Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նորին մեծությունների ժամանակը

Նորին մեծությունների ժամանակը
28.10.2014 | 00:32

Պատմությունը ամենատարողունակ պահարանն է, որտեղ պարփակվում է կյանքը՝ որոշ գզրոցներ այլևս չբացելու, որոշ գզրոցներ երբեք չփակելու, որոշ գզրոցներ կորցնելու ու չգտնելու, որոշ գզրոցներ դատարկ թողնելու պայմանով: Երբ բոլոր գզրոցները լցվում են, դարաշրջան է փոխվում: Նոր պահարան, սակայն, չի ավելանում, գալիս է Նորին մեծություն հիշողությունը, իբրև կարգուկանոն հաստատող, ու Նորին մեծություն մոռացումի հետ վերադասավորում է գզրոցները: Արժի՞ ասել, որ Նորին մեծությունները ենթարկվում են Նորին պայծառափայլություն քաղաքականությանը, նա էլ իր հերթին՝ Ձերդ մեծություն իշխանությանը: Իսկ հիմա հետ նայեք, բացեք պահարանն ու ասեք՝ որտե՞ղ եք տեղավորել 1999-ի հոկտեմբերի 27-ը: Ձեր անձնական պատմության, ձեր սեփական պահարանի ո՞ր գզրոցում: Ավարտե՞լ եք 20-րդ դարի հետ ձեր հարաբերությունները, 21-րդ դարո՞ւմ եք ապրում: ՈՒ դա միայն տարեցույցի՞ համաձայն, թե՞ 20-րդ դարն իր անավարտ պատմությամբ ջնջել է ժամանակի սահմանները ու շարունակվում է օրացուցային 21-րդ դարում: Ո՞ր գզրոցում եք պահում անցյալ դարավերջի միակ օրը, որը պիտի մտներ անկախ Հայաստանի պատմության մեջ պարտադիր, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս էր ընտրվում: Ո՞ր գզրոցում եք պահել ձեր հիշողությունները, զգացողությունները, վերաբերմունքը: Ձեր պատասխանից է կախված՝ կշարունակվի՞ 20-րդ դարը 21-ում, 22-ում, 23-ում՝ ինչ-որ կարճլիկ 100, 200, 300 տարին ոչինչ են ընդհանրական գոյության մեջ:
1999-ի հոկտեմբերի 27-ը բաց նյարդ է, որին դիպչելը ցավոտ է շատերի համար, ու նրանց գզրոցները մնում են բաց, բաց լար, որին դիպչելը կյանքի համար վտանգավոր է շատերի համար, ու նրանց գզրոցները մնում են փակ, չբացահայտված ոճիր՝ իր փակ գզրոցով, որովհետև մինչև այժմ չգտնվեց անհայտ, բայց ամենազոր «ուչաստկովին», իսկ ավելի բարձր պաշտոնյաները տեղնուտեղը հասկացան՝ ե՛րբ լռեն, ե՛րբ խոսեն, ե՛րբ ինչ ասեն, որ իրենց համար հետևանքներ չլինեն, այլ՝ արդյունքներ: Իսկ հետո ամեն ինչ տեղավորվեց արարողակարգի տրամաբանության մեջ՝ պսակներ, ծաղիկներ, դատապարտումի ու գնահատումի ոչինչ չնշանակող խոսքեր, որոնք տարեցտարի կրկնվում ու շարունակվում են արդեն ավանդաբար:
Իսկ պատմությունը բոլորովին այլ էր լինելու, եթե այդ չորեքշաբթին ավարտվեր միայն Վեհափառի ընտրությամբ, եթե յուրաքանչյուրն աներ իր գործը, ու զենքը ձեռքին ոչ ոք չմտներ ԱԺ նիստերի դահլիճ կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի 45-րդ րոպեին: Հինգ րոպե հետո արդեն պատմությունը փոխվեց, և Ղարաբաղի հարցի լուծումը, հայ-թուրքական սահմանի բացումը, «Միասնություն» դաշինքի գոյությունը, Հայաստանի տնտեսական զարգացումը՝ հօգուտ արդյունաբերության վերականգնման, տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության նոր դերի ու նշանակության, մտան փակուղի: Հինգ րոպե անց Հայաստանն այլևս այն հրաշալի երկիրն էր, որ անդամակցելու էր ԵԱՏՄ-ին, եթե նույնիսկ այդ միությունը չստեղծվեր: Այն հրաշալի երկիրը, որ փայլուն յուրացնելու էր մեծապատիվ մուրացկանի կենսակերպի շահավետությունը իր կոնկրետ օրվա մեջ, խորապես անտարբեր օրվան, որ գալիս է այսօրից հետո: Այն հրաշալի երկիրը, որտեղ ազգային դիմադրունակությունը զրո է, իսկ ազգային արժանապատվությունը՝ ատավիզմ, որը խանգարում է ապրել, և միակ խնդիրը պահարանի որոշ գզրոցներ փակ պահելը, իսկ հետո աննկատ դատարկելն է: ՈՒ ոչ միայն 1999-ի հոկտեմբերի 27-ին վերաբերող: Այս ընթացքում այդ պահարանում նոր գզրոցներ են ավելացել, որոնց բանալիները Ձերդ մեծությունն ու Նորին պայծառափայլությունը, քանի կան, հայտարարելու են կորած:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Տարողունակ է պատմության պահարանը և իրականում այդ պահարանի որևէ գզրոց բանալի չունի: Բայց ունի բացելու իր ժամանակը՝ Նորին մեծությունները հավերժ են:

Դիտվել է՝ 1005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ