Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բնապատկերն այնքան անձնավորված է, ասես գործող անձ լինի, ոչ թե պարզապես ֆոն»

«Բնապատկերն այնքան անձնավորված է, ասես գործող անձ լինի,  ոչ թե պարզապես ֆոն»
28.10.2014 | 12:50

Հայկական հին ու նոր կինոն այս օրերին ամենուր է: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած «Կինոաշուն» ծրագրի շրջանակում ցուցադրություններ են կազմակերպվում մշակութային հաստատություններում, դպրոցներում, բուհերում, զորամասերում ու սահմանապահ գյուղերում: Իրականացվում են նաև բացօթյա ցուցադրություններ: Հին, բարի ֆիլմերի շարքում տեղ է գտել Յուրի Երզնկյանի 1978-ին նկարահանած «Սգավոր ձյունը»։ Կինոգետ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ «Սգավոր ձյունը» Յուրի Երզնկյանի լավագույն գործերից է և առանձնանում է հայ կինոյում. «Չեմ կարծում, թե էլի ունենք նման ֆիլմեր, որտեղ գլխավորապես երկու կերպարի վրա է կառուցված գործողությունը, իսկ բնապատկերն այնքան անձնավորված է, ասես գործող անձ լինի, ոչ թե պարզապես ֆոն: Զգացվում է, որ բնությունը սիրող, ընկալող մարդիկ են նկարել: Հակառակ դեպքում անշունչ բնապատկերներ կամ տեսարան-բացիկներ կհայտնվեին էկրանին: Բեմադրող օպերատորներն են Ալբերտ Յավուրյանը և Գեորգի Հայրապետովը»:
Կինոգետի համոզմամբ` Անրի Թրուայայի գործն ինքնին շատ հետաքրքիր է, բայց էկրանավորումը մի այլ շնորհ, պրոֆեսիոնալիզմ, ճաշակ, հմտություն է պահանջում. «Իր ստեղծման ժամանակի` 70-ականների համատեքստում այդ ֆիլմը համապատասխանում է հաջողված էկրանավորում հասկացությանը: Դերասանական խաղը շատ հետաքրքիր է, պատճառաբանված. Արմեն Ջիգարխանյանը և Գուժ Մանուկյանը շատ համոզիչ են իրենց խաղի բոլոր նրբերանգներում: Իսային բնության զավակ է, շատ նման բանահյուսական խենթերին, և իհարկե, մարդկայինի, բարձր արժեքների կրող է, եղբայրը` Մարսելինը, պրագմատիկ է, հաշվենկատ, զուրկ այն արժեքներից, առանց որոնց Իսային կյանքը չի պատկերացնում»:
Ֆիլմը քիչ թե շատ ծանոթ է ավագ սերնդի հանդիսատեսին, կինոգետը ցավով փաստեց, որ այսօր հայկական ալիքներով այն չեն ցուցադրում: ՈՒսանողներին ներկայացնելու համար ինստիտուտում փնտրել, գտել և փորձել են արտագրել ռուսական ալիքներից: Իսկ մեր հեռուստատեսության «ցանկալի» ֆիլմերի ցուցակում մի քանի ֆիլմեր են միայն ընդգրկվել, հիմնականում` լավ ֆիլմեր, բայց հայ կինոն այդ մի քանի ֆիլմով չի սահմանափակվում. «Տպավորություն է ստեղծվում, որ նրանք, ովքեր ընտրում են, հայկական մյուս ֆիլմերի գոյության մասին գաղափար չունեն: Իհարկե, չի կարելի ասել, թե այն ամենը, ինչ նկարահանվել է ժամանակին, միայն լավն է եղել: Աշխարհի որևէ երկրում նման բան չկա, միշտ էլ կինոարտադրանքում կան ամենատարբեր մակարդակի գործեր: Բայց ես վստահ եմ, որ եթե ավելի լուրջ ընտրություն արվեր, շատ ավելի հարուստ կլիներ պարբերաբար ներկայացվող ֆիլմերի ցանկը: Այսօրվա հանդիսատեսը շատ մոտավոր պատկերացում ունի ոչ միայն ժամանակակից հայկական կինոյի մասին, այլև խորհրդային շրջանի ֆիլմերի: Շատ ավելի հեշտ է չիմանալ, չներկայացնել ու ասել` հայ կինո չի եղել, չկա»:
Զրույցի սկզբում Սիրանույշ Գալստյանը նշեց, որ «Սգավոր ձյունն» առանձնանում է մեր կինոյում, բայց նաև նկատեց, որ մեզ մոտ բավական նեղ պատկերացում կա այն մասին, թե ինչ է հայկական կինոն: Նրա խոսքով` հայկական կինոն տարբեր էջեր է ունեցել, ուղղակի այդ ֆիլմերը չեն ցուցադրվում, և մարդիկ հեռանում են այդ ամենից: Իսկ կինոն նաև հիշողություն է: Այս ֆիլմը և շատ այլ հաջողված ֆիլմեր այսօր մոռացված են, որովհետև չեն ցուցադրվում: Ի դեպ, Թրուայայի գործը նաև ամերիկյան կինոտարբերակ ունի: Կինոգետի համոզմամբ` չհաջողված: Ի դեպ, Հենրիկ Մալյանի նման մեծ ռեժիսորը ժամանակին Երզնկյանին բնորոշել է, որպես «մեր կինոյի ամենապրոֆեսիոնալ ռեժիսոր»:
Հավելենք, որ նոյեմբերի 1-ին, ժամը 19:30-ին «Սգավոր ձյունը» կցուցադրվի Կարապի լճի հարակից տարածքում: «Կինոաշունը» կեզրափակվի նոյեմբերի 7-ին` Արտաշատ քաղաքում, գրախոսականների և ֆիլմերի մրցույթների ամփոփումով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ