հայ» բառը օգտագործում է որպես վիրավորանք, նրանց համար «հայ» բառը բացասական երանգ է կրում: Միայն առաջադեմ մտավորականության փոքր մասն է, որ առավել ազատական է Հայկական հարցի նկատմամբ: Իսկ Էրդողանի` նախագահի ընտրություններից առաջ արած հայտնի հայտարարությունը, որտեղ նա վիրավորանք էր համարում իրեն հայկական արմատներ վերագրելը, կարելի է կապել ընտրապայքարի և դրա շրջանակում հակահայ զանգվածի շրջանում ձայներ ստանալու ձգտման հետ:
-Հակառակ պատկերն էլ կա: Թուրք գրող Սերքան Էնգինին «Թուրք լինելու անտանելի ամոթը» հոդվածով էր հանդես եկել, որը մեծ արձագանք գտավ Հայաստանում: Ինչպե՞ս կարելի է հավատալ անկեղծությանը թուրք մտավորականների, երբ այդ երկրում ցեղասպանության թեման օգտագործվում է Նոբելյան մրցանակ կորզելու, սեփական երկրի համբավը մեծացնելու համար:
-Իհարկե, հավատալու առումով պետք է զգույշ լինենք, թեև կան այնպիսիք, որ անկեղծորեն են կիսում մեր ցավը: Նրանք քիչ են, իսկ նրանց ձայնը՝ հաճախ ո՛չ լսելի: Տարիներ առաջ «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի ղեկավարներից մի քանիսի հետ երևանյան հանդիպման ժամանակ, երբ խոսվեց տարածքների վերադարձի և փոխհատուցման մասին, նրանք բարկացան` ասելով, թե ինչպե՞ս կարող են իրենք, լինելով Թուրքիայի քաղաքացի, այդ երկրի տարածքը հանձնել: Ցեղասպանության ճանաչման հարցն այլ մակարդակ է անցնում, երբ խոսվում է փոխհատուցման ու պահանջատիրության մասին: Այսպիսի հեռանկարի կողմնակիցներին Թուրքիայում կարելի է միայն խոշորացույցով փնտրել:
-Թուրք առաջադեմ մտավորականները պնդում են, որ, ըստ էության, խնդիրը «ցեղասպանություն» բառն է: Ջարդերը, կոտորածը, տեղահանումն ընդունում են մարդիկ, բայց հենց ցեղասպանություն անունն են տալիս, սկսում են մերժել, քննարկել` եղե՞լ է, թե՞ չի եղել: Ի վերջո, ո՞րն է էականը, որ աշխա՞րհը ճանաչի, ԱՄՆ-ի նախագա՞հը պաշտոնապես «ցեղասպանություն» եզրույթը օգտագործի, թե՞ Թուրքիան ընդունի իր մեղքը:
-Կարելի է մոտեցման չորս կատեգորիա առանձնացնել.
1. Ցեղասպանություն ընդհանրապես չի եղել, թուրքերը հայերին չեն կոտորել:
2. Եղել է աքսոր, որի ժամանակ` կոտորածներ, սպանություններ:
3. Ցեղասպանություն եղել է, որի համար ներողություն ենք խնդրում, ցավակցում և վերջ:
4. Ցեղասպանություն եղել է, որի արդյունքում հայերը հայրենազրկվել են, թալանվել, ուստի պետք է վերադարձնել նրանց հայրենի հողերը, փոխհատուցում վճարել նյութական կորուստների դիմաց:
Եթե փորձենք ընդհանրացնել` վերջին խմբի մարդիկ ճնշող մեծամասնությունն են, առաջին խմբում` ազգայնամոլները, երկրորդում` թուրքական պետական քաղաքականությունն է, երրորդում էլ` ցեղասպանությունը ճանաչողների զգալի մի մասը:
Մեզ համար ընդունելի է միայն փոխհատուցումը տարածքային ու գույքային, որ կհամադրվի ներողության հետ: Իսկ դա հնարավոր է միայն անմիջապես Թուրքիայի կողմից, թեկուզ և որոշակի արտաքին ճնշումների ներքո:
-Ի՞նչ գործընթացներ են ակտիվացել Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին:
-Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում պայքարում է արտաքին ու ներքին ճակատներով: Արտաքին ճակատում խիստ ակտիվ դիվանագիտական, գիտական և քարոզչական պայքար է ընթանում: Մեծաքանակ գիտական բազմալեզու աշխատություն են տպագրվում, կոնֆերանսներ են անցկացվում, ֆինանսավորվում են ցեղասպանության ճանաչման դեմ խոսող գիտնականներ և այլն: Ակտիվ աշխատում են նաև Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնց Անկարան խրախուսում է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու հարցում: Ներքին ճակատում ակտիվ քարոզչություն է ընթանում ցեղասպանության դեմ` դպրոցներից համալսարաններ, գեղարվեստական ֆիլմերից՝ «հայերի կողմից սպանված թուրքերի հուշարձաններ»:
-Ի՞նչ քաղաքականություն են վարում թուրքական լրատվամիջոցները:
-Ձախաթևյան, ազատական մամուլը փորձում է համեմատաբար օբյեկտիվ լինել ցեղասպանության հարցում, կան և խիստ հակահայ կեցվածքով լրատվամիջոցներ: Թուրքական մեդիադաշտում կարող ես գտնել Հայկական հարցի վերաբերյալ ամենատարբեր մոտեցումներ` խիստ ազգայնամոլականից մինչև առերեսում ու ընդունում: Թուրքական մամուլն այս թեմայով հատկապես ակտիվանում է ապրիլ ամսին, կամ էլ, եթե որևէ պետություն օրակարգ է բերում Ցեղասպանության հարցը: Ամփոփելով, կարելի է ասել, որ թուրքական մամուլում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցանկացած տեսակետի կարելի է հանդիպել:
-Թուրքիայի առցանց լրատվամիջոցների վերաբերյալ դասընթացներն ի՞նչ միտում ունեն, կա՞ հետաքրքրություն:
-«Եփրատ» կենտրոնի կազմակերպած թուրքական առցանց մամուլի վերաբերյալ դասընթացը մեր սպասածից շատ ավելի հետաքրքրություն առաջացրեց, հատկապես երիտասարդների շրջանում, ինչը շատ ոգևորող է: Դասընթացը միտված էր երիտասարդ մասնագետներին ընդհանուր պատկերացում տալու թուրքական մեդիադաշտի առօրյայի, ուղղությունների ու աշխատանքի վերաբերյալ: Ինչո՞ւ առցանց լրատվամիջոցները. այն պարզ պատճառով, որ դրանք մեր օրերում պրակտիկ կիրառվում են, և ասենք, անհատները Հայաստանում Թուրքիայի մասին անմիջական լրատվություն ստանալու համար գրեթե 99 տոկոսով օգտվում են թուրքական առցանց աղբյուրներից, ինչը տեխնոլոգիաների այս դարաշրջանում ավելի հասանելի ու օպերատիվ է տպագիր թերթերից կամ հեռուստատեսությունից:
-Հայ-թուրքական մշակութային երկխոսությունները, թուրք պատվիրակների այցելությունները Հայաստան ի՞նչ միտումներ ունեն: Չե՞ք կարծում, որ դրանք շատ հաճախ ձևական բնույթ են կրում, քանի որ, գոնե լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նկատել եմ, որ մերոնք, հյուրընկալի մեծահոգությամբ, փորձում են թուրք պատվիրակներին հեռու պահել սուր հարցադրումներից: Եվ հավելեմ հարցս` ի՞նչ խնդիր է լուծում Թուրքիան մշակութային երկխոսությունների միջոցով:
-Սա մի փոքր սպեցիֆիկ է` ըստ ծրագրերի, բայց կան և բաց ու երկկողմանի քննարկումներ: Ամեն դեպքում, Ձեր նշածը նույնպես նկատելի է, բայց ես կոչ կանեի ավելի ազատ և հստակ խոսել պատմական հարցերի մասին, քանի որ ապագան կառուցվում է անցյալի վրա:
-Եվ վերջին հարցը, ըստ Ձեզ` ի՞նչը կդրդի Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին այցելել Ծիծեռնակաբերդ:
-Էրդողանի այցը Ծիծեռնակաբերդ ոչ հավանական է թվում, ամեն դեպքում, կան որոշ քայլեր, որոնք թույլ չեն տալիս իսպառ բացառել թուրքական պետության ղեկավարի հնարավոր այցը Հայաստան: Իհարկե, Հայաստան գալու հարցում Էրդողանին գլխավոր դրդողը, նախ և առաջ, թուրքական պետության շահերն են: Էրդողանի այցը Հայաստան կարող է ոչ միայն դրական անդրադարձ ունենալ Թուրքիայի միջազգային իմիջի վրա, այլև պարարտ հող ստեղծել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողական քաղաքականության և թուրք-ադրբեջանական քարոզչական խնդիրները լուծելու համար:
Թուրքիան մի շարք հարթակներում, միջազգային շրջանակներում, հասարակական ոլորտում հաճախ ընկալվում է որպես ցեղասպանությունը ժխտող պետություն, որն ունակ չէ ազնվորեն առերեսվելու իր պատմությանը, զբաղվում է իր հասարակությանը խաբելով և խիստ հակահայ կեցվածք ունի, որը պահպանվում է նաև 21-րդ դարում: Էրդողանի այցը Երևան կդիտվի որպես լրջագույն քայլ «փոփոխվող» Թուրքիայի կողմից: Ինչպես Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ նրա (վարչապետ եղած ժամանակ) «ցավակցություն» որակված ուղերձը ոգևորությամբ ընդունվեց միջազգային հարթակներում ու ողջունվեց:
Եվ հետո, մեզ համար խիստ նուրբ ու կարևոր թեմա է, թե Էրդողանն ինչ կանի Երևանում և ինչ կխոսի: Կասկած չի հարուցում այն (ինչպես նրա ապրիլքսանչորսյան ուղերձում էր), որ Էրդողանը խոսելու է «ընդհանուր ցավի» մասին, այն է` Օսմանյան կայսրությունում հայերն անմարդկային տեղահանության են ենթարկվել (այս արտահայտությունը, ի դեպ, ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բնութագրումն է), բայց և նույն այդ ժամանակ կոտորվել են միլիոնավոր թուրքեր ու այլ մուսուլմաններ ևս, ու սա բոլորի ցավն է, բոլորն են ՄԻԱՆՄԱՆ տուժել, պետք է հարգել նաև թուրքերի ցավն ու կորուստները:
Այսպիսով, Էրդողանի այցը նմանատիպ հայտարարություններով կլինի ոչ թե ցեղասպանության ճանաչում, այլ Անկարայի ժխտողական քաղաքականության հերթական մոդիֆիկացիան, որն այս դեպքում ոչ թե իսպառ ժխտում է հայերի կոտորածները, ինչպես անում էր Թուրքիան մի քանի տասնամյակ առաջ, այլ այն տեղավորում է Առաջին աշխարհամարտի արհավիրքների թվում, հավասարեցնում պատերազմական վիճակում բոլոր կողմերի վնասներին և առաջ բերում նաև թուրքերի կոտորվելու թեզը: Ինչևէ, «ընդհանուր ցավի» թեզն ակտիվորեն շրջանառվում է արդի Թուրքիայի իշխանավորների շրջանում, և պետք է հստակ հասկանալ դրա ենթակետերն ու նպատակը, որքան էլ թվա, թե Անկարայի քաղաքականության փոփոխությունն է այն:
Մեկ այլ թուրքական (թուրք-ադրբեջանական) քարոզչական գրոհ էլ պետք չէ բացառել: «Ընդհանուր ցավի» կողքին Երևանում Էրդողանի թեթև ձեռամբ կարող է հայտնվել նաև Խոջալուի դեպքերի հիշատակումը որպես «ցեղասպանություն՝ իրականացված հայերի կողմից»:
Այսպիսով, Էրդողանը կարող է օգտագործել այցը Հայաստան, որ բարելավի Թուրքիայի միջազգային հեղինակությունը, ինչպես նաև ուշադրություն գրավող այս ամբիոնից առաջ քաշի «ընդհանուր ցավի» և Խոջալուի դեպքերի թեզերը, որոնք միանշանակ հակահայ հենք ունեն:
ՈՒստի պետք է հաշվի առնել բոլոր, անգամ ամենաչնչին մանրուքները՝ պատրաստ լինելով Էրդողանի հնարավոր այցին, որը թեև այնքան էլ հավանական չէ, բայց և պետք չէ բացառել: Չէ՞ որ վերը թվարկած դրդապատճառներին գումարվում է նաև այն, որ Էրդողանը պատմության մեջ հետք թողնել ցանկացող, փառասեր գործիչ է, իսկ լինել Թուրքիայի պատմության առաջին նախագահը, որն այցելում է Ծիծեռնակաբերդ, գուցե հետագայում կընկալվի որպես բեկումնային քայլ:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ