«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լինում են և պարտություններ

Լինում են և  պարտություններ
28.10.2014 | 12:56

Եվրոպայի ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրի խաղերում (հարկավ չեք մոռացել, որ դրանք դիտարկում ենք բացառապես առաջատար եռյակների կտրվածքով), որքան էլ յուրաքանչյուրը կարևոր, այնուամենայնիվ բացառիկ մեկը կար, որին, առանց չափազանցության, աշխարհն էր անհամբեր սպասում: Բնավ էլ չեք սխալվում՝ խոսքը «Ռեալ»-«Բարսելոն» դիմակայության մասին է: ՈՒ քանի որ հենց նրանցից էլ սկսելու ենք խոսքը, տրամաբանական է, որ միանգամից ուղևորվենք Պիրենեյան թերակղզի:

ԻՍՊԱՆԻԱ
Արքայական ակումբը հաղթեց՝ մրցակցի կրակագծում հակառակորդ ունենալով Մեսի-Նեյմար-Սուարես հզոր եռյակը: Ի դեպ, վերջինս խաղադաշտ էր ելել քառամսյա որակազրկումից հետո ու պիտի որ խաղին մերվելու տեսանկյունից դժվարություններ ունենար: Չէ, արդարացումներ չենք փնտրում: Պարզապես արձանագրում ենք փաստը, թեպետ, եթե մարզիչը վստահել էր մարզիկին, հարկավ դրա համար բավարար հիմքեր պիտի որ ունենար: Հատկանշական է, որ մինչ մադրիդցիները կկողմնորոշվեին, թե ով որտեղ, երբ և ինչպես, Սուարեսի հրաշալի փոխանցումից հետո կատալոնցիները չորրորդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Հետո եղան որոշակիորեն հետագա զարգացումներ: Արդեն տասնչորսերորդ րոպեին մրցավարը հասցրեց «դեղնեցնել» Մեսիին ու Նեյմարին: Խեսուս Խիլ Մանսանոյից ևս քսանչորս րոպե պահանջվեց կատալոնցիների դեղին քարտերը կրկնապատկելու համար (Խերարդ Պիկե, Անդրես Ինիեստա): Մի խոսքով՝ մրցավարը հարկ եղածից մի բան էլ ավելի ջանաց: Ամենակարևորը՝ խաղը կոտրված էր, սակայն սա բնավ էլ չի նշանակում, թե «Ռեալն» արժանիորեն չհաղթեց: Իսկ եթե անկեղծ (սա իմ խիստ մասնավոր կարծիքն է), Անչելոտի՛ն հաղթեց Էնրիկեին:
Ինչևէ: 3:1 հաշիվն արքայական ակումբին ընդհուպ մոտեցրեց «Բարսելոնին» (ի դեպ՝ մինչ այս խաղը կատալոնցիների դարպասն անառիկ էր), և նրանց իրարից արդեն բաժանում է մեկ միավոր: Այս հաղթանակից հետո «Ռեալն» անշուշտ կարող էր երրորդից երկրորդ հորիզոնական բարձրանալ, մանավանդ որ «Սևիլիան» ութսուներորդ րոպեին 0։1 հաշվով պարտվում էր «Վիլյառեալին», սակայն 88-րդ րոպեին տանտերերը կարողացան հավասարեցնել հաշիվը, ապա, հավելված ժամանակում հաղթանակ կորզել ու արդեն քսաներկու միավորով շարունակել խցկված մնալ երկու գերակումբների արանքում:

ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայում «Մանչեստր Յունայթեդը» կարողացավ միավոր պոկել «Չելսիից» ու դա շնորհիվ մրցավարի հավելած ժամանակահատվածում Ռոբին վան Պերսիի գոլի: Գրանցված 1:1 հաշիվն ի զորու չէ արտահայտելու այս չափազանց լարված ու գեղեցիկ խաղի հմայքը, որտեղ կողմերից յուրաքանչյուրն իսկապես արժանի էր հաղթանակի: Քսաներեք միավորով Մոուրինյոյի թիմը շարունակում է մնալ աղյուսակի վերին հորիզոնականում: Երկրորդը նրան չորս միավորով զիջող «Սաուտհեմպտոնն» է: Աղյուսակի երրորդ հորիզոնականում նախօրեին «Վեստ Հեմին» 1:2 հաշվով զիջած «Մանչեստր Սիթին» է` տասնյոթ միավորով: Ի դեպ, այս հաղթանակի համար Ժոզե Մոուրինյոն իր շնորհակալությունն է հայտնել գործընկերոջը՝ ուղղակի ու անուղղակի հասկացնելով, որ չեմպիոնության համար պայքարում մանչեստրյան ակումբին է տեսնում միակ մրցակից:

ԳԵՐՄԱՆԻԱ
Իրենց եվրոպական վերջին հանդիպումներում միացյալ ուժերով մրցակիցների դարպասը տասներկու անգամ գրաված Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ու Մյունխենի «Բավարիան» անզոր եղան իրար գոլ խփելու և շարունակում են մնալ առաջին երկու հորիզոնականներում՝ քսաներկու միավորով երկրորդն առաջին, առաջինը, տասնյոթ միավորով, երկրորդ տեղում: Նույնքան միավորով մյոնխենգլադբախցիների պոչին են նստած տուրի հանդիպումները հաղթանակով ավարտած «Վոլֆսբուրգն» ու «Հոֆենհայմը»: Ինչ վերաբերում է Դորտմունդի «Բորուսիային», Չեմպիոնների լիգայի վերջին խաղում դարձյալ հաղթելուց հետո նույնքան դարձյալ ներքին առաջնությունում կրեց հերթական պարտությունը: Թերևս արդեն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ առանձին գոյություն ունի Չեմպիոնների լիգայի «Բորուսիա», նույնքան առանձին գոյություն ունի բունդեսլիգայի «Բորուսիա», որը, մեկը լինելով, տարբեր որակի խաղեր է ցույց տալիս:

ՖՐԱՆՍԻԱ
Էզեկել Լավեսիի մեկ գոլի ու Լուկաս Մոուրայի դուբլի շնորհիվ երկրի գործող չեմպիոնը՝ «Պարի Սեն Ժերմենը», չոր հաշվով պարտության մատնեց «Բորդոյին» (3:0) ու բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ հաստատելով, որ մտադիր չէ չեմպիոնությունից հրաժարվելու: Թեև «Լիոնի» հետ խաղում, հյուրընկալվելիս, առաջնության միանձնյա առաջատարը սայթաքեց՝ 0:1 (յոթ անընդմեջ հաղթանակից հետո սա «Մարսելի» առաջին պարտությունն էր), այդուհանդերձ չորս միավորի առավելությամբ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երրորդն այստեղ «Մեցի» նկատմամբ նույնպես նվազագույն հաշվով առավելության հասած «Սենտ Էտիենն» է:

ԻՏԱԼԻԱ
«Սամպդորիայի» հետ արտագնա խաղում միավոր կորցրեց «Ռոման», մինչդեռ թվում էր՝ Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած ծանր պարտությունից հետո պիտի բոլորովին այլ տպավորություն թողներ ու արդյունք ցույց տար: Սրանից իսկույն օգտվեց «Յուվենտուսը»՝ երեք միավոր քամելով «Պալերմոյից»՝ 2:0, ինչի արդյունքում ծեր սինյորան դարձյալ երեք միավորով առաջ պոկվեց «գայլերից»: «Ատալանտայի» նկատմաբ 2:0 հաշվով հաղթանակը «ՈՒդինեզեին» վերադարձրեց երրորդ հորիզոնական:

ԿԱՐԾԻՔՆԵՐ
Խոսեպ Գվարդիոլա («Բավարիայի» գլխավոր մարզիչ).- «Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք գնդակը և տիրում էինք խաղային նախաձեռնությանը: Ընդմիջումից հետո «Բավարիան» հոգնածության պատճառով զիջեց նախաձեռնությունը, ինչը հանգեցրեց թիմի մարտավարության խախտմանը: Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ սաների ցուցադրած խաղից ու վաստակած միավորից»:
Լուիս Էնրիկե («Բարսելոնի» գլխավոր մարզիչ).- «Պարտությունները հազվադեպ բնույթ են կրում, բայց դրանք ապացույց են, որ կան մեզ հավասար կամ նույնիսկ մեզ գերազանցող մրցակիցներ, ինչպես այսօր: Չեմ զղջում, որ Սուարեսին հայտավորել էի մեկնարկային կազմում: Նա ավելի լավ խաղաց, քան ակնկալում էինք: Լավ էր պատրաստված ֆիզիկապես: Մենք լուրջ բացթողումներ ունեինք պաշտպանությունում: Պարտությունն ուսուցման փուլ է: Հույս ունեմ, որ դասեր կքաղենք այսօրվա խաղից»:
Ժոզե Մոուրինյո («Չելսիի» գլխավոր մարզիչ).- «Որպես մարզիչ ես անարդար կվարվեմ, եթե առանձնացնեմ միայն Դրոգբային: Ամբողջ թիմը ֆանտաստիկ էր գործում: Երկրորդ խաղակեսում ավելի լավ էինք խաղում, սակայն հանդիպման սկզբից էինք ցույց տվել, որ ցանկանում ենք հաղթել: Մրցակցի սայթաքումները չեն հետաքրքրում մեզ: Այո, մենք չհասանք ցանկալի արդյունքի, սակայն այն դիրքում ենք, որ չպետք է մտածենք այլ թիմերի արդյունքների մասին»:
Կլաուդիո Բրավո («Բարսելոնի» դարպասապահ).- «Մենք լավ խաղ ցուցադրեցինք, սակայն գոլ ընդունեցինք տասնմեկմետրանոցից, ինչը պարտություն ու հիասթափություն բերեց մեզ: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» պաշտպանվում էր ու սպասում իր հնարավորությանը: Անձամբ ես ինձ լավ եմ զգում, սակայն խաղից հետո դառը նստվածք է մնացել»:
Անտոնի Սուբիսարետա («Բարսելոնի» մարզական տնօրեն).- «Մենք հիանալի էինք խաղում առաջին խաղակեսում: Մեզ մոտ հատկապես լավ ստացվեցին մեկնարկային տասնհինգ րոպեները: Մենք առաջ անցնելու, հաշիվը 2:0 դարձնելու հնարավորություն ունեինք, սակայն դրանից չօգտվեցինք: Դրանից հետո «Ռեալը» մեզ ուղղակի ոչնչացրեց: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» այնքան էլ շատ պահեր չուներ: Երկրորդ գնդակը նրանք խփեցին անկյունայինից, իսկ երրորդը՝ մեր սխալից հետո: Մինչ այդ մենք վերահսկում էինք խաղը, սակայն արդյունքում զիջեցինք նախաձեռնությունը և չափազանց շատ տարածք տվեցինք: Մենք սխալներ թույլ տվեցինք, ինչի համար պատասխան տվեցինք: «Ռեալը» հաղթեց, ինչի կապակցությամբ նրան շնորհավորում եմ»:
Ռուդի Գարսիա («Ռոմայի» գլխավոր մարզիչ).- «Դատելով վիճակագրությունից՝ մենք դարպասներին բավարար թվով հարվածներ չենք հասցրել հաջողության հասնելու համար: Մենք վաթսունհինգ տոկոս տիրել ենք գնդակին, սակայն մեզ չբավականացրեց հաջողությունը: Հաշվի առնելով հանգամանքները՝ ինձ դուր եկավ թիմի խաղը: Մենք քսան հարված ենք կատարել դարպասի ուղղությամբ, սակայն ոչ բոլորն էին դարպասի վրա: Կարծում եմ, որ յուրաքանչյուր խաղացող ցույց տվեց այն, ինչի ունակ էր: Այնպես որ՝ ես կարող եմ միայն գոհ լինել»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ