«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Աստված Հոգի է»

«Աստված Հոգի է»
28.10.2014 | 12:10

Իմ այս հրապարակումը հետաքրքիր մի անձնավորության մասին է լինելու և գրվել է հատուկ նպատակով: Բայց նպատակի մասին հետո. առայժմ կարդանք:
Հայտնի իրողություն է` ամենակարծր ու թանկարժեք քարը՝ ադամանդը, ձևավորվում է երկրի ընդերքում, սովորական ածուխից։ Բայց մի պայմանով. ածուխը պետք է ճնշվի ահռելի ծանրության տակ, որից հետո սև անարժեք գրաֆիտը վերածվում է թանկագին ալմաստի, որը հղկելուց՝ համապատասխան անկյունավորումներից հետո անվանվում է ադամանդ: Այն էլ ասեմ, որ նման նախաբանն ամենևին էլ աննպատակ չէր։ Ինչևէ։
Նա, ի տարբերություն շատ անհատների, տեսանելի կյանքում ոչ մի հետագիծ չի թողել, նույնիսկ ավելին՝ չի էլ կարող թողնել, որովհետև և կույր է, և անդամալույծ՝ զուրկ մեկ ոտքից: Այս թշվառ էակը բնական է, որ առողջ ու կայտառ մարդկային հորձանուտում պետք է մնար աննկատ ու խղճալի: Բայց քանի որ «homo sapiens» տեսակը սովորաբար աչքին երևացածով է սովոր դատելու, այդ պատճառով իր ցեղի մեջ ամենահետիններն ու անարգները երբեմն ամենաարժեքավորներն են համարվում Արարչի աչքում, քանզի Ինքն է ասել. «Հետինները կլինեն առաջին» և դարձյալ. «Ով ձեզանից ուզում է մեծ լինել, թող բոլորի ծառան լինի»: Այս խոսքերն ասողն Ինքն էլ է այդպես ապրել, այդ պատճառով «Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ՝ լինի թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների. և ամեն լեզու խոստովանի, թե Հիսուս Քրիստոս Տեր է՝ ի փառս Հայր Աստծո» (Փիլիպեցիներին Բ 9-11):
Ահա այս հետին մեկի մասին եմ գրում հիմա, որպեսզի համոզվենք, որ Աստծո խոսքը ճշմարիտ է ու գործուն:
Քանի որ փաստեցինք, որ այդ մեկը կույր է երկու աչքերից, ապա հարկ է իմանանք նաև պատճառը. լինելով ուշիմ` երիտասարդ տարիներից, ուսանել է Երևանի պետական համալսարանում, բայց այդ տքնաջան տարիների անքուն գիշերները և ուսանողական սակավ սնունդն իրենց գործն արեցին` նա սկսեց վատ տեսնել, ինչի պատճառով էլ մի օր երեկոյան աղջամուղջին չնկատեց մոտեցող տրամվայն, ու ընկավ տակը: Դեպքը սարսափելի էր, բայց փա՜ռք Աստծո, ոչ մահացու: ՈՒ այդ վթարի հետևանքը եղավ այն, որ բժիշկները ստիպված կտրեցին նրա մի ոտքը, ծնկից վերև, հեռացրին մի երիկամը, որը ճզմվել էր հարվածից, իսկ կյանքի ու մահվան շեմին 70 օրվա պայքարից հետո զրկվեց նաև տեսողությունից:
Եվ այսպես մարդկային հերթական դժբախտությունը խեղաթյուրեց ևս մի կյանք, որն այսուհետև իր նմանների կարեկցական հայացքների տակ պետք է ավարտեր սեփական գոյության թշվառ ընթացքը: Բայց մարդկային կյանքի ամենազարմանալի շրջադարձերը սկսվել են հենց այս «բայց»-երից հետո, որովհետև այդ պահից է սկսվում Արարիչ Աստծո հայտնի միջամտությունը:
Այն էլ ասեմ, որ հիշյալ անձը կոմունիստական տարիներին համալսարանում ուսանելիս լսել էր միայն անաստվածության թեզեր, ու համոզված էր Աստծո չգոյության հարցում: Իսկ երբ մահվան անկողնուն գամված, բժիշկների անհույս հայացքների տակ նա հայտնապես զգաց մարդկային ուժերից վեր ու անբացատրելի մի երկնային զորության, մեղմ, բայց ապրեցնող հպումը իր ներսում, հավատաց անհավատալիին: Առաջինը, որ նա հայտնաբերեց, իր սեփական հոգու առկայությունն էր, որը տառապում էր անաստվածության խավարում, ոչ պակաս, քան իր մարմինը վերքերի ու վիրակապերի մեջ: Նա, կորցնելով ֆիզիկական տեսողությունը, ստացավ իր ներսը՝ անտեսանելին ու իրականը տեսնող հոգու աչքեր, և ավետարանական կույրի նման ճանաչեց իր Արարիչ Աստծուն:
Անցան շաբաթներ ու ամիսներ, անտեսանելի ու զորեղ Հայրը, արդեն Իրեն որդի դարձած այդ զավակի ձեռքից բռնած, նրան հանեց մահվան շուքի ձորից ու բերեց կյանքի հովիտ, որպեսզի հոգով կույրերին վկայի Աստծո սիրո ու ամենակարողության մասին: ՈՒ քանի որ հավատն առանց գործի մեռած է, պետք էր որ հենց դրանից սկսվեր: Իսկ ի՞նչ կարող էր անել իր նման մեկը, որը զուրկ էր ամենատարրական հնարավորություններից: Բայց քանի որ, ըստ Պողոս առաքյալի խոսքի, Աստծո զորությունը գործում է տկարության մեջ, այդպես էլ եղավ. վարժվելով կույրերի Բրայլյան գրերին, նա սովորեց կարդալ ու գրել: Օրհնելով Աստծուն ու այդ գրերը ստեղծողին, նա սկսեց ծանոթանալ Սուրբ գրքին, ու ամբողջ սրտով և հոգով կապվեց Իր Փրկչի հետ, որի երկրային երեսուներեք տարիների կյանքը համակ սիրո և տառապանքների օրեր էին, որ ավարտվեց Խաչի տառապանքներով ու մահով: Եվ նա հասկացավ, որ մարդկային տառապանքներն են, որ ամենաշատն են մոտեցնում մեզ համար տառապած մեր Աստծուն. քանզի նմանը նմանին է փնտրում, ու նմանը նմանին ավելի լավ է հասկանում:
Քանի որ զրկված էր տեսողությունից, լսողության միջոցով էր փորձում հարաբերվել արտաքին աշխարհի անցուդարձին, և ռադիոընդունիչը դարձավ նրա զրուցակիցը, քանի որ նա չէր հետաքրքրում նաև իր հարազատներին: Տարբեր ռադիոկայաններից զանազան լուրեր ստանալով ու գրանցելով, նա փորձեց իր իմացածը հաղորդել լրատվական գործակալություններին։ Վերջիններս իսկույն ընկալեցին, որ անգնահատելի ծառայող են գտել` խոստացան վարձատրել նրա ջանքերը: Սակավապետ լինելով, ստացած թոշակով հոգում էր իր համեստ կարիքները, բայց այդ հավելյալ եկամուտները ստանալով հասկացավ` Աստված ուզում է, որ ինքը հաղորդ լինի իրենից թշվառ, մերկ ու աղքատ այն հոգիների հետ, ովքեր տառապում են թե՛ անաստվածության խավարում, թե՛ կարիքների բանտում: Հայտնի բան է` ով փնտրում է, անպատճառ գտնում է։ Նա չգիտես որտեղից իմանում էր ամուսիններին կորցրած, մի քանի մանր երեխաներ ունեցող որբևայրիների մասին, և իր ամսական վարձատրությունը խնամքով ծրարած, այս էսսեն շարադրող մեղավորիս միջոցով ուղարկում էր այդ ընտանիք: Բայց երկու հեռահար նպատակներով. առաջինը, որ այդ ընտանիքը չհուսահատվի աղքատության ճիրաններում, և երկրորդը՝ որ լսեն Աստծո գոյության մասին, որովհետև ես ինձ հետ տանում էի նաև հանրամատչելի թերթիկներ ու գրքույկներ, Քրիստոսի փրկագործության, հոգիների անմահության ու մեռելներից հարության մասին: Մանավանդ այս վերջին բարի լուրը, որ իրենց հարազատ ամուսինները, և իրենց սիրելի հայրիկները մեռած ու կորած չեն, ինչպես որ լսել են կոմունիստներից, այլ կան ու կենդանի են անիմանալի երկնային գոյավիճակներում, բոլորին ամենաշատն էր մխիթարում։ Դրանից հետո նրանք սկսում էին եկեղեցի հաճախել, ու վառվող մոմերի մեղմ ցոլքերի տակ իրենց կցկտուր առաջին աղոթքներնը անել, որոնք ամենաթանկագինն են մեր երկնավոր Հոր համար, քանի որ դա նման է տարիներով համր ու մունջ երեխայի լեզվի առաջին թոթովախոսությանը՝ ի նշան հոգու բժշկության:
Մի օր զանգահարեց ինձ, և խնդրեց, որ այցելեմ իրեն: Հասկացա` հերթական առաջադրանքն է ինձ սպասում։ Մտածում էի` տեսնես այս անգամ ինչ կարիքավոր է «պեղել» մեր եղբայրը: Երբ գնացի, դեսից-դենից խոսելուց հետո նա խնդրեց Ավետարանից մի քանի հատված կարդամ ու հնարավորության սահմաններում բացատրեմ: Սիրով կատարեցի նրա խնդրանքը: Լսեց, որոշ ժամանակ լուռ խորհելուց հետո ասաց. «Խնդրում եմ այս անգամ գնաս ինձ նման կույր ընկերոջս ընտանիքին այցելության... Լսեցի, որ նա հանկարծամահ է եղել, կինը մնացել է երկու երեխաների հոգսի տակ, որոնցից մեկն ի ծնե անդամալույծ է, սայլակի կարիք ունի, օգնի՛ր, խնդրում եմ, ինչով որ կարող ես։ Այս գումարն էլ տուր որբևայրուն և ասա, թող հոգս չանի, հնարավորության դեպքում էլի կօգնեմ իրեն, միայն թե անդամալույծ երեխային թող լավ խնամի: Սուրբ գրքի այդ հատվածը, որ կարդացիր ինձ համար, նրանց էլ փոխանցիր, եթե հարմար կլինի»: Ավետարանական այդ հատվածը հոգով աղքատների երանության մասին էր: Աստծո խոսքի հատկապես այդ նախադասությունը տարբեր կերպ են մեկնաբանում մարդիկ, իսկ մարմնավոր, նյութական բարեկեցության մեջ եղողներն այդ միտքը խեղաթյուրանք են համարում, քանի որ, ըստ նրանց, ինչպես կարող է ինչ-որ բանից աղքատ եղող մեկը երանելի լինել: Բայց նմանները մոռանում են, որ խոսքը հոգու աղքատության մասին է, իսկ Տիրոջ խոսքն ասում է. «Աստված Հոգի է»: ՈՒրեմն մարդ արարածը եթե աղքատ է հոգով, նշանակում է` նա անձամբ Աստծո կարիքն ունի: Եվ դրանցից մեկը տասնյոթ տարեկան հենց այդ անդամալույծ երեխան էր, որը, լսելով Աստծո գոյության ու Նրա անսահման սիրո մասին իր նման մոռացված ու թշվառ արարածների հանդեպ, ինքն էլ լցվեց անբացատրելի սիրով Հիսուս Քրիստոսի հանդեպ, և մեծ ջանադրությամբ սկսեց ծանոթանալ Աստծո խոսքին, փորձելով բավարարել իր հոգու ծարավը: Միշտ նման այցելություններից հետո, երբ խոսում էինք հոգևոր թեմաներով, նրա թախծոտ ու աշխարհից մերժված գեղեցիկ աչքերը զարմանալի երկնային փայլով էին լցվում: Երբ գալիս էր հրաժեշտի պահը, նա որպես թանկագին մաղթանք, ասում էր. «Հիսուսը քեզ հետ»: Անցավ երեք տարի, կույր ընկերոջս այդ ընտանիքին մեկնած ձեռքը շարունակում էր երկարած մնալ, մինչև այն օրը, երբ հաշմանդամ երեխայի մայրը զանգեց ու լացակումած տեղեկացրեց, որ իր անմեղ գառնուկը մահացել է: Երբ այցելեցի նրանց, արդեն հուղարկավորել էին: Ամայացած տանը մի փոքր նստելուց, հարցուփորձ անելուց տեղեկացա` տղան մահացել էր, որովհետև հասակ առնելով, մարմինն աճել էր, բայց քանի որ թույլ էր, չէր կարողանում սեփական գլուխն իր ուժերով պահել, ու... ծանրությունից ծռվել էր ու նրան շնչահեղձ արել: Մի քանի մխիթարական խոսքերից հետո սգավոր մորն ասացի, որ Աստված Իրեններին նախապատրաստում է այնքան ժամանակ, մինչև որ արժանի լինեն երկնքի արքայություն մտնելու, այնպես որ իր որդու մահը հոգու փրկության և տանջված մարմնի հանգստության համար է եղել: Կինը մի պահ մտասուզվեց, ապա ասաց. «Բալիկս կարծես թե զգում էր իր մոտալուտ մահը, այդ պատճառով խնդրեց, որ հուղարկավորության համար ամուսնուցս մնացած հին կոստյումը հագցնեմ իրեն և գրպանում դնեմ քո վերջին անգամ բերած փողը, քանի որ ասում էր, թե այդ գումարը իրենց Հիսուս Քրիստոսն է ուղարկում, ուրեմն հետը պիտի տանի Նրա մոտ՝ երկինք»: Ես կարկամած լսում էի իսկապես գառնուկի հոգի ունեցող այդ մեկի վերջին խնդրանքի մասին ու մտքումս փառք տալիս Աստծուն Իր անսահման սիրո համար, որ ունի տկար արարածներիս հանդեպ:
Կարծում եմ` այս հրապարակման հերոսը, եթե մի օր իմանա, թե ինչ է գրվել իր անհայտ առաքինությունների մասին, գուցե զարմանքից կարկամի` մի՞թե դա ինքն է։ ՈՒ դրանով իսկ նորից կհաստատվի Աստծո խոսքը. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և Ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և Ինձ ջուր տվեցիք խմելու, օտար էի, և Ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և Ինձ հագցրիք, հիվանդ էի, և Ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և Ինձ այցի եկաք»: Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. «Ե՞րբ տեսանք Քեզ օտար և մեր մեջ առանք, կամ մերկ և հագցրինք. ե՞րբ տեսանք քեզ հիվանդ կամ բանտի մեջ ու եկանք այցի Տեր, ե՞րբ տեսանք Քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ ծարավ և ջուր տվեցինք»: Թագավորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքրիկ եղբայրներին արեցիք այդ՝ Ինձ համար արեցիք» (Մատթ. 25: 34-40):
Այսքանով ուզում եմ ավարտել մարդկանցից ամենատկարի՝ իմ կույր ու անդամալույծ բարեկամի մասին խոսքը։ Ավարտից առաջ սակայն ուզում եմ բացահայտել այս էսսեի նպատակը:
Վերջերս հերթական այցելության գնացի: Նորից զրույցի բռնվեցինք, նորից հոգևոր բնույթի հարցեր քննեցինք, ու նա ի միջի այլոց ասաց, որ էսսեի մրցանաբաշխություն է սկսվել, զգալի պարգևատրումով: Հարցրեց` չէի՞ ցանկանա մասնակցել: Ասացի, որ պատրաստի նյութ չունեմ, ժամանակն էլ կարճ է որևէ բան գրելու համար: Նա լուռ լսեց ու կարծես ի միջի այլոց հարցրեց. «Գիտե՞ս ինչ երազանք ունեմ սրտումս»: Մտաբերեցի, որ տարիներ առաջ նա երազում էր գտնել մոտ ապրող մեկին, ով իրեն գոնե մի ժամով կօգնի դրսում քայլել: Հիշեցրի նրա երազանքի մասին, բայց նա տխրությամբ ասաց, որ այդ երազանքը թառամեց իր սրտում, որովհետև հիմա հաճախակի է կորցնում հավասարակշռությունը ու այլևս չի կարող առաջվա նման զույգ հենակներով քայլել: Հետո ցածրաձայն և մի փոքր էլ ամաչելով ասաց. «Եթե հնարավորություններս ներեին, ապա իմ ննջասենյակում մի փոքրիկ զուգարանակոնք ու լվացարան դնել կտայի, որ մինչև կյանքիս վերջը առանց որևէ մեկին նեղություն տալու օգտվեի դրանցից: Այս է իմ միակ երազանքը»: Լսելով բարեկամիս այդ երազանքի մասին, կարծես ես ինձ մեղավոր զգացի նրա և նրա նմանների հանդեպ, որ չնչին նեղություններից հաճախ վհատվել ու տրտնջացել եմ ու շատ բաների համար Աստծուն փառք չեմ տվել:
Դրանից հետո որոշեցի գրել այս փոքրիկ էսսեն իմ լավ բարեկամի մասին ու ամենակարևորը՝ եթե Աստծո կամքն ու օգնությունը լինեն, ու այս գրվածքը մրցանակ շահի, ապա այդ գումարով օգնեմ նրան` իր կյանքի միակ ու վերջին երազանքն իրականացնելու:

Մեհրուժան
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ.- Մրցանակաբաշխությունը չգիտեմ ինչ պատճառներով չկայացավ, ու մնաց որպես հուշ այս փոքրիկ էսսեն, որ յուրաքանչյուրիս մի փոքրիկ հույս ներշնչի, երբ տարբեր առիթներով հուսահատվում ենք պղտոր աշխարհից մեզ հասած սառը ալիքների հարվածից։

Դիտվել է՝ 2264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ